User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
41. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Ճռռոց»- Վոլտերա

    19 46.34%
  • 2–րդ տարբերակ. «Անծանոթ տուն (Ո՞վ է նա)»- Արփինե Վարդանյան

    4 9.76%
  • 3–րդ տարբերակ. «Հյուսիսի կինը»- StrangeLittleGirl

    13 31.71%
  • 4–րդ տարբերակ. «Կարոտը»- Գալաթեա

    28 68.29%
  • 5–րդ տարբերակ. «Անվերնագիր»- Lisbeth

    1 2.44%
  • 6–րդ տարբերակ. «Լայմա»- Քույր Քերի

    12 29.27%
  • 7–րդ տարբերակ. «Հետք» Այվի

    7 17.07%
  • 8–րդ տարբերակ. «Երջանկությունը»- Chuk

    19 46.34%
  • 9–րդ տարբերակ. «Կրիա, որ չուներ պատյան»- Alphaone

    7 17.07%
  • 10–ր տարբերակ. «Անծանոթ տուն»- Հասմիկ Պողոսյան

    1 2.44%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 881 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 3. «Անծանոթ տուն» (քվեարկություն և քննարկում)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հավաքածու մրցույթ – 3. «Անծանոթ տուն» (քվեարկություն և քննարկում)

    Քվեարկության պայմանները

    Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «N–րդ տարբերակ. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    Քվեարկությունը տևելու է 7 օր,
    Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու,
    Քվեարկության 7 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    Քվեարկությունը բազմակի է. յուրաքանչյուրը կարող է ընտրել մեկից ավել տարբերակներ,
    Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    7 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:


    Ուշադրություն

    Այսուհետև ակումբում քվեարկել կարող են միայն այն մարդիկ, ովքեր
    ա) գրանցվել են քվեարկությունից առնվազն 10 օր առաջ
    բ) կատարել են 15–ից ոչ պակաս գրառում
    գ) ունեն 15–ից ոչ պակաս վարկանիշ։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.02.2013), Chuk (20.02.2013), einnA (21.02.2013), Ingrid (20.02.2013), Malxas (20.02.2013), Sambitbaba (20.02.2013), Արէա (21.02.2013), Վոլտերա (21.02.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1-ին տարբերակ

    Ճռռոց


    ...Լավ, կգնանք: Խոստանում եմ:
    Երջանիկ էի: Գիտեի, որ իր խոստման տերն է: Ու էդպես էլ եղավ: Գնացինք: Ճանապարհին նախապատրաստվում էի այդ ամենը տեսնելուն: Ինձ ուժ էի տալիս, ձեռքերիս բռունցքները պինդ սեղմել էի: Մետրոյով էինք գնում: Ռելսերի ձայնը հաճելի էր:
    Սիրտս անհանգիստ էր, ուժեղ էր բաբախում: Չէի ուզում, որ շուտ հասնեինք: Էնքան հուզված էի, որ նկատեց:

    -Դե լավ, հասնում ենք, քիչ մնաց:
    Ախր չգիտեր, որ ուզում էի՝ չհասնեինք, բայց եթե այդ ամենն իրեն ասեի, ինձ գժի տեղ կդներ ու կասեր՝ ամբողջ ամառ հոգիս հանեցիր, թե գնա´նք: Հիմա էլ չես ուզում: Շատ լավ, հետ ենք վերադառնում: Սարսափած իր խոսքերից (որոնք կասվեին, եթե ինձ լավ չպահեի) լռեցի: Վերջապես հասանք: Դուրս եկանք մետրոյից ու սկսեցինք քայլել: Դրսում դեռ լույս էր: Քայլեցինք երկար: Արդեն երևում էր տունը: Սիրտս սկսեց ավելի արագ խփել: Անցանք հին աղբարկղի կողքով: Նայեցի աղբարկղին՝ շատ էի կարոտել: Մոտեցանք դարպասին: Խնդրեցի, որ ես հրեմ դարպասը: Չմերժեց: Հրեցի: Դժվարությամբ բացվեց: Բացվելուց էլ ճռռաց: Հին ճռռոց էր դա: Ականջներումս փորձեցի պահել այդ ձայնը: Ներս մտանք: Կանգնեցի ու մի պահ քարացա:
    -Հն, ի՞նչ ես կանգնել, առաջ անցիր:
    Լսեցի իրեն: Մի քանի րոպե շրջեցի տան կողքերով:
    - Տուն չե՞ս մտնելու,- հարցրեց:
    Ախր չգիտեր, որ հենց դրան եմ նախապատրաստվում: Դան դուռը ոնց որ միշտ՝ բաց էր: Ներս մտանք: Ոտքս դնելուց հատակը ճռռաց: Նորից հին ճռռոց էր: Նորից մտապահեցի այն: Անցա խոհանոցով: Ոչինչ չէր փոխվել: Սեղանին, ոնց որ միշտ, մրջյուններ էին վազվզում: Մի քանի րոպե իրենց էի նայում:
    - Նորի՞ց կպար էդ մրջյուններին:
    - Կարոտել էի իրենց:
    - Ուզու՞մ ես՝ հետդ վերցրու:
    - Չէ, էս է իրենց տեղը:
    Սեղանը հին էր: Աթոռներն էլ: Նստեցի աթոռին: Վեր կացա: Նորից նստեցի: Ձեռքերովս շոշափեցի սեղանը: Հետո բացեցի պահարանը: Ամեն ինչ նույն տեղում էր: Շաքարավազն էլ: Ու մեջը երկու-երեք մրջյուն կար: Ձեռք չտվեցի իրենց: Փակեցի պահարանի դուռը: Մի քանի անգամ քայլեցի նույն տեղով, որ նորից լսեմ ճռռոցը: Ինձ խելագարի պես էի պահում: Համենայն դեպս կողքից էդպես էր երևում: Ախր ոնց կհասկանար ինձ, եթե ասեի, որ պատրաստ եմ անգամ համբուրել կեղտոտ ու փոշոտ հատակը: <<Երեխայություն ես անում>>,- երևի կասեր: Իսկ ես երբեք չէի կարողանա բացատրել, որ այդ տան հատակի փոշին ինձ անհրաժեշտ էր, որ ես դրա կարիքն ունեի:
    - Էդպես մի նայիր, մեկ է՝ քանդելու ենք:

    Հա, բան չասացի:
    Խոհանոցի ներսում սենյակ կար: Մտանք այդ սենյակ: Մութ էր: Բայց ամեն ինչ երևում էր: Սենյակում երկար քայլեցի: Մոտեցա փոքրիկ պահարանին: Բացեցի: Մի երկու բան կար դրված: Պահարանից մի գիրք վերցրեցի (Բուրատինոյի արկածներն էր):
    - Հիշու՞մ ես:
    - Հարյուր անգամ կարդացել ես:
    - Գիտեմ: Հիմա էլ կկարդայի:
    - Դե եթե ուզում ես՝ վերցրու:
    - Հենց հանեմ էստեղից, կդառնա սովորական գիրք: Ու ինձ էլ պետք չի գա:
    - Ինչի հետևից ես ընկել...
    Գիրքը սեղմեցի ձեռքերիս մեջ: Մոտեցրի ինձ: Փոշի˜... հի˜ն փոշի: Ագահորեն շնչեցի այն:
    - Գրքի փոշին վտանգավոր է:
    - Գիտեմ, ու թքած ունեմ:
    Գիրքը նույն տեղը դրեցի: Նորից սկսեցի շրջել սենյակով մեկ: Անկյունում բազկաթոռն էր: Նստեցի: Երեք րոպե մնացի էդտեղ նստած: Ձեռքերովս շոշափեցի բազկաթոռը: Վեր կացա: Երկու թախտերն էլ իրենց տեղում էին: Պատերը խոնավությունից քիչ էր մնում փլվեին: Մատներով շոշափեցի պատերը: Զգացի, որ փշրվում էին:
    - Եթե էդպես շարունակես, ինքդ կքանդես տունը:
    Ոչինչ չասացի: Լուռ դուրս եկանք սենյակից:
    Հիմա էլ...
    - Երկրորդ հա՞րկ էլ ես գնալու:
    Էնպես նայեցի իրեն, որ փոշմանեց իր հարցից: Երկրորդ հարկ բարձրանալուց աստիճանները շարժվում էին:

    - Զգու´յշ:
    Հասանք երկրորդ հարկ: Պատշգամբ: Սպիտակ սեղան: Դուռ: Ոչինչ չէր փոխվել: Ներս մտանք: Միջանցքը փոքր էր: Ավելի լուսավոր էր, ու տաք: Մի քանի րոպե միջանցքում մնացի: Հերթով ձեռք տվեցի ամեն ինչին՝ պահարանին, գրքերին, դռանը: Մի երկու անգամ բացեցի ու փակեցի պահարանի դուռը: Նորից այդ ձայնը: Դիմանալն անհնար էր: Ճռռոցը սիրտս ծակում էր: Մտնում էր ներս: Անցնում էր ամբողջ մարմնովս, ներծծվում էր արյանս մեջ... ճռռոցը...
    Սենյակ մտնելու ժամանակն էր: Ներս մտանք: Միանգամից դաշնամուրը տեսա՝ հին, սև: Բացեցի: Փորձեցի նվագել: Լարած չէր, չստացվեց: Դաշնամուրի վրա մի երկու արձանիկ կար ու մի ժամացույց: Սլաքն անընդհատ աջ ու ձախ էր գնում ու... ձայնը... հարազա˜տ, հեռու˜, սիրելի˜ ձայնը... Մոտեցա անկողնուն: Վրան ծածկոց կար՝ վանդակավոր, հին: Շնչեցի ծածկոցը: Մարմնովս ինչ-որ բան անցավ: Փշաքաղվեցի:Նույն հոտն էր, ոչինչ չէր փոխվել: Սեղանն էլ էր նույնը, աթոռներն էլ, պատերի նկարներն էլ: Հետո մոտեցա գրապահարանին: Նայեցի: Ժպտացի:
    - Սրա համար էինք եկել, վերցրու՝ ինչ պետք է:
    Դա պարզապես առիթ էր էստեղ գալու: Ուրիշ կերպ չէի կարող:
    - Գի՞րք է պետք, վերցրու:
    Հերթով կարդացի գրքերի վերնագրերը: Ձեռքս դրեցի Բուլգակովի <<Վարպետն ու Մարգարիտան>> գրքի վրա:
    - Միայն սա՞:
    - Չէ, բոլորը:
    - Հմ:
    - Գիտեմ, քո սիրելի գիրքն է: Ես էլ եմ այն շատ սիրում:
    - Կարդացե՞լ ես:
    - Չէ:
    - Հիմարություն:
    - Ոչինչ էլ չեմ վերցնում: Սրանք գրադարանում էլ կան:
    Ապշած ինձ նայեց: Հասկացա՞վ, չգիտեմ:
    - Քանդելուց գրքերը տեղափոխելու ենք:
    - Դրանք կդադարեն գիրք կոչվելուց, եթե էստեղից տեղափոխվեն:
    Պատուհանը բաց էր: Ծառերի տերևները պատուհանից ներս էին մտել: Մի տերև պոկեցի: Ձեռքերիս մեջ փշրվեց: Լուռ իջանք երկրորդ հարկից: Դիմացը նստարան կար: Մոտեցա: Նստեցի, պառկեցի, հետո նորից նստեցի: Պատի վերևում մի հին քարտեզ կար կախված: Իրենից թաքուն համբուրեցի այն: Փոշին կոկորդովս անցավ: Հաճելի էր: Գուցե դրանից հետո հիվանդանոց ընկնեի...Ի՞նչ կարևոր էր դա:
    - Քանդելուց թող քարտեզին ձեռք չտան:
    - Չի´ լինի:
    Գիտեի: Տան այգում խոտեր էին աճել: Խոտերը նույնպես անցան մատներիս տակով: Կոճղ կար: Նստեցի վրան:
    - Երեխա ես, էլի:
    Լուռ վեր կացա: Մոտեցա ջրի ծորակին: Բացեցի: Մի քանի վայրկյան լսեցի ջրի ձայնը: Հասկանում էի: Գնալու ժամանակն էր: Չէի ուզում տեղիցս շարժվել:
    - Հն, գնա՞նք:
    - Մի քիչ էլ սպասիր:
    - Անտանելի ես:
    Գիտեի, որ անտանելի եմ: Ձայն չհանեցի: Ծորակի կողքին տաշտ կար ջրով լցված: Մոտեցա: Ձեռքերս մտցրեցի ջուրը: Մի քանի րոպե տեղիցս չէի շարժվում:
    - Մտիր տաշտը: Մտիր ու խեղդվիր:
    Սիրով կմտնեի: Հաճելի պահ էր: Ջուրը սառն էր: Էնպես էի հասկանում իրեն: Զարմանում էի՝ ոնց է լուռ դիմանում ինձ: Արդեն հոգնել էի: Ձեռքերս դողում էին:
    - Գնացինք:
    - Բա կտու՞րը:

    Ինձ արգելում էին կտուր բարձրանալ: Վտանգավոր էր: Բարձրացա: Կտուրում կատուներ կային: Նայեցինք իրար, ժպտացինք, հասկացանք իրար: Իջա կտուրից: Արդեն դարպասի մոտ էինք:
    - Իսկ եթե չքանդե՞ք:
    Իզուր ասացի: Լուռ բացեցի դարպասը: Վերջին անգամ...նույն ճռռոցը: Դարպասից դուրս եկանք: Երկու քար կար դրված: Խաղողի որթը...հի˜ն, ծանո˜թ: Հեռանալուց նայեցի տանը: Քարերը կարմիր էին: Երկար չնայեցի, որ շատ չտանջվեմ: Տունն էլ չէր կարողանում ինձ նայել: Մեղավոր էր զգում իրեն: Երկար ժամանակ լուռ քայլեցինք: Դեռ ուշքի չէի եկել: Դեռ էնտեղ էի: << Քանդում են, թող քանդեն, հո իմ ներսում չեն կարող քանդել... մի տեսակ չեն համարձակվի, մուտք էլ չունեն, ու˜ր մնաց քանդեն>>: Հա, հիմարություն էր էդտեղ նորից վերադառնալը, հիմարություն կլիներ այդ տունը չքանդելը: Շատ լավ էի հասկանում: Վերջին անգամ զգացի ճռռոցը, դռան ձայնը, ջրի ձայնը, կատուներին, ծածկոցի հոտը, փոշին, քարտեզը, կոճղը...
    Նայեցի իրեն:
    - Մեկ է, քեզ չեմ հասկանում,- ասաց:
    Գիտեի, որ խաբում էր: Ախր պարզ տեսնում էի աչքերից կաթող երկու կաթիլ արցունքը:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.02.2013), einnA (21.02.2013), enna (26.08.2013), Ingrid (20.02.2013), ivy (20.02.2013), kivera (26.02.2013), Malxas (20.02.2013), Sambitbaba (20.02.2013), Smokie (21.02.2013), Stranger_Friend (23.02.2013), Արէա (21.02.2013), Նաիրուհի (22.02.2013), Վոլտերա (21.02.2013), Տրիբուն (26.02.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2-րդ տարբերակ



    Անծանոթ տուն
    (Ո՞վ է նա)




    Ինքնաթիռը վայրէջք կատարեց: Արամը դուրս եկավ ինքնաթիռից և զգաց ձմռան արևի սառը ճառագայթները: Ցուրտ ձմեռ և հայրենիք...
    Տասերկու տարի անց Արամը դարձյալ հայրենիքում է: Եկել է, որ վերջապես տեսնի իր բացակայության ընթացքում ծնված զույգ որդիներին:
    Մեքենան սլանում է, բայց Արամը մտքերով արդեն տանն է և պատկերացնում է, թե ինչպես է մտնում տուն, գրկում մորը, երեխաներին, իսկ հորը այդպես էլ չի տեսնելու. «Թաղման էլ չկարողացա գալ, տաղավարներին էլ... դե հարմար չէր»: Հիմա էլ հոր մահից երեք տարի հետո է գալիս. «Բայց թաղման ծախսերը լրիվ ուղարկել եմ... »:
    Մայրը, երեխաները... կգնա հոր գերեզմանին, ծաղիկներ կտանի:
    Մեքենան արդեն տանն է մոտենում: Արամը անհասկանալի շփոթվեց, երբ զգաց երևակայական հանդիպման մոտ լինելը: Զգում է հարազատ ինչ-որ մի բան, կարոտ, իրարամերժ ցգացմունքներ, որոնք ներսից խեղդում են իրեն, բայց միաժամանակ տարօրինակ հարազատություն, որ ավելի շատ հրապուրանքի է նման, հրապուրանք, որ այդպես էլ սերմեր չի տալու և այդպես էլ սերը չի ծաղկելու. գիտի, որ Ռուսաստանում իրեն սպասող Մաշային տեսնելու ցանկությունը ավելի զորեղ է: Արամը վստահ է, որ սիրում է իր հայրենիքը, տունը, բայց գիտի նաև, որ ժամանակը անգութ է բաժանության տարածության մեջ և չափազանց ամուր , որ անտեսանելի ամուր թելերով կապի մի նոր «տան», մի նոր «հայրենիքի» հետ: Իսկ Արամի սիրտը վաղուց արդեն ամուր թելերով կապված է հայրենիքից հեռու Ռուսաստանում թողած «տան» հետ: Հայրենիքը նրա համար արդեն մայրական գիրկ է, որին հասուն տարիքում միայն ժամանակ առ ժամանակ ես ուզում վերադառնալ: Անցյալի հիշողություններն էլ հանկարծ ավելի պատկերավոր դարձան, և «սև» հիշողություններից հանկարծ հառնեց Աննայի կերպարը՝ տասերկու տարի առաջ կատարած իր երիտասարդական սխալը. «Ի՞նչ Աննա, մեկ ամսից հետ եմ գնալու... » :
    Օրը սվորական չէ նաև Աննայի համար: Նա լողացրել է երեխաներին, հագցրել ամենակոկիկ շորերը և շարունակ հիշեցնում է.
    -Ձեզ խելոք կպահեք, երբ ձեր պապան գա:
    Երեխաները անսովոր հուզված են: Ինչ-որ տեղից գալիս է մեկը, ում համար ասում են, որ իրենց հայրն է: Ճիշտ է, մեկ-մեկ հեռախոսով խոսել են անծանոթ ինչ-որ տղամարդու հետ, բայց թե ինչպիսին է հայր կոչվող «ձյաձյան» , նրանք չգիտեն: Հուզված է և Աննան: Արամի հետ ամուսնացել է տասներկու տարի առաջ, բայց երեք ամիս է նրա հետ ապրել: Նրանք երբեք սիրային զույգ չեն եղել: Նրանց ամուսնությունը Արամի մոր ձեռքի գործն էր: Աննայի՝ մորաքրոջ խնամքին մնացած որբ աղջկա կարծիքը ոչ ոք չհարցրեց, և նա դարձավ Արամի կինը: Արամն էլ այդ ժամանակ նոր էր եկել բանակից և ամեն ինչ շատ արագ դասավորվեց: Ամուսնությունը ամուսնություն, բայց ապրել էր պետք, և ամուսնությունից երեք ամիս հետո Արամը մեկնեց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Ու երբ ծնվում են նրանց երկվորյակները, Արամը չի կարողանում թողնել աշխատանքը և վերադառնալ: Անցնում է որոշ ժամանակ, երկվորյակները մեծանում են, իսկ նա դեռ Ռուսաստանում աշխատում էր: Գործերը լավ էին և Աննայի սկեսուրը որոշեց, որ որդին ավելի օգտակար կլինի, եթե մնա Ռուսաստանում աշխատի և փող ուղարկի.
    -Զույգերին, որ տեսավ, դրանով նրանց կկերակրի՞ :
    Արամն էլ չէր գալիս: Կինը սպասում էր ամուսնուն և կարոտով հիշում համատեղ կյանքի երեք ամիսները: Հեռախոսը կար, բայց մեկ է՝ Արամը հեռու էր: Տարիներն էլ անցնում էին, և սպասման հետ Աննայի համբերությունն էր հատվում: Մի քանի անգամ որոշեց հեռանալ Արամի ընտանիքից, բայց փոքրուց որբ մնացած աղջկան ո՞վ ապաստան կտար: «Մնա՛ կերսրանցդ տանը, գոնե էնտեղ մարդդ փող է ուղարկում, իմ տան հետ էլ գործ չունես: Քեզ պահել-մեծացրել եմ, հերի՛ք ա»,- կոպիտ ասաց Աննայի մորաքույրը: Որոշ ժամանակ հետո Արամի մայրը սկսեց չդիմանալ որդու կարոտին և արդեն ինքն է որդուն հորդորում( գոնե որոշ ժամանակով) Հայաստան գալ: Արամը, սակայն նորից չեկավ: Դե մորը և թողած կնոջը ինչպես ասեր, որ Ռուսաստանում արդեն կին և երեխա ուներ, կին, որին սիրելով էր ամուսնացել և ոչ թե մոր ընտրածով: Արամը չեկավ, երբ նույնիսկ հայրը մահացավ. գործերը լավ էին, բրիգադիրի պետ էր արդեն և նորից ժամանակ չուներ: Զանգերն էլ ավելի քիչ դարձան: Ամեն ամիս փող էր ուղարկում և դրանով համարում էր իր պարտականությունները կատարած: Աննան շարունակում էր սպասել. նա ինչ-որ թելով կապված էր զգում այն մարդուն, որից զույգեր էր ունեցել: Ու թեև սպասում էր ամուսնուն, բայց համոզված էր, որ նրա կյանքում կին կար և կանացի բնազդով խանդում էր նրան:
    Ի վերջո սպասված օրն եկավ: Ամուսինը վերադարձավ: Երեխաները բնազդով վազեցին ընդառաջ, բայց ինչ-որ անջրպետ զգալով հետ քաշվեցին, երբ հայրը փորձեց գրկել նրանց:
    _Մի՛ ամաչեք, ձեր պապան է,- երեխաներին դեպի հայրը հրեց Աննան:
    Արամը գրկեց որդիներին, համբուրեց և հայացքը դարձրեց Աննային: Նրանք իրար աչքերի մեջ նայեցին: Աննան փախցրեց հայացքը: Արամն էլ մի պահ շփոթվեց և վարանելով պարզեց ձեռքը:Աննան նույնպես վարանելով ձեռքը մեկնեց ամուսնու պարզած ձեռքին և ակամայից ավելի կարմրեց, երբ Արամը համբուրեց նրան: Համբույրը այնքան սառն էր, որ Արամը դողած: «Տասերկու տարի առաջ , երբ ամուսնացանք, նա լրիվ ուրիշ էր» ,- մտածեց Արամը: «Մի՞թե այսքան տարի ես այս մարդուն եմ սպասել»,- իր հերթին մտածեց Աննան:
    Տասնհինգ րոպե հետո տանը արդեն տեղ չկար. հարազատությունը եկել է Արամին բարի գալուստ ասելու: Աննան սկեսրոջ հետ սեղանն է պատրաստում և թաքուն հայացքով նայում այն մարդուն, ում հետ օրենքով տասներկու տարի ամուսնացած է , բայց որպես ամուսնու երեք ամիս է ճանաչում:
    Բարեկամները Արամին գործերից են հարցնում, իսկ նա ցրված պատասխաններ է տալիս: « Տարիներ առաջ, երբ ամուսնացանք, գոնե մի քիչ սիրուն էր, իսկ հիմա... »,- Աննային նայելով մտածեց Արամը և ակամայից նրան համեմատեց Ռուսաստանում իրեն սպասող Մաշայի հետ: « Աննան լավ էլ սևուկն է, ո՞նց առաջ չէի նկատել: Մաշաս ուրիշ է... »,- և հայացքը փախցրեց Աննայից: Իսկ երբ նկատեց, որ երեխաները սենյակում չեն, ինչ-որ հարազատ բան զգաց և կանչեց իր մոտ. «Արյունը ջուր չի դառնա»,- մտածեց Արամը: Եվ թեև զավակներից շատ հեռու էր եղել, բայց զգում է, որ իրենն են, իր արյունը, իսկ ո՞վ է Աննան:
    _Անջատիր գազը, հերի՛ք է եփվի,- խոհանոցում Աննային հանդիմանեց սկեսուրը: Նա չլսեց սկեսրոջը. մտքերով հյուրասենյակում էր:
    _Վառվեց, ա՛յ աղջի,- բարկացավ սկեսուրը և նրան մի կողմ հրելով ինքը անջատեց գազը:
    Հյուրերը ուշ գնացին: Երեխաները հոր բերած նվերներով վազեցին իրենց սենյակ: Աննան երեխաների հետևից գնաց , որ պառկեցնի քնելու: Երեխաները շուտ քնեցին, սակայն նա վարանում է գնալ իր սենյակ, որը արդեն նաև Արամի սենյակն է: Տունը հանկարծ այնքան օտար, սառը դարձավ: Բայց չէ՞ որ սա իր տունն է արդեն տասերկու տարի, մի՞թե Արամի գալուստը խորթացրեց իրեն իր իսկ տնից :«Ո՞վ գիտի, թե քանի կնոջ հետ է եղել»,- դառնությամբ մտածեց Աննան, բայց խանդ այլևս չի զգում: Առաջ, երբ Արամը հեռու էր, հոգի կրծող ինչ-որ բան էր զգում, բայց տարօրինակ կերպով որևէ բան էլ չի զգում, երբ նա այնքան մոտ է: Վերջապես նա վերադարձել է, բա՞յց... :
    «Թե ինչի՞ եկավ»,-վրդովվեց Աննան և դժկամությամբ մոտեցավ իր սենյակի դռանը: Նա կանգնեց դռան առաջ, ձեռքը մեկնեց դռանը, բայց անտեսանելի մի պատնեշ խանգարում է բացել դուռը: Իսկ դռան հետևում ամուսինն է : Արամը նստել է մահճակալին և անորոշ հայացքով զննում է իր համար շատ օտար սենյակը: Մի՞թե սա իր տունն է, մի՞թե օջախն այսքան սառը և վանող կլինի: «Մենակ թե ինքը սենյակ չգա»,- տհաճությամբ մտածեց Արամը, երբ դռան ձայնից հայացքը դարձրեց դռան կողմը: Աննան է: Ամուսինները նորից իրար աչքերի մեջ նայեցին, բայց այս անգամ ոչ մեկը չփախցրեց հայացքը: Հայացքներով կարծես թե փորձում են լրացնել տարիների բացը և ճանաչել մեկը մյուսին: Սակայն անողոք ժամանակի պատնեշը չափազանց մեծ է, որպեսզի ինչ-որ կայծ առաջանար: Բայց երկուսի հայացքներն էլ նույն բանն է հարցնում դիմացինից՝ ո՞վ է նա :
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.02.2013), einnA (21.02.2013), ivy (20.02.2013), kivera (26.02.2013), Sambitbaba (20.02.2013), Smokie (21.02.2013), Վոլտերա (21.02.2013), Տրիբուն (26.02.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3-րդ տարբերակ



    Հյուսիսի կինը



    Հյուսիսում տուն գտնելը դժվար գործ է: Էնտեղ մարդիկ խիտ-խիտ են բնակեցված, ջահելները լիքն են՝ ուսանողներ ու նորավարտներ: Եթե ուզում ես հարմար սենյակ ճարել, ոչ թե անհասկանալի խուց, այն էլ՝ աստղաբաշխական գներով, պիտի տեղափոխվելուցդ երկու-երեք ամիս առաջ սկսես փնտրտուքդ, բայց անգամ էդ դեպքում մի բարդություն էլ կա. տանտերերն անձամբ ուզում են տեսնել նոր տնվորին սենյակը վարձով տալուց առաջ, և եթե Հյուսիսից շատ հեռու ես ապրում, չես կարող անձամբ ներկայանալ, ոչ մի տեսակի սկայփ քեզ չի փրկի. պիտի մնաս ստարդոստայնոտ ձեղնահարկերի հույսին:
    Տարեսկզբին Լիլիթը պիտի Հյուսիս տեղափոխվեր. հազիվ աշխատանք էր գտել: Չնայած որ ծայր Հարավից էր, լավ ծանոթ էր էնտեղի բնակարանային խնդիրներին. Հյուսիս գնացած շատ ընկերներ ուներ, որոնք մեծ դժվարությամբ էին ապրելու տեղ ճարել: Ամեն դեպքում, մինչև նոյեմբերի կեսերն էշի ականջում քնած էր, ու բնակարանների հայտարարությունների կայքերում գրանցվեց տեղափոխվելուց վեց շաբաթ առաջ:
    Գալիս էին հայտարարություններն իրար հետևից: Լիլիթի մեյլն առավոտից երեկո հեղեղվում էր դրանցով: Ամբողջ օրը նստած նամակներ էր գրում, իր անձի գովքն անում, թե՝ ես ձեր սենյակին շատ հարմար մարդ եմ, համով ճաշեր եմ էփում, աղմկոտ չեմ, բայց որ պետք լինի՝ քեֆ էլ կանեմ: Ոչ մի անգամ ոչ ոք չէր արձագանքում:
    Օրերն էլ անցնում-գնում էին, իսկ Լիլիթը դեռ մնալու տեղ չուներ: Ու մեկ էլ ֆայմեց, որ ախր էդ հայտարարությունների կայքում ինքն էլ իրեն կարող է ներկայացնել, ասել՝ ես էսին-էնինչն եմ, էս տիպի մարդ եմ, էսքան ժամանակով ու էսքան վարձով Հյուսիսում տուն եմ փնտրում: Էդպես էլ արեց:
    Երկու ժամ անց պատասխան ստացավ. «Բարև, ես Ռուդին եմ, 57 տարեկան կին եմ, իմ տանը վարձով սենյակներ եմ տալիս Հյուսիսում ժամանակավոր բնակվող, նորմալ գիշեր-ցերեկ անող ուսանողներին և ջահել մասնագետներին: Եթե հետաքրքրեց, գրի»:
    Լիլիթին հենց էդ էլ պետք էր: Լավ գիտեր, որ Հյուսիսի կենտրոններում շուխուռը շատ է, ու ինքը գիշերները քնել էր ուզում: Փարթիների հետ էլ գլուխ չուներ. համարում էր, որ տարիքն անցել է, բայց դե հայտարարություն տեղադրողներին դուր գալու համար էդքանը չէր ասում: Իսկ հիմա արի ու տես հենց իր ուզած պայմաններով սենյակ է հայտնվել:
    Բայց Ռուդին պահանջեց, որ Լիլիթը մինչև տարեսկիզբ անձամբ ներկայանա, այլապես ուրիշի կտա սենյակը: Ասենք, դա էնքան էլ անսպասելի չէր: Ու Լիլիթն անմիջապես ճամփա ընկավ, քսանչորս ժամ գնաց-գնաց, մինչև հասավ Հյուսիս: Գիշերեց մետաղյա արկղում բնակվող ընկերուհու տանը, առավոտյան գնաց Ռուդիին հանդիպելու:
    Տունը քաղաքի ծայրին էր: Դրանից էն կողմ գետն էր, ու արձակ դաշտեր էին, որոնք պիտի կանաչեին գարնանը: Գետի ափին նստարան կար, կողքը՝ գիշերային լապտեր, շուրջը՝ տերևաթափից դեռ մնացած լխկած տերևներ: Ձմեռը դեռ չէր եկել:
    Մինչև Ռուդիի դռան զանգը տալը Լիլիթը մի քանի շրջան արեց տան կողքը, ուսումնասիրեց: Հյուսիսին խիստ հատուկ կարմիր մանր աղյուսից կառուցված երեք հարկանի առանձնատուն էր ու լայն պատուհաններ ուներ, որոնցից վարագույրներ կախված չէին. ներսի ամեն ինչը երևում էր: Հյուսիսցիների՝ իրենց ունեցվածքն ի ցույց դնելու երևույթն էնքան հայտնի էր, որ անգամ Հարավի թերթերն էին դրա մասին գրում ու փորձում գուշակություններ անել, թե ինչով է պայմանավորված մշակութային այդ առանձնահատկությունը՝ թաքցնելու բան չունե՞ն, թե՞ ուզում են թիթիզանալ իրենց ունեցվածքով:
    «Ես ուզում եմ էստեղ ապրել»,- քթի տակ ասաց, խորը շունչ քաշեց ու դռան զանգը տվեց:
    Դուռը բացեց տիպիկ հյուսիսային արտաքինով հիսունյոթ տարեկան մի կին. բարձրահասակ, նիհար, ոչ շատ կանացի դիմագծերով, չներկած մոխրագույն խուճուճ մազերով, որոնք հասնում էին ուսերին: Ինչպես ընդունված է էնտեղ, ձեռքը մեկնեց, ներկայացավ ու Լիլիթին ներս թողեց:
    Դեռ միջանցքում Լիլիթը կոշիկները հանեց: Ռուդին զարմացավ.
    -Ցանկալի է տանը կոշիկները հանել, բայց իմ տնվորների հետ նման քաղաքականություն չեմ վարում:
    -Հարավում սովոր ենք:
    Ռուդին Լիլիթին առաջնորդեց դեպի մի հսկայական սենյակ, որին կպած խոհանոց կար:
    -Սա իմ տարածքն է,- ասաց,- վարձով տրվող հատվածը վերևում է, հիմա ցույց կտամ:
    Լիլիթն ակնթարթային հայացք գցեց ու նկատեց, որ ամեն ինչ չափից դուրս մաքուր ու կոկիկ է: Սենյակում միայն մի լուսանկար կար: Սևուսպիտակ էր, կարճ մազերով, լայն ժպիտը դեմքին ինչ-որ մեկն էր, ու դիմագծերից դժվար էր սեռը որոշելը: Կարող էր հաջողությամբ Ռուդիի որդին կամ դուստրը լինել կամ հենց ինքը՝ Ռուդին երիտասարդ ժամանակ:
    Մեկ էլ հասցրեց նկատել, որ պատի տակ բաց դաշնամուր կա: Նոտաները խառնշտորած էին՝ երևի միակ անկանոնությունը սենյակում: Էնպիսի տպավորություն էր, որ Ռուդին դաշնամուրի մոտից էր վազել դուռը բացելու:
    Հաջորդ վայրկյանին տանտիրուհին Լիլիթին առաջնորդեց երկրորդ հարկ:
    -Այս երկու սենյակները դատարկվելու են,- ասաց,- բայց վերևինն արդեն ազատ է: Չգիտեմ՝ որը քեզ կտամ:
    Բարձրացան երրորդ հարկ, որ ազատ սենյակը տեսնեն:
    -Էստեղ ամեն ինչ կա,- ներկայացրեց Ռուդին՝ պահարանների դռները հերթով բացելով,- սրբիչներ, սպիտակեղեն, բարձ, վերմակ... հա, մեկ էլ էս աթոռները... տանն ուրիշ տեղ չկար դնելու, դրա համար էս պահարանում եմ տեղավորել, բայց հույս ունեմ՝ բավարար չափով ազատ տարածք ունես:
    Պահարանի ամբողջ ձախ կողմում իրար վրա դարսած ծալովի աթոռներ էին: Լիլիթը մտածեց, որ հյուր ընդունելիս շատ հարմար կլինի. կհանի, կօգտագործի:

    -Մյուս երկու սենյակներն էլ են սրա նման, միայն թե գրասեղանը ոչ թե ապակուց է, այլ փայտից: Հիմա չեմ ուզում մտնել, որովհետև չգիտեմ՝ ինչ վիճակում են:
    -Չէ, չէ, եթե էնտեղ մարդ է ապրում, չարժե:
    Նորից իջան ներքև՝ Ռուդիի տարածք:

    -Ես կվերցնեմ սենյակը:
    -Էսքան արա՞գ: Գուցե մի քիչ մտածե՞ս:
    -Ուրիշ տարբերակ չունեմ: Վաղը գնում եմ Հարավ, չեմ հասցնի:
    Ռուդին պայմանագիրը բերեց:

    -Հյուսիսի սովորական պայմանագրերից է,- բացատրեց,- մենակ մի կետ է տարբերվում, այն է՝ դու սեփական կողպեք ունենալու իրավունք չունես:
    Էդ պահին նոր Լիլիթը հիշեց, որ սենյակներից ոչ մեկի դռան վրա կողպեք չկար:

    -Սա սովորական տուն է, հասկանու՞մ ես, սենյակները միշտ չի, որ վարձով են տրվում: Ես հիմա աշխատանք չունեմ, բայց գուցե մի օր նորից գործի անցնեմ, ինչի՞ս են պետք էդ կողպեքները:
    Լիլիթը կարդաց պայմանագիրը, ստորագրեց, որից հետո Ռուդին հարցրեց.

    -Իսկ ո՞ր ժամերին ես աշխատելու... ուղղակի ուզում եմ իմանալ՝ երբ ես տանը, երբ՝ չէ, որ... դե գիտես, հյուրեր-բաներ:
    -Դեռ հստակ չէ:
    Լիլիթը կանխավճար տվեց, թղթերը ծալեց, դրեց պայուսակի մեջ ու քայլեց դեպի դուռը:

    -Ես երևի հունվարի երեքից էստեղ կլինեմ,- ասաց:
    -Կայարա՞ն ես գալու, թե՞ օդանավակայան:
    -Կայարան:
    -Ժամը կասես, կգամ քեզ մեքենայով դիմավորելու:
    Լիլիթի աչքերը կլորացան. զարմացավ, որ հյուսիսցուց նման բան լսեց: Ախր շատ լավ գիտեր, որ նրանք սկի սեփական երեխաներին դիմավորելու չէին գնա: Ռուդին նկատեց նրա զարմանքն ու արագ պատասխանեց.

    -Դե... եթե հարմար լինի:
    Մի ամիս անց, երբ Լիլիթն իր հսկա ճամպրուկով հասավ Հյուսիս, Ռուդին չեկավ նրան դիմավորելու. գիշերվա կես էր: Բայց գոնե դուռը բացեց:
    Լիլիթը մեծ դժվարությամբ նեղ աստիճաններով երրորդ հարկ հասցրեց ճամպրուկը, մինչ Ռուդին ներքևում կանգնած սպասում էր, թե երբ պիտի աղմուկը դադարի, որ գնա քնելու:
    Մյուս երկու սենյակները, փաստորեն, դատարկվել էին, բայց նոր տնվորներ չէին եկել: Ռուդին հավատացնում էր, որ անընդհատ հայտարարություն է տարածում, բայց ոչ մի արձագանք չկա: Մի քիչ անհավատալի էր, որովհետև ամեն դեպքում այդ տունը մետաղյա արկղերից ու սարդոստայնոտ խցերից հաստատ ավելի լավ էր, բայց դե Լիլիթը պատճառ չուներ առարկելու:
    Ռուդիի հետ համարյա չէր շփվում. միայն բարի լույս ու բարի գիշեր: Մեկ էլ կիրակի ցերեկները միասին սուրճ էին խմում, քիչումիչ զրուցում: Հյուսիսցիները շատախոս չեն, ու Լիլիթը չէր ուզում տանտիրուհուն ստիպել, որ երկար պատմի իր մասին: Զանազան ակնարկներից հասկացել էր, որ հոգեբան է կամ ինչ-որ էդ տիպի մի ուրիշ բան, որովհետև պահանջել էր, որ խոհանոցի սեղանը միշտ մաքուր լինի, որ հաճախորդներին էնտեղ ընդունի: Ընտանիքի մասին պատկերացում չուներ. Հյուսիսում նորմալ երևույթ է, որ երեխաները մեծանալուց հետո գնում են տնից ու մոռանում՝ տան պատերին թողնելով մանկության լուսանկարներ: Ծնողներն էլ զավակներին չեն փնտրում, իրենց համար վայելում են մենակությունը:
    Ռուդին երբևէ ամուսնացած եղե՞լ է, երբևէ սիրե՞լ է, քույր-եղբայր ունի՞: Գուցե նրա ծնողներն էլ են դեռ կենդանի. Հյուսիսում մարդիկ երկար են ապրում: Վերջիվերջո, ո՞վ էր այն սևուսպիտակ նկարից ժտացողը: Ոչինչ, Ռուդին ոչինչ չէր պատմում:
    Երկու ամիս անցավ, բայց տան մյուս սենյակները շարունակում էին դատարկ մնալ: Լիլիթը գիշերները հաճախ վեր էր թռնում աղմուկից ու զարմանում. որտեղի՞ց էր գալիս: Ախր քաղաքի էս մասերում հարբած ջահելներ չկան, փաբեր ու ակումբներ չկան, տանն էլ մենակ ինքն ու Ռուդին էին: Երբեմն նույնիսկ շատ պարզ էր լսում ձայները, զրույցներից պատառիկներ որսում, ծիծաղներ ու կատակներ, որոնք ընդհատվում էին դաշնամուրի հնչյուններով:
    Մի գիշեր չդիմացավ, իջավ առաջին հարկ, որ տեսնի՝ ինչ է կատարվում: Ոչինչ: Տեսավ պիժամա հագած Ռուդիին զուգարանից դեպի իր սենյակ քայլելիս:

    -Ինչ-որ բա՞ն է պետք,- հարցրեց:
    -Չէ... ուղղակի աղմուկ լսեցի, չեմ կարողանում քնել:
    -Ի՞նչ աղմուկ: Երևի երազ ես տեսել: Էս տունը շատ հանգիստ է... գնա, գնա պառկի:
    Լիլիթը բարձրացավ վերև: Իսկապես, աղմուկը դադարել էր:
    Բայց հաջորդ գիշեր նորից էնտեղ էր: Նորից նույն ձայները, կատակները, ծիծաղները, կենացների զրնգոցը ու էս ամենին հետևող դաշնամուրի նվագը, երբեմն նույնիսկ ուղեկցող երգը: Լիլիթն արդեն գժվում էր քնի պակասից: Ռուդիի հետ փորձեց մի քանի անգամ խոսել էս թեմայով, բայց նա միշտ ծիծաղում էր ու խորհուրդ տալիս բժշկի դիմել:
    Մի երեկո, երբ Լիլիթը տուն վերադարձավ, դաշնամուրի նվագ լսեց: Այստեղ տեղին է նշելը, որ Ռուդիին երբեք չէր տեսել նվագելուց, ու եթե չհաշվենք գիշերային համերգերը, տնից երբևէ որևէ տեսակի երաժշտության ձայն չէր լսել: Զարմացավ: Զգույշ ներս մտավ ու քայլեց դեպի Ռուդիի տարածք: Դուռը կիսաբաց էր: Արանքից նայեց: Տեսավ Ռուդիին՝ դաշնամուրի մոտ ինքնամոռաց նվագելիս: Շուրջը լիքը մոմեր էին շարված ու գինով լի բաժակներ: Քիչ այն կողմ Լիլիթի սենյակի ծալովի աթոռներն էին երեք շարքով դասավորված: Սենյակում բացի Ռուդիից ոչ ոք չկար, բայց տպավորություն էր, որ հյուրեր ունի:
    Լիլիթը լուռ հեռացավ, բարձրացավ իր սենյակ, պառկեց ու չնկատեց, թե ինչպես քնեց: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում: Էդ գիշեր աղմուկ չեղավ: Միայն թե հանկարծ իր սենյակի դուռը բացվեց, ու Լիլիթը վեր թռավ: Սպիտակ սավանով փաթաթված, մոմը ձեռքին Ռուդին էր ներս մտել: Երբ մոմի լույսն ընկավ դեմքին, Լիլիթը նկատեց թաց աչքերն ու սևուսպիտակ նկարից ժպտացող դիմագծերը, մյուս ձեռքին՝ գինու գավաթ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), einnA (21.02.2013), ivy (20.02.2013), Sambitbaba (21.02.2013), Srtik (25.02.2013), Վոլտերա (21.02.2013), Տրիբուն (26.02.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4-րդ տարբերակ



    Կարոտը



    Առաստաղի ճաքն ուղիղ գլխիս վերևում էր: Աֆրիկայի ուրվագիծը հիշեցնողը: Նույնիսկ Մադագասկարի նման նեղ, երկարավուն ճաք ուներ կողքին: Բայց աջ կողմում չէր, ձախում էր: Առանց նայելու՝ ձեռքս տարա մահճակալի մոտի ցածրիկ սեղանին ու Քինդլը վերցրեցի վրայից: Մինչև գիշերվա չորսը կարդում էի: Նայեցի՝ արդեն 58 տոկոսն եմ հասել: Տեսնես թղթով լիներ՝ ո՞րերորդ էջը կլիներ: Գորովանքով հիշեցի թղթից գրքերը... դրանց հետևը ոչ մի լար պետք չէր խցկել: Լավ ժամանակներ էին: Քինդլի ժամին նայեցի: Հմ...Թղթից գրքի վրա ժամ կնայեիր, բա չէիր նայի:
    10:30
    Հիմա կգա...
    ...Քայլեր…
    Մտավ սենյակ, մոտեցավ մահճակալին ու սուրճի դեղին բաժակս դրեց այնտեղ, ուր քիչ առաջ Քինդլն էր: Մազերը խոնավ էին: Իր սիրած կանաչ խնձորի շամպունի հոտը զգացի: Չնայեց: Էլի չնայեց ինձ: Հետ գնալուց հայացք նետեց համակարգչի սեղանին, որ տեսնի՝ գիշերվանից լվանալու բաժակ-ափսե թողե՞լ եմ, թե՞ ոչ:
    Մեկ տարի առաջ, դեռ ընդամենը մեկ տարի առաջ ցածրիկ սեղանին երկու սուրճի բաժակ կդներ: Հագին ազդրերը լրիվ չծածկող շապիկ կլիներ, իմ հին շապիկներից մեկնումեկը, որ սիրում էր գիշերը քաշել վրան: Կպառկեր ձախ կողմս, պատի մոտ, բաժակներից մեկը կտայի իրեն, իմը կվերցնեի ու կսկսեինք խոսել: Ոչ մի բանից: Ամեն ինչից: Լավն էին կիրակի առավոտները...
    Սուրճն անհավես, առանց համ զգալու ներմղեցի, վեր կացա, հագնվեցի:

    Խոհանոցի սեղանի առաջ նստած, իր վարդագույն, անհեթեթության աստիճան փոքր նեթբուքով լուրերն էր կարդում՝ իր սուրճը խմելով:
    Բաժակս լուռ լվացի ու տեղավորեցի դարակում:

    * * *
    - Ո՞ւր ես գնալու:
    - Քեզ իսկապե՞ս հետաքրքիր է:
    - Կուզեի իմանալ:
    - Որոշ ժամանակ Արթուրի մոտ կմնամ, խոսել եմ հետը: Հետո պարզ կլինի:
    - Համոզվա՞ծ ես, որ ուզում ես տունը թողնել ինձ:
    - Այն քոնն է, Լիլ, միշտ էլ քոնն է եղել: Մինչ քո գալը չորս պատ էր: Դու տուն դարձրիր:
    - Երկուսով դարձրինք:
    - Դու չէիր սիրում, երբ տան որևէ գործի խառնվում էի:
    - Գիտես՝ ինչ կարևոր էր դա ինձ համար.. Մի տեղ ունենալը աշխարհում, որ ես իմ տունը կկոչեի: Իմ ձեռքերով իմ բույնը հյուսելը...
    - Գիտեմ Լիլ: Ես գիտեմ այն ամենը, ինչ կարևոր է քեզ համար: Գիտեի....

    * * *

    Վերադարձա մեր նախկին՝ այժմ իմ ննջասենյակը, կարգի բերեցի անկողինը: Հնի պես լիներ՝ կգար, կսկսեր ձեռք առնել, որ եթե դիմացի հարևան Փայլակին կանչեր ու միասին թռվռայինք մահճակալին մագլցած, ավելի լավ կլիներ վիճակը, քան իմ հարդարելուց հետո: Կքանդեր, նորից իր ուզածով կսարքեր: Ու ամեն ինչում էր այդպիսին: Մի սովորույթ, որ ինձ հունից հանում էր:
    Հիմա չէ... Հիմա ձեռք չէր տա: Վաղուց արդեն իմ արած ու ասած ոչինչը չէր ուղղում:
    Զգեստապահարանի ինձ հատկացված մասում արդեն գրեթե ոչինչ չկար, բացի մի քանի միայնակ գուլպաներից, որոնց զույգերն առեղծվածորեն անհետացել էին ու երկու չսիրածս թաշկինակներից: Մնացած ամեն ինչ տեղափոխված էր ճամպրուկների մեջ:

    * * *
    - Ի՞նչ եղավ մեզ, Լիլ:
    - Չգիտեմ: Ստատիստիկայի տակ ընկանք երևի: Չհաջսղված միասնական կյանքերի տոկոսի մեջ:
    - Ո՞նց կարող էինք: Հիշո՞ւմ ես մեզ սկզբում, մի երկու տարի առաջ... Հիշո՞ւմ ես մեր հեռախոսային խոսակցությունները: Ժամերով, գիշերներով: Մեջը գիծ էր ընկնում, մեկ է՝ չէինք անջատում: Պարզվում էր՝ ուրիշ մարդիկ երկու ժամ լսել են, թե ինչեր ենք իրար ասում... ոնց էլ չէին ամաչում:
    - Հիշում եմ:
    - Որ նոր էինք ամուսնացել... հերիք էր պատահաբար դիպչեիր, սկսում էի այրվել: Մինչև իմը չդառնայիր՝ չէի հանգստանում, երբ ուզում է՝ լիներ... Մեկ-մեկ դիպչել էլ պետք չէր: Միայն նայում էիր ու գժվում էի:
    - Հարևաններն էլ էին գժվում:
    - Դե դու առանց շուխուրի չէիր կարողանում...
    - Քեզ երևի շքանշան էր հասնում՝ տոկուն լռության համար:
    - Հիշո՞ւմ ես՝ ինչքան էինք միասին ծիծաղում: Տակներս էինք անում: Փորիս մկանները բռնվում էին... դու միշտ կարողանում էիր ինձ ծիծաղեցնել, Լիլ...
    - Ես երեկոյան կինո նայելն եմ հիշում, հաց ուտելով: Կերածներիցս բան չէինք հասկանում: Ֆիլմն էլ մինչև գիշերվա հազարը քննարկում էինք:
    - Քեզ միշտ կինոյի վատ տղան էր դուր գալիս: Նա, ում մռութը լավը վերջում ջարդում էր:
    - Ես միշտ էլ ուզեցել եմ վատերի մոտիվացիան հասկանալ:
    - Դրա վրա պատրաստ էիր ժամանակ ծախսել, Լիլ... ինձ հասկանալու համար մի պահ կանգ չառար:
    - Եզրահանգիր՝ ինչպես քեզ հարմար է: Միշտ էլ այդպես ես արել:

    * * *

    Ննջասենյակի շագանակագույն ապակուց զարդասեղանի վրա, մի քանի այլ հուշանվերների կողքին, անակնկալի եկած դեմքով կավից իշուկն էր: Ժպտացի: Հին ֆիլմի խունացած կադրերի պես աչքիս առաջ եկավ օտար քաղաքի երեկոն՝ անծանոթ փողոցներով ու մարդկանցով: Կորել էինք: Դիտմամբ: Ոչ ես, ոչ էլ Լիլիթը չէինք սիրում վառ արտահայտված տուրիստական վայրերում շրջել: Մտնում էինք բոլոր նեղ ու կասկածելի թվացող փողոցները՝ ամեն թեքվելուց հրաշքի ու արկածի սպասելով: Ոչ մեկն էր պատահում, ոչ էլ մյուսը, բայց մենք միևնույն է, հուզված ակնկալում էինք: Քաղաքի կորած փողոցներում թափառելը վերջը տարավ հասցրեց տեղացի կնոջ առաջին հարկի ցածրիկ պատուհանին, որի լայն գոգին կավե փոքրիկ կենդանիներ էին շարված: Կինը կոտրված անգլերենով ասաց, որ իր անդամալույծ տղան է դրանք սարքել իրենց նկուղային հարկի խորդանոց-արվեստանոցում:
    Լիլիթն ամենաշատը իշուկին հավանեց: Անունը Մացակ դրեց, իրենց հին տան ներքևի հարևանի անունով:

    * * *
    - Ե՞րբ սկսվեց վերջը, Լիլ: Ե՞րբ դադարեցիր ինձ տեսնել:
    - Շատ դժվար է տեսնել մի մարդու, որի հայացքն ուրիշին է ուղղված:
    - Ես հազար անգամ ներողություն եմ քեզնից խնդրել դրա համար... ծնկաչոք հիմնականում...
    - Դու էլ ինձ հազար անգամ ներիր, որ դադարեցի տեսնել:
    - Դու այնքան արագ այդ ճեղքը անդունդ դարձրիր, ասես պատրաստ սպասում էիր՝ երբ է հայտնվելու: Մարդիկ սխալվում են...ես սխալ արեցի...
    - Մարդիկ չեն կարողանում մոռանալ: Ես չկարողացա:
    - Ես ամեն ինչի պատրաստ էի՝ կոտրածս վերականգնելու համար:
    - Ես պատրաստ չէի քո ամեն ինչին:
    - Ինչո՞ւ պատրաստ չէիր:
    - Եթե ոտքերիդ տակ նայեիր այն ժամանակ, կտեսնեիր, կհասկանայիր:
    - Լի՞լ...
    - Հպարտություն բառը քեզ ինչ-որ բան ասո՞ւմ է...

    * * *

    Դավաճանությանս շրջանն ու Լիլիթի հղիանալը կյանքը, միայն իրեն հատուկ ծուռ ու չար քմծիծաղով, համընկացրեց: Մի օր, երեկոյան, երկար ձայն տվեցի, չէր պատասխանում: Մեկ շաբաթ առաջ էր իմացել արածս ապուշության մասին: Սրտիս ծակոցով մտածեցի՝ էլի խոհանոցում առանձնացած լաց է լինում:
    Լոգարանում գտա. անշարժ հայացքով նայում էր հղիության տեստին, որ դրել էր լվացարանի վրա, հեղուկ օճառի կողքին: Հայացքը դանդաղ դարձրեց ինձ:
    Այնքան էինք երազել այդ պահի մասին, պայմանավորվել, թե ինչպես կթռչենք իրար գիրկ, ձայններս գլուխներս կգցենք, կպարենք գժի պես...
    Ոչինչ չկար հայացքում: Ոչինչ:
    Շրջվեց, բարակ ձողիկը փաթաթեց տուփից դուրս եկած բացատրական թղթի մեջ, նետեց լոգարանի փոքրիկ աղբարկղն ու դուրս եկավ՝ առանց ինձ նայելու:
    Հետո, շատ ժամանակ անց, երբ ես նորից ու նորից այդ պատկերը պտտում էի ուղեղումս, անքուն գիշերներում, սիգարետի դառը ծխի մեջ հազիվ նշմարելով Լիլիթի դատարկ աչքերը, հասկացա. այդ օրն իր մեջ կյանք մեռավ: Պետք է ծնվեր, ըստ բոլոր օրենքների պետք է ծնվեր, բայց մեռավ...
    Ե՞ս սպանեցի:
    Ես դրանում համոզված էի...

    * * *
    - Երեխան մեզ կփրկեր, Լիլ:
    - Ես քեզ խնդրել եմ, որ չխոսես այդ մասին...
    - Ներիր... բայց պետք է փրկեր... որովհետև ուրիշ էլ ոչինչ չէր կարող...

    * * *

    Ճամպրուկները տարա նախասենյակ ու դրեցի մուտքի դռան մոտ: Նորից մտա խոհանոց: Նեթբուքը փակել էր ու չտեսնող հայացքով նայում էր դիմացի պատին: Կամքի ուժով ինձ ստիպեցի մնալ տեղումս, որ չմոտենամ ու գրկեմ, ուժով, իր կամքին հակառակ, ցավեցնելու չափ պինդ:
    Բայց ես չէի կարող նորից ներողություն խնդրել: Իմ բաժինն արդեն խնդրել էի մեկ տարվա ընթացքում: Մի բան էլ ավելի: Մարդը չի կարող անդադար լսել “ոչ” բառը: Գալիս է մի պահ, երբ “ոչ”-ի պատասխանն այլևս ”լավ էլի”-ն չէ, պարզապես “լավ”-ն է...

    * * *
    - Ի՞նչ ես անելու:
    - Ապրելու եմ:
    - Ես խանգարո՞ւմ էի քեզ դա անել:
    - Չէիր օգնում:
    - Լիլ...
    - Ես լավ կլինեմ, մի մտածիր:
    - Իսկ ե՞ս...
    - Դու ուժեղ մարդ ես:

    * * *

    Գլուխս կախ նստել էի ճամպրուկիս վրա՝ մտքերիս աղմուկից խլացած:
    Մատները սահեցրեց մազերիս միջով, համարյա նախկին քնքշությամբ ու փափուկ շարժումով կզակիցս բռնելով՝ գլուխս բարձրացրեց: Հայացքում տաքություն կար: Վերջին անգամ ե՞րբ էր նայել ինձ իր այդ տաք աչքերով... Երակներումս զգացի ջերմությունը, արյանս մեջ... Ներսումս ճզմած, խեղդած կարոտը նորից ալիքվեց՝ սպառնալով ինձ տակովն անել...
    Անմարդկային ճիգով ինձ ստիպեցի հանդարտվել:
    Մյուս ձեռքին Մացակն էր: Առանց բառ ասելու մեկնեց ու սպասում էր՝ ձեռքը օդի մեջ: Վերցրեցի:
    Հետ գնաց ու մեջքը հենեց նախասրահի պատին: Վեր կացա, Մացակին դրեցի գրպանս: Մի պահ երկմտեցի, հետո նորից մտա ննջասենյակ, տեսնելու՝ հո բան չե՞մ մոռացել: Ու դեռ զննումս չսկսած հասկացա, որ ես այդտեղ մոռանալու բան չունեմ: Հագուստս, անձնական պարագաներս, լափթոփս ու մասնագիտական գրքերս ճամպրուկներում էին: Ուրիշ ոչինչ չկար վերցնելու:
    Գրպանիցս հանեցի Մացակին և հետ դրեցի զարդասեղանի վրա, իր տեղում:

    Լիլիթը նույն դիրքով կանգնած էր՝ հայացքը մուտքի դռանը: Տաքությունն այլևս չկար... Փոխարինվել էր այդպես էլ սովորական չդարձած մուգ կանաչ անտարբերությամբ:
    Դուռը բացեցի, ճամպրուկները հանեցի դուրս, գրպանիցս հանեցի տան բանալիի իմ պատճենը և դրեցի դռան կողքի մարմարե, մոխրագույն խաղերով սեղանիկի վրա՝ այդ ամբողջ ընթացքում մանկական միամտությամբ սպասելով լսել “մի գնա” բառերը:

    * * *
    - Ես քեզ սիրում եմ, Լիլ...
    - Գիտեմ...
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.02.2013), CactuSoul (24.02.2013), einnA (21.02.2013), Ingrid (21.02.2013), ivy (20.02.2013), kivera (26.02.2013), Mephistopheles (21.02.2013), Quyr Qery (24.02.2013), Sambitbaba (21.02.2013), Smokie (26.02.2013), Srtik (25.02.2013), Stranger_Friend (23.02.2013), Արէա (21.02.2013), Արևանուռ (21.02.2013), Մինա (21.02.2013), Նաիրուհի (22.02.2013), Վոլտերա (21.02.2013), Տրիբուն (26.02.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5-րդ տարբերակ



    Անվերնագիր




    Արտակը փոքր ժամանակ իրենց կլոր դոմիկում խաղալուց անհաջող ընկել էր շեմքի բարձր երկաթին ու ամորձիների ճողվածք էր ստացել: Նրան ձեռք էին առնում մինչև ավարտական դասարանները.
    - Արտակ բժիշկը քեզ չրատե՞լ ա, թե չես թողել:
    - Հո՞ ուրիշ բան ման ձեռի հետ չի թռցրել:
    - Երեխե՛ք, չմոն ինչա՞:
    -Արտակին հարցրեք , ինքը էդ հարցում պրոֆի ա:
    Ես շատ տարօրինակ մարդ էի, քանի որ հիստերիկի նման չէի ծիծաղում իրենց կատակների վրա:
    Արտակի գլխում էլ հոտած ձվի նման հասունանում էր այդ անվերջանալի ծաղրանքներից ազատվելու ծրագիրը: Նա գիտեր ինչ է պետք անել, որ բոլորը մոռանան իր բարեմասնությունների մասին:
    - Հա՜ , երեխե՛ք, ճիշտ եմ ասում, իրա պապան հիմա բերդում նստած ա, ինքը սպանել ա իրա կնոջը:
    Էստեղ ես հասկացա, որ Արտակի ճողվածքը մենակ ամորձիներին վրա չի, այլ ուղեղում էլ ա, ու որ երկուսն էլ իրանց տեղը գցել ա պետք, մեկ էլ դեմքի մի քանի հավելումները մշակել, որ իրենց չվերաբերվող հարցերի մեջ չհայնտվեն նորից:
    Ես անհավասարակշիռ հոգեկան էի: Դրա ապացույցը էդ անասունի դեմքին էր` սկզբում ջարդած, արնլվա, հետո ծուռ կպած քթի տեսքով: Ափսոս պլաստիկ վիրաբուժության հրաշքներն ու հոր փողերը աղավաղեցին գլուխգործոցս: Մի բան հաստատ գիտեմ, հիմա իրա գլխում չի, որ հոտած ձվեր են հասունանում:

    Վարորդին ասում եմ կամաց քշի, ես չեմ շտապում… Հորս այսօր բաց են թողնում: Ես տուն եմ գնում, բայց չգիտեմ ոնց դիմավորեմ նրան, ինչ զգամ… չգիտեմ: Մարդիկ հաստատ ինձ կասեին ինչ անեմ, իրանք ամեն իրավիճակի համար ու ամեն մեկի վարվելակերպի մասին նախորոք սահմանված պատկերացում ունեն:
    Հայացքս ընկնում է գետափին, էլի նույն աղբանոցն է: Գարշահոտը մեքենայի բաց պատուհանից լցվում է ներս, ես սկսում եմ որձկալ ու բարձրացնում եմ ապակին: Մարդիկ իրենց զուգարանների պարունակությունն են դույլերով կրում, լցնում այստեղ, իրենց կենսագործունեության արգասիքները, մարսած, չմարսած:: Մեկ է գետը կքշի կտանի, մտածում են իրանք: Բայց գետը վաղուց ցամաքել է …
    Մի քանի տարի առաջ, երբ աղբանոցի վրա վխտում էին սովորականից ավելի ագռավներ, նրանց կռկռոցից զզված մարդիկ հավաքվեցին, գնացին քշելու: Այնտեղից նորածնի դիակ էին գտել… Երևի նրա դեռահաս մայրն էլ էր մտածել, թե գետը կքշի կտանի: Նրան չդատեցին…

    Հայրս մորս սպանել է իմ աչքի առաջ, երբ ես յոթ տարեկան էի:
    Ես ոչինչ չեմ հիշում, մենակ հորս գժված հայացքն եմ հիշում: Նա նայում էր ինձ, նայում էր մորս ու անընդհատ կրկնում էր.
    -Էս ի՞նչ արի, էս ի՞նչ արի…

    Ասում էին մայրս հորս դավաճանել է: Չգիտեմ… մորս լավ չեմ հիշում: Նրա դեմքը շաղված պատկերի նման մեկ մեկ լողում ա աչքերիս առաջ: Նրա տաք ձեռքերն եմ հիշում` ինձ օրորելուց, ու որ նա ինձ համար հեքիաթներ էր պատմում: Դրանք միշտ վերջանում էին «…և նրանք ապրեցին երկար ու երջանիկ»: Ատում եմ հեքիաթները…
    Հայրս ամեն տարի մեկնում էր արտագնա աշխատանքի ու հետ էր գալիս, չէր մնում: Նրա հետևից գալիս էին նամակներ ու նկարներ: Մի օր ես դրանցից մեկը գտել էի: Տարա հորս մոտ ժպտաց, ես էլ ժպտացի: Ես նրան ասացի, որ մամային ցույց տալուց չեմ ժպտացել, նա գունատվեց: Ես ոչինչ չհասկացա: Ինչի ՞ եմ փորձում արդարացնել մորս, ես նույնիսկ չգիտեմ ճիշտ է այն ինչ ասում են, թե…
    Հայրս սիրում էր մորս: Երևի նրա համար անտանելի էր պատկերացնել, թե որևէ մեկը դիպչել է մորս, նրա մաշկին, շնչել նրա մարմնի բույրը, համբուրել է նրան: Բայց ավելի զզվելին երևի այն էր, որ այդ մեկը, այդ լպրծուն կենդանին կարա իր թիկունքում ամենավերջի խոսքերով պատմի ինչեր ա արել: Ու դրան ոտքերի տակ կիսամեռ աստիճանի լղկելուց հետո հայրս դատարկում է “հինգաստղանու” շիշն ու մտածում, որ տուն գնալու ժամանակն է… Ինչի՞ եմ փորձում հասկանալ հորս…


    Դարպասները փակ են, ինչպես միշտ: Ես հարվածում եմ մի քանի անգամ: Ամառային խոհանոցի դուռը բացվում է, այնտեղից դուրս է գալիս կզացած մի կին, ալրոտ ձեռքերը գոգնոցի փեշին սրբելով: Նանես…
    - Նանե՜…, արի՛ դուռը բաց, ես եմ:
    - Անա ջան էկա՞ր: Բալես էկա՜ր, - գրկում է ինձ, նրա գլխից հացի ու ծխի հոտ է գալիս:
    Ես հիշում եմ Նանեի փափուկ ծնկները, որ գլուխս դնում էի ժամերով շոյում էր, նրա խեղդելու աստիճան ամուր, բայց տաք ու հարազատ գիրկը, այ, հենց հիմիկվա պես.
    - Իմ քյորփա բալա… իմ մայրում մանցուգ բալա…
    Աչքերս ցավում են… ես լացել չգիտեմ…

    Տաքսին կանգնում է փողոցի ներքևում: Նրանից իջնում է ալեհեր, բարձրահասակ մի մարդ: Նանեն անօգուտ աչքերն է սրբում ու հառաչում: Նա մոտենում է, ճակատն իջել է դեմքին, կնճռոտվել է ահավոր, բայց ես… ես… ճանաչում եմ… նա ժպտում է, ես չեմ ժպտում… գլուխս պտտվում է, շունչս դադարում, ես լսում եմ ինչ-որ ձայներ, խուլ կտրտվող ձայներ…
    - Չէ՛, չէ՛… տենց բան չկա… մի արա՛ , Վարդա՜ն խնդրում եմ … ես քեզ…

    Աչքերս ցավում են նորից…

    Այդ մարդը ավելի ու ավելի է մոտենում, նա գալիս է վստահ, արագ ու մեծ քայլերովով, նրա ձեռքերը լայն բացվում են… սեփական մարմինս ինձ համար դառնում է օտար:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (21.02.2013), ivy (20.02.2013), Sambitbaba (21.02.2013), Վոլտերա (21.02.2013), Տրիբուն (26.02.2013)

  13. #7
    Լիարժեք անդամ Արևանուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2011
    Հասցե
    Մեղրի
    Գրառումներ
    146
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտ

    «Հետ գնաց ու մեջքը հենեց նախասրահի պատին...», էլ ինչու՞ «Անմարդկային ճիգով ինձ ստիպեցի հանդարտվել» : Ցավոք տղամարդիկ պահը միշտ ուշ են ըմբռնում:

    ինձ դուր եկավ այս գործը, ցավում եմ որ չեմ կարող ձայն տալ:
    Գարունն առաջինն ինձ է արարել

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.02.2013), Lusntag Lusine (23.02.2013)

  15. #8
    Լիարժեք անդամ Արևանուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.10.2011
    Հասցե
    Մեղրի
    Գրառումներ
    146
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4-րդ տարբերակ, Կարոտը


    «Մատները սահեցրեց մազերիս միջով, համարյա նախկին քնքշությամբ ու փափուկ շարժումով կզակիցս բռնելով՝ գլուխս բարձրացրեց: Հայացքում տաքություն կար:
    ...
    Հետ գնաց ու մեջքը հենեց նախասրահի պատին...
    » --- ետ մնալու կանչ էր, անխոս կանչ, մի քայլ էր պետք, գոնե մատներով գգվանք, մի՞թե դժվար էր հասկանալ...
    Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 21.02.2013, 23:32:
    Գարունն առաջինն ինձ է արարել

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusntag Lusine (24.02.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անծանոթ տուն (Ո՞վ է նա)- Շատ լավ պատմվածքի սևագրություն էր, չէի քվեարկի:

    Հյուսիսի կինը- կքվեարկեի:

  18. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճռռոցը պատմվածք չէր, բայց հա լավ էր գրված, չէի քվեարկի:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (22.02.2013)

  20. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճռռոցը հաղթո՞ւմ ա

  21. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, բայց դու լավ անսլուխ ես ։))

    Հեղինակները որ բացահայտվեն մեծ անակնկալներ են սպասվում։

    Sent from my Nexus 7 using Tapatalk HD
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.02.2013), StrangeLittleGirl (24.02.2013)

  23. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, բայց դու լավ անսլուխ ես ։))
    Կարող ա, Ռուֆ ջան: Դե դու սլուխով երգի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 887
    Վերջինը: 19.04.2014, 12:33
  3. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 145
    Վերջինը: 25.02.2013, 16:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •