User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեր հավանած տարբերակների օգտին

Քվեարկողներ
29. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց- KarineIonesyan

    1 3.45%
  • Տարբերակ 2. Ներսում- Ivy

    6 20.69%
  • Տարբերակ 3. Վախեր- STrangeLittleGirl

    10 34.48%
  • Տարբերակ 4. Վերապրում- Alphaone

    6 20.69%
  • Տարբերակ 5. Ցպահանջ- Գալաթեա

    15 51.72%
  • Տարբերակ 6. Ժպտացող տանիքներ- Ivy

    11 37.93%
  • Տարբերակ 7. Աննան միայն սիրել գիտեր- Lusntag Lusine

    2 6.90%
  • Տարբերակ 8. Զրոն- Այբ

    5 17.24%
  • Տարբերակ 9. Լիզայի ձայները- StrangeLitleGirl

    17 58.62%
  • Տարբերակ 10. Կաղապար- Lisbeth

    2 6.90%
  • Տարբերակ 11. Խորհրդավորություն- Smokie

    1 3.45%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 738 հատից

Թեմա: Պարագրում. քվեարկություն և քննարկում. փորձարարական ստեղծագործական մրցույթ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պարագրում. քվեարկություն և քննարկում. փորձարարական ստեղծագործական մրցույթ

    Սիրելի ակումբցիներ, այս թեմայում տեղադրվում են «Պարագրում» փորձարարական ստեղծագործական մրցույթի համար ստացված տարբերակները: Մրցույթը հայտարարվել է այս թեմայում: Ստորև ներկայացված են մրցույթի քվեարկության պայմանները:

    Քվեարկության պայմանները

    • Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    • Քվեարկությունը տևելու է 5 օր,
    • Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
    • Քվեարկության 5 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    • Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    • Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
    • «Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
    • Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    • 5 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:





    Հիշեցնեմ, որ ոգեշնչման աղբյուր պետք է հանդիսանար այս պար-բեմադրությունը.

    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.03.2013, 03:00:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 1.
    Նվիրվում է Նրան, ով երբեք սահմանը չհատեց


    Արթնացավ շփոթված ու քրտնած: Երազում առաջին անգամ տղամարդու հետ սիրով էր զբաղվել: 10 րոպե չէր կարողանում շարժվել տեղից, կարմրել էր ամոթից, թվում էր թե անասելի մեղք է գործել: Սիրով զբաղվել, այն էլ չգիտես ում հետ, այն էլ երազում... բա մտերիմները ի՞նչ կասեն, որ իմանան, որ ինքը հատել է սահմանը:

    10 րոպեից հիշեց, որ նախորդ օրն առաջին անգամ պարել էր մի տղամարդու հետ: Չէր ճանաչում այդ երիտասարդին, պարել էր, քանի որ ընկերներն էին բրդելով ասել, որ չմերժի պարի հրավիրողին: Ամբողջ 3 րոպեանոց պարի ընթացքում մտածել էր, թե երբ պետք է ավարտվի պարը, որ հագնվի ու փախնի, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ տեսնի իր աչքերը: Մտքերն ընդհատվում էին միայն այն ժամանակ, երբ տղամարդը ամուր սեղմում էր աղջկան: Դրանից ավելի էր կարմրում ու ջղաձգվում: Երաժշտության ավարտվելուն պես անեացավ դահլիճից:

    Երբ գիտակցեց, որ իրականում սահմանը չի հատել, ու դա ընդամենը երազ էր, նոր վեր կացավ անկողնուց, բայց երազի ազդեցությունը մնաց ամբողջ կյանքում:

    Երազի մասին ոչ մեկը չիմացավ, ինչպես եւ չէին իմացել առաջին պլատոնական սիրո, առաջին հիասթափության մասին: Հեռախոսի համարը փոխեց, որոշեց որ էլ չի հանդպելու չարաբաստիկ օրվա ծանոթների հետ:

    Մի քանի անգամ էլ վախենալով հիշեց երազի մասին, բայց արդեն դարձավ սովորական: Առավոտյան արթնանում էր, չէր շտապում լքել անկողինը: Փակում էր աչքերը ու նորից պատկերացնում նույն երազը: Թվում էր՝ թեւերը ընդարձակվում են, նմանվում են մեծ, անճանաչելի ու գոյություն չունեցող թռչունի թեւերի: Երազն էլ էր ընդարձակվում, սյուժեն տարբեր զարգացումներ էր ապրում: Աղջիկը հիշում էր իր դիտած բոլոր ֆիլմերը եւ կյանք էր տալիս ֆիլմային տեսարաններին իր երազում: Զուգընկերը ուներ արտաքին եւ դիմագծեր, բայց դրանք հստակ չէին, քանի որ տղայի դեմքը չէր էլ տեսել, հիշում էր միայն նրա կոշիկները, քանի որ գլուխը գետնից չէր բարձրացրել ամբողջ պարի ընթացքում:

    Աղջիկը երջանիկ էր միայն առավոտյան մի քանի րոպեների ընթացքում, երբ ապրում էր իր երեւակայության մեջ: Օրվա մնացած հատվածում՝ աշխատանքի վայրում, դրսում զբոսնելիս, ընկերների հետ ժամանակ անցկացնելիս մարմնի մեջ օր-օրի մեծանում էր անտեսանելի մի ցավ, որը վերագրում էր հոգուն, մինչեւ մարմնի հետ տարօրինակ բաներ չսկսեցին կատարվել. հաճախակի հիվանդանալ, օրգանները հերթով զգացնել էին տալիս իրենց մասին աննկարագրելի ցավերով: Մի օր ցավերն այնքան ուժող էին կանացի օրգանների շրջանում, որ չդիմացավ ու սկսեց բղավելով արտասվել աշխատանքի վայրում: Տարան հիվանդանոց:

    Բժիշկը երբ տեսավ, որ 35ամյա աղջնակը կույս է, բղավեց զայրացած:

    - Հիմա, որ երկաթե այս սուր գործիքով պատռեմ դա ոչ բնական ճանապարհով, դուրդ կգա՞...

    Այդպես աղջիկը «հատեց սահմանը», եւ պարզվեց որ կանացի օրգաններում քաղցկեղ ունի:

    Սկսեց պայքարի շրջանը: Կամքի ուժ միշտ ուներ, եթե մի բան հաստատապես էր որոշել: Որոշեց, որ չի պարտվելու ու պայքարելու է մինչեւ վերջ, որոշեց, որ ուզում է բուժվել ու ապրել: Մտածեց, որ արդար չի լինի գտնել կողակցի, երբ գիտի սեփական հիվանդության մասին: Դրա համար որոշեց բուժվել ու հետո նոր վայելել կյանքը:

    Ստացվում էր, օր-օրի դառնում էր ավելի գեղեցիկ, ավելի կանացի, լավատեսությամբ էր տրամադրվել: Էլ չէր սարսափում տղամարդկանց հայացքներից, էլ չէր փախնում մարդկանցից, պարում էր երբեմն տղաների հետ ու 3 րոպե անջատում էր միտքը եւ մտածում ոչնչի մասին:

    Թիկ-թակ, թիկ-թակ... ժամանակն առաջ էր գնում... մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս... Աղոթում էր ու չէր դադարում տեսնել իր սիրելի երազը մինչեւ այն կդառնար իրականություն:

    5 ամիս հետ բժիշկները նրան ասացին, որ բուժվել է, բայց հարազատներին կողքի սենյակում տրվեց մի թուղթ, որի վրա գրված էր՝ «հիվանդին ցույց չտալ...»

    Այդ օրը աղջիկը որոշել էր, որ երազը վերջին անգամ է տեսնելու, այդպես էլ եղավ... դրսում անձրեւ էր գալիս, երբ աչքերը փակեց ու ընկղմվեց երազի մեջ: Հաջորդ օրը չարթնացավ, բայց դեմքին դրոշմված ժպիտը հուշում էր, որ հավերժացավ այդ երազի մեջ:

    Հ.Գ. Կներեք տխրեցնելու համար...պարը թելադրեց գրել մի պատմություն, որը ցավոք սրտի իրականություն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.03.2013), CactuSoul (21.03.2013), ivy (17.03.2013), Moonwalker (18.03.2013), Ripsim (19.03.2013), Sambitbaba (17.03.2013), ԱնԱիդա (17.03.2013), Արևանուռ (20.03.2013), Մարկիզ (20.03.2013), Նաիրուհի (17.03.2013)

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 2.
    Ներսում


    -Չէ...

    Միակ բառը, որ դուրս եկավ Էլիզայի շուրթերից:

    Տեսնելով դռան մոտ կանգնած կնոջը՝ Մաքսը քարացավ: Լեզուն պապանձվեց, դեմքին գրվեցին աշխարհի բոլոր վառվող ու մարած բառերը: Կնոջ մտերիմ ընկերուհին սկսեց խուճապահար հագնվել...

    Էլիզան փակվեց տանը: Ինքն իրեն հեռացրեց կյանքից: Մեղադրեց ու մոլորվեց: Փնտրեց ու չհասկացավ: Բոլորին ջնջեց, վերացրեց...

    Մտքում խոստացավ չատել: Ու մոռացավ իր խոստումը: Օր օրի, կամաց սպանեց Մաքսին՝ իր մի մասնիկն էլ հետը թաղելով:

    «Պիտի առաջ շարժվել, ինչ էլ լինի»:

    Նորից սկսել վստահել մարդկանց, ընկերներ ունենալ, հանդիպել տղամարդկանց հետ: Նոր ընտանիք, գուցե երեխաներ...

    Բայց Մաքսը չէր թողնում: Դո՞ւրս էր եկել: Իրականում մի ոտքով մնացել էր ներսում:

    - Ի՞նչ ես ուզում ինձնից:

    - Ուզում էի իմանալ ամեն ինչ կարգի՞ն է քեզ մոտ...

    - Ամեն ինչ հոյակապ է, Մաքս, մի՛ զանգիր:

    Էլիզան ուզում էր ազատվել: Վերջնականապես, լրիվ:

    Մաքսի հին շորերը հանեց նկուղից: Ի՞նչ անել, թափե՞լ, նվիրե՞լ: Չէր ուզում ավելորդ անգամ դիպչել դրանց: Բայց վերցրեց ու հագավ: Տհաճություն զգաց. ոչ մի հարազատ բան չէր մնացել... Հանեց նորից, հետո նաև իր շորերը, որովհետև դրանցից արդեն տղամարդու հոտ էր գալիս... Օտար, խեղդող...

    Բացեց հին ալբոմը, մեջն իրենց պարապունքների նկարներն էին: Իրար հետ ծանոթանալու պատճառ դարձած պարի դասերը... Գտավ դասերի ժամանակ միմյանց գրած սիրային նամակները: Պատռել, վերացնել:

    Հեռախոսը նորից զնգաց:

    - Պիտի հանդիպենք,- ասաց Մաքսը:

    Էլիզան աղմուկով դրեց խոսափողը:

    «Արի... Կվեցնես հետևիցդ թողած աղբն ու վերջնականապես կկորչես»:

    Տունը մաքրեց, կարգի բերեց: Իր սիրած ուտելիքը պատրաստեց: Մեջը լցրեց աչքերից թափվող կայծակը. թող մի քիչ կծու լիներ:

    Հագավ իր ամենալավ զգեստը, մազերը հարդարեց: Մոտեցավ հայելուն: Հոգնած էր... Քամված: Փորձեց դեմքի արտահայտությունը փոխել: Ոչ մի դեպքում խղճուկ չերևալ: Ամեն ինչ կարգին էր: Ինքն ուժեղ էր:

    Գլխում զրնգաց մոր խորհուրդը.

    - Գուցե ներես...

    - Իսկ ի՞նձ ոնց ներեմ դրանից հետո:

    Դրսում ամպրոպ էր, անձրև: Մատով փորձեց ընթրիքը: Ըհն, համով էր:

    Նայեց ժամացույցին: Ուր որ է գալու էր:

    - Բարև,- ասաց շեմին կանգնած տղամարդը,- ինչո՞ւ ես կանչել:

    ...

    - Չէ...

    Միակ բառը, որ դուրս եկավ Էլիզայի շուրթերից:

    Տեսարաններ չեղան, Մաքսը հանգիստ հեռացավ կնոջ մտերիմ ընկերուհու հետ:

    - Ներիր, չէի ուզում ցավ պատճառել... Մենք սիրում ենք իրար...

    Էլիզան փակվեց իր մեջ: Ինքն իրեն հեռացրեց կյանքից: Մեղադրեց ու մոլորվեց: Փնտրեց ու չհասկացավ: Բոլորին ջնջեց, վերացրեց, բայց Մաքսին չկարողացավ...

    Մտքում խոստացավ չսիրել: Ու մոռացավ իր խոստումը: Օր օրի, կամաց սպանեց ինքն իրեն՝ ներսում միայն Մաքսին կենդանի պահելով:

    Գլխում զրնգաց մոր խորհուրդը.

    - Պիտի առաջ շարժվես, ինչ էլ լինի:

    - Նոր ընտանի՞ք, երեխանե՞ր: Չե՜մ ուզում...

    Զանգեց Մաքսին:

    - Ինչո՞ւ ես զանգել, Էլիզա:

    - Ուզում էի իմանաս, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է:

    - Խնդրում եմ մի զանգիր... Մի արա... Ներիր ինձ...

    «Ո՞նց ներեմ»:

    «Ո՞նց ապրեմ»:

    Նկուղից հանեց Մաքսի հին շորերը, հագավ ու կուչ եկավ: Գրկեց ինքն իրեն, սեր արեց... Հանեց իրենց հին ալբոմը, պարի դասերին գրած նամակները: Նայեց, կարդաց: Պատկերն ու բառերը լցվեցին աչքերի մեջ, կուրացրեցին:

    Ձեռքը նորից տարավ հեռախոսին:

    - Պիտի հանդիպենք:

    Տունը մաքրեց, կարգի բերեց: Մաքսի սիրած ուտելիքը սարքեց՝ մեջն աչքերից թափվող սեր խառնելով: Թող մի քիչ էլ քաղցր լիներ...

    Հագավ իր ամենալավ զգեստը, մազերը հարդարեց: Հայացքը գցեց հայելու միջի խղճուկ դեմքին, ուզեց փոխվել: Սիրուն երևալ: Ուժեղ:

    Նայեց ժամացույցին:

    Դռան շեմին կանգնած էր Մաքսը: Դեմքին՝ հոսող անձրև, աչքերում՝ ամպրոպ ու կայծակ:

    - Ինչո՞ւ ես կանչել:

    Էլիզան ամբողջ մարմնով դողաց: Դեմքը գունատվեց, շուրթերը կամաց բացվեցին.

    - Կպարե՞ս ինձ հետ...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.03.2013, 00:50: Պատճառ: Վրիպակի շտկում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.03.2013), ivy (17.03.2013), Ripsim (19.03.2013), Sambitbaba (17.03.2013), StrangeLittleGirl (17.03.2013), Այբ (19.03.2013), ԱնԱիդա (18.03.2013), Դավիթ (20.03.2013), Մարկիզ (20.03.2013), Նաիրուհի (17.03.2013), Նիկեա (18.03.2013), Վոլտերա (18.03.2013)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 3.
    Վախեր


    Ուղիղ տասը տարի: Այսօր արդեն տասը տարի է, ինչ դեպրեսիան ինձ հետ է, ես՝ նրա: Թերապիստը հույս է տալիս, ասում է՝ պարելը կփրկի, իսկ ես ամեն օր հազիվ եմ անկողնուցս դուրս գալիս, վախվորած նայում հայելու մեջ, ալարում գզգզված մազերս կարգի բերել, ալարում հագնվել, ալարում ապրել: Վեր եմ ընկնում բազմոցին ու սպասում:

    Թերապիստն էդպես էլ չիմացավ, որ ես ամերիկացի չեմ, ու նրա մեթոդներն ինձ վրա չեն ազդի: Չիմացավ նաև, թե ինչից դեպրեսիան սկսվեց: Չկարողացավ իր խաչաձև հարցումներով պատճառը դուրս բերել: Ախտորոշումը մեծ-մեծ տառերով գրեց, ուղարկեց դեղատուն, նստեցրեց հակադեպրեսանտների վրա, կանգեցրեց ասեղների վրա, զանազան նորագույն մեթոդներ փորձեց՝ զբաղեցնելով ինձ, պարացնելով ինձ, խաղացնելով ինձ, լացացնելով ինձ: Ոչինչ, ոչինչ չփրկեց: Որովհետև չիմացավ իմ պատմությունը:

    Միամիտ աղջիկ էի տասնութ տարեկան: Չունեի նախանձ ընկերուհիներ, որ հետ պահեին քեզնից՝ համոզելով, որ թողնելու ես ինձ, երեխան էլ փորիս մեջ: Չունեի վախեր, չունեի կասկածներ, չունեի խելք: Չունեի ոչինչ, քեզնից բացի: Ունեի քեզ, դրա համար չունեի ոչինչ կամ ունեի ամեն ինչ, որն ինձնից խլելու էր իմ բոլոր թռիչքները, արցունքները, սպասումներն ու դողերը: Ունեի հարուստ տատիկ, որի վրա աչք էիր դրել:

    Խխունջ էի իմ պատյանում կծկված: Ծանր էի ու լպրծուն: Գլուխս դուրս հանեցի, երբ ոտնաձայներ լսեցի: Ձգվեցի ու պտտվեցի: Տաք էր դրսում, սառնարյուն մարմինս էլ չէր փշաքաղվում: Ոտքերիդ ստվերն իջավ մարմնիս, ու պատյանս փշուր-փշուր եղավ: Ես մնացի սառը հողի վրա, մնացի մերկ, մնացի սառած: Գնացիր անձայն, գնացիր թաքուն, գնացիր ոչ նախանձ ընկերուհուս թևանցուկ արած:

    Հետո պիտի գիշեր-ցերեկ աշխատեի, ուրիշների տրուսիկները լվանայի, տակաշորերն արդուկեի, սպիտակեղենը քամեի, որ իմ աղջիկն ուտելու բան ունենար: Պիտի խմեի, դատարկ օրորոցը պատով տայի, որ հայտնաբերեի՝ մեջը ոչ ոք չկա: Ու չէր էլ եղել: Չունեի նախանձ ընկերուհիներ, որ ինձ ասեին՝ դու գնացիր, բայց երեխա չթողեցիր փորիս մեջ: Պիտի գտնեիր ինձ փողոցում հարբած, պիտի հարցնեիր՝ ինչ է պատահել: Պիտի քո տուն տանեիր, ուշքի բերեիր, լողացնեիր, փայփայեիր, շոյեիր: Ու պիտի դուրս շպրտեիր, երբ նկատեիր, որ արդեն կանգնում եմ:

    Մեծացա մի օր, դարձա պինդ ու անսասան: Դարձա սառնասիրտ, դարձա եսասեր: Եկար, դիմացս կանգնեցիր: Չուզեցի դեմքդ տեսնել: Համառեցիր: Խոսեցիր օտար լեզվով, իսկ ես չհասկացա, բայց պատասխանեցի քեզ: Հոգնած գլուխս ուսիդ դրեցի, քնեցի երկար, մինչև շշնջոցիցդ արթնացա: Չուզեցի դեմքդ նորից տեսնել, այս անգամ ես գնացի: Գնացի, որ դու առաջինը չգնաս: Գնացի ու երբեք քեզ չտեսա:

    Եկար ծնկաչոք, որպես աշակերտ: Ուսուցչի ծանր փայտիկը կոտրեցի վրադ: Գոռացի վրադ, հայհոյեցի, կավիճ կերցրեցի, տրորեցի, թքեցի վրադ: Իսկ դու միայն ոտքերս լիզեցիր ու մնացիր այնքան, մինչև քեզ մաս-մաս արեցի ու կամրջից ներքև շպրտեցի, որ գետը տանի, ու էլ երբեք չգաս:

    Աղջիկ էի խոտերի մեջ պառկած: Եկար անաղմուկ, եկար քնքնշանքով, եկար շոյանքով, դանդաղ մոտեցար: Աչքերս լիքն էին, կոկորդումս՝ գնդիկ, մարմինս ցնցվում, ջղաձգվում էր: Ձեռքդ ուսիս դրեցիր, խաղաղեցրիր ինձ: Ոչ մի տեղ չգնացիր: Կերպարանափոխվեցիր, դարձար նախանձ ընկերուհի, բայց քեզ ինձ հասկացող հռչակեցիր, հեռու պահեցիր բոլոր տեսակի թերապիստներից, հակադեպրեսանտներից, հոգեվերլուծությունից ու հոգեախտաբանությունից՝ կամաց-կամաց ջրելով, ծաղկեցնելով, փարթամացնելով իմ ներսում ծնունդ առնող կյանքը, որը շուտով անուն պիտի ստանար. դեպրեսիա:

    Իսկ ես դեռ սպասում եմ քեզ ու ամեն շշուկից ցնցվում: Սպասում եմ ու երազում, որ չգաս, որ թողածդ դեպրեսիայից բացի ոչինչ չունենամ, որ վայելեմ տառապանքս, որ խուսափեմ որոշումներից, որ ալարեմ ոտքի կանգնել, որ չնկատեմ, թե ինչպես են գիշերները գալիս, որ պաշտեմ հոգնածությունս, որ նվիրվեմ դատարկությանս, որ մոռանամ խաղաղությունս:

    Այս երեկո թակոց լսեցի: Եկել էիր նորից ու դռան հետևում սպասում: Եկել էիր, չնայած հույսս կտրել էի: Եկել էիր, չնայած փախչում էի քեզնից, բայց թաքուն սպասում: Եկել էիր բացահայտ, եկել էիր առանց ձևականությունների, առանց ավելորդ խոսքերի, առանց խոստումների, առանց թաքնված մտքերի: Եկել էիր պարզ ու հասարակ, կանգնել իմ դիմաց:

    Բացեցի դուռը: Ներս արի, խնդրում եմ: Ներս արի, ընթրիքը պատրաստ է: Ներս արի, այստեղ տաք է: Ներս արի, որ դեպրեսիան գնա: Ներս արի, որ հանձնվեմ ու ասեմ՝ ես թույլ եմ: Մի կողմ թող երկմտանքդ, մի կողմ թող ամաչկոտությունդ, մի կողմ թող անվստահությունդ, մի կողմ թող լարվածությունդ, մի կողմ թող վախերդ. ես էլ եմ վախենում: Ներս արի, որ դուռը մեր հետևից փակենք ու այլևս չհետաքրքրվենք, թե ինչ կա դրա մյուս կողմում:

    Սիրիր ինձ, որովհետև սպասում էի: Սիրիր ինձ, որովհետև հոգնել եմ, որովհետև հայտնվեցիր ճիշտ այնպես, ինչպես երազում էի, անցար բոլոր քննությունները առանց վայրկյան անգամ սայթաքելու, եկար որպես կատարելություն, որպես նախորդների հակադրություն ու լրացում: Սիրիր ինձ, որովհետև անհամեմատելի ես, որովհետև դու հենց ճիշտն ես, հենց այն մեկը, որին մարմինս ընտրել է, հույզերս ընտրել են, ուղեղս ընտրել է: Սիրիր ինձ, որովհետև ինձ կորցնում եմ ու գտնում քո մեջ: Սիրիր ինձ, որովհետև քեզ համար եմ պարում, քեզ համար եմ ծռվում ու քեզ համար եմ կծկվում: Սիրիր ինձ, որովհետև աշխարհի անկյունները միասին պիտի ոտքի տակ տանք, միասին պիտի տուն կառուցենք մեր պատկերով ու նմանությամբ երեխաների համար: Սիրիր ինձ, որովհետև հավաքում եմ վերջին ուժերս, որ քեզ սիրեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.03.2013), CactuSoul (21.03.2013), ivy (17.03.2013), Ripsim (19.03.2013), Sambitbaba (17.03.2013), StrangeLittleGirl (17.03.2013), Այբ (19.03.2013), ԱնԱիդա (18.03.2013), Դավիթ (17.03.2013), Մարկիզ (20.03.2013), Նաիրուհի (17.03.2013), Նիկեա (18.03.2013), Վոլտերա (18.03.2013)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 4.
    Վերապրում


    Կապույտ շուշանների լճակից հարավ, արծաթե ծառերով ծածկված բլուրների մեջ փոքրիկ, զմրուխտ տնակներում էին ապրում թիթեռ-մարդուկները: Նրանց կոչում էին նաև պարող մարդուկներ, քանի որ պարում էին նրանք, պարում օրնիբուն, աշխատելիս, հանգստանալիս, խաղալիս ու անգամ ուտելիս ճոճվում էին թիթեռ-մարդուկները կախարդական մեղեդու հնչյունների ներքո: Ու ոչ ոք նրանցից չգիտեր, որ բլուրներում հնչող քնքուշ մեղեդին քամին բերում է արծաթ ծառերից: Փչակներում ապրող փերիները նվագում էին մարդուկների համար ու կախարդական հնչյունները երազանքի ուժով նրանց թևեր էին տալիս:

    Ամեն ինչ կատարվեց գիշերը: Մարդուկները խաղաղ քնած ճոճվում էին մեղեդու հնչյուններին ներդաշնակ, երբ մի անծանոթ ձայն խառնվեց փերիների երգին, մի մռայլ ստվեր սահեց զմրուխտ տնակների տանքիներին ու մի ճիչ այդպես էլ չհնչեց խավարի քողի տակ: Առավոտյան արթնացավ թիթեռ-մարդուկն իր տանից հեռու, վանդակում, միայնակ: Քնաթաթախ նա սկսեց պարել, բայց զգաց, որ մեղեդին արդեն չի հնչում: Ավելի սարսափելի էր, որ առանց փերիների մեղեդու նա չուներ արդեն թևեր: Թիթեռ-մարդուկը սովորական պարող թզուկ էր դարձել:Սկզբում նա ոչինչ չհասկացավ, ապարդյուն փորձեց ճաղերից այն կողմ տեսնել ազատությունը: Չկար:

    Ծանր քայլերի ձայնը վերջապես բերեց բանտված լինելու ծանր գիտակցումը:

    Ամենասարսափելին նրա համար առանց մեղեդի պարելն էր: Շուրջը միշտ էլ հնչում էր երաժշտությունը, բայց դա փերիների մեղեդին չէր: Նա պարում էր, բայց ավելի ու ավելի էր կորցնում իրեն, մարմինն առանց թևերի ծանրանում էր, քայլերը դժվարանում էին, առօրյա հոգսերը նրան գամում էին գետին: Նա հաշվում էր արդեն անգամ վայրկյանները, նա ապրում էր ինքն իր հետ անհաշտ: Նա դեռ չէր հրաժարվել թռիչքից:

    - Ո՜ւր են թևերդ, Աստղ, - շշնջում էին մարդուկի մտքերը:

    - Չկա՜ թռիչք, - ինքն իրեն պատասխանում էր միտքը:

    - Կմեռնեմ առանց թռիչք, - աղաղակում էր խելագարությունը:

    Հոգնել էր Աստղը իր մոռացության մատնված, կիսասոված կիասկուշտ, կիաքուն, կեսարթուն, կիսատ գոյից: Աստղին մնում էր միայն պարելն ու պարում էր նա վարագույրի հետևից իր ճկուն նազանքով թաքուն հետևով հիացական հայացքի ներքո:

    Հետզհետե կենցաղը խեղդում էր պարը, թևերը մոռացվում էին, վհատության անկումները հաջորդում մեկը մյուսին:

    Անծանոթ, անտեսանելի ուրվականը նրան նվերներով ցանկանում էր կենսախնդություն հաղորդել, բայց նա զգում էր միայն տառապալի արհամարհանք:

    - Ատո՜ւմ եմ վանդակները…



    - Ո՞ւր են իմ թևերը…

    Պատմում են, որ երբ թիթեռ-մարդուկներից մեկը մեռնում է օտար աշխարհում, նա նապայման վերածնվում է իր երկրում, պատմում են, որ նրանք ի զորու են իրենք իրենց պատգամ հղել նոր կյանքում: Պատմում են, որ օտար ափերում դժբախտության մեջ մեռնելով, նրանք ապրում ու մեռնում են հարազատ եզերքում՝ երջանիկ: Պատմում են, նաև, որ դա արծաթե ծառերի փերիների նվերն է բոլոր նրանց, ովքեր երբեք չեն համակերպվում երազանքի թևերը կորցնելու մտքի հետ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (17.03.2013), Sambitbaba (17.03.2013), Smokie (17.03.2013), StrangeLittleGirl (17.03.2013), Այբ (19.03.2013), Մարկիզ (20.03.2013), Նիկեա (18.03.2013), Վոլտերա (18.03.2013)

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 5.
    Ցպահանջ

    Ժամը վեցն էր կամ մի քիչ պակաս:

    Բոլոր աշխատողներն արդեն գնացել էին, մնացել էր միայն Արսենը: Փոստատանը քար լռություն էր՝ չհաշված վատ ձայնամեկուսացումով պատուհաններից ներթափանցող ամառային երեկոյի ձայները:

    Արսենը տեղավորեց Ցպահանջ նամակների վերջին կույտը համապատասխան խորը ու նեղլիկ դարակներով: Հայացքն անկախ իրենից թեքվեց դեպի ձախ կողմից երկրորդ դարակը, որի մեջ մանուշակագույն ծրար էր դրված:

    Արդեն երեք ամիս էր՝ այդ ծրարն այդտեղ էր: Ոչ ոք չէր գալիս հետևից:

    Ծրարի վրա բացի անուն-ազգանունից ու ցպահանջի նշումից մի բառ կար գրված: Աջ անկյունում, թեքությամբ գրված էր՝ ՔԵԶ:

    Արսենն արդեն որքան ժամանակ է այրվում էր նամակը բացելու և կարդալու ցանկությամբ: Գիտեր՝ սխալ է իր ուզածը: Եթե դրան գումարեինք, որ ինքը փոստի աշխատող էր, և իր ուղիղ պարտականությունն էր պահպանել մարդկանց նամակների գաղտնիությունն ու հասցնել դրանք հասցեատերերին՝ իր այդ ցանկությունը պարզապես վերջին սրիկայություն էր: Բայց այդ “ՔԵԶ”-ը ձգում էր, անկառավարելի էր ձգում...

    Արսենը վճռական թափ տվեց գլուխն ու արագ քայլերով հեռացավ դարակների մոտից՝ կիսաձայն ինքն իրեն վատ բառեր ասելով:

    Երբ ձեռքն արդեն դռան բռնակի վրա էր, ինքն էլ չհասկացավ ինչ եղավ, ինչ մտավ մեջը: Ասես պարտվեց ինքն իր դեմ տարած երկարատև պայքարի մեջ:

    Փականը պտտեցրեց հակառակ կողմ, դուռը ներսից կողպեց, մոտեցավ Ցպահանջի դարակներին ու վերցրեց մանուշակագույն ծրարը:

    Հենց գաս՝ ժպտամ: Հենց գաս՝ դատարկությանս ամեն մի միլիմետրը կլցվի: Քո աչքերով, քո մատներով, քայլերիդ ձայնով:

    Ես դեռ գեղեցիկ եմ: Դու արդեն չես հիշում երևի, բայց ես գեղեցիկ եմ: Դու ես ասել... Հավատացել եմ: Չէիր խաբի, չէ՞...

    Պատի վրա ապրող ստվերս մենակությունս կոտրում է: Երկուս եմ դառնում, շատանում եմ: Բայց չեմ կարող երկար մնալ պատի մոտ: Շուռ է գալիս վրաս: Դանդաղ ու անընդհատ, ոսկոր առ ոսկոր ինձ փշրելով` շուռ է գալիս վրաս:

    Հեռու եմ մնում պատից: Սովորել եմ ստվերս ոչ թե տեսնել, այլ պատկերացնել: Ինձնից բարձրահասակ է մի քիչ: Մեկ-մեկ զրուցում ենք, երբ չափից ավելի եմ արևը կարոտում: Ջերմանում եմ: Ստվերս քո ձայնով է հետս խոսում, քո բառերով, քո բարի ժպիտով ձեռք է առնում, հոգուս հետ խաղում, ջղայնացնում, մազերս շոյում...

    Հետո օրերով կորում է: Մնում եմ մենակ, բայց չեմ տխրում: Մաքրություն եմ անում, մտքերս եմ մաքրում: Կզարմանաս, թե որքան կեղտոտ են երբեմն մտքերս: Ես էլ եմ զարմանում...


    Արսենն անսպասելի ու անհասկանալի աղմուկից գլուխը բարձրացրեց, փորձեց աղբյուրը գտնել: Դիմացի պատին ամրացրած փոքրիկ հեռուստացույցն ինքն իրեն միացել էր: Էկրանին սևուսպիտակ խշշոց էր:

    Արսենը վեր կացավ սեղանի մոտից, մոտեցավ, հոսանքից անջատեց հեռուստացույցի լարն ու սկսեց նյարդային հետուառաջ քայլել: Անիծեց ինքն իրեն, որ թողել է ծխելը: Համ ուզում էր շարունակությունը կարդալ՝ նամակը ձգում էր մագնիսի պես, համ էլ տարօրինակ վախ էր մեջը մտել: Հեռուստացույցի էկրանն այժմ սև էր ու անհաղորդ, բայց քիչ առաջվա խշշոցն ուղեղում էր: Նորից նստեց սեղանի մոտ:

    Հենց գաս, ամեն ինչ կփոխվի: Պատերիս մեջ դուռ կհայտնվի: Դու կգտնես. ես չեմ կարողանում: Շատ եմ փնտրել, բայց չեմ գտնում: Մատներս քրքրվելու աստիճան շոշափել են չորս կողմս, չկա դուռ: Դու կգաս, կնկարես: Բոլոր պատերս դռներ կդարձնես:

    Բայց գիտե՞ս ինչ... Որ գաս ինձ ախր էլ դուռ պետք չի լինի: Իմաստը կկորի:

    Վախենում եմ... Մեկ-մեկ ինձ թվում է հենց շուռ գամ՝ հետևս կանգնած ես լինելու: Երբեմն այդ զգացումն այնքան է մեջս մտնում, բերնեբերան ինձ լցնում, որ սարսափում եմ շրջվել: Քարացած կանգնում եմ՝ շունչս պահած, թե երբ ես ձեռքդ դնելու ուսիս:

    Արսենը ցնցվեց ու կտրուկ շուռ եկավ աթոռի վրա՝ հազիվ պահելով հավասարակշռությունը, որ աթոռի հետ միասին չտապալվի գետնին: Ձեռքի հպում էր զգացել ուսին: Հիմա էլ էր զգում... Փորձեց մի հայացքով արագ ընդգրկել ողջ սենյակը՝ համոզվելու համար, որ մենակ է այդտեղ: Մարդ չկար, իհարկե: Չուզեց նորից նստել աթոռին ու մեջքը դեմ տալ անհայտությանը: Նամակը վերցրեց ձեռքը, մոտեցավ պատուհանագոգին և հենվեց՝ ապահովելով իրեն հնարավորինս լայն տեսադաշտ:

    Ես քեզ գտնելու եմ, եթե մինչ այդ չկորցնեմ: Գրկելու եմ ամուր ու պահեմ մոտս: Մատներս միահյուսելու եմ մատներիդ ու դարձնելու եմ աշխարհի ամենաամուր ու բարի բռունցքը: Ու ոչ ոք չի կարողանա այն քանդել: Թույլ չեմ տա: Էլ թույլ չեմ տա... Երկրորդ անգամ չեմ կարող քեզ հեռանալիս տեսնել... չեմ ապրի:

    Անցյալ գիշեր երազումս եկել էիր: Հայտնվեցիր՝ չգիտեմ որտեղից: Դանդաղ մոտեցար, մազերիս մեջ սպիտակ վարդ դրեցիր, քիթս համբուրեցիր ու կորար: Քայլեցիր դեպի պատն ու անհետացար դրա մեջ: Երբ արթնացա, վարդի հոտից շունչս կտրվում էր: Ամեն տեղից էր գալիս: Օդից, մաշկիցս, մազերիցս...

    Արի ինձ մոտ...

    Արի...


    Արսենն զգաց, որ վերջին տողերը կարդալիս ակամա շունչը պահել է: Տարիներով լողի էր գնացել, սովոր էր երկար ժամանակ շունչը պահած մնալ: Բայց հո չէ՞ր դադարելու շնչել: Պետք է ախր...կենդանի մնալու համար: Ինքն իրեն ծաղրելով քմծիծաղ տվեց և խորը ներս քաշեց սենյակ լցված ծաղկային բույրով հագեցած օդը: Գրեթե չզարմացավ: Միայն զգաց, որ ներսում տարածվող անմեկնելի վախը սկսում է արյունը սառեցնել երակներում: Ու այդ սառնությունն այրելով մոտենում է սրտին: Դանդաղ սողքով…

    Սեղանին վերջին նամակդ է դրված: Միակ նամակդ: Անգիր գիտեմ յուրաքանչյուր տառը, բայց ամեն օր կարդում եմ: Չէ, չեմ կարդում... խմում եմ բառերդ ու հարբում: Կաթիլ առ կաթիլ տարածվում ես ներսումս, հասնում մինչև մատներիս ծայրերը: Ճախրում եմ: Թևերս բացած ճախրում եմ: Մինչև առաստաղ կարող եմ հասնել: Ճախրեցնում ես, ու չեմ վախենում ընկնել: Բառերդ փափուկ կտոր են դառնում, փռվում գետնին ու փրկում են ինձ ընկնելու դեպքում ջարդուփշուր լինելուց:

    Անէանում եմ: Առանց քեզ մասնիկ առ մասնիկ անէանում եմ: Մեկ-մեկ ինձ թվում է՝ էլ չկամ: Այսինքն կամ այնքան, որ կարողանամ կերպարդ կատարելության հասցնել: Ուրիշ ոչնչի չեմ ձգում:

    Երբ գաս, կհավաքե՞ս մնացած բեկորներս: Կկարողանա՞ս կպցնել իրար ճիշտ տեղերում, կենդանացնել, շունչ տալ...

    Հնարավոր է նաև, որ ստիպված լինես ինձ պատից քերել: Երբեմն մեջքս պատին եմ կպցնում, որ ամեն ինչ շուրջս տեսնեմ, հետ նայելու կարիք չլինի, ու այդ ժամանակ պոկվելն այլևս անհնարին է թվում: Ու մի օր չեմ կարողանալու:

    Արսենը մեծ դժվարությամբ ստիպեց իրեն մնալ տեղում: Ողջ էությունն ականջի տակ գոռում էր՝ փորձի՛ր, տես կարո՞ղ ես քայլ անել առաջ: Թե՞ կպել-մնացել ես պատուհանագոգին...

    Պահի տակ վրա տված ատելությամբ նայեց նամակին, ճմրթեց թմրած մատների մեջ ու նետեց դեպի աղբի զամբյուղը՝ փորձելով մեջը գցել: Կողքն ընկավ, ինչպես միշտ նման դեպքերում:

    Շուռ եկավ դեմքով դեպի պատուհանը: Սկսել էր մթնել: Ամպերը կրակագույն էին, ասես հրդեհ էր երկնքում: Սիրում էր մայրամուտի այդ պահը:

    Հետ շրջվեց դեպի սենյակը՝ արդեն իմանալով, թե ինչ է անելու: Իմանալով, որ չի կարող այլ կերպ:

    Մոտեցավ աղբամանին, վերցրեց ճմրթած թուղթը, բացեց, հարթեցրեց ափի վրա և սկսեց բարակ շերտերով պատռտել: Թղթի երկարուկ կտորները օդի մեջ պար գալով հերթով ընկնում էին գետնին: Քիչ անց փոքրիկ կույտ էր գոյացել, անկանոն լցված իրար վրա:

    Հետո նա վառեց գրասեղանի վրայի կանաչավուն լուսամփոփը, նստեց, թուղթ ու գրիչ վերցրեց:

    Նամակդ ոչնչացրի: Ներիր: Եթե մնար, այնքան էի կարդալու՝ խելագարվեի:

    Քո երաժշտությունը կանչում է ինձ:
    Ընդհատ ու տաք շունչդ դեմքիս վրա եմ զգում:
    Ցավիդ հաճույքն եմ զգում ուղեղումս:

    Կգտնեմ քեզ:
    Կգամ քեզ մոտ:
    Կգամ...


    Քիչ անց Արսենն ավարտեց նամակը, ծալեց, դրեց մանուշակագույն ծրարի մեջ, որի վրա թեքությամբ գրված էր “ՔԵԶ” ու դրեց Ցպահանջի դարակում, որտեղից որ վերցրել էր:

    Փոստատան դուռը կողպելուց առաջ նա ժպտաց սենյակի կիսամութին.

    - Մինչ վաղը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.03.2013), CactuSoul (21.03.2013), Ingrid (20.03.2013), ivy (17.03.2013), Sambitbaba (17.03.2013), StrangeLittleGirl (17.03.2013), Այբ (19.03.2013), ԱնԱիդա (18.03.2013), Արէա (17.03.2013), Արևանուռ (20.03.2013), Մարկիզ (20.03.2013), Նաիրուհի (17.03.2013), Նիկեա (18.03.2013), Վոլտերա (18.03.2013)

  12. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    հա… բայց ոչ նույն չափանիշներով… սպասելիքները, խնդիրը, միջոցները լրիվ տարբեր են ու դու ենթագիտակցորեն shift ես անում քո մոտեցումը… մարդիկ կան որ էդ shiftճը չեն անում ու իրանց համար պիկասսոի նկարը նկար չի… տենց չի՞…

    նույնն էլ էս դեպքում…
    ինչի նկա՞ր ա

  13. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչի նկա՞ր ա
    նկար չի… վիդեո ա, ապեր… էն տակի ձախ անկյունի կնոպկեն որ սեղմես կտեսնես…

  14. #9
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒզում եմ ասել Մեֆ ջան, որ լավ մշակված գործը միշտ էլ կնայվի, կամ` կկարդացվի: Օրինակի համար վերցնենք երկու գործ էս մրցույթից` 3 և 9-ը: Երկուսի հեղինակները բավականին ջանք են թափել և մշակել իրենց գործերը: Մեկը դասական պատմվածքային ա, մյուսը` մոնոլոգային էսսե, սակայն երկուսն էլ լավ կարդացվող գործեր են այս մրցույթի շրջանակներում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (18.03.2013)

  16. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒզում եմ ասել Մեֆ ջան, որ լավ մշակված գործը միշտ էլ կնայվի, կամ` կկարդացվի: Օրինակի համար վերցնենք երկու գործ էս մրցույթից` 3 և 9-ը: Երկուսի հեղինակները բավականին ջանք են թափել և մշակել իրենց գործերը: Մեկը դասական պատմվածքային ա, մյուսը` մոնոլոգային էսսե, սակայն երկուսն էլ լավ կարդացվող գործեր են այս մրցույթի շրջանակներում:
    ապեր, չեմ կարդացել, չգիտեմ… չեմ վիճում ես էդ գործրի շուրջ… հարցը դա չի… հարցն էն ա որ եթե նույն պրիցիպներով եք նայում էս մրցույթին ապա վիդեո պտի չլիներ… ես չգիտեմ թե իրանք ոնց են մշակել իրանց գործը, բայց էքսպերիմենտալ գործերը դժվար ա վերջնական մշակած դարձնելը… կարաս cat in the rain-ը դնես ու ձեր պրինցիպներով կարա առաջին տեղը լինի, բայց էս մրցույթում էդ գործը տեղին չի նայվում… էն քննադատական ստրուկտուրան/մոտեցումը որ մենք որդեգրել ենք կազմակերպելով էքսպերիմենտալ մրցույթ վիդեոյի հիման վրա չի կարա լրիվ ուրիշ ա…

    ես հավատում եմ քո ասածին, բայց մենակ կարամ հավատամ, ուրիշ ոչինչ…

  17. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,714
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինի «յոթերորդ» հավանելը դարի գաղտնիքն է, ես էլ չեմ հասկանում...
    Ես ընդհանրապես Շինարարի ճաշակից գլուխ չեմ հանում, էն իմաստով, որ չեմ կարողանում սամթը բռնել, թե ինչ տիպի գործերն են իրան գրավում, ի վերջո։ Ամեն անգամ որ կարծիք ա արտահայտում որևէ ստեղծագործության մասին, զարմանում եմ ։ Հենց թվում ա՝ ջոկել եմ սկզբունքը, մեկ էլ հաջորդ անգամ նենց մի բան ա հավանում, որ էն ջոկածս լրիվ հեչ ա անում ։

    Ի դեպ, մոտավորապես նույնն էլ Արէայի դեպքում ա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.03.2013), StrangeLittleGirl (18.03.2013), Վոլտերա (18.03.2013)

  19. #12
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես Շինարարի ճաշակից գլուխ չեմ հանում, էն իմաստով, որ չեմ կարողանում սամթը բռնել, թե ինչ տիպի գործերն են իրան գրավում, ի վերջո։ Ամեն անգամ որ կարծիք ա արտահայտում որևէ ստեղծագործության մասին, զարմանում եմ ։ Հենց թվում ա՝ ջոկել եմ սկզբունքը, մեկ էլ հաջորդ անգամ նենց մի բան ա հավանում, որ էն ջոկածս լրիվ հեչ ա անում ։

    Ի դեպ, մոտավորապես նույնն էլ Արէայի դեպքում ա։

    Դե երկուսն էլ Մաթևոսյան են սիրում: Ինչպես նկատել եմ, Արէան ավելի հուզմունքային ա գերադասում, Շինն էլ` հայաշունչ:

    Կարող ա և սխալվում եմ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Արձակ. Պարագրում. փորձարարական ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 229
    Վերջինը: 17.03.2013, 00:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •