Sagittarius-ի գրառումից հասկացա, որ շատերը ծանոթ չեն Կոնգրեսի ծրագրին: Դրա համար մաս-մաս կներկայացնեմ: Իրականում վատ չի լինի, եթե մյուսներն էլ ներկայացնեն մասնակցող մյուս ուժերի ծրագրերը. խոստովանեմ, որ ես էլ բոլորին չի, որ ծանոթ եմ:
Բայց դե ես ձեռիս տակ միայն Կոնգրեսինը ունեմ: Ուրեմն Կոնգրեսի ծրագիրը կազմված ա երկու հիմնական մասից: Առաջին մասը քաղաքական ծրագիրն է, որը Երևանում` ընդդիմության հաղթանակի միջոցով, այնպիսի քաղաքական միջոցառումների իրագործումն է, որոնք ուղղված կլինեն Սահմանադրական կարգի վերականգմանը, ընտրակեղծիքների մեքենայի տապալմանը, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը եւ վերափոխմանը, իսկ երկրորդ մասը՝ Երևանի ծրագիրն է, որում ներկայացված են Հայ Ազգային Կոնգրեսի անելիքները տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում, այսինքն մայրաքաղաքի զարգացման ծրագիրն է:
Սկզբից կներկայացնեմ քաղաքական ծրագիրը, ավելի ուշ կներկայացնեմ Երևանի զարգացման ծրագիրը:
Հայ ազգային կոնգրես. Երևանի ավագանու ընտրություններ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Սահմանադրական կարգի վերականգնում
Կարճ ժամանակում քաղաքային իշխանության մասշտաբով գործով դրսեւորելով մեր որակների տարբերությունը ապօրինի վարչախմբի համեմատությամբ` քաղաքական մեխանիզմներով կհասնենք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ սահմանադրական կարգի վերականգնմանը։
Սահմանադրական դատարան դիմելու միջոցով կվերացվեն Երևանի մասին օրենքով սահմանված` Սահմանադրությանը և Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելը ու համայնքային սեփականությունը տնօրինելը:
Կվերականգնվի տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործելու կարևորագույն երաշխիք հանդիսացող, Երևանի ավագանու և քաղաքապետի`պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով :
Քաղաքային իշխանությունները պատասխանատու կլինեն բացառապես օրենքի և երևանցիների առջև:
Կապահովվի Սահմանադրությամբ և օրենքներով համայնքներին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորությունների լիարժեք կատարումը և դրանք իրականացնելու երաշխիքները` հետևողականություն կցուցաբերվի Երևանի քաղաքապետարանի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներն անխափան ստանալու գործում:
Երևանը ֆինանսական առումով պետք է դառնա ինքնաբավ:
Երևանցիների հետ հանրային քննարկումների միջոցով կմշակվեն տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը բարեփոխելու վերաբերյալ առաջարկներ, մասնավորապես` կնախաձեռնվի Երևանի մասին օրենքի բազմաթիվ թերությունների և այլ օրենքների հետ հակասությունների վերացումը:
Համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանված կարգով կանցկացվեն համաքաղաքային հանրաքվեներ:
Հակակշիռների ստեղծում
Մայրաքաղաքը երկրի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնն է։ Այստեղ հաստատված լեգիտիմ եւ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքային իշխանությունը լուրջ հակակշիռ կլինի երկրի ոչ լեգիտիմ իշխանությանը, կդառնա նրա համար կոշտ զսպաշապիկ։ Ի տարբերություն Հայաստանի այլ համայնքների, Երեւանի քաղաքապետը ունի անկախության լուրջ երաշխիքներ:
Իշխանությունը ընտրությունների միջոցով ձեւավորելու իրավունքի վերականգնում, ընտրակեղծիքների մեքենայի վերացում
Երեւանի վարչական ռեսուրսն այլեւս չի օգտագործվի որեւէ ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար: Դպրոցների, հիվանդանոցների եւ Երեւանի քաղաքային իշխանություններին ենթակա այլ հիմնարկների աշխատողները կազատվեն ընտրակեղծիքներ կազմակերպելու ապօրինի եւ ստորացուցիչ հանձնարարություններ կատարելուց:
Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան։ Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու հավատը եւ իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։
Ավազակապետական կոռուպցիոն բուրգի փլուզման գործընթացի սկզբնավորում
Հայաստանում ստեղծված բազմաթիվ կոռուպցիոն սխեմաների մեջ իր զգալի մասնակցությունն ունի Երևանի քաղաքապետարանը: Հողահատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը, գնումների իրականացումը և շահութաբեր այլ գործունեության տեսակները «յուրայիններին» հատկացնելը դարձել է Երևանի քաղաքապետի հիմնական գործառույթը` նրան դարձնելով կոռուպցիոն սխեմաների կարևոր օղակ: Կբացառվի Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը այդ սխեմաներում`այդպիսով հնարավոր դարձնելով նշված երևույթը հիմնովին վերացնելը: Կդադարեցվեն ապօրինի արտոնությունները, կստեղծվի հավասար մրցակցային դաշտ բոլոր գործարարների համար, կհեշտացվեն գործարարության տարբեր տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների տրամադրումը:
Խոսքի ազատության ապահովում անկախ հեռուստատեսությունների եւ ռադիոկայանների միջոցով
Երեւանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից։ Մալուխային (կաբելային) համակարգը կօգտագործվի նաեւ ռադիոսփռման եւ ինտերնետային ծառայությունների մատուցման համար: Այսպիսով կճեղքվի իշխանությունների կողմից պարտադրված տեղեկատվական շրջափակումը եւ վերահսկողությունը Էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ: Կարվի ամեն ինչ հաղորդակցման և տեղեկաատվական միջոցների հասանելիությունը խթանելու նպատակով:
Հավաքների ազատության հարգում
Երեւանի ավագանու 2009 թվականի ընտրությունների ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսն իր ընտրական ծրագրում խոստացել էր, որ կվերականգնվեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները: Այդ նախընտրական խոստումը Հայ Ազգային Կոնգրեսը կարողացավ իրականացնել, մնալով ընդդիմություն` շնորհիվ հետեւողական հանրահավաքային ճնշման իշխանությունների վրա: Արդյունքում իշխանությունները ստիպված էին աստիճանաբար վերականգնել հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքները, իսկ 2011 նաեւ դադարեցրեցին Ազատության հրապարակի ապօրինի եռամյա շրջափակումը:
Բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն կտրվի ազատորեն օգտվել Երեւանի հրապարակներից եւ փողոցներից`զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար:
Էջանիշներ