Այս գործը գրեցի մեկ այլ կայքում հայտարարված համանուն մրցույթի համար: Ծավալով մոտ երեք անգամ ավել ստացվեց, իսկ կրճատածս էլ դուրս չեկավ, այնպես որ չուղարկեցի: Հետո համարեցի, որ այն համապատասխանում է “Ակումբում” հայտարարված “Աշխարհի սկիզբ” մրցույթին: Կրճատեցի երկրորդ անգամ և ուղարկեցի: Ցավոք, ինչ-ինչ պատճառներով անարժան համարվեց մրցույթին մասնակցելու համար:
Եվ սակայն, ես որոշեցի տեղադրել այն այստեղ, մրցույթի պատմվածքներից ոչ հեռու: Ինչու՞: Որովհետև մրցույթին մասնակցելու իմ ցանկությունը ոչ թե մրցանակ շահելու նպատակն էր, այլ հարցին իմ մոտեցման հետ ձեզ ծանոթացնելը: Եվ, քանի որ այլևս սահմանափակված չեմ մրցույթի պայմաններով, տեղադրում եմ գործն ամբողջովին:
Հուսամ, ոմանց կհետաքրքրի…
ԻՆՉՈՒ՞ ՉԵԿԱՎ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ
ԱՐԱՐՉԻ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ
Դու ինձ հարցնում ես, թե ինչու՞ չեկավ Աշխարհի Վերջը: Ներիր, բայց ես չգիտեմ, թե որքան լուրջ ես դու այդ հարցը տալիս: Իսկ անձնական փորձս ինձ ցույց է տվել, որ անգամ նրանք, ովքեր լրջորեն հետաքրքրված են հարցով, ցավոք, հեգնանքով են մոտենում նրան: Ինչու՞…
Հիմնավորապես պնդել չեմ կարող, բայց կարծում եմ, որ այնքան երկար են մեր աչքերը փակ եղել ճշմարտության առջև, այնքան երկար ենք ապրել քողարկված ճշմարտության մեջ, որ հենց այն էլ դարձել է մեր “իրականությունը”: Եվ ստացվում է, որ, եթե կեղծիքը դարձել է ճշմարտություն, ուրեմն այն, ինչ կեղծիք չի, բնականաբար, չի կարող ճշմարտություն լինել…
Ինչևէ: Չերկարացնեմ: Ասեմ ընդամենը, որ հարցին ես մոտենում եմ ամենայն լրջությամբ և այն ամենը, ինչի մասին կպատմեմ քեզ, ինձ համար բացարձակ իրականություն է սկսած այն ժամանակներից, երբ ես սկսեցի հետաքրքրվել այս թեմայով: Իսկ թե որքանով ես դու իրական համարում սա և որքան հետաքրքիր, - որոշիր ինքդ:
* * *
Ինչու՞ չեկավ աշխարհի վերջը:
Այսօրվա` համար մեկ հարցը: Մեկը տալիս է այն հեգնանքով, մյուսը` զարմանքով, երրորդը` սպառնալով, որ իբր, իզու՜ր եք ժամանակից շուտ ուրախանում, ամեն ինչ դեռ առջևում է… Անգամ կրոններից ոմանք, տեսնելով, որ 2000 թվականը “չեղյալ” հայտարարվեց` չէ՞ որ նրանք համարյա բոլորն էլ, մի քանի տարիների տարբերությամբ, պտտվում էին այդ տարեթվի շուրջ, - հիմա սկսել են արդեն ակնարկել 3000 թվականի մասին:
Ինչպես կասեր մի իմ սիրելի “Ակումբցին”, - Please…
Իսկ ամենակարևորն այն է, որ այն, չակերտների մեջ առնված բառը` իրականություն է. Աշխարհի Վերջը` Չեղյալ Հայտարարվեց:
Ինքստինքյան հարց է ծագում. ո՞վ կարող էր չեղյալ հայտարարել Աշխարհի Վերջը: Տրամաբանությունն էլ պատասխանում է. նա, ով սկիզբն էր դրել աշխարհի…
Հիմա դու, ինչպես ցանկանում ես, կոչիր դա. Մեծ Պայթյուն, Աստված, Աբսոլյուտ, չգիտեմ էլ ինչ: Բայց փաստը մնում է փաստ, որ դա մեր թեմայի հերոսն է, Նա, ով ինչ-որ ժամանակ և ինչ-որ բանի համար, ստեղծեց այս աշխարհը, իսկ այսօր էլ եկավ նրան, որ հրաժարվեց իր նախնական ծրագրից` աշխարհի վերջից: Քո թույլտվությամբ, ես նրան կկոչեմ Արարիչ, քանզի ինձ թվում է, որ այդ բառը, մի կողմից, լրիվ ընդունելի է հավատացյալների համար, իսկ մյուս կողմից էլ, այնքան սուր չի ծակում աթեիստների ականջը, որքան “Աստված” բառը: Եվ երրորդ, այդպես վարվելու համար, ես ունեմ իմ անձնական պատճառները, որոնց շուտով դու էլ կտեղեկանաս:
Ինչու՞ չեկավ աշխարհի վերջը:
Կարծում եմ, այս հարցին ճիշտ մոտենալու համար, ինչպես նաև դրան պատասխանելու համար, սկզբից անհրաժեշտ է պատասխանել մեկ այլ հարցի, որը… հետաքրքիր է, մեզանից քանի՞ հոգի է տվել ինքն իրեն, կամ ընդհանրապես, գիտե՞ս արդյոք որևէ մեկին, ով տվել է ինքն իրեն այդ հարցը.
Ինչու՞ ստեղծվեց աշխարհը…
Գիտե՞ս որևէ մեկին…
Ես գիտեմ. Գրիգոր Տաթևացի: Մի հարցրու` երբ, մի հարցրու` որտեղ: Չգիտեմ: Նրա աշխատությունների այն սակավաթիվ էջերին, որոնց բախտ է վիճակվել ծանոթանալ, ինքս չեմ հանդիպել այդ խոսքերին: Բայց լսել եմ մեկից, ում գիտելիքների վրա կասկած չունեմ: Անկեղծ ասած, այսօր արդեն այնքան էլ կարևոր չի ինձ համար, ասե՞լ է արդյոք Տաթևացին այդ խոսքերը, անգամ ասվե՞լ են արդյոք նրանք ընդհանրապես ինչ-որ մեկի կողմից: Կարևորն այն է, որ նրանք ինձ համար փարոս դարձան իմ որոնումների խավարի մեջ…
Ահա այդ խոսքերը.
Արարիչ բազմացավ մեր մեջ, որպեսզի Իրենով զմայլվի:
* * *
Եկ փորձենք սկզբից, լա՞վ: Նախա-արարումից: ՄինչԲիգԲանգային ժամանակներից: Երբ գոյություն չուներ ոչինչ, բացի այն, կամ` Նա, ով պիտի ստեղծեր Տիեզերքը, պիտի ստեղծեր մեզ… Հիշու՞մ ես, վերևում պայմանավորվեցինք, որ ես դա պիտի կոչեմ “Արարիչ”: Բայց Նրան այդպես կոչել կարելի է արարումից հետո միայն, ճի՞շտ է: Քանզի ի՞նչ Արարիչ, եթե նա դեռևս ոչինչ չի արարել: Իսկ առայժմ եկ կոչենք նրան “Ամեն Ինչ”: Որովհետև…
Ամենասկզբում` հիշու՞մ ես, - “Բանն” էր: Եվ Բանն` Ամեն Ինչ էր: Եվ Բանից բացի, ուրիշ ոչինչ գոյություն չուներ: Եվ ապրում էր այդ Բան – Ամեն Ինչ էությունն Իր հավերժության մեջ էոններ շարունակ, երբ մի օր մտածեց.
- Իսկ ի՞նչ ասել է “Ամեն Ինչ”:
Իրոք, մտածե՞լ ես դու երբևէ, թե այն տարածքում, որտեղ ոչինչ գոյություն չունի, ինչպե՞ս կարող է դրսևորվել “Ամեն Ինչ”: “Ոչինչի” մեջ, ինչպե՞ս կարող է ինչ-որ բան լինել…
Պատկերացնու՞մ ես Բանի վիճակը: Ոչ կարող է Ինքն Իրեն ի հայտ բերել, ոչ կարող է Ինքն Իրեն արժեքավորել: Կամ որակավորել: Քանզի այդ բոլոր գործողությունների համար մի շատ կարևոր բան պակասում էր. մի բան, ինչի հետ կարելի կլիներ համեմատվել: Եվ բոլորովին էլ զարմանալի չէր լինի, եթե այդ ամենից հետո Բանն սկսեր մտածել.
- Միգուցէ Ես` “Ոչի՞նչ” Եմ… Միգուցէ Ես` չկա՞մ…
Էություն – Ան-Էություն…
Եթե ե՛ս լինեի նման իրավիճակի մեջ, ես կփորձեի ստեղծել մի բան, մի վիճակ, որն ինձ կօգներ հասկանալ իմ “ով” և “ինչ” լինելը: Եվ կարծում եմ, որ հենց այդպես էլ վարվեց Բանը. Նա հասկացավ, որ մի ինչ-որ բանի հետ համեմատվելու համար, Իրեն հարկավոր է մի այլ բան, ինչն “Ամեն Ինչ” չի և ինչի հետ համեմատվելով, Ինքը կկարողանա հասկանալ, թե ի՞նչ ասել է “Ամեն Ինչ”:
Եվ Նա արարեց “Այն, Ինչ Ամեն Ինչ Չի”:
Եվ հենց այդ առաջին արարման պահին` Բանը դարձավ Արարիչ:
Իհարկե, վերջին հաշվով “Այն, Ինչ Ամեն Ինչ Չի”-ն, միևնույն է, հենց նույն Ամեն Ինչն էր: Քանզի, հիշու՞մ ես, որ արարումից առաջ գոյություն ուներ միայն Բանը, որն Ամեն Ինչ էր: Հետևաբար, հետագայում ինչ էլ որ ստեղծվեր, կարող էր ստեղծվել միայն այդ “Ամեն Ինչից” և ուրիշ ոչինչից: Ստացվում է, որ “Այն, Ինչ Ամեն Ինչ Չէ”-ն `ընդամենը պատրանք էր, կարելի է ասել, Ամեն Ինչի ուրվականը, Նրա ստվերը: Բայց, ինչ էլ որ նա լիներ, նա հենակետ հանդիսացավ հասկանալու համար, թե ինչ ասել է “Ամեն Ինչ”:
Հիմա գոյություն ունեին արդեն երկու Բան. Այն, Ինչ Ամեն Ինչ Է, և Այն, Ինչ Ամեն Ինչ Չէ: Մի Բանը կարող էր համեմատվել մյուս Բանի հետ և դրանով պարզել Իր “ով” և “ինչ” լինելը:
Եկ անվանենք սա` փորձ:
Այստեղ մի այլ խնդիր էլ ի հայտ եկավ: Պարզվեց, որ մտովի փորձ ապրել ոչ մի կերպ հնարավոր չէ. որքան էլ ջանաս, այն մնում է գաղափար միայն, լավագույն դեպքում, դառնում է տեսություն, բայց երբեք` փորձ: Պարզվեց, որ փորձը կարիք ունի լինել շոշափելի, տեսանելի: Այսինքն, ի հայտ եկավ ֆիզիկական աշխարհի անհրաժեշտությունը: Կոպիտ ասած, շտապ Տիեզերք էր պետք:
Եվ Արարիչ արարեց Տիեզերքը:
Իր առաջին ֆիզիկական արարումը:
Մտածել, թե ինչպե՞ս Արարիչ արարեց, - կնշանակեր համաձայնվել, որ մեզ իզուր է տրված մտածելու ունակությունը: Բայց հաջորդ հարցը, ես կարծում եմ, որ շատերն են իրենց տվել գոնե մեկ անգամ կյանքում. Ինչի՞ց արարեց Արարիչ այս ամենը: Եվ, եթե անմիջապես, միգուցէ վախից դրդված, չեն մոռացել իրենց իսկ տված հարցը, ուրեմն շատ արագ գտել են այդ հարցի պատասխանը. Արարիչ արարեց Տիեզերքն Իրենից: Իհարկե, ուրիշ էլ ինչի՞ց Նա կարող էր արարել, եթե Իրենից բացի ուրիշ ոչինչ գոյություն չուներ:
Կարծում եմ, որ ավելի հայերեն կլինի ասել. Արարիչ դարձավ Տիեզերք:
Կամ էլ. Արարիչ` ֆի-զի-կա-կա-նա-ցավ:
Ոչ ամբողջովին, իհարկե: Ֆիզիկականացրեց իր փոքրիկ մասը միայն: Եվ անվանեց այդ մասը. Տիեզերք: Կամ… Աստված:
Լա՜վ-լա՜վ: Հենց տեղում մի՛ գնդակահարիր ինձ, խնդրում եմ: Դե հիմա, կարծիք է, ասում եմ էլի, - դու էլ քոնն ասեք: Չնայած…
Դեռևս Եռամեծ Տոտ Հերմեսն է ասել, որ Աստված` այն է, ինչ մենք զգում և տեսնում ենք: Եվ հետո, հենց ինքը` մեր, հայերեն “Աստված” բառը, շատ վառ արտահայտում է ինքն իրեն այն դեպքում, եթե մենք հրաժարվենք մի պահ մեր գիտեցած ստերեոտիպերից: Հենց հիմա ականջիս հնչում է ճիչը. “Իսկ Աճարյանը և մյուսնե՜րը”… Բայց ես Աճարյան չեմ, ես միջին կարգի գիտելիքներ ունեմ լեզվաբանության մասին, գուցէ և միջինից շատ ավելի քիչ: Բայց, երբ ես տեսնում կամ լսում եմ այդ բառը, - ես տեսնում և լսում եմ հետևյալը.
Աստված: Աս-տված: Այս-Տրվածը: Այս-ամբողջ-մեզ-Տրվածը:
Այն, ինչ տրված է մեզ տեսնել, զգալ, շոշափել մեր բոլոր հնարավոր զգայարաններով: Ահա թե ինչ է Աստված` Արարչի փոքրիկ մասը:
Եվ մի՞թե այս միակ հայերեն բառը չի արտահայտում ամբողջովին` Տոտ Հերմեսի արտահայտած միտքը:
Էջանիշներ