Անցած նախագահական «ընտրությունները» մեր հանրությանը մի կարևորագույն ծառայություն մատուցեցին` դրանք ի հայտ բերեցին, թե ինչ թիվ են կազմում իրականում Դաշնակցության ու Հայ Ազգային Կոնգրեսի ընտրողները: Ճիշտ է, խոսքը գնում է նրանց կողմնակիցների ընդհանուր թվի մասին, այսինքն' կարելի է ասել, որ այդ երկու ընդգծված ու սկզբունքորեն ընդդիմադիր քաղաքական ուժերը անցյալ նախագահական “ընտրություններում” միասնաբար հավաքել են առավելագույնը մոտ 51.000 քվե, սակայն անհնար է տարբերակել, թե այդ ընդհանուր թվաքանակից որ մասն են կազմում Դաշնակցության և որ մասը' ՀԱԿ-ի կողմնակիցները:
Բանն այն է, որ հենց այս երկու քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էին կոչ արել իրենց կողմնակիցներին մասնակցել քվեարկությանն ու փչացնելով' անվավեր դարձնել իրենց քվեաթերթիկները: Բնականաբար, քանի որ անվավեր քվեաթերթիկների փչացման եղանակից միշտ չէ, որ պարզ է, թե փչացնողը փչացնելու պահին ինչ քաղաքական ուժի անդամ կամ համակիր է, կարելի է միայն պնդել, որ այդ մոտ 51.000 անվավեր քվեաթերթիկները գոյացել են հենց Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետևորդների միասնական ջանքերով: Սա կարևոր է հիշել Երևանի ավագանու և քաղաքապետի “ընտրությունների” նախօրեին, քանի որ փետրվարի տասնութին համատեղ ջանքերով մոտ 51.000 քվե ( սա փետրվարի տասնութի քվեարկությանը մասնակցածների ընդհանուր թվի չորս տոկոսից էլ պակաս ցուցանիշ է) հավաքած այս երկու ուժերի ավագանու կազմում հայտնվելը խիստ կասկածներ կարող է առաջացնել,դառնալով մայիսի հինգին կայանալիք երևանյան “ընտրությունների” աղաղակող կեղծման վկայությունը:
Իհարկե, սա մտահոգիչ իրողություն է, բայց , թերևս, կարելի է ելքը գտնել' շատ բան գուցե իր տեղը կընկնի, եթե հնարավոր լինի պարզել, թե ինչ համամասնությամբ են ներկայացված այդ մոտ չորս տոկոսի ընդհանուր համակիրների մեջ կոնկրետ Դաշնակցության ու ՀԱԿ-ի հետևորդները: Քանի որ Հայաստանում “ընտրությունների” իրական ու պաշտոնական արդյունեքներն, իմ համոզմամբ, միմյանց հետ կապ չունեն և մասնակիցներից յուրաքանչյուրին այնքան ձայն է վերագրվում, որքան որ որոշում է որոշողը, ապա այս երկու քաղաքական ուժերի մասով առաջացած այս փոքրիկ անորոշությունը կարելի է պարզել, եթե այս անգամ ևս նրանք հետևեն միևնույն մարտավարությանը' միայն մեկ աննշան, սակայն խիստ որոշիչ տարբերությամբ' հիմա էլ անդամներին, համակիրներին ու հետևորդներին պետք է կոչ արվի քվեարկել ոչ թե սեփական կուսակցության օգտին, այլ փչացնելով անվավեր դարձնել քվեաթերթիկները (սա անհրաժեշտ է փետրվարի տասնութի համեմատ պայմանների արդարացի նույնականությունն ապահովելու համար), սակայն այս անգամ այս քաղաքական ուժերը պետք է ուղղորդեն սեփական համակիրներին' ասեն, թե հատկապես ինչ տարբերանշան պետք է օգտագործեն վերջիններս քվեաթերթիկը փչացնելիս, որպեսզի պարզ լինի' դա ՀԱԿ-ի, թե Դաշնակցության կողմնակից է արել:
ՀԱԿ-ի համակիրներն, օրինակ, կարող են թարս աճող խիար պատկերել, իսկ Դաշնակցության հետևորդներին կարելի է առաջարկել, որ պատկերեն Դաշնակցության այն “իրական դեմքը”, որն, ինչպես խոստացվել է, կուսակցությունն այս անգամ պատրաստվում է ներկայացնել երևանյան հանրությանը:
ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կողմնակիցները կարող են իրենց քվեաթերթիկներում առհասարակ նշումներ չանեն, որպեսզի անտեղի տեղը չծանրաբեռնեն ընտրական հանձնաժողովների աշխատանքը' այս կուսակցությունները կզբաղեցնեն համապատասխանաբար առաջին, երկրորդ ու չորրորդ տեղերը:
Վերոգրյալը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն “կատակ” է:
Էջանիշներ