սկիզբը նախորդ գրառման մեջ
3. Տարոն Մարգարյանը «լավ տղա է»
Աշխարում ամենահամոզիչ բանը փաստաթուղթն է։ Դրա դեմ խաղ չկա։ Եւ ահա, Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել մի փաստաթուղթ, որի մասին, քիչ է ասել, թե սենսացիա է։ Նման փաստաթուղթ կարող էին շրջանառության մեջ դնել Տարոնի հակառակորդները՝ նրա թեկնածությունը չեղյալ համարելու եւ նրա նկատմամբ ծանր մեղադրանքով քրեական գործ հարուցելու համար։ Խոսքը Տարոն Մարգարյանի՝ ունեցվածքի եւ եկամուտների՝ սեփական ձեռքով գրած եւ ստորագրած հայտարարագրի մասին է։ Որեւէ շատ թե քիչ նորմալ երկրում նման փաստաթուղթ ներկայացնողին որեւէ պետական պաշտոն չէին կարող տալ. մարդը հայտարարագրել է միլիոնների ունեցվածք, որի ծագումն անհայտ է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր այդ փաստաթղթի հիման վրա չգրանցել նրա թեկնածությունը եւ այն անմիջապես ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության առանձնապես ծանր հանցագործությունների վարչություն։
Տարոնը դրանով հայտարարում է, որ որպես անձնական սեփականություն՝ իր անունով ունի.
- 115 մլն դրամ,
- 50 հազար ԱՄՆ դոլար,
- 50 հազար եվրո,
- 50% մասնաբաժին «Զեթ ընդ զեթ» ՍՊԸ-ում,
- Բնակարան Երեւանում. Ավան, Սայաթ Նովա 8շ. բն՝ 7, մակերեսը՝ 137.9 ք/մ.
- Բնակարան Երեւանում, Թումանյան փողոց 63, 64, 65. 28/70 բ, մակերեսը՝ 190.2 ք/մ.
- Տարածք Երեւանում. Ավան, Բաբաջանյան 77/7 մակերեսը՝ 1578.3 ք/մ.
- Տարածք Երեւանում. Ավան, Առեւտրի կենտրոն 2/3, մակերեսը՝ 761.24 ք/մ.
- Տարածք Երեւանում. Ավան, Աճառյան 42, մակերեսը՝ 3729.8 ք/մ
- Շենք եւ շինություն, Երեւան, Ավան, Չարենցի թաղամաս, մակերեսը՝ 44 ք/մ.
- Թիվ 2 ամառանոցը Ջերմուկում, մակերեսը՝ 258.5 ք/մ.
- Հողամաս Դիլիջանում. Մաքսիմ Գորկի 3/1, 6365 ք/մ.
- Ավտոտնակ. Ավան 8շ. բակում.
- Եւս մի ավտոտնակ. Երեւան, Ավան 8շ. բակում.
- Եւս մի ավտոտնակ. Ավան 18շ. բակում .
- Ավտոմեքենա՝ Մերսեդես S450՝ 2007 թվականի արտադրության
- Ավտոմեքենա՝ Ռենջ-Ռովեր Սուպեր չարչ, 2006 թվականի արտադրության
- Ավտոմեքենա՝ Մերսեդես Բենց G 500, 2002 թվականի արտադրության:
Տարոն Մարգարյանի հայտարարագրի մեջ մի անկյունում, ամենախղճուկ թվով ներկայանում է նրա աշխատավարձը՝ 4 մլն 730 հազար դրամ, ամսական 394 հազար:
Հիշեցնենք՝ այս ամենը գրանցված է միայն անձամբ իր՝ Տարոն Մարգարյանի անունով։ Այս ցանկում չկա, օրինակ, Ավանի այն շքեղ ապարանքը՝ 1500ք.մ. (նվազագույնը՝ 2 միլիոն դոլար արժեքով), որտեղ այսօր բնակվում է Տարոն Մարգարյանը. հավանաբար՝ այն գրանցված է ընտանիքի այլ անդամի անունով։
Ամենահամեստ գնահատմամբ՝ այս ամենի շուկայական արժեքը գերազանցում է 10 միլիոն դոլարը։
Բնականաբար, սա ամբողջը չէ. ինչպես մի անգամ խոստովանել է անգամ գործող գլխավոր դատախազը, մեր պաշտոնյաներն ունեցվածքի չնչին մասն են ձեւակերպում իրենց անունով, իսկ մեծ մասը՝ ընտանիքի այլ անդամների, քեռիների, մորքուրների, հորքուրների, զոքանչների, բաջանաղների, աներների, աներձագերի անունով։ Ըստ այդմ՝ սույն հայտարարագրում արտահայտվածը Տարոն Մարգարյանի իրական ունեցվածքի, ասենք, 15-20%-ն է միայն։
Եւ իրոք, մամուլում հրապարակվել Տարոնի ունեցվածքի մի այլ տպավորիչ ցանկ՝ գրանցված ոչ իր անունով.
- Արմավիրում՝ 60 հա այգի,
- Մասիսում՝ 12 հա այգի և պահածոների գործարան,
- Երևանի Կրկեսի շենքը,
- Փամփուշտների գործարան՝ 50 տոկոս մասնաբաժին,
- «Հանրապետական» մարզադաշտի մուտքի մոտ երկհարկանի շինանյութերի հսկայական խանութ,
- «Միլենա» տաքսի ծառայությունը,
- Ավան-Առինջում երկհարկանի սուպերմարկետի տարածք, որն այժմ տրված է SAS-ին,
- Ավանի տարածքում 60 հատ խանութ-կրպակ,
- «Բունար» գովազդային գործակալությունը, որը Երևանում ունի առնվազն 50 վահանակ ու պետական բյուջե որևէ հարկ չի մուծում,
- Մետրոյի կայարանների անցումներում՝ կրպակներ։
Սա էլ ամբողջը չէ։
Բայց մի կողմ թողնենք այս վերջին ցանկը եւ բավարարվենք միայն նրանով, որ կադաստրում անձամբ Տարոնի անունով է։
Որտեղի՞ց է հսկայական այս կարողությունը հայտնվել նրա ձեռքում։
Ժառանգությո՞ւն է ստացել։ Հայտնի է, որ նրա տոհմում որեւէ մեկը գործարարությամբ չի զբաղվել։ Նրա հայրը 90-ականների վերջին դեռ ապրում էր համեստագույն կյանքով։ Հայտնի է, որ Տարոն Մարգարյանն ինքը նույնպես երբեք գործարարությամբ չի զբաղվել։ Եւ այսպես՝ Տարոն Մարգարյանը պետք է բացատրություն տա. ի՞նչ ճանապարհով է այս ամենը ձեռք բերել։ Հակառակ դեպքում այլ բան չի մնում, քան ապացուցված համարել, որ դա պաշտոնական դիրքի չարաշահման, կոռուպցիայի, կաշառակերության արդյունք է։
Իսկ այդ դեպքում Երեւանի ընտրողները ոչ թե պետք է Տարոն Մարգարյանին ձայն տան ու նստեցնեն քաղաքապետի բազկաթոռին, այլ, որպես նրանից տուժողներ, միահամուռ պետք է պահանջեն, որ նա անմիջապես հայտնվի ամբաստանյալի աթոռին եւ հատուցի իրենցից թալանածը։
Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագիրը լավագույն արձանագրումն է այն փաստի, ինչի մասին արդեն 5 տարի խոսում է Հայ Ազգային Կոնգրեսը, այն է՝ Հայաստանում իշխանությունը կոռուպցիոն մի բուրգ է, որի գագաթը Սերժ Սարգսյանն է։ Այդ համակարգը ժողովրդից կողոպտում է տարեկան պետական բյուջեից երկու անգամ ավելի մեծ գումար, որ մտնում է իշխանավորների գրպանները։ Համեստագույն կերպարանք եւ ունակություններ ունեցող Տարոն Մարգարյանը կոռուպցիոն բուրգի մաս է, դրա սպասավորն ու գործիքը, ինչի դիմաց իր բաժինն է ստանում. ահա եւ նրա մի քանի տասնյակ միլիոն դոլար ունեցվածքի աղբյուրը։ Այսինքն՝ Տարոն Մարգարյանը ոչ թե «լավ տղա» է, այլ հանցագործ, որը հիշյալ հայտարարագրով փաստորեն խոստովանում է. «Ես Տարոն Մարգարյանս, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմքով, ձեզնից գողացել եմ միլիոնավոր դոլարներ»։
Ուրեմն՝ ձայն տալ Տարոն Մարգարյանին՝
- նշանակում է ձայն տալ Սերժ Սարգսյանի գլխավորած ավազակապետությանը,
- նշանակում է ձայն տալ Նեմեց Ռուբոյին, Լֆիկ Սամոյին, Թոխմախի Մհերին, Եղբայր Սաշիկին, Փեսա Միշիկին,
- նշանակում է ձայն տալ մեզ կեղեքողներին, ստորացնողներին,
- նշանակում է ձայն տալ հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի հանցագործներին,
- նշանակում է ձայն տալ Հայաստանի ժողովրդին իր հայրենիքից փաստական բռնագաղթի ենթարկողներին,
- նշանակում է ձայն տալ այն ռեժիմին, որն իրականացնում է «Հայաստանն առանց հայերի» ոճրագործ ծրագիրը, որը 100 տարի առաջ չհասցրին ի կատար ածել մեր թշնամիները։
4. Անտակտությո՞ւն, ցինի՞զմ, թե՞ ...
Տարոն Մարգարյանն ունի մեդալների եւ շքանշանների հարուստ հավաքածու։ Չէ, սխալ չհասկանաք. դրանք նա վերնիսաժից չի ձեռք բերել, ինքն է «վաստակել.
- «Գարեգին Նժդեհ» մեդալ՝ շնորհված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից,
- «Անդրանիկ Օզանյան» մեդալ՝ շնորհված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից,
- ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան,
- Անանիա Շիրակացու մեդալ՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգև,
- ՀՀ ԱԺ պատվո մեդալ
- Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալ
- Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալ
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ
- «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալ:
Ըստ պաշտոնական կենսագրության՝ Տարոն Մարգարյանը բանակում չի ծառայել։
Ինչո՞ւ չի ծառայել։ Հազիվ թե այդպես է կամեցել նրա՝ խորհրդայն շրջանի այլախոհ, նժդեհական, 1990 թվականից հայկական բանակի ստաղծման համար կռիվ տվող հայրիկը։ Ուրեմն Տարոնն ի՞նքը սարսափելի չի ուզել ծառայել, եւ հայրիկը ստիպված է եղել կատարե՞լ նրա ցանկությունը։ Իսկ գուցե Տարոնը հարգելի (ինչ-որ հիվանդության) պատճառո՞վ չի ծառայել բանակում։ Հնարավոր է։
Բայց Երեւանի ընտրողները, կողմնորոշվելու համար, պետք է իմանան.
Ա) Ի՞նչ հիվանդության պատճառով է, որ նա չի ծառայել բանակում. գուցե նույն պատճառով նա չի կարող նաեւ պետական պաշտո՞ն զբաղեցնել.
Բ) Ինչպե՞ս է բանակի եւ զինվորության հետ կապ չունեցող մարդը զինվորական այնպիսի պարգեւների արժանացել, որին կարող է նախանձել բանակաշինության հիմքերում կանգնած, Արցախյան պատերազմը ծայրից-ծայր անցած յուրաքանչյուր զինվորական.
Գ) «Անանիա Շիրակացի» մեդալը շնորհվում է գիտական խոշոր նվաճումների, գյուտերի հեղինակներին. գիտական ի՞նչ նվաճումների ու հանճարեղ գյուտերի համար է Տարոնը արժանացել մի պարգեւի, որն ակադեմիկոսները կնախանձեին։
Մյուս մեդալներն իրեն նվեր։
Ընտրողը պետք է իմանա՝ այս ամենը Տարոն Մարգարյանի չտեսությա՞ն, ցինիզմի՞, անտակտությա՞ն արդյունք է, թե՞ մանկական տարիներից մնացած թուլության։ Ընտրողը պետք է այս ամենն իմանա, որպեսզի կարողանա կողմնորոշվել իր ընտրությունում։
Հ.Գ. Հետաքրքիր այլ մանրամասներ՝ Կոնգրեսի ապրիլի 30-ի հանրահավաքում։
Հայ ազգային կոնգրեսի թռուցիկ
Աղբյուր՝ ilur.am
Էջանիշներ