Կատվիկը նստել էր տխուր ու նայում էր ճանապարհին՝ այնտեղ հարազատ հոգի զտնելու հույսով:
Կինը քայլում էր ու չափազանց մտազբաղ էր։
- Բարև, - թույլ մլավեց կատվիկը…
Կինը չքշեց կատվիկին։ Կատվիկն ուրախացավ, ավելի ինքնավստահ մոտեցավ կնոջն ու սկսեց նրան համաչափ քայլել՝ ամեն կերպ հուսալով ուշադրության արժանանալ.
- Փիսո՛, դու գիտե˚ս որ ես կատուներին ատում եմ , - կատվիկի քսմսվելուց
խուսափելով՝ առաջ քայլեց կինը.
- Ես եկել եմ քեզ հետ հաշտվելու, դու այն ժամանակ սխալ ես հասկացել ամեն ինչ,- կարկամելով մլավեց կատվիկը,- ես ուզում էի նրան փրկել, հավատա՛ ինձ։
- Ինչու ՞ ես այդ մասին հիմա ասում, փիսո՛, իմ կյանքից կորել է 12 տարի, - շարունակեց քայլել կինը։
- Դու այն ժամանակ չէիր ընդունում ինձ, բայց այսօր պիտի լսես,- հաստատակամ մլավեց կատվիկը.
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր։
- Փիսո՛, ի ՞նչ անեմ, ասա՛, ես կորցնում եմ առողջ դատելու կարողությունը,- մտածում էր կինը, ու թվում էր, որ նա դեռ չի ներել կատվիկին.
- Ամեն ինչ առջևում է, սպասի՛ր,- գրեթե ընկնելով ոտքի տակ՝ մլավեց կատվիկը
- Փիսո՛, քեզ ո ՞վ ուղարկեց ինձ մոտ,- հանկարծ առկայծեց կնոջ միտքը։
- Քո հոգու կանչը,- կանաչ աչքերը փայլեցրեց կատվիկը։
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր։
- Ինչի ՞ց ես վախենում,- անվստահ մլավեց կատվիկը…
- Ուզում եմ արտասվել,- արցունքախառն աչքերը թաքցրեց կինը,- ես գտել եմ իմ կորցրած հավատը, փիսո՛, ես պիտի փայփայեմ,ամուր պահեմ այն, իմ արցունքները երջանկությունից են։
- Եթե ուզում ես, լացի՛ր,- առաջ անցավ կատվիկը։
- Փիսո, ուզում եմ քեզ համբուրել,- դանդաղեցրեց քայլքը կինը։
- Ես այսօր սպասում էի քեզ, թույլ տուր քո ընկերը լինել,- շրջվեց ու ընդառաջ եկավ կատվիկը։
Քայլում էին կինն ու կատվիկը ու ամեն մեկն իր մտքերի հետ էր…
- Փիսո՛, վաղը ես քեզ պանիր կբերեմ, իմ սիրած պանիրից,- բարձրաձայնեց կինը։
- Եթե վաղը չգամ, չտխրես, ես մի ուրիշ օր էլի կգամ քեզ ընկերանալու, - իր լեզվով մլավեց կատուն, որ հանկարծ հիշել էր իր ցանկությամբ երբ և ուր լինելու կատուների կանոնը։
Ուշ էր, կինը վերադարձավ տուն, իսկ կատուն երջանիկ՝ տարիներ հետո կնոջ հետ հաշտվելու մտքից, գնաց մյուս կատուների հետ կատվություն անելու…
bhgf.jpg
նկարը Մարիետա Հակոբյանի
Էջանիշներ