Իմ այս ուղերձը հղում եմ մեր պետության գլուխ կանգնած իշխանություններին և մեր հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանին, ճիշտ է, ես փոքր եմ՝ 15 տարեկան, շատ փոքր մարդ եմ իմ երկրի համար, բայց չկարողացա զսպել իմ մեջ ապստամբ հայի հոգին և գրեցի Ձեզ այս թուղթը:
Հարգարժան նախագահ, ուզում եք սա անվանեք նամակ, սպառնալիք, թուղթ կամ հոդված, բայց ինձ համար միևնույնն է, քանի որ ես ուզում եմ ժողովրդիս խոսքն ուղղել ձեզ: Կներեք այսքան մեծ համարձակություն ունենալու համար, բայց մեր երկիրը շատ ծայրահեղ վիճակում է գտնվում. դրա համար էլ չկարողացա զսպել ինձ և գրեցի:
Քիչ առաջ ասացի, որ մեր երկիրը շատ ծայրահեղ վիճակում է, բայց, քանի որ նախագահ եք, պետք է, որ ավելի լավատեղյակ լինեք: Իսկ
ինչո՞ւ կոնկրետ քայլեր չեք ձեռնարկում երկրի ներքին հարցերը կարգավորելոււ համար, ինչու եք այնպես անում, որ հայը թողնի իր դարավոր հայրենիքը, լքի իր երկիրը, չէ որ հենց այդ հայ մարդը կամ մարդիկ՝ ժողովուրդը, Ձեզ պահողն ու սնուցողն է, ձեզ պահպանողն ու երկիրն առաջ տանողն է, բայց Դուք, պարոն նախագահ, ձեր իշխանության հինգ տարիների ընթացքում ամեն ինչ արեցիք, որ հայը լքի իր երկիրը: Ձեր կառավարման շրջանում Հայաստանը լքել ու լքում են շուրջ 300 հազար հայեր, որոնք գնացին անվերադարձ, որոնց մեծ մասն էլ իմ հարևաններին ու բարեկամներն են. նրանք վաճառում են իրենց վերջին հողակտորը, բնակարանը շատ չնչին գներով ու լքում են երկիրը:
Այստեղ ապրելն անհնարին է դարձել, քանի որ աշխատանք չկա, հարկերը շատ բարձր են, օր օրի թանկանում են սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները: Այդ մարդկանց աշխատանքը չի գնահատվում, իրենց աշխատանքի դիմաց ստանում են կոպեկներ, որոնց վրա դարձյալ աչք ունեք և ուզում եք մարդու վերջին կոպեկն էլ ձեռքից խլել, որ նա ստիպված վաճառի իր հողը, տունը չնչին գնով և ձեր կուսակցության «հաստավիզ» անդամներից մեկը գա ու գնի, այնուհետև դարձնի «սուպերմարկետ», «հասարակած տուն», «խաղատուն» և այլն:
Նախորդ ընտրությունների ժամանակ ձեր կարգախոսն էր՝ «Առաջ Հայաստան», բայց հետ գնացինք,
սա՞ էր ձեր պատկերացրած Հայաստանը՝ Հայաստան առանց հայերի: Դուք ձեր կառավարման հինգ տարիների ընթացքում «Սպիտակ եղեռն եք իրականացրել ձեր իսկ երկրի հանդեպ »: Ամեն նախագահական ընտրությունների պես այս մեկին էլ մեր ժողովորդը՝ ես կասեի միամիտ, բայց շատ խելացի ժողովուրդը, հավատով է լցվում իր լավ ապագայի հանդեպ և ամեն անգամ խաբված է գալիս տուն :
Այսպես շարունակելու դեպքում մեր երկրում կսկսվեն զանգվածային արտագաղթ, սով, համաճարակ, պատերազմ և այլ աղետաբեր երևույթներ, իսկ դրանցից մեկի՝ սովի մեկնարկն արդեն տրված է: Մի վառ օրինակ բերեմ.
քայլում էի մեր փողոցով, տեսա մի երեխայի, ով քայլում էր մոր հետ փողոցով և, նրա փեշերից կախվելով, խնդրում էր, որ մայրն այդ օրը կարտոֆիլի տապակա պատրաստի, իսկ մայրը ասում է.
-Որտեղից ես ամեն օր կարտոֆիլ գնեմ, որի 1 կիլոգրամը 250 դրամ է :
Ճիշտն ասած, պարոն նախագահ, այդ տեսարանը ինձ վրա շատ ազդեց և ես սկսեցի խոսել բակի տղաների հետ մեր երկրի վիճակի մասին, բայց նրանց պատասխանն ուղղակի խոցեց սիրտս՝ նրանք շատ գռեհիկ ձևով ասացին .
-Աաաա ՜, քեզ պետք ա, փողն ունես, տնեցիք մաշնեն տալիս են, քշում ես, փորդ կուշտ, գլուխդ էլ խելք կա, դե քո համար ֆռֆռա՜ էլի...
Ես այդ մարդկանցից չեմ, որ ձեռքերս ծալած նստեմ. ես մտածում եմ իմ ժողովրդի ու հայ զինվորի մասին, ով կանգնում է սահմանին, բայց կանգնում է պարզապես կանգնելու համար, քանի որ չի պատկերացնում, թե ինչ մեծ պարտականություն է դրված իր ուսերին, քանի որ մտածում է, թե այդ օրն իր ընտանիքը ինչ կերավ կամ կերա՞վ, թե սոված մնաց, մտածում է իր ընտանիքի մասին, որովհետև ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Դե ասեք տեսնեմ՝ այդ զինվորը ո՞նց պետք է ծառայի:
Ես շատ կուզեմ, որ սա Դուք կարդաք, հարգարժան Սերժ Սարգսյան:
ԵՍ ՉԵՄ ԹԱՔՆՎՈՒՄ, ապրում եմ Արմավիրի մարզի Թաիրով ավանում, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Մաթևոս Վարդանյան
Նամակն ամբողջությամբ
Էջանիշներ