ՀԱԿ-ը Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը հաղթական չի համարում
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀԱԿ-ում կան մարդիկ, ովքեր պայքարում են այս շարժման դեմ, ասաց. «Մենք ո՞նց կարող ենք ժողովրդական շարժման դեմ պայքարել, ուղղակի շարժման ընթացքի վերաբերյալ ունենք մեր մոտեցումը, որը չի համընկնում այն մարտավարությանը, որը վարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մենք դա հաղթական չենք համարում:
Որպես բաց, առողջ քաղաքական ուժ` մենք մեր տեսակետը ազնվորեն ներկայացնում ենք մամուլին. պետք է կարողանալ և քննադատությունները լսել, և ընդդիմախոսներին: Իսկ ի՞նչ է` Րաֆֆի Հովհաննիսյանը ակնկալում էր, որ պետք է հիանան և միայն գովեստի խոսքե՞ր հնչեցնեն իր հասցեին»,- ասաց նա:
Լ. Սարգսյանը կարծում է, որ ժողովուրդն արտահայտում է մի բան, Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկ այլ բան, և իրենք՝ որպես ժողովրդի կողմնակիցներ, չեն կարող համամիտ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշ քայլերի հետ:
«ՀԱԿ-ի արմատական, տիտղոսավոր ընդդիմության ընտրազանգվածը միշտ մնալու է իր առաջնորդի կողքին, և եթե ընտրությունների ընթացքում ձայները տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին, և հանձնաժողովի իրենց անդամներն էլ աջակցել են Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա միայն պետք է շնորհակալ լինել»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը:
Անդրադառնալով այն տեսակետներին, թե ՀԱԿ-ը խանդում է «Ժառանգությանը», Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ իրենց ընտրազանգվածը միշտ մնում է ՀԱԿ-ի ընտրազանգված և Լևոն Տեր-Պետրոսյանի համակիր
. «Խանդի խնդիր չկա. Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին ո՞ւմ կարող ենք մենք խանդել»:
Էջանիշներ