User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 3. «Անծանոթ տուն» (չընդունված տարբերակները):

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավաքածու մրցույթ – 3. «Անծանոթ տուն» (չընդունված տարբերակները):

    ՄԱՔՍԻՄ ԻՎԱՆԻՉԸ


    Ասացին՝ ուշիմ երեխա եմ, դրա համար էլ մանկապարտեզում <փոքրերի> փոխարեն՝ միջին տարիքային խմբում ընդգրկեցին, և դա էր պատճառը, որ իմ նախադպրոցական կյանքը տևեց ոչ թե երեք, այլ ընդամենը երկու տարի:
    Ավարտական հանդեսի ժամանակ իմ հավանաբար փայլուն ելույթը երկար ծափահարեցին, իսկ ներկա հարազատներս՝ պապս ու մորաքույրս, աջուձախ նայելով, պարծեցան իրենց սերնդի աննախադեպ ունակություններով և, որ ամենակարևորն է՝ միջոցառման հերոսուհու հետ արնակցական կապով:
    Այդքանը:
    Հա, մեկ էլ՝ ընկեր Ժենյան համբուրեց այտերս ու հրաժեշտ տվեց:
    Ընկերներս գնացին դպրոց, իսկ ես մնացի տանը: Այն ժամանակ չէին կարող ինձ մի տարի էլ մանկապարտեզում թողնել, ասացին, թե կառավարության որոշումն է: Դպրոց չընդունեցին մեկ այլ որոշման պատճառով՝ վեցտարեկաններին չի թույլատրվում:
    Դուռը կողպելով վրաս՝ ծնողներս առավոտյան շտապում էին աշխատանքի: Ես նստում էի դիմացի այգուն նայող մեր երրորդ հարկի լուսամուտի պատուհանագոգին, գրկում էի ու լպստում, չգիտես ինչու, միշտ աղի ծնկներս՝ նայելով այգուն ու կյանքին:
    Պատուհանի հենց դիմաց կինոի հայերեն ու ռուսերեն աֆիշներն էին, և ես սկսեցի ռուսերեն հասկանալ: Հետո անգիր արեցի միշտ նույն ժամին մեր սևուսպիտակ <Ռուբին>-ով ցուցադրվող և հաճախակի կրկնվող մուլտերն ու քիչ-քիչ խոսել սովորեցի:
    Վերջապես իմ բանտարկությունն ավարտվեց:
    Հայրս պարզապես խղճաց ինձ ու որոշեց իր հետ աշխատանքի տանել, և ես հայտվեցի մեծ-մեծ ու երբեմն ուժգին դղրդացող տրանսֆորմատորներով դրախտում: Այդ դրախտը, ուր աշխատում էր հայրս, ենթակայան էին անվանում: Ենթակայանն ընդարձակ բակ ուներ՝ անսահման կանաչ, ծառ ու ծաղիկներով լի:
    Ես ինձ մենակ չէի զգում, կարող էի ամբողջ օրը խաղալ խոտերի մեջ, պեղել մրջյունների ու երփներանգ բզեզների բները և երևակայական պատմություններ հորինել նրանց մասին:
    Վարդուշը, որ հորս մոտ էր աշխատում, ինձ կերակրում էր: Երբ հերթական անգամ հողից կոտլետներ պատրաստելիս ցեխոտվում էի՝ լոգասենյակի հսկայական ցնցուղի տակ լողացնում էր ու պառկեցնում քնելու:
    Երեկոյան, երկաթգծի փայտակոճերի միջով թռչկոտելով, հորս հետ ապրած մի ամբողջ օր էի տուն տանում և սպասում հաջորդ օրվան:
    Ես երջանիկ էի ու գիտեի, թե դա ինչ է նշանակում:
    Մի օր էլ Վարդուշի դպրոցական աղջիկն սկսեց գալ ենթակայան, ու ես խաղընկեր ունեցա:
    Չգիտես ինչու, Վերգինեի մոտ դասերը չէին ստացվում. նա երկար էր նստում <տնայինների> վրա, ու ես ստիպված էի լինում սպասել: Նայելով Վերգինեի տառապող դեմքին՝ մտածում էի, երբ մեծանա երևի նրան էլ մոր նման՝ Վերգուշ կանվանեն:
    Վարդուշը նրա համար կարդում էր հանձնարարված ոտանավորներն ու ստիպում, որ խեղճն անգիր արտասանի: Մի օր էլ չհամբերեցի: Երբ Վարդուշը ավարտեց հերթական <անգիրի> ընթերցանությունը, Վերգինեին օգնելու համար՝ ես անմիջապես արտասանեցի այն: Պարզվեց, որ Վերգինեին չեմ օգնել. մայրը բարկացավ և նույնիսկ ապտակեց աղջկան:
    Վերգինեն այլևս ինձ հետ չխաղաց: Փորձում էի նրան կաշառել տնից բերած հերթական խաղալիքով, բայց նա արհամարհում էր ինձ: Եվ նորից սկսվեցին իմ մենապտույտները բակի կանաչի մեջ:
    Ենթակայանի վանդակապատ դարպասները շուտով մի ուրիշ բանտ դարձան ինձ համար: Ես կանգնում էի դարպասների մոտ, երկու ձեռքով բռնում էի ճաղերն ու դեմքս մտցնում դրանց մեջ: Այնտեղ՝ դրսում, ոչ այնքան հեռու, տներ կային: Խոտերի անթափանց պատը փակում էր տեսադաշտը, բայց խաղացող երեխաների աղմուկն այնքա¯ն լսելի էր: Լարում էի ականջներս ու փորձում էի գուշակել՝ հիմա ի՞նչ են խաղում:
    - Դու ո՞վ ես, փոքրիկ,- ռուսերեն ինձ դիմեց լայնեզր, ցանցառ գլխարկով մի մարդ ու հակառակ կողմից բացեց դարպասը:
    Զարմանալի էր, բայց ես նրան չէի նկատել:
    - Իմ անունը Շահանե է, իսկ դու ո՞վ ես,- ասացի ես՝ ոլորելով շրջազգեստիս կարճլիկ փեշերը:
    - Արի ծանոթանանք,- ժպտաց մարդը,- ես Մաքսիմ Իվանիչն եմ՝ այստեղի վարպետը:
    Նա բռնեց ձեռքս, ու գնացինք դեպի ենթակայանի շենքը:
    Մեզ տեսնելով՝ հայրս ելավ տեղից ու ընդառաջ եկավ:
    - Հը՞, լավ հանգստացա՞ր, Մաքսիմ Իվանիչ,- հայրս ևս ժպտաց:
    Այդ օրվանից ենթակայանի դռներն ինձ համար բացվեցին. Մաքսիմ Իվանիչի ընտանիքը հեռու չէր ապրում:
    Ինձ շատ էին դուր գալիս նոր ծանոթներս, մանավանդ՝ Մաքսիմ Իվանիչի երեխաները՝ Վանյան, Միշան ու Տոսյան: Նրանք դպրոց էին գնում, և ես անհամբերությամբ սպասում էի նրանց վերադարձին:
    Մաքսիմ Իվանիչը ուրախ ու հյուրասեր մարդ էր: Հայրս, փայտյա բաց պատշգամբում նստած, ժամերով կարող էր զրուցել նրա հետ, թեյ խմել ու չձանձրանալ:
    Լյուսյան՝ Մաքսիմ Իվանիչի կինը, աշխույժ, ջանասեր կին էր: Ամբողջ օրն աշխատում էր կամ տանը, կամ տնամերձ հողամասում:
    Ես այդքան համերաշխ և ուրախ ընտանիք չէի տեսել, կարծես բոլորը միշտ տանն էին ու ոչ ոք մենակ չէր: Միայն մի անգամ նրանց ընտանիքում վեճի ականատես եղա:
    Տոսյային դպրոցում հանձնարարել էին տետրում գրել իրենց ունեցած բոլոր ընտանի կենդանիների անունները: Տոսյան հորը խնդրեց, որ օգնի տնային աշխատանքը կատարել: Ես դեռ այնքան ռուսերեն չգիտեի, որ թվարկեի իմ իմացած կենդանիներին: Նստեցի Տոսյաի կողքին ու լարեցի լսողությունս:
    Մաքսիմ Իվանիչն ինձ աչքով արեց ու սկսեց տարօրինակ բաներ թելադրել: Տոսյան արագ վերջացրեց, ուրախ փակեց տետրն, ու մենք գնացինք խաղալու:
    Հաջորդ օրը Տոսյայի լացը, Լյուսյայի գոռգոռոցն ու Մաքսիմ Իվանիչի բարձրաձայն ծիծաղն ինձ ստիպեցին ընդհատել անձրևորդի հուղարկավորության արարողությունն ու վազել նրանց տուն:
    - Ախր, ինչ ասեի,- արդարանում էր Մաքսիմ Իվանիչը,- երկու հավից բացի էլ ինչ ընտանի կենդանի ունենք, իսկ Տոսյան պիտի ահագին բան գրեր, դրա համար էլ էդպես արեցի:
    - Իսկ դու, հիմար աղջիկ,- շարունակեց Մաքսիմ Իվանիչը,- ինչու± էիր գրում: Քեզ տեղն է, ճիշտ էլ արել են, որ <երկուս> են նշանակել:
    Տոսյան վերսկսեց մի պահ ընդհատված հեծկլտոցն ու վազեց դստերը պաշտպանող մոր գիրկը:
    Ես հիշեցի, թե երեկ Մաքսիմ Իվանիչը ինչպես էր <օգնում> աղջկան.
    <Գրիր Տոսյա՝ մեր ընտանի կենդանիներն են Վանյան, Միշան, Տոսյան և մամա Լյուսյան, քանի որ մեզ բոլորիս պահում և կերակրում է իմ հայրիկը՝ Մաքսիմ Իվանիչ….> (ազգանունը չհիշեցի):
    Նայեցի Մաքսիմ Իվանիչին ու սկսեցի բարձրաձայն ծիծաղել:
    Այդպես կորցրեցի իմ երկրորդ ընկերուհուն՝ Տոսյային: Բայց ես ուրիշ, ավելի լավ ընկեր ունեի՝ Մաքսիմ Իվանիչը:
    Ենթակայանում գործը շատ չէր, ու նա ժամերով, ռուսերենը հայերենի հետ խառնած, զրուցում էր ինձ հետ, հետաքրքիր պատմություններ ու հեքիաթներ էր պատմում, ազնվամորի ու ելակ էր բերում իրենց հողամասից՝ ասելով՝ Լյուսյայից թաքուն:
    Դարպասի մոտ կանգնած՝ ամեն օր անհամբեր սպասում էի նրան, նրա մոխրագույն աչքերի ժպիտին և մեծ ու փոքր ընծաներին:
    Մի օր էլ երեկոյան, երբ պառկել էի քնելու, ականջիս հասավ ծնողներիս կիսաձայն, բայց անհանգիստ խոսակցությունը: Զգուշությամբ դուրս եկա անկողնուց և թաթերիս վրա քայլելով՝ հասա ննջասենյակի կիսաբաց դռանն ու սպասեցի.
    - Երևի լավ հարբած էր, ասաց, որ պատերազմի ժամանակ <պոլիցայ> է եղել, չեմ հիշում՝ Ուկրաինայու՞մ, թե՞ Բելոռուսիայում… Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Մաքսիմ Իվանիչը…
    - Վերջ, էլ Շահանեին էնտեղ չտանես,- մայրս հուզված էր ու զայրացած:- Դու էլ գովում էիր:
    - Ինչու՞ ես միանգամից դատապարտում,- հայրս համառում էր, ու ես ուզում էի նրա կողքին լինել,- հորս էլ քսան տարի աքսորում պահեցին….և ինչի± համար… Ի՞նչ գիտենք՝ էդ մարդու գլուխն ի՞նչ է եկել…
    - Այլևս էդ մասին չենք խոսում: Շահանեն կմնա տանը,- եզրափակեց մայրս ու գնաց խոհանոց:
    Ես նորից հայտնվեցի բանտում՝ իմ պատուհանագոգին, ռուսերենից հայերեն սխալներով թարգմանված, կարծես չփոխվող աֆիշների հետ: Անգամ այգու կանաչն էր ուրիշ, այն դժգույն էր ու խամրած:
    Մի օր էլ իմացա, որ Մաքսիմ Իվանիչն ընտանիքով մեկնել է, հրաժեշտ է տվել հորս ու մեկնել՝ անհասցե ու անժամկետ:
    Այդպես ես կորցրեցի իմ կյանքի երրորդ՝ լավագույն ընկերոջս: Ես չգիտեի՝ ինչ է <պոլիցայը> և ինչու՞ այդ բառն այդքան զայրացրեց մորս: Բայց մի բան հաստատ գիտեի՝ <պոլիցայներն> աշխարհի ամենաբարի ու ամենաուրախ մարդիկ են, և նրանց հետ երբեք մենակ չես լինի և հարազատ տունդ քեզ անծանոթ չի թվա :
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 22.02.2013, 03:40:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.02.2013), Արևանուռ (23.02.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    729




    Փոխանակ վերջին ժամերը ծնողների հետ անցկացներ՝ Ամանորյա գիշերը Ձմեռ պապին սպասող երեխայի նման փակվել էր սենյակում ու սպասում էր Ինգայի զանգին։ Ենթադրում էր, որ չի զանգելու, բայց սպասում էր։ Նստել էր հատակին, ձեռքերով գրկել ծնկները ու անթարթ նայում էր ճզմված ճանճից պատին մնացած սև–կարմրավուն կետին։ Արցունքի կաթիլները, խուտուտ տալով Լևոնի այտերը, գլորվում, ապա կաթում էին ծնկներին ու անհետանում։ Դեռահասին բնորոշ մաքուր ու անկեղծ զգացմունքը ստիպում էր մտածել, որ հենց ՆԱ է այն միակը ... Շոգը խեղդում էր. դուրս եկավ պատշգամբ, որի անկյունում անհոգ փռված էր Ալմաստը՝ ոտքերը խաչաձը տարածած։ Ոտնաձայներ լսելով իսկույն ցցեց ականջները, բացեց աչքերն ու թեթևակի շարժեց պոչը։ Լևոնը թախիծ էր նկատում բրդոտ ընկերոջ հայացքում. կարծես կանխազգում էր, որ շուտով բաժանվելու են։ «Մի նեղվիր ախպեր, ամեն ինչ էլ լավ կլնի, չնեղվես երբեք...». Ռոլանդի երգը սթափեցրեց Լևոնին. հեռախոսն էր զանգում։ «Գուցե Ինգա՞ն է»։ Դանդա՜ղ, որպեսզի հույսի վայրկյանները ինչքան հնարավոր է երկարեն, գրպանից հանեց հեռախոսը. անծանոթ համար էր։ Եվս մի քանի վայրկյան ձգձգեց՝ մինչև զանգն ընդհատվեց։ «Դժվար թե Ինգան ուրիշի հեռախոսից զանգեր»։ «Ալալալա լոնգ...» Բոբ Մառլին «հուշում էր» հաղորդագրության մասին։ «Լևո՛ն ջան, կներես, չհասցրեցի քեզ հրաժեշտ տալ, հիմա էլ զբաղված ես երևի։ Քեզ լավ կնայես։ Անի»։
    * * *
    Հի՜ն, խարխլված ավտոբուսը դանդաղ ընթանում էր ծանոթ փողոցներով։ Հին ու նոր ծանոթների խոսակցության ձայնը խառնվել էր շարժիչի համաչափ աղմուկին։ Քամու լիարժեք բացակայության պատճառով վարորդի սիգարետի ծուխը համառորեն դուրս չէր գալիս պատուհանից, այլ տարածվում էր ավտոբուսով մեկ։ Այդ ամենը, ինչպես նաև իր ուղղությամբ հաճախ նետվող տարօրինակ հայացքները, Լևոնին չէին հետաքրքրում։ Նա իր մտքերի հետ միասին կտրվել էր իրականությունից՝ փորձում էր պատկերացնել վերադարձի օրը, իրեն դիմավորող Ինգային, բայց այդ ամենը հեռու ապագայում էր` այնքան մշուշոտ, որ երազ էր թվում։ Փորձեց ավելի մոտ ապագային նայել. «Տարօրինակ զգացողություն է՝ երթևեկել հարազատ քաղաքի փողոցներով ու չիմանալ, թե դեպի ուր։ Չիմանալ նույնիսկ, թե որտե՞ղ կարթնանաս վաղն առավոտյան »։
    * * *
    Լևոնին ջերմ ընդունեցին, զգուշացրեցին, որ դժվար է լինելու, բայց խոստացան օգնել ամեն հարցում, մինչև կընտելանա: Անհոգ խռմփոցի ձայնը, մահճակալների մերթընդմերթ ճռճռոցն ու անտանելի շոգը խանգարում էին քնել։ Համարյա լուսացել էր, երբ վերջապես հաջողվեց մի փոքր նիրհել: Զարհուրելի երազ տեսավ. այրված շենքերի ծխացող տանիքներ, այս ու այն կողմ շպրտված դիակներ... Մի աղջիկ տագնապահար դուրս թռավ շենքից, նրա վերարկուն Լևոնին ծանոթ թվաց, փորձեց լարել տեսողությունը, հասկանալու համար, թե ո՞վ էր այդ աղջիկը: Անին էր կարծես... Երազն ընդհատեց վաշտի հերթապահի՝ առարկություն չընդունող խրոխտ ձայնը.
    –Վա՜շտ, վերկա՛ց, պադյո՜մ։
    «Հենց այսպիսին կլինի այսուհետև զարթուցիչի ձայնը... Ստիպված եմ համակերպվել՝ մնաց 729 օր»։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.02.2013), Արևանուռ (23.02.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարմիր դուռը




    Շենք եմ մտնում: Համով հոտեր են գալիս: Երանի եմ տալիս, որ մեր տնից լինի: Դռան մոտից լսում եմ.

    - Սուսան, բայց դու պիտի մենակ տենաս էտ աներեսին, ոնց ա առավոտ թաքուն մտնում տունը, անմեղ հայացքով բարևում ու …

    -Բարև, Արփիկ տոտ, - բարևում եմ մորս ընկերուհուն` հույս փայփայելով, որ էնքան տարված կլինի հերթական նորություններով, որ կարիք չի լինի հարցնել` ոնց եք:

    - Վա՜յ, Սեդա ջան, բարև, արի տենամ ո՞նց ես, գործերդ ո՞նց են, վաղուց քեզ չեմ տեսել:

    - Դե, լավ եմ, ամեն ինչ սովորական, չեմ դժգոհում, դուք լա՞վ եք (խուսափել չհաջողվեց):

    - Մեզ ինչ ա եղել, լավ ենք էլի, դուք եք ջահել, ձեր կյանքում պիտի նորություններ լինեն, չե՞ս ամուսնանում:

    - Չէ, Արփիկ տոտ, ուզող չունեմ: Կներեք, ես անցնեմ իմ սենյակ` պարապունք ունեմ:

    Արփիկ տոտան երկար չմնաց, էլի ինչ-որ բան ավելացրեց կիսատ մնացած պատմությանն ու գնաց:

    Պարզվեց` էտ պատմությունը դեռ ես պետք է լսեի:

    Մի քանի օր հետո Արփիկ տոտան նորից մեզ այցելեց, ու քանի որ բախտս չբերեց (մաման տանը չէր), նրա հերթական հարևանուհու մասին հերթական պատմությունը լսելու հոգսը իմ վրա վերցրեցի.

    -Սեդա ջան, դու միամիտ աղջիկ ես, ինչ ես տենում քո գործից ու պարապունքներից բացի: Դու արի մի շաբաթ մեր շենքում ապրի, ինչ տիպի անամոթ բան ասես կտենաս: Է՜հ, մի տարի կլինի մի հատ ջահել աղջիկ եկավ` մեր առաջին հարկում վաձով մնալու: Մի հատ էլ երեխա ունի, ասում են էլի, բայց ով ա իմանում` ոչ տեսել ենք, ոչ գիտենք, էտ էլ մի հատ պառավ ունենք մեր շենքում, իբր վարձել ա, որ երեխուն խնամի, իրանից գիտենք: Էտ երեխուն դուրս էլ չի հանում, ով գիտի ինչ ձևի ա պահում, սիրտս ցավում ա, ասում եմ մի օր գնամ դրանց կարմիր դուռը ջարդեմ, էտ երեխուն հանեմ տանեմ էտ տնից: Բա չես ասում` կարմիր դուռ որտե՞ղ ես տեսել: Բա, էտ էլ շենքի ջահելներն են ներկել, հո չեն ներկել, նշան են կպցրել: Էտ աղջկա երեսը մենակ առավոտ ենք տենում, գիշերները զվռնում ա սրա-նրա գիրկը քարշ ա գալիս, առավոտվա դեմ գալիս ա, մտնում ա տուն, էլ դուրս չի գալիս: Սեդա ջան, դու պիտի մենակ դրա դեմքը տենաս, հրեշտակ որ ասում են, էտ ա, նենց սիրուն ա, նենց անմեղ դեմքով ա բարևում, բայց դրա բարևը ամոթ չի՞, որ ես առնեմ, իմ նման նամուսով կնիկը: Մի օր լավ տեղն եմ դրել դրան: Ոնց որ միշտ առավոտվա դեմ եկավ, մի հատ թանկանոց ջիպ էր, մերսեդես էր, խամեռ էր կանգնեց շենքի առաջ, մեր հրեշտակն իջավ: Մեկ էլ հետևից էլի մի հատ ավելի ճոխ ավտո եկավ կանգնեց, սրա երեսը գույն տվեց, գույն առավ. ով գիտի երևի սիրածներն էին, բռնվավ, ինչ եղավ, թողեց փախավ, մտավ տուն: Էս ավտոներն էլ իրար նշմար տվին, իրար հետևից գնացին: Ու էտքանը սաղ շենքի առաջ, ես էլ թոռանս էի դպրոց տանում, դու պատկերացնու՞մ ես ինչ օրինակ ա մեր երեխեքի համար: Հաջորդ օրը` իրիկվա կողմ, տնից դուրս էր գալիս, էլի երևի գնում էր գործի, դուրս եկա դեմը, նայեց դեմքիս, ուզում էր բարևել, մի հատ տարա բերեցի նենց երեսին շխկցրեցի, շշկռվեց, վազեց գնաց, չկանգնեց մի երկու խոսք ասեի: Մեր թաղի սաղ ջահելները հանգիստ չեն տալիս մեզ, սաղօր սրա պատուհանի տակ կռվում են: Ասա տենանք մենք ի՞նչ անենք, սրա նմաններին ի՞նչ ասենք, ո՞նց վարվենք: Դրա նմաններին վառես էլ, քիչ ա…

    Լուռ լսում եմ, զրո ռեակցիա, հարցեր չեմ տալիս, Արփիկ տոտան արդեն անհանգստանում ա իմ անտարբերությունից, բայց իրավիճակը փրկում ա մաման: Ես քաշվում եմ սենյակս:


    Երեք տարի առաջ էր, որ վերջին անգամ տեսա Արփիկ տոտային: Մաման նրանց տանն էր, ես էլ թարսի պես բանալի չունեի, ստիպված գնացի մամայի հետևից:


    Մտնում եմ շենք, ահավոր աղմուկ ա` կնիկների ճվճվոց, գոռոց ու ականջ ծակող լացի ոռնոց:

    Աչքերիս առաջ բացված տեսարանը կյանքում չեմ մոռանա. վառ կարմիր ներկած դռան առաջ սայլակով երեխա էր նստած, գետնին ընկած էր մի աղջիկ, որի մազերից քաշում էին միանգամից մի քանի կին, մի անկյունում էլ մի ծեր կին էր կիսաուշագնաց: Ընկած աղջիկը ոռնում էր անզորությունից, մի ձեռքով բռնել էր սայլակը, մյուսով երեսն էր ծածկել: Ամբողջ շենքը հանդիսատեսի դերում էր: Սթափվեցի էն ժամանակ, երբ նկատեցի, որ մայրս ընկել էր էտ կնանիքի մեջ ու ուզում էր աղջկան ազատել:Ես էլ մեջ ընկա, հազիվ կարողացանք մի քանի տղամարդու օգնությամբ էտ կնանիքին հեռու տանել:

    Համարձակվեցի մոտենալ աղջկան, բարձրացրեցի, նայեցի` Աննան էր:


    Տանն անհատական անգլերենի դասեր էի տալիս: Լինում էր, որ պատահական մարդիկ զանգում էին, ու Աննայի զանգը հենց էտպիսինն էր:
    Պայմանավորվել էինք, որ փորձնական պարապունք կանենք, հետո կորոշենք, թե ինչպես կաշխատենք:

    Երբ առաջին անգամ Աննային տեսա, չգիտեմ` ինչու կամ ինչից մի տեսակ ցնցվեցի: Դռան առջև կանգնած էր միջին հասակի, գունատության հասնող, թափանցիկ կլորավուն երեսին խոշոր սև աչքերով ինձ նայող մի անսովոր գեղեցկություն ունեցող Աննան:

    Էնքան լավ եմ հիշում Աննայի հետ մեր այդ առաջին հանդիպումը: Անսովոր էր: Երբ սենյակում տեղավորվեցինք, Աննան շատ հստակ հայտարարեց, որ իրեն պետք է մեկ տարում անգլերեն խոսել` գոնե էնքան, որ օտար երկրում կարողանա հաղորդակցվել: Ավելացրեց, որ իր կողմից պատրաստ է առանց դադարի սովորել ու ամեն օր պարապունքի գալ:

    Ուղիղ մեկ տարի, ամեն օր, երեկոյան երկու ժամ ես Աննայի հետ անգլերեն էի պարապում: Աննան նույն անսովոր էակն էր մնում: Գալիս էր պարտաճանաչ նույն ժամին, միշտ պատրաստ, ու մենք միշտ միայն պարապում էինք: Աննան ինձ հարցեր չէր տալիս, ոչինչ չէր խոսում իրենից, պարապունքի ժամին միայն երկու անգամ մի-մի րոպեյով զանգում էր ոմն Արուս տատիկին ու հարցնում էր, թե ոնց են: Ես այդպես էլ ոչ մի անգամ ոչ մի հարց չտվեցի Աննային: Մենք ընկերուհիներ չէինք, անգամ մոտ ծանոթներ չէինք կարող համարվել. ես ավելի շատ բան գիտեի Արփիկ տոտայի ցանկացած հարևանուհու մասին, քան նրա, բայց միաժամանակ անբացատրելի խորը հարգանք ունեի կամ ուրիշ ճիշտ բառը չգիտեմ, որ ասեմ, թե էտ տեսակ զգացմունքը ոնց են կոչում: Չգիտեմ` ինչու, բայց նաև վստահ էի, որ Աննան նույն զգացողությունը պետք է ունենար:

    Հիշում եմ` մի օր Աննան եկավ սովորականից ահավոր գունատ, այլայլված, վախեցած ու երեսին ակնհայտ ապտակից մնացած մատնահետքեր: Միայն ինձ թույլ տվեցի հարցնել, թե կարող եմ օգնել: Աննան լացելու չափ լցված իր խոշոր աչքերով անթարթ նայեց ինձ ու հանգիստ ասաց, որ ամեն ինչ կարգին է ու կարող ենք անցնել պարապունքի: Այդ օրը սովորականից երկու անգամ ավել զանգեց Արուս տատուն:
    Ապտակի օրն էր:

    Ամեն օր մի տեսակ անհամբեր սպասումով էի սպասում Աննային ու ամեն անգամ հանգստանում էի, որ գալիս էր. ինձ թվում էր, որ ցանկացած հաջորդ օր ես էլ չէի տեսնելու նրան, իսկ ես էնքան էի ուզում իմանալ, թե ինչպես կարելի էր օգնել նրան:

    Օգնեցինք: Մենք Աննային ու Սոնային` նրա սայլակին գամված հինգ տարեկան աղջկան, բերեցինք մեր տուն:

    Աննան մեր տանը մնաց մի շաբաթ:

    Պատմեց միայն, որ երեկոյան գալիս էր ինձ մոտ պարապունքի, հետո գնում էր աշխատանքի` խաղատանը, իսկ ցերեկները լինում էր Սոնայի կողքին:

    Պարզվեց` Սոնան Աննայից ոչ պակաս անգլերեն էր հասցրել սովորել:

    Աննան բավականին գումար էր կուտակել: Մի շաբաթում հասցրեց պայմանավորվել Անգլիայում հատուկ մասնագիտացված հիվանդանոցի բժիշկների հետ, ու նրանք գնացին:

    Նրանց մեկնելուց մոտ երկու տարի հետո ստացա մի բացիկ հետևյալ տողերով.

    Սեդա ջան, Սոնաս քայլում է, երեկ տարել եմ գիմնաստիկայի պարապունքների: Ես աշխատում եմ մի մեծ հյուրանոցում, սկզբից մաքրուհի էի, հիմա նշանակել են վերահսկող: Ուզում էի քեզ ասել, որ դու իմ միակ հարազատն ես Հայաստանում: Դու մեզ փրկեցիր: Չգիտեմ` էլ երբևէ Հայաստան կգամ, բայց վստահ եմ, որ մի օր երես առ երես քեզ կասեմ էն, ինչ երբեք չեմ ասել: Մինչ հանդիպում:


    Երեկ ծրար ստացա Անգլիայից, մեջը երկկողմանի տոմս էր` Հայաստանից-Անգլիա ու հակառակ ուղղությամբ ու հինգ հարյուր եվրո:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.02.2013), Արևանուռ (23.02.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հեռավորությունն ընդդեմ կարոտի




    Վճիռը կայացված էր... Մուրճի հարվածից մի ծեր կին, գեղեցկադեմ աղջիկ և փոքրիկ երեխա վեր թռան ու վազեցին դեպի ամբաստանյալի անկյունում կանգանծ երիտասարդը: Մեղադրյալը շղթայված ձեռքերով հրաժեշտ էր տալիս իրեն երեք կողմից ամուր գրկած <<երջանկությանը>>: Արամի մոր գլխում անընդհատ պտտվում էր՝ <<ինչպե՞ս կարող էր իմ որդին մարդասպան դառնալ>>, ընկերուհու՝ <<ինչո՞ւ պետք է Արամը նման բան աներ>>, իսկ փոքրիկ եղբոր՝ <<ինչպե՞ս թե էլ երբեք նա տուն չի վերադառնալու>> հարցերը, բայց ոչ ոք չէր պատրաստվում քննարկել դրանք՝ միայն լաց, գրկախառնություններ և մոր.
    -Տղաս, Արամ..., - կանչեր..
    Երկար չտևեց Արամի հրաժեշտը դեռ լրիվ չձևավորված ընտանիքին, շուտով նա հայտնվեց ծննդավայրի ու անծանոթ տան եզրագծին: Կարոտով նայեց հեռու լեռներին, հազարավոր կիլոմետրերից շնչեց նրանց ուժ տվող օդը, ու ընդմիշտ փակվեցին հսկա անազատության դարպասները: Առջևում իրեն էր սպասում լեցուն դատարկությունը: Արամը առանց դիմադրության ընդունեց կյանքի ճակատագրական վճիռը և մոտեցավ իր վանդակին..
    - Բարի գալուստ նոր ընտանիք, անունդ ի՞նչ է,- Դիմավորեցին այնպիսի երջանիկ տրամադրությամբ, կարծես միայն Արամի համար էր բանտի պատերը ճնշող:
    - Արամ.
    - Դե պատմիր, Արա՛մ՝ որտեղի՞ց ես, ինչո՞ւ ես մեզ հյուր եկել...
    - Հետո,- բացահայտ անտարբերությամբ ընդհատեց խոսքն ու բարձրացավ իր անկողինը.
    - Ինչպես կուզես, այստեղ ժամանակն անսպառ է, քեզ մենակ կթողնենք, - Ինչպես երևում էր ծանոթ իրավիճակ էր կալանախցում ապրողների համար ու նրանք գիտեին ինչ էր պետք անել..
    -Նոր ընտանիք, - Քմծիծաղեց Արամը ու արդեն կարոտով հիշեց ընտանիքը,- Մա՛մ, դու ինձ այդքան դժվարություններով մեծացրեցիր` երազելով այն օրը, երբ ես քեզ կպահեմ: Մարի՜, ինչքա էինք կռվում հարսանեկան արարողությունը կազմակերպելու հարցերով: Տիգրա՛ն` որքան էիր վախենում, որ կամուսնանամ ու քեզ մենակ կթողնեմ... Ինչու, ախր ինչո՜ւ,- համարյա բղավեց Արամն ու ձեռքը ուժգին հարվածեց մահճակալի եզրին...

    Մի տարի անց հսկա շինությունը բռունցք էր դարձել ու անխնա ճզմում էր Արամին: Ցրվելու համար սկսեց հետաքրքրվել մյուս կալանաորների կյանքով.
    - Դուք ինչո՞ւ եք այստեղ հայտնվել:
    - Ես՝ գողության համար,- միանգամից վրա տվեց Իվանը,- Ընկերներով փորձեցինք խանութ թալանել և..,- շարունակության տեղ ցույց տվեց բակի ցանկապատները,- բայց քիչ է մնացել, մեկ տարուց դուրս կգամ և ողջո՜ւյն, Երևա՛ն...
    - Իսկ դո՞ւ, Աղասի՛,- Բանտում առաջին անգամ բարձրացավ Արամի տրամադրությունը.
    - Ես կնոջս եմ սպանել,- Ի տարբերություն Իվանի ամաչեց ու գլուխը կախեց,- մինչև հիմա ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք ճի՞շտ վարվեցի, թե՞ չարժեր: Ինձ էլ շատ չի մնացել՝ 3 տարի.
    - Ոչինչ, կդիմանաս: Օլե՞գ.
    - Ես գյուղի ամենակարևոր ժողովին կանգնեցի նստարանի վրա, ատրճանակը պարզեցի ուղիղ գյուղապետի ճակատին և ասացի՝ <<պաշտոնաթող եղիր, թե չէ կկրակե՛մ>>,- ասելուն զուգահեռ Օլեգը կանգնեց մի քիչ բարձր քարի վրա, ձեռքը ատրճանակի տեսք տալով պահեց դռնապանի ուղղությամբ ու բղավեց,- կկրակե՜մ..
    Մեծ ծիծաղ բարձրացավ:
    - Հերթը քոնն է, Արա՛մ.
    Աղասին արտասանեց ամենասպասված խոսքերը ու բոլորը հետաքրքրությամբ նայեցին Արամին: Վերջինս մի ծխախոտ վառեց ու հոգոցով սկսեց.
    - Ես կռվի ժամանակ երեք մարդու եմ սպանել,- բանի տեղ չդնելով զարմացած հայացքներին, շարունակեց,- Պարտք էի վերցրել ընկերոջիցս, ավելի ճիշտ՝ նախկին ընկերոջիցս, սակայն գործերս շատ անհաջող ընթացան, չէի կարողանում վճարել գումարը, իսկ նա անընդհատ հիշեցնում էր, խեղդում զանգերով: Մի անգամ էլ կանչեց հանդիպման: Մենակ չէր՝ երկու ուրիշ ընկերների հետ, որոնց չէի ճանաչում: Արդեն սպառնում էր, զրույցը տաքացավ, խոսքն անցավ դանակին: Չհասկացա ինչ կատարվեց ու երեքով անշնչացած պառկեցին առաջս...
    - Վատ է, վատ,- միակ պատմությունը, որը ծիծաղ չառաջացրեց.
    - Եղածը եղած է: Ա՜խ, այնպես եմ կարոտել մեր լեռները, մեր տունը, մորս, ընկերուհուս, եղբորս,- Արամի աչքերը արցունքոտվեցին,-գիտեմ, որ տանն էլ դեռ ինձ են սպասում.
    - Հիմա սա է մեր տունը,- ընդհատեց Աղասին.
    - Ոչ իմը,- գլխի բացասական շարժումով պատասխանեց Արամը, - երբեք,- կիսատ ծխախոտը նետեց աղբարկղն ու հեռացավ...
    Անցան տարիներ: Գալիս գնում էին տարբեր բանտարկյալներ: Արամը ի տարբերություն մյուսների չէր դիմավորում, կամ ճանապարհում նրանց, իսկ պատասխանը նույնն էր.
    - Սա իմ տունը չէ, ես այստեղ ընդամենը հյուր եմ, մշտական հյուր...
    Շատերը հեգնում էին նրա խոսքերը, մի մասը տխրում, բայց Արամը չէր փոխվում՝ նա ապրում էր իր բնակավայրի, իր լեռների տեսիլքներով, սպասող տան կարոտով: Միշտ ծխում էր խցի անկյունում կանգնած, երբեմն լսում կալանավորների պատմությունները, մեկ մեկ կիսվում մտքերով, բայց միշտ հոգով տանն էր՝ մոր, ընկերուհու ու եղբոր հետ..
    Որքան էլ խեղդում էին բանտի պատերը, չէին կարողանում բռնել նրա թևածող հոգին: Ի տարբերություն մյուսների, Արամին այդպես էլ հսկա տունն անծանոթ մնաց, ցմահի միտքը նրան չկարողացավ հարմարեցնել սեղմող պատերի հսկա անազատությանը...
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.02.2013), Արևանուռ (23.02.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՆԱ




    ՆԱ իրականում անանուն է: Շատերն են փորձել պիտակավորել,անուն տալ նրան, բայց`ապարդյուն: ՆԱ ամենուրեք է`այստեղ ու այնտեղ, այս պահին ու այն պահին: Բայց անհանգիստ է ու անհամբեր, երկար ոչ մի տեղ երբեք չի մնում: Այ հենց հիմա էլ, եթե շրջվես, գուցե տեսնես նրան կամ գուցե նայես, բայց չտեսնես:
    Արի մտնենք մի անծանոթ տուն: Ցանկացածը: Մեկ էլ տեսար գտնենք նրան: Տե՛ս, այստեղ կարծես լույս է վառվում: Խնջույք է կարծես: Պատուհանից նե՛րս նայիր: Տե՛ս մի աղջիկ ոտքի ելավ ու սեղանի մոտից աննկատ մոտեցավ դաշնամուրին: Տեսա՞ր: Դա Մերին է: Դե հիմա շարունակի՛ր նայել ու փնտրիր նրան: Քեզ բարի դիտում:
    ………………………………………..
    Մերին կանգնած էր սենյակի հեռու անկյունում: Հենված հսկա սև դաշնամուրին` նա նայում էր սեղանի շուրջ նստած մարդկանց: Խնջույքը եռում էր: Հարբած կատակասերները, շաղակրատները, բամբասանքով, թեթև զրույցներով տարված ամբոխը չնկատեց էլ, թե ինչպես Մերիին կանչեցին դաշնամուրի մոտ ու ինչպես էր հիմա Մերին, բարձրախոսը ձեռքին պահած, սպասում լռության:
    Սենյակից քրտինքի, ալկոհոլի, տարատեսակ ուտելիքների ու անբովանդակ զրույցների հոտ էր գալիս:
    Մերին ու սև դաշնամուրը, մի քանի րոպե լուռ հետևելով ամբոխին, ի վերջո անձայն համաձայնության եկան: Մերին բարձրախոսը մոտեցրեց շուրթերին ու սկսեց երգել:
    Օղու շիշը բաժակում դատարկելիս սեղանակիցներից մեկը իր մշուշոտ հայացքը բարձրացրեց Մերիի կողմը: Կանանցից մի քանիսը նույնպես, մի պահ շեղվելով խոսակցությունից, հայացքները հառեցին սենյակի հեռու անկյան վրա:
    Որտեղի՞ց էր գալիս ձայնը: Դաշնամուրը իր փակ ստեղներով, իր մեծարգո տեսքով ու իր բացահայտ լռությամբ ակամա մատնում էր իր դիմաց կանգնած աղջկան: Հանդիսատեսը համառորեն փոխում էր հայացքը Մերիից դաշնամուր, դաշնամուրից Մերի, բայց միևնույն է, հարցը մնում էր նույնը. որտեղի՞ց էր գալիս ձայնը:
    Կարճ ժամանակ անց, այնուամենայնիվ, ներկաներից ամենագինովցածն անգամ ստիպված էր ընդունել ակնհայտը. Մերին` «անտեսանելի» ու «անձայն» Մերին, երգում էր:
    Նրա բարակ շուրթերը շարժվում էին, փոքր ու թմբլիկ մարմնի մի ինչ-որ խորքերից, ինչ-որ հեռու՜-հեռու՜ թաքնված ակունքներից գալիս էր մի ձայն, որ այնքա՜ն օտար, այնքա՜ն խորթ էր այդ սենյակին, որ հավաքվածները մի պահ մոռացան թե ուր են եկել ու ինչու են եկել:
    Բոլորն այժմ հայացքներն ագահորեն հառել էին Մերիի վրա:
    Մերին կարճահասակ էր ու թմբլիկ: Բնությունը նրան չէր օժտել արտահայտիչ դիմագծերով: Նրա ո՛չ աչքերը, ո՛չ շուրթերը, ոչ էլ որևէ այլ դիմագիծ սովորաբար մարդկանց ոչինչ, ոչինչ չէր ասում:
    Ու այժմ ահա այդ նույն «թափանցիկ» դեմքի փոքրիկ բերանը բացվում ու փակվում էր, ու երգը գնում ու գնում էր:
    Դա աշխարհի ամենահրաշալի, ամենաթովիչ երգն էր: Այնքա՜ն թույլ ու քնքուշ, այնքա՜ն վայելուչ ու նրբագեղ: Սենյակի քրտնախատն օդն անգամ բնազդաբար ետ էր քաշվել` բախումից խուսափելու համար:
    Դա աշխարհի ամենահրաշալի, ամենաթովիչ երգն էր: Ու այնքա՜ն անպաշտպան, այնքա՜ն փխրուն: Մի անզգույշ շարժում , մի տափակ բառ անգամ կարող էր փշրել հրաշքը, ու բոլորը գիտեին այդ մասին: Օղու չդատարկված բաժակները կես ճանապարհին էին մնացել, դեռ չքննարկված նորությունները` շուրթերին:
    Դա աշխարհի ամենահրաշալի, ամենաթովիչ երգն էր: Ու այն իր հետ թախիծ էր բերում: Բոլոր ներկաներ ագահորեն լարել էին իրենց զգայարանների` ընկալելու համար մի բան, որ երբեք իրենցը չի լինի, որին երբեք չեն կարող դիպչել, երբեք չեն կարող ապահովագրել, ամրացնել պատի վրա կամ պահել տարրայի մեջ: Բոլորն ագահորեն կլանում էին ամեն հնչյունը ու ահով սպասում վերջին:
    Ու քանի երգը մոտենում էր ավարտին, ներկաների թախիծն ու վախը ավելի էր սաստկանում:
    Տղամարդկանցից մեկը բարձր զկռտաց: Թվաց` թե ջրի հայելային պատկերը մի բուռ ցեղով աղավաղեցին: Բոլորն էլ զգացին զկռտոցի անտեղիությունը ու անհանգստացած հայացքները գցեցին Մերիի վրա:
    Մերին`փոքրիկ ու կախարդական Մերին, անվրդով էր: Բայց նրա կարճ հասակը, նրա գորշ շորերն անգամ այդ պահին բոլորին թվացին անտեղի ու տհաճ:
    Վայելչագեղ, անշտապ ու սահուն` երգի հնչյունների մի քանի վայրկյան էլ հետ մղեցին սենյակի գաղջ օդն ու … անէացան: Մի պահ ու ՆԱ այլևս չկար:
    Մնացին միայն մի կարճլիկ աղջիկ, կիսահարբած մի ամբոխ ու քրտնահոտ մի սենյակ: Քրտնած ափերի ծափերն ասես ավելի էին սաստկացնում երկու աշխարհների բախումը: Թվում էր, թե արծաթե դույլի մեջ կեղտաջուր են լցնում:
    Սենյակի անկյունում չոքած տղան իզուր էր փորձում նորից շարժել չալպտուրիկ թիթեռին: Բացված պատուհանի առաջին իսկ քամին մահացու հարված էր հասցրել նրան: ՆԱ այլևս չկար:
    Անծանոթ տունը, որ գուցե արդեն այնքան էլ անծանոթ չէ քեզ, արդեն կորցրել էր նրան: Եկել էր հրաժեշտի պահը, վերադարձի պահը: ՆԱ այլևս չկար:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.02.2013), Արևանուռ (23.02.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անծանոթ տունը




    Ինքնաթիռը վայրէջք կատարեց:Բոլոր ուղևորները շտապում էին` վերցնելու իրենց ուղեբեռները:Ես, վերցնելով իմ ճամպրուկը, դուրս եկա օդանավակայանից:Նստելով առաջին պատահած տաքսին`գնացի հյուրանոց:Ճամպրուկս թողնելով հյուրանոցի իմ համարում` արագ քայլերով շտապեցի փողոց:Դեռ երեկո չէր:Արևի վերջին շողերը գունեղ արտացոլվում էին գետնին:Շատ գեղեցիկ փողոցներ,շենքեր.այս ամենը շատ հրապուրիչ էր թվում:Ես առաջ էի գնում կամաց քայլերով և լայն բացած աչքերով նայում էի շուրջ բոլորս:Ցանկանում էի այդ ամենը միանգամից ընկալել:Անծանոթ փողոցներ,անծանոթ մարդիկ:Իսկ ես նման էի տունը կորցրած խելագար թափառաշրջիկի:Չգիտեի`ում էի փնտրում,ինչ էի փնտրում:Երկար շրջելուց հետո որոշեցի մտնել մոտակայքում գտնվող սրճարան:Ներս մտա և նստեցի սեղանի մոտ:Մատուցողն անծանոթ լեզվով հարցրեց.<<Ի՞նչ կպատվիրեք>>:Ես սուրճ պատվիրեցի:Կողքի սեղանից ինձ մոտեցավ մի երիտասարդ:Հարազատ լեզվով հարցրեց ազգությունս:Մենք երկար զրուցեցինք, և նա,ինձ մոտ թողնելով իր հեռախոսահամարը, հեռացավ:Ես վերադարձա հյուրանոց և պառկեցի` հանգստանալու:Երբ արթնացա, արդեն կեսօր էր:Նախաճաշելուց հետո դուրս եկա փողոց` ծանոթանալու քաղաքին:Նստեցի մետրո:Մի քանի կանգառ գնալուց հետո մետրո մտավ և իմ կողքին նստեց մի գեղեցիկ կին:Նրա ձեռքին մի զամբյուղ կար, իսկ զամբյուղի մեջ`փիսիկ:Ես երկար նայելուց հետո ձեռքս մեկնեցի`փիսիսկին շոյելու:Այդ կինը, հարվածելով ձեռքիս, հայհոյեց ինձ:Ես ամոթից կարմրեցի ու հաջորդ կանգառում իջա:Քաղաքը հիասքանչ քաղաք էր:Ես, սովորությանս համաձայն, ծխախոտիս մնացորդը դեն նետեցի:Մի քանի քայլ այն կողմ ինձ կանգնեցրեց մի բարձրահասակ, համազգեստով տղամարդ ու բացատրեց որ քաղաքը աղտոտելու համար ինձ տուգանում է:Ես, մուծելով տուգանքը, շարունակեցի քայլել:Շատ երկար քայլելուց հետո նստեցի նստարանին և հանգստացա:
    Դիմացովս անցնող ծեր կինը շատ դժվարությամբ էր քայլում`ձեռքի ծանր ճամպրուկի պատճառով:Նստարանից վեր կացա ու մոտեցա կնոջը:Երբ ձեռքս մեկնեցի ճամպրուկին,այդ ծեր և շունչակտուր կինը ամբողջ կոկորդով սկսեց բղավել.<<Օգնեցե՜ք.կողոպտում են>>:Ես չհասցրեցի բացատրել, որ ուզում էի օգնել:Ոստիկաններն ինձ ուղեկցեցին ոստիկանական մեքենա:Հասանք տեղամաս:Ինձ փակեցին մի սենյակում և հեռացան:Անցավ հինգ ժամ:Դուռը բացվեց:Ինձ ուղեկցեցին քննիչի մոտ:Սկսեցին հարցեր տալ:Ես բացատրեցի, որ օգնել էի ուզում:Խնդրեցի մի զանգի հնարավորոթյուն տալ:Չմերժեցին:Գրպանիցս հանելով հայ երիտասարդի հեռախոսահամարը`զանգահարեցի ու ասացի, որ ձեռբակալված եմ:Ոստիկանները վերցրեցին հեռախոսը:Այդ գիշեր անցկացրեցի ոստիկանատանը:Ողջ գիշեր չքնեցի.անպատասխան բազմաթիվ հարցեր:Հայ երիտասարդի շնորհիվ`առավոտյան ինձ ազատ թողեցին:Երիտասարդն ինձ հրավիրեց իրենց տուն:Ես ընդունեցի նրա հրավերքը:Դա շատ շքեղ տուն էր` նման թանգարանի:Այլազգի երիտասարդ մի աղջիկ մեզ համար սուրճ բերեց:Նա, հավանաբար, զրուցակցիս կինն էր:Ես երիտասարդին ասացի.<<Աշխատանք գտնելու ճանապարհն է ինձ օտար երկիր ուղեկցել,բայց սխալվել եմ:Սա իմ տունը չէ:Այստեղ իմ հայ ազգը չէ>>: Նույնիսկ հայ երիտասարդն էր դարձել ուրիշ. փոխվել էր նրա մտածելակերպը:<<Օտարություն>> բառի մեջ կա պատասխանը.իզուր չէ ասված`<<օտար>>:Երկար զրուցելուց հետո վերադարձա հյուրանոց և հավաքելով ճամպրուկս` շտապեցի օդանավակայան:Ինքնաթիռում վայրկյաններն էի հաշվում`մտածելով հարազատ տուն հասնելու մասին:Ես գտել էի բոլոր հարցերիս պատասխանները. դա իմ տունը չէր,դա իմ երկիրը չէր,և ճիշտ են ասում, որ յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իր հարազատ երկրում` իր տանը:
    Ինչպե՞ս են կարողանում օտարության մեջ ապրող հայերը մնալ հայ:Նրանք, փոխելով իրենց միջավայրը,սովորությունները,լեզուն,մտածելակերպը, դադարել են հայ լինել:
    Օտարություն:Օտար տուն:Օտար մարդիկ:Օտար սովորություններ:Այդ ամենն ինձ օտար էին:
    Վերջապես վայրէջք կատարեցինք:Ես շտապում էի հասնել իմ հարազատ տուն:
    …Նայելով մորս`նրա աչքերի խորքում տեսա հարազատ ու թանկագին սիրով լեցուն հայրենական տունս:Սիրում եմ ձեզ ի՛մ թանկագին հայոց հող, հարազա՛տ տուն:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (23.02.2013), Արևանուռ (23.02.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22
  4. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48
  5. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •