Օրագիրս բույն ա դարձել, էն դառը, պաթետիկ պահերին, որ լացս գալիս ա, գալիս, էստեղ ջերմ պահերն եմ հիշում, ամեն ինչից կտրվում։
Հիշում եմ, 2009-ին ծանոթացանք։ Չեմ հիշում հերթական անգամ ինչի քիթս կախ նստած էի։ Ներս մտավ՝ նիհարիկ, էլֆական, անբաժան կամերան ուսից կախ։ Անձրևից հետո արևի փայլելու զգացողություն էր։
- Ես ճիշտ եմ եկե՞լ, - հարցրեց՝ առանց ճշտելու ուր պիտի գար։
- Հա, - ասացի, էլի առանց ճշտելու։
Հասկացանք իրավիճակի աբսուրդը, ծիծաղեցինք։ Դեռ էն լատինատառ գրելու ժամանակներից իրար գրում էինք։ Ամեն հաղորդագրություն նոր գաղափար էր տալիս, նոր համագործակցություն կամ ուղղակի հավեսագույն ժամանակ անցկացնելու պլանավորում էր։ Ասես բառերն իրար խնայեինք։ Հետո իմացա, որ ազգականներ ենք։ Դե մենք ասում էինք քույրեր, թեև ազգակցական կապը հույժ հեռու էր։ Ու չնայած գեների պատկառելի հեռավորությանը, հոգիները քույրեր էին։ Երբ միասին էինք ապրում, մեր օրը հեքիաթ էր։ Բայց ամենատպավորիչը մեր ընթրիքներն էին։ Աշխատանքի ժամանակ հաց չէինք ուտում, արդեն մթով հասնում էինք տուն, ու երևակայել ա պետք, թե բոլոր առումներով գրողն ու նկարչուհին ինչ կանեին։ Համային էքսպերիմենտներն իմն էին, փայլուն խոհարար դարձա, դիզայնն իրենը։ Հեքիաթային սիրուն ափսեներ ուներ, ցածր, կլոր փայտից սեղան ու հեքիաթի թզուկների աթոռակներ։ Նստում էին ու ավելի շատ խոսում, քան ուտում։ Կիսվում էինք օրվա տպավորություններով։ Բայց դասական կիսվել չէր, աշխատանքը քննարկել չէր, գույների, երևակայության, զգացողությունների ու ապագայի երազանքների պար էր։ Մի անգամ մեր զրույցները վալսի հետ համեմատեցի, ասաց, որ ավելի շատ իմպրեսիոնիզմի ու սյուռեալիզմի հատույթում ինչ-որ բան է, թեթե ռոքընռոլի նոտայով։ Երեկ ֆոտո էր ուղարկել, ոնց են ինձ համար ձնծաղիկներ հավաքում։
Որոշեցի, որ չեմ լուսանկարելու, ֆեյսբուքում իքնահաստատվեմ, թեգեր անեմ։ Ուղղակի վայելելու եմ պահը։ Ստեղծելու եմ վայելքի արժանի պահեր ու կյանքս լցնեմ էդ սպասումներով։ Էնքան քաղցր ու տաք զգացողություն է լավ բանի սպասումը, առաջ անհամբեր էի, չէի սովորել գնահատել։
Էջանիշներ