----
Քանի օր էր, ինչ Ինտերնետ++ը ժամերով կորչում էր: Ուշադիրը5-ը տեղը չէր գտնում, սպասում էր, սպասում, հետո սկսում պտտվել միջանցքներով: Նա իրեն դատարկ էր զգում, պատրաստվում էր նախատինքների հեղեղ տեղալ, բայց երբ Ինտը հայտնվում էր, մի քանի խռոված րոպեներ, ու ամեն ինչ նորմալ էր:
Ուշադիրը5-ը չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում, ինչու է ինքը կտրուկ փոխում որոշումները, մտածում այլ կերպ, գործում ուրիշ ձևով: Իր մեջ տարբեր ես-երի առկայությունը նա միշտ էր զգացել, բայց վերջին օրերին այդ ամենն ավելի սուր էր արտահայտվում:
Ուշադիրը5-ը
Գասպարյա՛ն ջան, ոնց որ թե առավոտից սենյակում ես: Ինտերնետ++ին չե՞ս տեսել:
Դանիել Գասպարյան
Չեմ տեսել: Բայց մի բան ասեմ՝ մեր մեջ մնա: Զգույշ մնա: Վերջերս շատ ես կապվել դրա հետ: Դու այդ տղայի մասին ի՞նչ գիտես:
Ուշադիրը5-ը
Գասպարյան ջան, չեմ կարծում՝ զգուշանալու բան կա: Ջահել, հետաքրքիր տղա է: Շփվում ենք ուղղակի: Դեռ ինչքա՞ն ենք շփվել, որ մանրամասներ էլ իմանամ:
Դանիել Գասպարյան
Ինչ ասեմ, դու գիտես:
Ուշադիրը5-ը արդեն գիտեր, որ օրվա մի ժամի կհայտնվի սիրելի Ինտը ու այժմյան կասկածները միանագամից կցրվեն: Սակայն այդ օրը Ինտերնետ++ը անգամ չարդարացավ երկար բացակայության համար: Քիչ էր մնացել՝ Ուշը սիրահարված աղջկնակի նման բացատրություն պահանջեր, բայց մյուս ես-ը նրան հիշեցրեց իր սեռն ու դիրքը:
Այդ օրը կարող էր անհետք անցնել, բայց դա վերջինը չեղավ: Ընդհակառակը՝ Ինտը մի ժամից ավելի չէր մնում հանրակացարանում, օրերով կորչում էր:
Այդ օրը կարող էր անհետք անցնել, բայց դա վերջինը չեղավ: Ընդհակառակը՝ Ինտը մի ժամից ավելի չէր մնում հանրակացարանում, օրերով կորչում էր:
Ուշադիրը5-ը նորից կենտրոնացել էր գրական գործունեության վրա: Բայց հիմա երբ նա կորպուսում էր լինում, միայն նոր հայտնված ու բանից անտեղյակ ստեղծագործողներն էին հանդգնում հանդես գալ իրենց գործերով: Արդյունքում՝ մտաբուժարան:
Շատերն էին սկսել խոսել Ուշադիրը5-ին կորպուսից հեռացնելու մասին, բայց Ջոյս Մարգարյանը բազմանշանակ ժպտում ու ձեռքով էր անում՝ “սպասե՛ք”:
Այդ օրը սենյակ վերադառնալիս Ուշը շտապում էր: Ինտը երեք օր էր՝ չկար, այսօր գոնե կես ժամով կարող էր հայտնվել: Ինքը պիտի սենյակում լիներ:
“Երբ սպասումը ի դերև է լինում…”. փակեց գրքի չկարդացվող էջը, ուզում էր մի անգամ էլ կարդալ իր պատին՝ Ինտի գրած տողերը, տեսավ՝ նամակ է ստացել: Ինտից էր, շունչը մի վայրկյան պահեց, ժպտաց ու սկսեց կարդալ:
Ինտերնետ++
Ո՛ւշ, կարող էի այս նամակը քեզ չգրել, միևնույն է, վաղը քեզ հրապարակավ ամեն ինչ կասեին, բայց ինչքան էլ մեր շփումը ծրագրային էր, մեկ է, ես հասցրի կապվել քեզ հետ, քո երկու էությունների հետ:
Գիտեմ՝ քեզ մեծ ցավ պատճառեցի՝ քո տված ընկերության ու սիրո փոխարեն, բայց մտածում եմ՝ գուցե քեզ համար էլ բարին դա է:
Ինչքան էլ ինձ վստահում էիր, բայց էլի կյանքիցս հարցեր էիր տալիս ու խուսափող պատասխաններ ստանում: Հիմա կտամ բոլոր պատասխանները:
Ես Արթուր Օհանյանն եմ՝ համակարգչային մասնագետ: Այս հանրակացարանում էի Ջոյս Մարգարյանի պատվերով: Դու կանգնել էիր նրանց ճանապարհին, պետք էր ազատվել քեզնից: Ինչքան էլ շանսերը զրոյական էին՝ կապված քո մասնագիտական ու ստեղծագործական մտքի հետ, կար մի անցք, որը կարելի էր փորփրել. գո՞ւցե գանձեր դուրս գային: Դա քո կտրուկ փոփոխվող վարքն էր ու կապույտ հանրակացարանից դուրս չգոյությունը:
Ճիշտ է՝ դու արդեն բավական ինքնուրույն ես քո կերպարում, այնքան, որ ինքդ էլ հավատում ես գոյությանդ, բայց մյուսի ազդեցությունն էլ ուժեղ զգալի է՝ վկա մեր հարաբերությունները, սերդ…
Դու ֆեյք ես՝ Վարդինե Տոնոյանի ֆեյքը:
Վաղը քեզ համար կսկսվի դժոխքը: Անհետ հեռացիր կապույտ հանրակացարանից: Ջնջի՛ր պրոֆիլդ:
Մնա՛ս բարով, քեզ միշտ կհիշեմ:




Մեջբերել
Էջանիշներ