1–ին տարբերակ
Աշխարհի սկիզբը
Կար ժամանակ, երբ աշխարհը դատարկ էր, ու ծառերը հորիզոնական էին աճում:
Արևն էլ մանուշակագույն խորանարդ էր, իսկ քամին վերից վար ու վարից վեր
էր փչում:
Անտառի տակ (որովհետև ծառերը դեպի վեր էին կուտակվում) նստում էր Կայան,
որի տարիքի մասին ոչինչ չգիտենք, որովհետև աշխարհի միակ տղամարդն էր, ու
ոչ ոք չկար, որ նրանից ջահել կամ ծեր լիներ: Գետնին հասնող մորուք
ուներ, սպիտակ խուճուճ մազեր ու մինչև քիթը քաշած կանաչ գլխարկ: Աչքերը
չէին երևում, իսկ հոնքերը դուրս էին պրծել գլխարկի գործվածքի արանքներից:
Կայան մի երկար ձեռնափայտ ուներ և հողի վրա նախշեր էր անում:
Բայց նա լրիվ մենակ չէր: Անտառից քիչ այն կողմ մի գնդաձև տնակ կար, որը
չէր գլորվում, որովհետև այն ժամանակ ֆիզիկան ուրիշ օրենքներ ուներ: Էդ
տնակի ծխնելույզից ժամանակ առ ժամանակ համով ճաշեր էին բարձրանում, գալիս
Կայայի մոտ: Երբեմն էլ դռնից դուրս էր գալիս գետնին հասնող սպիտակ
հյուսերով Ճեյան, որի տարիքի մասին ոչինչ չգիտենք, որովհետև աշխարհի միակ
կինն էր, ու ոչ ոք չկար, որ նրանից ջահել կամ ծեր լիներ: Գալիս էր,
նստում Կայայի կողքին, փնթփնթում, հետ գնում տնակն ու շարունակում
ծխնելույզից համով ճաշեր ուղարկել:
Մի օր էլ, երբ Ճեյան երկար, շա՜տ երկար նստեց Կայայի կողքին, չդիմացավ,
հարցրեց, թե ինչ է խզբզում գետնին:
- Աշխարհ եմ ստեղծում:
Ճեյան ոտքից գլուխ չափեց Կայային ու փնթփթաց.
- Էս աշխարհը քեզ քի՞չ ա, մի հատ էլ նո՞րն ես ստեղծում:
Կայան բանի տեղ չդրեց, շարունակեց նախշեր գծել, ոտքով ջնջել, հետո նորից
փորձել: Ճեյան է՛լ քիթումռութ արեց, է՛լ ձևացրեց, թե նեղացել է, բայց
Կայայի հեչ վեջը չէր. նա աշխարհ էր ստեղծում:
Ձանձրացած Ճեյան հյուսերը հավաքեց, գցեց ուսին ու քայլեց տուն, որ
ծխնելույզից համով ճաշեր ուղարկելի, բայց հանկարծ Կայան կանչեց նրան: Հետ
դարձավ, թե՝ ի՞նչ ես ուզում, այ մարդ, սովա՞ծ ես, հեսա մի բան սարքեմ:
- Չէ, Ճեյա, նայի,- ասաց, ու հոնքերը հիացական դողացին գլխարկի վրա,- այ
էստեղ՝ գետնին նայի:
Կայայի ձեռնափայտի ծայրին ուրվագծեր էին գոյացել, ու մարդկային դիմագծեր
էին նշմարվում:
- Էս ո՞վ ա:
- Ես եմ ստեղծել:
Կայան հպարտ էր: Հիմա էլ Ճեյան չի ջղայնանա, չի մեղադրի, չի փնթփնթա, չի
դժգոհի, կասի՝ արարիչ ամուսին ունեմ: Ափսո՜ս հարևաններ չկային, որ գնար
հետները մի բաժակ սուրճ խմելու ու տեղը տեղին գլուխ գովելու:
Ուրվագծերը կամաց-կամաց ավելի հստակ դարձան, խորացան ու հեռացան գետնից՝
հայտնվելով ինչ-որ զարմանահրաշ ապակու հետևում, որը րոպեներ առաջ ուղղակի
չկար: Ճեյան սենյակ տեսավ, անկյունում՝ վանդակավոր ծածկոցով մահճակալ:
Պատի տակ փայտե սեղան հայտնվեց, դիմացը՝ աթոռ: Իսկ մարդկային պատկերը
ծավալ ստացավ ու հագուստ, նստեց սեղանի մոտ, գլուխը կախեց:
- Էս ի՞նչ ա անում:
- Գրում ա:
- Ի՞նչ ա գրում:
- Դեռ չեմ որոշել,- Կայան փորձեց աչքով անել, բայց դրա համար պիտի
գլխարկը հաներ, իսկ դա վտանգավոր ու ցավոտ կլիներ հոնքերի համար:
- Արի, Կայա, արի գնանք տուն: Թող հանգիստ գրի, մնացածը վաղը կշարունակես:
Կայան ոտքի կանգնեց, Ճեյայի թևը մտավ, ու երկուսով քայլեցին դեպի գնդաձև
խրճիթ, որը չէր գլորվում, որովհետև այն ժամանակ ֆիզիկան բոլորովին այլ
օրենքներ ուներ:
Հաջորդ օրը Կայան ու Ճեյան գնացին դեպի աշխարհի ստեղծման վայրը, որպեսզի
միասին որոշեն, թե ինչ է գրելու Կայայի ստեղծած արարածը:
Ապակու հետևում մութ էր: Հազիվ նշմարվում էր գետնին ընկած վանդակավոր
ծածկոցը և ինչ-որ մեկի շնչառությունից տեղաշարժվող օդը:
- Ինի:
- Հը՞:
- Ասում եմ՝ անունը դնենք Ինի,- առաջարկեց Ճեյան:
Կայան չէր ուզում համաձայնել միայն նրա համար, որ էդ միտքն առաջինը կնոջ
գլխում ծնվեց, բայց որովհետև ավելի հարմար առաջարկ չուներ ստիպված քթի
տակ արտաբերեց.
- Լավ:
- Ինի՛:
- Հը՞:
- Էս մեկը ես չէի:
Ձայնն ապակու հետևից էր լսվել: Դրան հետևեց դռան թակոցը: Հետո նորից կանչ
ու թակոց, մինչև սենյակում շարժում նկատվեց, ու լույսը ներս սողոսկեց.
Ինին բացել էր վարագույրները, ու արդեն շտապում էր դուռը բացելու:
- Վաղու՞ց ես ստեղ: Կներես, գիշերն ուշ եմ քնել, լրիվ մոռացել էի...
- Էս Ինիի տունն ուրիշ սենյակ չունի՞,- զարմացավ Ճեյան:
- Ո՞նց չունի,- Կայան մի պահ խառնվեց իրար, հետո ձեռնափայտով ինչ-որ բան
գծմծեց, որը կամաց-կամաց խորացավ, ձուլվեց ապակուն ու դուռ դարձավ,- ըհը,
էստեղից խոհանոց կգնա: Ո՞նց ա:
- Ուզում եմ խոհանոցն էլ տեսնել:
- Հիմա,- ու Կայան փայտիկով երկու անգամ խփեց ապակուն,- Տիկ,- քթի տակ
ժպտաց,- էս մեկի անունն էլ թող Տիկ լինի:
- Չէ, ի՞նչ ես խոսում: Հաստատ չէի ասել էսօրվա գալուս մասին,- ներս
մտնողը նկատեց Ինիի նոր զարթնած վիճակը ու,- ըըըմ, կուզե՞ս, դու քեզ
կարգի բեր, հետո կգամ:
- Ուրեմն ուզում ես ասել՝ գեշ եմ, հա՞: Չես ուզում վրաս նայել, հա՞...
- Չէ-չէ, հանգիստ մի հատ... ուղղակի գուցե քեզ... ըըըմ... էնքա՞ն էլ
հարմար չի հիմա:
- Արի ներս, միասին սուրճ խմենք:
Տիկն առաջ անցավ: Ինին բացեց մյուս դուռը, ու էդտեղ Կայան ու Ճեյան տեսան
խցի նմանվող խոհանոցը, որի կենտրոնում սեղան կար, կողքը՝ երկու աթոռ:
Լվացարանի մոտ ուղիղ գծով շարված էին սուրճի կեղտոտ բաժակներ: Ութ հատ:
Տիկը լվաց բաժակներն ու սկսեց սուրճ սարքել, մինչ Ինին որոշեց
այնուամենայնիվ իրեն կարգի բերել: Խոհանոց մտավ այն ժամանակ, երբ Տիկն
արդեն լցրել էր սուրճը ու մի կերպ տեղավորվել աթոռներից մեկին:
- Հոտը լավն ա: Ինչու՞ մեր սուրճից սենց հոտ չի գալիս,- շշնջաց Ճեյան՝
վախենալով, որ Տիկն ու Ինին կլսեն իրեն:
- Չգիտեմ: Էս մեր տնից եմ ուղարկել... Համ էլ հանգիստ, նրանք մեզ չեն լսում:
- Ուրեմն ասում ես՝ էլի չեղա՞վ:
- Չէ, Տիկ, չեղավ: Հոգնել եմ արդեն: Ասեցին՝ շատ անզգացմունք եմ գրել, դա
ընթերցողին չի հուզի:
- Այ քեզ բան... էն անգամ իրանք չէի՞ն բողոքում ավելորդ զգացմունքայնությունից:
- Չէ, դա Առյուծն էր:
- Բա էն մի գործդ սրանց տար, գուցե դուրները գա:
- Տարել եմ: Չեն էլ նայել: Ասեցին՝ խզբզոց ա: Դրա համար էս նորը տարա:
- Բա որ չեն նայել, ո՞նց են ասում՝ խզբզոց ա: Դրանք գրականությունից բան
չեն հասկանում:
- Տիկ, գուցե դու՞ չես հասկանում: Գուցե իսկականից զիբիլ եմ գրում, իսկ
դու անիմաստ ինձ ոգևորում ես: Գուցե պետք ա թողնել էս ամեն ինչն ու
նորմալ գործ ման գալ... էլ չեմ կարա, լուրջ եմ ասում, չեմ կարա... սաղ
գիշեր գրել եմ: Չգիտեմ էլ ինչ եմ գրել, ու էլի զիբիլի գին ունի, հաստատ:
Վախենում եմ նույնիսկ որևէ մեկի ցույց տալ,- Ինին նայեց առաստաղին, որ
չլացի:
- Մի հատ հանգստացի հա... Սաղի համար էլ սկզբում դժվար ա: Մի քանի անգամ
չստացվեց, ոչինչ, էլի կփորձենք:
- Չէ, սենց չի կարա շարունակվի: Ես գրող չեմ ու վերջ,- սա Սերժի հետ կապ
չունի,- ավելի լավ ա՝ լուրջ բաներով զբաղվեմ:
- Ինձ լսի, լա՞վ: Արի առայժմ հրատարակչություններին հանգիստ թողնենք:
Գուցե մրցույթների՞ ուղարկես գործերդ: Վստահ եմ, որ լավ կլինի: Էն օրը
կարդացի Տանձ մրցանակ ստացած պատմվածքը: Հեչ բան էր: Շարադրություն: Դու
հաստատ կհաղթես դրանց: Ու հետո դռները կբացվեն քո առաջ:
Ինին հոգոց հանեց: Տիկի հետ արդեն երկու տարի էր, ինչ էս հարցի շուրջ վիճում էին...
- Երկու տարի՞: Բայց դու իրանց էրեկ ես ստեղծել:
- Սուս մնա, անխելք կնիկ, երբ էլ ստեղծած լինեմ, բայց հո կենսագրություն ունեն:
...Ու վերջում միշտ Ինին հանձնվում էր, համաձայնում նոր բան փորձել,
նորից փորձել, ուրիշ կերպ փորձել, բայց ոչինչ դուրս չէր գալիս. ոչ մի
հրատարակչություն չէր ուզում Ինիի հետ գործ բռնել: Ամեն մերժումից հետո
պատեպատ էր խփվում, հիստերիկանում, զանգում Տիկին ու գոռգոռում՝ նրան
մեղադրելով իր բոլոր անհաջողությունների մեջ: Տիկը համբերատար լսում էր,
այցելում Ինիին, հանգստացնում ու նոր բան մոգոնում: Գրական մրցույթները
դեռ չէին փորձել: Ինիին դուր եկավ էդ միտքը:
Երբ երկուսով սկսեցին ուսումնասիրել, թե ինչ գրական մրցույթների
հայտարարություններ կան, ընտրել պատմվածքներն ու ուղարկել, Ճեյան ու
Կայան գնացին տուն մի կտոր հաց ուտելու, որովհետև ներսում մարդ չկար, որ
ծխնելույզից համով ճաշեր ուղարկեր, Ինիի գործն էլ նրանց ձանձրալի թվաց:
- Հիմա ի՞նչ, Ինին ոչ մի մրցանակ չի՞ ստանալու:
- Ի՞նչ իմանամ, ինչու՞ ես ինձ հարցնում:
- Բա դու չե՞ս ստեղծել իրան:
- Հասկացանք՝ ես եմ ստեղծել, բայց հո իրա ստեղծածը ես չեմ ստեղծել:
- Իսկականից վա՞տ ա գրում:
- Այ կնիկ, էս ի՞նչ հարցեր ես տալիս: Ես ի՞նչ իմանամ, կյանքում չեմ
կարդացել իրա գրածները:
Հաջորդ առավոտ նորից Ճեյան ու Կայան շարժվեցին դեպի անտառատակը, նստեցին
ապակու մոտ ու սկսեցին հետևել Կայայի ստեղծածներին:
Այ քեզ բան, Ինին էս անգամ լրիվ ուրիշ սենյակում էր: Ինչ-որ բազմոցի վրա
փռված, գիրկը՝ կերած-խմած սև բրդոտ կատու, որի՝ կյանքից գոհ լինելը
երևում էր պոչի համաչափ շարժումներից ու անթաքույց մռռոցից: Ինին շոյում
էր կատվի գլուխը, ականջի հետևը քորում, դնչի տակը խուտուտ տալիս: Կատվին
էլ ի՞նչ է պետք կատարյալ երջանկության համար:
- Էս կատու՞ն էլ ա քո ստեղծածը:
- Չէ, սա մեր Սևոն ա, չե՞ս ճանաչում: Չեմ հասկանում՝ ոնց ա էդ աշխարհում
հայտնվել: Ճիշտ եմ ասում՝ էս անգամ ես կապ չունեմ:
Ժամանակ առ ժամանակ կատուն նայում էր վերև՝ ուղիղ Ճեյայի դեմքին, աչքով
անում ու ատամները ցույց տալիս:
- Ո՞նց ա մեզ տեսնում ա, իսկ Ինին չի տեսնում:
- Սևոյին ես չեմ ստեղծել, դրա համար: Իսկ Ինին իրավունք չունի իմ մասին
իմանալու. ձևը տենց ա:
Բազմոցի դիմաց հեռուստացույց էր դրված: Ինչ-որ բան էին գովազդում, որ
հաստատ Ճեյան ու Կայան չգիտեին՝ ինչ է, որովհետև նրանց ժամանակներում
հեռուստացույց ու առավելևս գովազդ չկար:
Երբ գովազդն ավարտվեց, Ինին միանգամից զգաստացավ, դադարեցրեց կատվին
հաճույք պատճառելը ու սկսեց հետևել հեռուստահաղորդմանը: Էկրանից մի
սատանայանման տղամարդ գոռգոռում էր, թե՝ կինը պիտի առաքինի լինի, պիտի
բարոյական լինի, պիտի խոհանոցից դուրս չկա, թե՝ գրականությունը կնոջ
խելքի բանը չէ, կինը ստեղծված է երեխաներ ունենալու, ամուսնուն ծառայելու
համար:
Ինին կատաղեց: Կատվին մի կողմ շպրտեց, վազեց հեռախոսի մոտ:
-... Տիկ, դու տեսա՞ր դրան... հլը ոնց ա վեր-վեր թռնում: Հաստատ ինքն ա
մեղավոր, որ Չինուսը գործս չվերցրեց... անասուն... տո դու ո՞վ ես,
գրականությունից ի՞նչ ես հասկանում... բարոյականիս տեսեք... հա... լավ,
սպասում եմ, հա:
Ճեյան ու Կայան այնքան էլ չէին հասկանում՝ ինչ էր կատարվում: Նրանց մտքով
երբևէ չէր անցել կնոջ դերը քննարկել կամ նմանատիպ այլ բարդ հարցեր
քննարկել: Չգիտեին՝ ինչու հանկարծակի հայտնված այդ հրեշի խոսքերն էդպես
ազդեցին Ինիի վրա: Իսկ ամենակարևորը՝ չէին հասկանում, թե որտեղ է Ինին,
որովհետև Կայան միայն աշխատաննջասենյակ ու խոհանոց էր ստեղծել:
Քիչ անց, երբ դուռը ծեծեցին, պարզ դարձավ, որ իրականում Ինիի
աշխատաննջասենյակը շատ ավելի մեծ էր, ու բազմոցը, կատուն ու
հեռուստացույցը նույնպես այնտեղ էին:
- Չլնի՞ թաքուն մեծացրել ես,- ջղայնացավ Կայան:
- Ո՞նց պիտի անեի, իմ խելքը չի հասնում տենց լուրջ բաների... լավ, սուս,
հլը տեսնենք՝ էդ ով էկավ:
Էլ ո՞վ պիտի լիներ: Զահլա կա՞ մի հոգու էլ ավելացնելու: Տիկն էր: Եկել էր
Ինիին հանգստացնելու ու բացատրելու, որ մի ախմախի ասածների պատճառով
չպիտի էդքան հիստերիկանա:
- Բայց հասկանու՞մ ես, որ հենց էդ ախմախն ա որոշում՝ ում թողնել գիրք
տպել, ում՝ չէ: Ես սենց չեմ կարա... լուրջ եմ ասում... արի թարգենք, կամ
էլ կգնամ էս երկրից:
- Ին, հան-գիստ: Ոչ մեկի մոտ էլ հեշտ չի ստացվում,- Տիկը ձեռքը դրեց Ինիի
ուսին,- նստիր,- գնաց խոհանոց ու ջուր բերեց,- իսկ տենց ապուշների
պատճառով չպիտի էս վիճակի մեջ ընկնես,- ջուրը պարզեց Ինիին,-
պատմվածքներդ ուղարկե՞լ ես արդեն,- կատուն էլ մոտեցավ ու քսմսվեց Ինիի
ոտքերին:
- Մյաու՜,- ասաց:
Ինին մի կում արեց ու գնաց դեպի փայտե սեղանը, որի վրա ինչ-որ տարօրինակ
սարք էր հայտնվել, որից Կայան ու Ճեյան գլուխ չէին հանում:
Տիկն ու Ինին սկսեցին ինչ-որ բաներ քննարկել՝ նայելով էդ մեծ սարքին:
Կայան ու Ճեյան ձանձրացան ու որոշեցին ավելի ուշ գալ:
Հայտնի չէ, թե ինչքան Կայան ու Ճեյան հետևեցին Ինիին, որովհետև էն
ժամանակներում օրերն ու ժամերը հաշվող չկար ու իմաստ էլ չկար. աշխարհի
միակ բնակիչները շտապելու տեղ չունեին, հետաքրքրությամբ հետևում էին Ինիի
կյանքին, որն ամեն օր ինչ-որ մրցույթի ինչ-որ բան էր ուղարկում, իսկ երբ
արդյունքներն իմանում էր, նորից գժվում ու կատաղում էր ու կատվին պատերով
տալիս: Վերջինս էլ ղժժոցը դնում, ֆշշացնում ու ճանկռում էր, մինչև Տիկը
գալիս էր, նրանց իրարից ազատում էր, Ինիին հանգստացնում ու խորհուրդ
տալիս չհուսահատվել, իսկ կատուն որպես հաշտության նշան քսվում էր Ինիի
ոտքերին ու ասում. «Մյաու՜»:
Էջանիշներ