Անավարտ
- Դու ե՞րբ դադարեցիր իմ կողմից լինել:
- Իսկ դո՞ւ երբ դադարեցիր լինել իմ կողմից:
- Ես քեզ չեմ լքել:
- Ես էլ քեզ: Եթե լքած լինեի, առաջինը դու կիմանայիր:
- Դու ինձ չես լսում:
- Մեկ շաբաթ առաջ: Նելլիենց տանը: Կարմիր մազերով աղջկանից հայացքդ չէիր կտրում: Կողքիդ նստած էի, բայց պահ էր լինում, որ կասկածում էի՝ այնտեղ եմ: Չէիր տեսնում ինձ:
- Եթե նայած էլ լինեմ՝ մազերին երևի: Շատ կարմիր էին:
- Կիրովաբադցու՞:
- Ի՞նչ:
- Ոչինչ: Չեմ հիշում, որ մարմնի վրա կարմիր մազեր լինեին: Իսկ դու ոտքից գլուխ էիր նայում:
- Առաջ ես չէի վախենում գիշերը քեզ զանգել: Նույնիսկ սիրում էի: Դու էլ էիր սիրում: Հիմա չեմ կարողանում ինձ ստիպել համարդ հավաքել: Եթե մեկ անգամ էլ չպատասխանես կամ անջատես, չգիտեմ՝ ինչ կլինեմ:
- Դու գիտես, որ ես չեմ կարող գիշերը չքնել: Ամբողջ օրը էշի պես աշխատում եմ, հոգնում եմ: Չնայած՝ ո՞ւմ եմ ասում: Կես դրույք:
- Գիտե՞ս՝ արդեն որերորդ անգամն ես աշխատանքս ծաղրում:
- Խոստացիր, որ կասես:
- Ի՞նչ:
- Ոչ թե պարզապես կդադարես զանգել, տեսնել, տեսնել ուզենալ, խուսափել, այլ կասես: Ուղիղ: Աչքերիս նայելով:
- Ի՞նչ կասեմ:
- Որ էլ չես սիրում: Բայց նաև խոստացիր չասել:
- Կկողմնորոշվե՞ս:
- Խոստացիր չասել, որ երբեք չես սիրել:
- Ես մի ընկերուհի ունեի: Երկու քույր էին, հայր ունեին միայն, մայրը մահացել էր քաղցկեղից: Նորմալ մարդ էր հայրը, բայց ժամանակ առ ժամանակ խմում էր: Ահավոր էր խմում: Ու երբ գալիս էր տուն, մոռանում էր, կամ հարմար էր գտնում մոռանալ, որ հայր է: Մեծ աղջկա, ընկերուհուս քրոջն էր մոտենում, փորձում գրկել:
- Դու ինձ դա արդեն պատմել ես մեկ անգամ:
- Ընկերուհուս քույրը միայն առաջին անգամ էր թողել, որ ձեռքը դնի ուսին, չէր հասկացել՝ ինչ է կատարվում: Հետո երբ ձեռքը ուսից սահել էր ներքև, սարսափած հետ էր քաշվել ու դուրս վազել տնից: Հետո, երբ հայրը խմած տուն էր մտնում ու դատարկ հայացքով մոտենում մեծ աղջկան, նա վազում ու փակվում էր իր սենյակում ու լաց էր լինում: Լաց էր լինում:
- Ինչու՞ ես նորից պատմում:
- Մի օր նրանց հայրը տուն չեկավ: Պարզապես չեկավ ու վերջ: Նրան չկարողացան գտնել, ոչ մի տեղ: Մեծ աղջիկը միակն էր, որ չէր լացում: Նա էլ երբեք չլացեց: Իսկ ընկերուհիս մի անգամ հավաքեց իր ողջ կամքն ու խոստովանեց, որ միշտ իրեն ներսից ոչնչացրել է մի հարց՝ ինչո՞ւ հայրն իրեն չէր փորձում մոտենալ խմած ժամանակ: Ինչո՞ւ միշտ մեծ քույրը: Ինքն էլ ողջ գիշեր կլացեր իր սենյակում: Քրոջից ոչ պակաս: Ես համոզված եմ, որ նա մեռավ այդ օրը, երբ խոտովանեց դա: Հետո նա էլ երբեք նույնը չէր:
- Ես պետք է գնամ:
- Դու դեռ այստե՞ղ ես:
- Վե՛րջ:
Դատարկ դահլիճի առաջին շարքում նստած տղամարդը ժպտաց բեմի վրա դեմ դիմաց նստած աղջկան ու տղային:
- Լավ էր էրեխեք, ապրեք: Արդեն մի բանի նմանվում ա:
Թատրոնի ռեժիսոր Բալյանը որոշել էր բռնել երիտասարդության զարկերակը և շաժվել դրան համընթաց: Առաջին անգամն էր ոչ դասական գրականության վրա հիմնված պիես բեմադրում: Թեև անտրամաբանական ինչ-որ վախ էր իր մեջ այդ պիեսն առաջացնում:
Բալյանի կողքին նստած շիկահեր աղջիկը ծափահարեց ու “ռ” տառը շեշտելով կանչեց.
- Բռավո, բռավո:
Բայց միայն տղային էր նայում:
Սելինն ու Դավիթն իջան բեմից: Դավիթը մոտեցավ շիկահերին ու համբուրեց:
Սելինը նստեց առաջին շարքում՝ ընթացքում սիգարետ կպցնելով:
- Մենք գնացինք,- ուրախ տեղեկացրեց Դավիթը:
- Մինչ վաղը, - ասաց Բալյանն ու ձեռքով արեց:
- Վերջին հատվածը ե՞րբ պատրաստ կլինի, Սելին:
- Այս երկու օրը:
- Չուշացնես, լա՞վ: Մի տեսակ լավ չեմ զգում ինձ, որ առանց վերջաբանի փորձ ենք անում:
- Չեմ ուշացնի:
Սելինը հանգցրեց սիգարետը փոքրիկ մոխրամանի մեջ, վեր կացավ և վերցրեց նստարաններից մեկի վրա դրված պայուսակը:
- Կուզե՞ս մի տեղ նստենք, Սել: Էսօր Նոնան մոր տանն ա, կարող եմ ուշանալ:
Սելինը նայեց Բալյանի ճակատին հայտնված քրտինքի մանր կաթիլներին:
- Չէ, տանն ինձ սպասում են: Մյուս անգամ:
Դուռն իր բանալիով բացեց, թեև Բելլան տանն էր: Քայլեց դեպի լոգարանը: Բելլան ձեռքերն էր լվանում: Նորից: Ու նորից: Ու նորից: Նայում էր ձեռքերին, մատներին ու նորից պահում ջրի տակ ու տրորում: Տրորում:
- Բելլ:
- Վերջացնում եմ:
Սենյակի դուռը կիսաբաց արեց: Բելլան իր գրասեղանի վրա կռացած գրում էր:
- Բալյանը խնդրեց արագ վերջացնենք: Նեղվում է առանց վերջաբանի:
- Այսօր, - Բելլան նույնիսկ չնայեց դռան կողմը:
- Բելլ, մի շարունակի: Էլ չեմ ուզում խաղալ էդ պիեսում:
- Դուռը ծածկիր:
Ճակատը սառը ապակուն սեղմած՝ նայում էր դուրս: Տարվա առաջին ձյունն էր գալիս: Դրսում սպիտակ աղմուկ էր:
- Սելի՛ն:
Անսպասելիությունից վեր թռավ:
Բելլան կանգնել էր հյուրասենյակի մեջտեղում, թաց մատներից ջուրը կաթում էր նախշազարդ գորգի վրա: Աջ ձեռքում փոքր-ինչ թրջված թուղթ էր: Բելլան թուղթը դրեց բազմոցին:
- Վերջին նախադասությունը դու պետք է գրես: Ես չեմ կարող: Ես իմ մասը վերջացրի:
Բելլան շրջվեց, որ հեռանա: Սելինն արագ մոտեցավ ու մեջքից գրկեց նրան:
- Բելլ, խնդրում եմ, խնդրում եմ...
Բելլան գլուխը թեքեց և ուսի վրայից նայեց: Առաջվա հայացքով նայեց, կապույտ ու մաքուր:
- Չեմ կարող:
Փափուկ պոկվեց Սելինի գրկից ու քայլեց դեպի իր սենյակը:
Փակվող դռան հետ լսվեց նրա խուլ ձայնը:
- Չգա՛ս:
Նախշազարդ գորգի վրա, ուր քիչ առաջ Բելլան էր կանգնած, կարմիր կաթիլներ տեսավ: Սելինն անթարթ նայեց դրանց, ապա մոտեցավ հեռախոսին և հավաքեց շտապօգության համարը:
- Մոտեցեք Քոչար 47/2 հասցեին:
Մյուս կողմից ինչ-որ բան հարցրեցին:
- Չգիտեմ, կգաք կիմանաք:
Սելինը նստեց բազմոցին և նորից նայեց գորգին:
Սովորական գորգ էր: Ինչպես ամեն տան մեջ: Ինչպես աշխարհի բոլոր գորգերը:
Բելլայի մատներից ընկած ջրի կաթիլներն արդեն չորանում էին:
Թղթի մանր պատռտած կտորները միացան ձյան սպիտակ աղմուկին ու իջան ներքև:
Մուտքին մոտեցած շտապօգնության մեքենայի անիվներն կտրուկ արգելակեցին ջրից լղոզված տառերի վրա:
Էջանիշներ