Դավիթ-ի խոսքերից
Մեֆ ջան, հեչ հավես չկա պաշտպանելու Նժդեհին, բայց ուշադիր կարդա սա ու ասա, որ իր դերը դեռ պարզ չեր:
Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։
Կրթությունը
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո` Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։
Զինվորական գործունեությունը
Բալկաններ
1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։
Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար Դրոի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։
Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։
Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստան
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։
Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ 1920 թ-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թ., նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Զանգեզուրը մնալու էր Հայաստանի կողմից: 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան: Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա:
Էջանիշներ