Բյուրակն-ի խոսքերից
1. Փորձեմ պատկերավոր նկարագրել: Այն մի հսկայական ամրոց է, որտեղ հասնելու համար պետք է շատ արգելքներ հաղթահարել: Նախ շրջապատվատ է շատ խիտ անտառով, որտեղ բազմաթիվ վայրի գազաններ կան ու ճանապարհին հանդիպածներին հազիվ թե խնայեն: Անտառից դուրս գալուց հետո տեսնում ես հսկայական խրամատը, որը թե՛ լայն է, թե՛ խորը: Այն անցնելու համար մի գերան կա, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է հորիզոնական դիրքում՝ հնարավորություն տալով, որ մարդիկ անցնեն: Սակայն գերանը բարակ է, կարող է կոտրվել: Դրա համար մեծ քաջություն ու զգուշություն է պետք դրա վրայով անցնելու համար: Իսկ ներքևում կոկորդիլոսներ են:
Խրամատն անցնելուց հետո հսկայական պարիսպն է: Այն միայն մի գաղտնի դուռ ունի, որը շատ նեղ է: Երկար պետք է փնտրել, որ այդ նեղ դուռը հայտնաբերվի: Հետո պետք է խցկվել ու ներս անցնել: Արդեն երևում է ամրոցն ամբողջությամբ, բայց դեռ մի արգելք էլ կա. ապակե պարիսպը: Դու կարող ես տեսնել բացարձակապես ամեն ինչ, բայց մոտենալ չես կարող: Դրա համար մի բան է պետք. ապակին փշրել:
Իսկ երբ ապակու արգելքն էլ ես հաղթահարում, կարող ես մոտենալ ամրոցին, որի բոլոր դռները բաց են: Մտնում ես ներս, լիքը սենյակներ կան: Մի մասը կոկիկ են, ամեն ինչն իր տեղում է, իսկ մյուսները թափթփված են, իսկական խառնաշփոթ է տիրում: Քո գործն ինձ օգնելն է, որ միասին հավաքենք:
2. Ոմանք վախենում են անտառ մտնել: Ոմանք սիրտ են անում, բայց գազաններն ուտում են նրանց: Ոմանք կարողանում են անտառից դուրս գալ, բայց խրամատը տեսնելով վախենում, հետ են գնում: Քչերն են խնդրում, որ գերանը գցեմ խրամատի վրա: Շատ ավելի քչերն են կարողանում գերանի վրայով զգուշությամբ անցնել ու հասնել պարսպին: Միայն մի քանիսն են կարողանում գտնել պարսպի վրայի գաղտնի նեղ դուռը ու մի կերպ ներս խցկվել: Տեսնում են ամրոցը, առաջ են վազում, բայց թափանցիկ պարիսպը նրանց հետ է պահում: Եվ մինչև հիմա միայն մի հոգի է համարձակվել կոտրել ապակին, ներս մտնել, օգնել ինձ դասավորել սենյակներս:
3. Արտաքինը անտառից դուրս մի քաղաք է, որտեղ անընդհատ երկրաշարժներ են լինում:
Էջանիշներ