Քանի որ վերջին շրջանում ակումբում բացվեցին երկու տարբեր թեմաներ բազմապատկման ալընտրանքային եղանակների վերաբերյալ («Բազմապատկման «ճապոնական» կամ «Վեդիկ» եղանակ» և «Բազմապատկման եթովպական տարբերակ»), որոշեցի ներկայացնել ևս մեկ այլընտրանքային տարբերակ` բազմապատկման իկուչ եղանակը:
Վերցնենք հենց հարևան թեմաներից մեկում քննարկված օրինակը՝ 27 և 32 թվերի բազմապատկումը: Գրենք իրար կողքի.
27 32
Իրականում կապ չունի թե որը, բայց հարմարության համար ավելի մեծ գրել ենք աջ կողմում: Բաժանենք դա 2-ի ու գրենք առաջին թվի տակ: Եթե թիվը բաժանվում է 2-ի առանց մնացորդի, ապա 32 թվի տակ դնենք «-» պայմանական նշանը, եթե չբաժանվի, քիչ անց այլ օրինակի վրա ցույց կտամ թե ինչ է պետք անել:
27 32
16 -
Այժմ մեզ պետք է իրար բազմապատկել իրար տակ գրված 27 և 16 թվերը և արդյունքը գրել ներքևում, այսպես՝
27 32
16 -
_____
432
Այս ստացված թիվը բազմապատկենք 2-ով ու կստանանք մեր ուզած թիվը՝
27 32
16 -
_____
432
2
_____
864
Թեման կարդացողներն, անշուշտ, հիմա կմտածեն, թե սա ինչ հիմարություն է՝ նախ բաժանեցինք 2-ի, հետո բազմապատկեցինք, է հետո՞: Մի շտապեք
Ես թեև շտապեցի բազմապատկել 27-ը 16-ով, այդ բազմապատկումն ամեն դեպքում նույնքան «բարդ է», որքան 27 և 32 թվերի արտադրյալ հաշվելը: Հետևաբար այս արտադրյալը ևս կարելի էր հաշվել այդ տարբերակով: Փորձեմ քայլ առ քայլ ցույց տալ: Այսպես, պետք է բազմապատկենք 27 և 32 թվերը: Գրում ենք իրար կողքի, 32-ը բաժանում 2-ի և արդյունքը գրում 27-ի տակ:
Քայլ 1.
27 32
16 -
Այժմ չենք շտապում, մեզ պետք է բազմապատկել 27 ու 16 թվերը, նույն եղանակով կստանանք
Քայլ 2.
27 16
8 -
Հիմա 27 և 8 թվերի արտադրյալը՝
Քայլ 3.
27 8
4 -
Հերթը հասավ 27 և 4 թվերի արտադրյալին.
Քայլ 4.
27 4
2 -
Վերջ: Երբ հասնում ենք 2-ին՝ սկսում ենք բազմապատկելը՝
Քայլ 5.
27 4
2 -
____
54
Սա իր հերթին բազապատկում ենք 2-ով՝
Քայլ 6.
27 4
2 -
____
54
2
____
108
Այսպտեղ ստացանք 27 և 4 թվերի արտադրյալը, որը մեզ պետք էր 3-րդ քայլում, արդյունքը տեղադրում ենք այնտեղ, ապա բազմապատկում 2-ով, որպեսզի ստանանք այդ քայլում պահանջված 27 և 8 թվերի արտադրյալը.
Քայլ 7.
27 8
4 -
___
108
2
___
216
Այս ստացված արդյունքը տեղադրում ենք 2-րդ քայլում ապա բազմապատկում 2-ով.
Քայլ 8.
27 16
8 -
____
216
2
____
432
Հերթը հասավ արդյունքը տեղադրել առաջին քայլում ու բազմապատկել 2-ով.
Քայլ 9.
27 32
16 -
____
432
2
____
864
Ահա և ստացանք մեր ուզած 27 և 32 թվերի արտադրյալը: Ի՞նչ շահեցինք սրանից: Գուցե մեր ժամանակը փոքր ինչ ավելի գնաց, քան մյուս տարբերակներում (էլ չխոսած հաշվիչի մասին), բայց փոխարենը մենք շատ պարզ քայլերով ու գործողություններով ստացանք մեր ուզած թիվը, և որ ամենակարևորն է, մեզ ՊԵՏՔ ՉԷ հիշել բազմապատկման աղյուսակը, խնդիրը բերվում է միայն 0-ից 9 թվերը 2-ով բազմապատկելն իմանալուն:
Եվ վերջում. ի՞նչ անել, եթե թիվը չի բաժանվում 2-ի, կենտ է, օրինակ եթե պետք է բազմապատկելն 27-ն ու 33-ը: Բոլոր քայլերը չեմ գրի, միայն ամենավերևինը: Այս դեպքում 33-ից հանում ենք 1, ստանում ենք 32, այս թիվը բաժանում ենք 2-ի ու գրում 27-ի տակ, իսկ 33-ի տակ գրում ենք պայմանական «+» նշանը, որը մեզ պետք է հուշի, որ հետո ևս մեկ գործողություն կա անելու, ստանում ենք այս տեսքը.
27 33
16 +
Երբ քայլ առ քայլ գնայինք ու հասնեինք հաշվեինք 27-ի ու 16-ի արտադրյալը, կունենայինք
27 33
16 +
____
432
Սա բազմապատկենք 2-ով՝
27 33
16 +
____
432
2
____
864
Եվ ամենավերջում, եթե դրել էինք + նշանը, որեմն ունենք անելու ևս մի քայլ՝ ստացված թվին պետք է գումարել ձախ կողմում գրված թիվը՝ 27-ը
864+27=891
Ահա և վերջ: Իմանալով միայն գումարում ու բազմապատկում 2-ով կարող ենք մի քանի գործողություններով հաշվել ցանկացած թվերի արտադրյալը:
Էջանիշներ