Դեռ երեկ էր: Իմ երեկն անհայտից անհայտ ճառագայթում ծնունդից մինչև ներկա հատվածն է ու այդ երեկի մի հատվածում ես երեք տարեկան էի: Դեռ երեկ էր, կոնկրետ հատվածի կոնկրետ կետում ես նույն անքունն էի, ինչ այսօր եմ: Զուր էր մայրիկս չարաշահում բլիթի ու մահակի մեթոդները, զուր էին հորդորները, փոքրիկ այլմոլորակայինը չէր ցանկանում քնել: Չմոռանամ ասել, որ իմ երկրային մարմնում թյուրիմացաբար այլմոլորակաին հոգի էին install արել : Ինչևէ, փոքրիկ այլմոլորակայինին հերթական անգամ քնեցնելու անհաջող փորձերից, օրորոցայիններից հետո խորհրդավոր շշուկով մայրիկը մատնացույց արեց պատուհանից այն կողմ դողացող ստվերները.
- Սատանաներ են, եթե խելոք չմնաս, կգան քեզ կտանեն, քնիր, էլ մի պտտվի հոլի նման, որ չտանեն քեզ:
Սատանանե՞ր: Իմ այլմոլորակային էությունը միստիկ էակների բացահայտման երանավետ կանխազգացմամբ նետվեց պատուհանի ուղղությամբ ու տխուր-տրտում ետ վերադարձավ:
- Մամ, մի վախեցի, սատանաներ չեն, խաղողի ծառի ստվերն էր:
Իմ ամենահին մանկական հիշողություններից:
Էջանիշներ