13–րդ տարբերակ
ԵՐԲ ԱՇԽԱՐՀԸ ՄԱՆՈՒԿ ԷՐ
-Ես հեռանում եմ,- ասաց Ադամը:
-Դու տեսել ես Աստծուն, զրուցել ես Նրա հետ, դու չես վախենում,-ասաց Սեթը:
-Փրկիչը գալու է, սպասեք Նրան:
Սեթը գրկեց հորը. ամուր սեղմեց գրկում…
-Դու ինձ շատ ես պատմել Նրա մասին, ես սիրում եմ Աստծուն, բայց ինչու՞ ապստամբեցինք:
-Ես տեսել եմ Աստծուն, երբ աշխարհը մանուկ էր…դրախտը…Աստված: Եվ մեղքը…այն փոխեց ամեն ինչ:
Խոր լռություն տիրեց: Հրեշտակների ցնծագին ձայներն անգամ մարեցին: Ամպերին ձուլվեցին երգերի վերջին հնչյունները, արձագանքեցին ողբագին… Մինչ այդ անծանոթ մի զգացում տիրեց երկուսին էլ` անհանգստության, անորոշության ու տագնապի, որ բնավորվեց ներսում: Ի՜նչ անմեղությամբ և հույսով էին իրեն նայում Եվայի աչքերը…հրաշագեղ և չքնաղ իր Եվան: Անսովոր և ցավագին վախի նախազգացումով նրանք նայեցին միմյանց, մինչև կհնչեր աստվածային դատավճիռը…
Հետո ինքը գրկեց Եվային. ուրիշ ի՞նչ կարող էր անել: Իսկ միգուցե ոչինչ էլ տեղի չի՞ ունենա: Ամեն ինչ կարծես առաջվանն է: Բայց հենց նույն պահին, իրենք էլ չհասկանալով, թե ինչու, նայեցին իրենց մարմնին…լուսե հագուստը անհետացել էր: Մերկ էին: Մարմինն իրենցն էր, բայց այնքան տարօրինակ էին այդ նոր զգայությունները`ամոթի, անհարմարության, նաև` անսովոր, մեղավոր հաճույքի: Մի խոր անդունդ էր լցվում երկուսի մեջ` իրենցից ո՞վ էր այս ամենի մեղավորը… իսկ միգուցե երկուսն էլ մեղավո՞ր էին: Լռությունն ավելի խորացավ, թափանցեց մարմնի յուրաքանչյուր բջիջի մեջ:
Հիշեց, թե ինչպես Եվան ավելի սեղմվեց իրեն: Զգում էր նրա մարմնի ջերմությունը: Չէր ցանկանում, որ տխրեր իր Եվան, ինչքան էլ որ մեղավոր զգա իրեն: Ինքն էլ կարող էր դիմադրել, բայց… չվստահեցին Արարիչին:
Անսովոր զգացումները աստիճանաբար թափանցում էին ուղեղի ամենահեռավոր անկյուններն անգամ: Երջանկությանն ու անդորրին փոխարինելու էր գալիս տարօրինակ մի անհուսություն, անհանգստություն և նույնիսկ ատելություն, ինքն էլ չգիտեր` ինչու՞ և ու՞մ հանդեպ, ընդհանրապես: Տարօրինակ մի դող ցնցում էր երկուսին էլ, ցու՞րտն էր, ամոթն ու վա՞խը, թե՞ մի ուրիշ բան: Իրենք չէին հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Ինքն էլ սեղմվեց Եվային, ցանկացավ ձուլվել, մի լինել նրա հետ: Ինչ գեղեցիկ ու քնքուշ էր աստվածային Եվան և ինչ վստահությամբ էր նայում իրեն: Ցանկացավ հովանավորել, պաշտպանել նրան, ինքն էլ չգիտեր` ինչի՞ց և ումի՞ց: Այնքան լավ էր միասին, եթե չլինեին այդ նոր, խորհրդավոր զգացումները: Պտուղը, այո՛, պետք չէր ուտել պտուղը:
Մերկ էին, տարօրինակ զգացում էր մերկությունը, այո՛, պետք էր ծածկվել, իսկ իրենց կողքին անուշ բուրմունք էր արձակում թզենին. ինչ լայն էին տերևները, խավոտ ու փափուկ: Նրանք դանդաղ, զգուշորեն, միմյանց ձեռք բռնած, շուրջբոլորը նայելով մոտեցան ծառին…
Աստիճանաբար հեռավոր հուշ էին դառնում եդեմական երջանկության ժամանակները: Աստվածային անդորրության հրաշալի ակնթարթները ոչնչանում էին երկիր մոլորակի խռովության և ապստամբության բոցերի մեջ: Մարգարեական տեսիլքով նա տեսավ ծերացող երկրի մեծ ողբերգությունը, մարդկային հոգու սարսափելի ավերածությունները. մահանում էր ամեն ինչ: Տխրությունը ալիքվում էր ներսում, ծառս լինում և հավերժության փափագ առաջացնում…Եվայի հետ միասին… Անցած 900 տարիները… իրենց սիրո, Աստծո ներկայության ցնծալի ակնթարթները, երբ աշխարհը մանուկ էր… և մահանում էր: Մեղքի իշխանությունն աղճատեց աստվածային պատկերն ու նմանությունը: Աշխարհի սկիզբն էր ու երկրի պատմության ավարտը կարծես: Հոգնած մարդու նման նայում էր իր տիրույթներին և աչքը չէր կշտանում…ինչքան բան էր փոխվել. երկիրն անցնում էր: Տարիների ծանրությունից սպառվեցին ուժերը, թուլացան ծնկները և մարեց կյանքի կենսական ուժը: Նա դեռ էլի կքայլի երբեմնի դրախտի հրաշագեղ կածաններով, կհիանա բարձրաբերձ ծառերի երկնասլաց պատկերներով, կհիշի երկրի մանկությունը: …Ինչքան են քայլել Եվայի հետ միասին այն բոլոր հրաշալի տարիներին, երբ երկիրը մանուկ էր, երբ նենգադավ օձը դեռ չէր խաբել իրենց…ինչ խորամանկությամբ էր նա անվստահություն ու ատելություն ներշնչում Աստծո հանդեպ:
Երբ երկիրը մանուկ էր...Սիրո երգն էր հնչում հավերժության կացարաններից: Հիմա, երբ ժամանակին ընթացք տրվեց, ժամանակը ծերացնում է: Ժամանակն ավերում է, բայց նա նաև բուժում է, մինչև կգա Փրկիչը:
… Ինքը տեսել է Աստծուն, քայլել է Նրա հետ, լսել զրույցները հրեշտակների, տեսել ինչպես են քերովբեները փակում դրախտի դռները… բոցե սուրը…Եվայի հետ գլխիկոր հեռացան: Այդ օրվանից էր, որ սկսեցին երազել, երազանքները դարձան իրենց կյանքի անբաժանելի մասը: Հասկացան, որ երջանիկ լինելու համար պետք է երազել: Երազանքներն էին, որ մեղմում էին մահվան վախը, անջատման տխրությունը և կորուսյալ դրախտի վերադարձի հույսը ներշնչում:
Երբ աշխարհը մանուկ էր, տխրում էր առանց Եվայի: Աստված ընկեր պարգևեց…հանդարտ բացվեցին աչքերը: Հենց գլխավերևում տեսավ նրան. Իրեն շատ էր նման, բայց մի տեսակ քնքուշ, մեղմ ու ձգող: Նրան թվաց, թե իրենք մի ամբողջություն են և այնքան ներդաշնակ, և որ ինքը հենց նրան էր սպասում… այնքան հիասքանչ էր այդ նոր էակը…աչքերը պայծառ ցոլում էին երկնքի կապույտի նման, երկար մազերը մեղմ հորդում էին հրաշագեղ ուսերն ի վար, այտերը վարդագույն էին, ժպիտը` առինքնող: Նա ծնկեց և բռնեց իր ձեռքը, որ միասին բարձրանան: Ինքը հենց առաջին հայացքից սիրահարվեց նրան և հասկացավ, որ անբաժան են հավիտյան: Եվան ժպտում էր իրեն: Այդ ժպիտն էր դառնալու իրենց երջանկության, համատեղ կյանքի անխախտության և համատեղ կործանման առհավատչյան: Հանուն այդ ժպիտի ինքն անցնելու է կյանքի բոլոր դժվարություններով ու խորխորատներով: Որպեսզի նվաճի նրա սիրտը, հաղթահարելու է դիվային խոչընդոտները, և հանուն այդ սիրո ինքն ու իր նման շատերն են զոհաբերելու հավերժն ու անանցը…
Աստված օրհնեց իրենց միաբանությունը: Դրախտային կյանքի, երջանկության նոր էջն էր Եվան. վայելք, որ ավարտ չուներ: Եվ ինչքան անսահման էր երջանկությունը, այնքան մեծ էր Եվայի հետաքրքրասիրությունը… Քամին մեղմ սվսվոցով ցիրուցան էր անում տերևները, օրորում ծառերի գագաթները: Յուրաքանչյուր քայլի հետ խշրտում էին մահացած տերևները: Երկար, տխրությամբ նայում էին գետնին թափված տերևներին` չորացած ու թորշոմած…մահվան սարսափն էին կանխազգում, մինչև կգար անխուսափելին…աշխատանքն ավելի ծանրացավ, հողն այլևս բարեբեր չէր, կենդանիներն էլ էին կատաղել և վայրենացել:
Աշխարհը մանուկ էր: Բերկրալի անսահմանություն և դիվային խաբեություն: Մահվան ու չգոյության ուրվական: Անվախճան սիրո պատմությունը և ակնթարթային դադար, մինչև կգա խոստացված Փրկիչը:
Զավակների հետ ուրախությունը հերթական վայելքն էր, մինչև առաջին սպանությունը…
Սարսռում էր, երբ հիշում էր Եվայի սարսափազդու ճիչը և ողբը, երբ իմացավ Աբելի սպանության լուրը… մեղքի հետևանքն էր անմեղ Աբելի արյունը և Կայենի փախուստը:
Անսահման կարոտի և սիրո ալիքները փրփրադեզ օվկիանոսի նման ծառս եղան հոգում. Աբե՛լ, զավա՛կս…: Հիշողություններն ալիքվում էին, տխրությունն անսահման էր, մինչև կծնվեր Սեթը: Նա մեղմեց Աբելի կորուստի տառապանքները: Աբելը… անհնազանդությունն էր պատճառը. Աստված զգուշացրել էր, որ զգույշ լինեն, չհեռանան իրարից: Այդ օրը Եվան միայնակ էր…երբ թույլ տվեց ճակատագրական մեղքը: Չմարեց դրանից իր սերը Եվայի հանդեպ…ընդհակառակը` Եվայի հուսահատ ողբը, որ թրատեց օդը Աբելի մահվան լուրն իմանալիս, կարեկցանքի, սիրո և համերաշխության զգացումներ առաջացրեց: Մայրական առաջին ճիչն ու արցունքը, առաջին կորուստը, մահվան առաջին հարվածը: Կանգնել էին Աբելի անշարժ դիակի մոտ և զարմանքով ու սարսափով էին փորձում հասկանալ այն, ինչը դեռևս անհասկանալի էր նրանց… մահը, ի՞նչ էր մահը: Չէին տեսել, չգիտեին այդ խորհրդավոր ու անկոչ հյուրին: Զգուշացված էին, չէ՞: Ցնցվեցին, երբ տեսան մահվան, չգոյության ուրվականը…չվստահեցի՞ն Աստծուն, հասկացա՞ն անհնազանդության ողբերգությունը. Եվան հատուցեց իր մայրական հույզերի խորտակումով, Աստծո հետ ապստամբությամբ, մարդու ողջ անհուսությամբ: Նա փարվեց Ադամին… դեպի քո մարդը լինի քո փափագը…սիրեց նրան կանացի հոգու մոլեգին քնքշանքով, ցանկացավ ազատագրվել մեղավորության և տառապանքի տվայտանքներից: Այդ երեկո ավելի երկար կանգնեցինք մայրամուտի դեմ, տեսանք ինչպես է արևը հանդարտ և նույն ձևով իր պտույտ կատարում. կարծես ոչինչ էլ չէր եղել, չկար մահ և հուսահատություն: Մենք հասկացանք, որ Աստված Իր վշտի մեջ էլ շարունակում է գործել: Նրա ներկայությունն էր, որ ապրելու ուժ և կամք տվեց: Աստված չէր խոստացել, որ աղետ ու դժբախտություն չի լինի, այլ խոստացել էր, որ նեղության պահին իրենց հետ կլինի…մինչև կգա հավերժականը: Եվան իրենն էր նույնիսկ այն ժամանակ, երբ չհնազանդվեց Աստծուն, երբ ողբում էր և ժպտում, կանացի դյութանքներով և քնքշությամբ թովում իրեն, երջանկացնում և լցնում իր կյանքը կանացի մեղմությամբ: Անկատար էր երկիրն առանց հրաշալի եվաների նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհը մանուկ էր: Տխրում էր առանց Եվայի, միայնակ էր…հավերժության մեջ: Երբ ձանձրանում էր, իմաստուն Արարիչը ընկեր ստեղծեց իր համար: Այդպես անցան փոխադարձ սիրո, համատեղ կյանքի հարյուրավոր տարիները, բազում զավակների հետ երջանկության հարյուրամյակները: Իսկ հերթական զավակները ուրախություն էին պատճառում և մեղմում առաջին կորուստի ցավը: Սեթի ծնունդը հույս էր, որ նրանով կգա խոստացված Փրկիչը… անցնում էին դարերը և մահանում էին Աստծո զավակները, իսկ Փրկիչը… ուշանում էր:
-Ես գնում եմ,- ասաց նա,- հոգնել եմ:
-Դու ճանաչում ես Աստծուն,-դու չես վախենում,-ասաց Սեթը:
Ե՞րբ հասկացավ ինքը, որ կարող էր Եվայի ձեռքից չվերցնել պտուղը, չէ՞ որ Աստված մեկ ուրիշ Եվա կստեղծեր իր համար, նույնքան գրավիչ ու…անդիմադրելի: Մեղքի հետևանքներն ահավոր էին, արգելված պտուղը` դառնության բաժակ… անաստված գիտության ողջ սարսափներով: Դարձա՞ն ավելի գիտուն, երբ մեղքը կյանքի փորձառություն դարձավ, իսկ մահը` իրականություն: Եվան ծերության առաջին մահն էր, ուրախ հիշողությունների, հրաշալի ժամանակների, համատեղ մաքառումների տարիների տեսիլքը` Աստծո խոստումների հետ միասին: Անցավ և իր ժամանակը, ինքն էլ կլքի երկիրը…
Էջանիշներ