ՄԱՄԱՅԻ ՀՈՏԱ ԳԱԼԻՍ...
Կինը անտրամադիր մտավ աշխատասենյակ ու գնաց դեպի իր գրասեղանը: Պայուսակը դրեց սեղանին, դարակից հանեց գրանցամատյանը, բացեց, բայց արագ վեր կացավ.
- Սուրճ կուզե՞ք, - դիմեց բաժնի վարիչին
- Հա,- գլուխը տմբտմբացրեց Սարգսյանը, ուզեց հարցնել ուր էր, բայց հետո գերադասեց լռել,իմանալով որ անտեղի կլինի,- իմը շաքարավազով կանես:
Սուրճը տաք էր ու հաճելի դառը: Առավոտից բան չէր դրել բերանը, մտածում էր պիտի անալիզ հանձներ, էն էլ… է՜հ, մարդ պիտի բախտ ունենա, բա՜խտ…
- Լալա, քեզ են ուզում,- մի բան գտածի նման ասաց Սարգսյանը, նրան մեկնելով լսափողը.
- Մերսի, -
Սրճեփն անջատեց,- նախանձ, մի ապարատի եղածն ինչա՞, որ չես ուզում իմ համար բերել տալ, կարծես քո գրպանից ես վճարելու,- մտածելով հեռախոսին մոտեցավ կինը.
- Ո՞նց ես, գնացի՞ր հիվանդանոց,- մորաքույրն էր,-
- Ոչ մի բան էլ չկար, - ու էլ չկարողացավ շարունակել, կարծես այդ խոսքերին էր սպասում ու փղձկաց…
- Ի՞նչ եղավ, ո՞վ էր… զանգե՞մ Վահանին,- հարցրեց Սարգսյանը .
- Չէ, ջուր տվեք,- մի կերպ ասաց կինը,-
Սարգսյանը վերցրեց ձեռքից տու-տու անող լսափողն ու դրեց տեղը.
Ջուրը խմեց, հավաքեց իրեն ու նստեց տեղը.
- Կարողա՞ ճնշումդա, գնա՞մ ջերմուկ բերեմ.
- Եթե դժվար չի,- ասաց կինն ու ուրախացավ իր՝ սենյակում մենակ մնալու մտքից.
Ինքը երազում տեսել էր, որ երկու ոտքով կանգնած էր ձմերուկի մեջ, հավատում էր, դրա համար գնաց Ծաղիկի մոտ: Թեստ արեցին, մի գիծ էր, - «է՜, բա գլուխս ինչո՞ւ է հաճախ պտտում» ...
Սարգսյանը ներս մտավ, ետևից էլ Վահանը.
- Աստծո սիրուն, Լալային տիրություն արա, տուն տար.
Կինը մի կերպ ժպտաց ամուսնուն, որ նշանակում էր «բան չի պատահել»:
Վահանը մտավ հյուրասենյակ:
- Դե ասա տեսնեմ ինչ է եղել.
- Ծաղիկի մոտ էի, կասկածներս սխալ դուրս եկան.
- Դու հանգստացի, ամեն ինչ լավ կլինի, թեյ բերե՞մ թե՞ սուրճ, - համբուրեց կնոջն ու գլխով ցույց տվեց բազմոցը.
- Չէ, ուզում եմ քնել:
Անցան ննջարան: Կինը հանվեց, մտավ անկողին: Վահանը ծածկեց ուսերը վերմակով,
- Դու քնիր, ես գնամ մի քիչ աշխատեմ, վաղը գծագրերը պիտի հանձնեմ:
Մեկը մտավ վերմակի տակ ու քնքուշ փաթաթվեց իրեն .
-Հայկ ջա՞ն, եկա՞ր ,մամայի բալա, - ու ամուր գրկեց իր առաջնեկին...:
Երբ մենակ էր լինում ննջարանում, Հայկը գալիս էր մոտը, խաղում էր Տիմոշա արջուկով, լսում հերթական հեքիաթն ու ամեն անգամ պինդ գրկելով մորը, խորը շնչում էր ու ասում՝ «ինչ լավա, մամայի հոտա գալիս»...
Վախենում էր աչքերը բացել:
Ամուր գրկեց երեխային որ զգա նրա ներկայությունը, որ հավատա ուրիշներին անտեսանելի ու անհավատալի իր իրականութանը:
- համովս, սիրտս, անուշս, կյանքս, բալե՜ս… մի քիչ խաղանք, հետո հեքիաթը, հա՞...
- Չէ, մամ ջան, էսօր հեքիաթ մի պատմիր, ես քեզ կարևոր բան եմ ասելու, ես ապերիկ եմ ունենալու, ուզում եմ որ անունը Տիգրան լինի:
- Է՜, Հայկ ջան,- հառաչեց կինը.
- Հա՜, ճիչտ եմ ասում, հավատա, ու ես էսօր վերջին անգամ եմ եկել, դու էլ ինձ չսպասես, ես հետո կգամ Տիգրանի հետ ու միշտ իրեն կպաշտպանեմ:
- Մի՜… մի գնա, ես քեզ թաքուն կպահեմ, ոչ մեկը չի իմանա քո մասին, մնա հետս էլի, մի՜…,- թախանձում էր կինը արցունքների միջից.
- Լալա,- Վահանն էր դռան ետևից.
Հայկը ամուր սեղմվեց մորը, մեկ անգամ էլ շնչեց նրա բույրը, համբուրեց ու ինչպես հուշիկ մտել էր անկողին, այնպես էլ դուրս եկավ, գնաց դեպի պատն ու անէացավ:
- Բժշկուհի Ծաղիկն է զանգում,- զգուշորեն դուռը բացելով կանչեց Վահանը,- ասում է շատ կարևոր է.
- Հիմա,- արագ հագնելով հողաթափերն ու վերցնելով խալաթը՝ դեպի հյուրասենյակ շտապեց կինը
- Լալա ջան, մաղարիչ ունենք,- նոր գրասեղանս հավաքելիս նայեցի թեստին, երկրորդ գիծն էլա երևում, աննշմարա, բայց ես տեսնում եմ…
Էլ ոչինչ չէր լսում…
Մի կում հեղձուկ էր կանգնել կոկորդում- : Մի կերպ հենվեց բազմոցի թևքին.... « երկու գի՜ծ…»
երկու գիծա՜,- ու փլվեց ամուսնու գրկում .
… Կինը վերջին վեց ամսվա մեջ առաջին անգամ երջանկությունից էր լացում..
- Երկու գիծը գիտե՞ս ինչա, Վահան, երեխա՜ …
... Մամայի հոտա գալիս...
Էջանիշներ