Զորամասից դուրս գալուց միայն մոտ կես ժամ անց բնակելի տուն երևաց՝ քաղաքակրթության գոյության առաջին նշույլներից մեկը: Եվս մի քանի տուն, ու մենք արդեն Արծվաշենում ենք: Հետո՝ Բերդ, Իջևան, Դիլիջան, Սևան, Չարենցավան ու, վերջապես, Երևան: Այս ընթացքում արձակուրդ գնացող զինվորները զրուցում էին տարբեր թեմաների շուրջ՝ այլ զորամասերի հետ Մեհրաբի համեմատությունը (քննարկված բոլոր չափանիշներով` տեղակայման վայր, կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմաններ, անվտանգություն, Մեհրաբը միաձայն համարվեց վատագույնը) Դեդ Հասանի սպանությունն ու քրեական աշխարհում ազդեցության ոլորտների նոր վերաբաշխումները, գերմանական փաուեր մետալի առանձնահատկությունները (այս քննարկմանը մասնակցում էին երեք հոգի, որոնցից մեկը ես էի, մյուսը՝ զորամասի հազվագյուտ ռոքասեր-մետալասերներ զինվորներից, իսկ երրորդը քննադատում էր մեր ապառազմահայրենասիրական երաժշտական ճաշակը) և այլն, պատմում էին զինվորական լեգենդներ: Վերջիններս նման են քաղաքային լեգենդներին, պարզապես կիսաիրական-կիսահնարովի գործողությունները կապված են զինվորական ծառայության, մասնավորապես՝ սահմանամերձ դիրքերում մարտական հերթապահության հետ: Ահա դրանցից մի քանիսը.
Չորս սահմանապահ որոշում են լուսանկարվել: Այդ ժամանակ թվային տեխնոլոգիաները դեռ տարածված չէին, ու նկարի երևակման համար ժապավենն ուղարկում են մոտակա քաղաք: Ու երբ որ լուսանկարը նրանց է հասնում, դրա վրա երևում են ոչ թե չորս, այլ՝ հինգ հոգի: Անծանոթը, բնականաբար, հակառակորդի հետախույզն էր:
Ցուրտ ձմռանը, ուշ երեկոյան, երկու ծառայակից ընկերներ բնական կարիքները по-большому հոգալու համար անմիջապես սահմանի վրա տեղակայված մարտական դիրքից մի քիչ հեռանում են ու անվտանգության նկատառումներից ելնելով որոշում են գործը անել մեջք մեջքի տված: Այդ ընթացքում նրանց մոտ ծխելու ցանկություն է առաջանում: Միայն մեկ սիգարետ է մնացած լինում, ու սկսում են ծխել «ֆռռալով»՝ մի քանի ծուխ քաշելուց հետո ուսի վրայով սիգարետն ընկերոջը փոխանցելով ու այդպես շարունակ: Վայրկյաններ անց նրանցից մեկը խնդրում է նորից փոխանցել սիգարետը, իսկ մյուսը պատասխանում է, թե հենց նոր է փոխանցել: Առեղծվածը լուծվում է կրակայրիչի միջոցով. ձյան վրա երրորդ մարդու ոտնահետքեր են հայտնաբերվում:
Այս մեկը հիշեցնում է Տարանտինոյի «Անփառունակ սրիկաներ» ֆիլմի տեսարաններից մեկը, որում բրիտանացի լրտեսն ակամա ինքնաբացահայտվում է՝ 3 թիվը ոչ գերմանական ձևով ցույց տալով. ադրբեջաներենին լավ տիրապետող հայ հետախույզը մտնում է հակառակորդի սահմանամերձ գյուղերից մեկը, մասնակցում հարսանյաց արարողության, կենացներ ասում, բայց վերջում բռնվում է, երբ սիգարետի մոխիրը թափ է տալիս՝ բթամատով կտտացնելով: Համաձայն լեգենդի՝ կովկասյան տարածաշրջանի ազգերից միայն հայերն են մոխիրն այդ կերպով հեռացնում:
(շարունակելի)
Էջանիշներ