Մարմարե մարդաբոյ արձանների ու փոքր սեփական տան չափով գերեզմանների կողքով անցնելիս հիշեցի կենդանի ժամանակ ինձ հաճախ այցելած միտքը: "Քանի կենդանի են, մարդավարի, մարդաբոյ վերաբերվեք, ոչ թե հետո ձեզ ձև տվեք": Շարունակեցի քայլել ու հանկարծ հասկացա՝ ինձ այս ամբողջ ժամանակ ինչն էր անհանգստացնում, ներսից մզմզում: Ինչո՞ւ այս ողջ ընթացքում ոչ մի ուրվական չեմ տեսել: Այո, սարսափում էի ուրիշ ուրվականներից, բայց ինչպե՞ս կարող էի գոնե մեկին չտեսնել: Հո մենակ ե՞ս չէի մահացել տարածքում: Նույնիսկ Սեմի կինոյի մեջ, Սեմը լիքը ուրիշ ուրվականների էր տեսնում: Սա չի կարող առանց պատճառի լինել...
- Ճիշտ ես:
Անակնկալից կտրուկ հետ քայլ արեցի ու հետևիս վրա ընկա գերեզմանի սառը մարմարին: Եթե կենդանի լինեի՝ դխկունս կընկներ աշխարհ:
Մի կերպ չորեքթաթ կանգնեցի ու նայեցի ձայնի ուղղությամբ:
Մեջքը "Սլավիկ 58"-ի սև մարմարին հենած՝ նայում էր: Չէ, մանգաղով ու ոտքերի տակ ընկնող թիկնոցով Մահը չէր: Դե, համ էլ մի քիչ ուշ էր արդեն իր գալու համար:
- Դու ոչ մի ուրվական չես տեսնում, որովհետև նրանք այստեղ չեն: Սա իրենց տեղը չի:
Բարձրացա ոտքերիս վրա և փորձեցի ավելի պարզ տեսնել մարմարին հենված ուրվագիծը:
Մարդ էր, սովորական մարդ: Փողոցում տեսնեի՝ բանի տեղ չէի դնի: Անտեսանելիների շարքից էր:
- Լավը չե՞մ
Չտեսա, մութ էր, բայց հաստատ ժպտում էր սա ասելիս:
Հանկարծ նեղվեցի:
– Եթե ամեն մտածածս լսելու ես, ես նստեմ, մտածեմ, էլ չխոսեմ:
- Մի վրդովվիր, լավ: Մի բան ասե՞մ, ուրախանաս:
- Ընտրություն ունե՞մ:
- Ոչ: Տեսնո՞ւմ ես այն թարմ գերեզմանը: Դեռ մենակ հողաթումբն է երևում, - ձեռքով ցույց տվեց:
Տեսնում էի:
- Քեզ մեքենայի տակ գցողն է:
Չկարողացա կողմնորոշվել՝ ինչ զգամ:
- Կին է, երկու երեխա ունի,- ասաց:
- Դա իր փախչելը չի արդարացնում:
Փաստորեն, լավ էլ գիտեի էի՝ ինչ զգամ:
- Ինչի՞ց:
- Գուշակիր:
Ժպտում էր նորից: Մի տեսակ շատ ուրախ:
- Մեքենայի տակ է ընկել, - հանկարծ ոչ թե հարցրեցի, այլ հաստատեցի:
- Բեռնատարի,- ճշտեց:
Լռեցինք մի քիչ:
– Հարցրու, - ասաց առանց դեսուդեն ընկնելու:
- Ո՞վ ես:
- Դու ինձ սպասում էիր: Լսում էիր մոտենալս:
- Բայց ո՞վ ես:
- Ուշադիր նայիր: Սկզբում կենդանի մարդու պես նայեցիր, հին սովորույթով, առանց տեսնելու նայեցիր: Հիմա դու չես կարող դա թույլ տալ քեզ, տեսնելը միակ զբաղմունքդ է:
Նայում էի ու քանի գնում թափանցիկ, չեղած աղիքներս ավելի էին ոլորվում՝ ներսումս աճող տագնապից:
- Ինչո՞ւ ուրիշ ուրվականների չեմ տեսնում,- խոսքը կտուր գցեցի, որ մտածելու ժամանակ ունենամ: Ու անմիջապես հիշեցի, որ գրողի տարածը մտածելս լսում է:
- Սա ուրվականների տեղը չի: Ուրիշ ուրվականների: Ասացի արդեն:
- Քառասուն օրս շուտով կլրանա...
Սկսեց ծիծաղել:
- Սպասում ես՝ ուր են առաքելո՞ւ,- ու ծիծաղում էր՝ արձագանքը գցած գերեզմանոցով մեկ, - էդ ձեր հեքիաթները...
Ավելի ու ավելի էի կծկվում: Զգում էի՝ ինչպես եմ վախից կնճռոտվում: Ուզում էի դեմքս շոշափել՝ համոզվելու համար, բայց հիշեցի, որ շոշափելու բան չկա:
Միաժամանակ քայլ արեցինք իրար ընդառաջ:
Նայեցի՝ արդեն իմանալով, չգիտեմ որտեղից, բայց իմանալով, թե ինչ եմ տեսնելու:
Մեռնելուս պահին հագած շորերովս էր: Ինքս ինձ չտեսնելու պատճառով մոռացել էի՝ ինչ եմ հագել: Իմ դեմքն էր, առանց կնճիռների: Մազերս էին: Մարմինս էր:
Ես չէի:
- Ափսոս չես կարող հետ գնալ ու պատմել, թե որն է դժոխքը: Իրական դժոխքը,- ժպիտն էլ էր իմը, բայց մենակ բերանս էր ժպտում... աչքերս ապակուց էին:
- Ինչո՞ւ ես... իմ...
- ... Արտաքինո՞վ: Պոզուպոչ էի՞ր սպասում:
- Ես անտեսանելի չեմ եղել...
- Դու գիտես: Դա քո միտքն էր, իմը չէր:
- Ի՞նչ եմ անելու ես այստեղ:
- Քո դժոխքն է, ես ի՞նչ իմանամ:
- Միշտ պետք է իմ արտաքինո՞վ լինես:
- Դա արդեն պայմաններից մեկն է... Լավ, գնամ տեսնեմ՝ ինչ կա հեչ քո կողմերում: Կհանդիպենք:
Անհետացավ նույնքան անսպասելի, որքան եկել էր:
Մարմարե աչքերով ինձ էր նայում Սլավիկ-58-ը:
***
Երբ դուրս եք գալիս տնից, հիշեք երկու բան:
Չմեռնել:
Հագնել ձեր սիրած շորերը:
Մի ամբողջ հավիտենականություն "ձեր" հագին դա եք տեսնելու:
Էջանիշներ