Վայ նրանց ովքեր ապրիլի 9-ին սուտ են երդվելու. Րաֆֆի Հովաննիսյան
Ապրիլի 9 –ին Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում անցկացնել համազգային դասադուլ և գործադուլ: «Ես հավատաքննիչ չեմ, բայց ով ժողովրդի հետ է, այստեղ է լինելու՝ ապրիլի 9 –ին, ժամը 12 –ին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց, որ ուրիշ ճար չկա, ժողովուրդը պիտի հաղթի, քշի «իր ստոր գործիքներով գործող, հակահայ իշխանությանը»։ «էս կեղտոտ իշխանությանը պիտի քշենք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր ելույթը նա սկսեց՝ «գալիս ենք» խոսքերով: «Գալիս ենք հազարներով, հարյուր հազարներով, միլիոններով: Ամեն մի միջանցքում, հայաստանյան եղանակի տակ, այդ հազարների մեջ մենք մեկ ենք, հայրենիքի նման և ընդդիմանում ենք ստին, կեղծիքին, անարդարության, փետրվար 18–ի սրիկայության համար, որ փորձեցին իջեցնել մեր գլխին, և վա՛յ նրանց ովքեր ապրիլի 9-ին սուտ են երդվելու»,- հայտարարեց Րաֆֆի Հովաննիսյանը՝ ավելացնելով՝ «չենք ներելու»:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ «պահանջում ենք ճշմարտություն, պահանջում ենք արդարություն», ապա ավելացրեց. «գալիս ենք մոտիկից ու հեռուներից, հայրենի հողից ու Արցախից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ոտքով, մեքենայով, հանրակառքով, հարավից ու հյուսիսից, հաղթական Գյումրիից, Վանաձորից , Իջևանից, Նոյեմբերյանից, Կապանից, Նոր Հաճընից…»։
«Լինե՛նք ազգովի, մեկնարկող նոր Հայաստանի հռչակման և երդմնակալության արարողությանը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ սա ռոմանտիկա չէ:
«Վախը հաղթահարած ժողովո՛ւրդ, իմացե՛ք հստակ և ընդմիշտ, որ այս աշխարհում, հայրենի սրբավայր հողում դո՛ւք եք իշխանության ակունքը և դատավորը վերջին: Դատարանը մենք ենք միասնաաբար»,– ասաց նա:
Անդրադառնալով երդմնակալության արարողությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ պիտի Նոր Հայաստանի երդմնակալությունը լինի, ինչից հետո պիտի թույլ տան միմյանց շնորհավորել:
«Իսկ նույն օրը՝ ժամը 5-ին, միասին քայլելու ենք մեր հայրենիքի համար, նոր Հայաստանի ուխտով և գնալու են վերադարձնելու իշխանությունը ժողովրդին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Էջանիշներ