Իրական լացած չինացի դեռ տեսած չկար: Միայն՝ Բրյուս Լիի ու Ջեկի Չանի ֆիլմերում: Առանց այն էլ նեղ, անթարթիչ աչքերը հազիվ էին երևում ուռած կոպերի տակից:
- Ի՞նչ է եղել, Լիլի:
- Դե, ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ես ուտելու:
- Դա չեմ հարցնում: Ինչո՞ւ ես լացել:
Լիլին գլուխը կախեց ու իր փոքր մարմինը թաքցրեց սառնարանի դռան հետևում:
- Չեմ լացել,- նվնվաց՝ սառնարանի մեջ եղած չեղածը շխկշխկացնելով ու զնգզնգացնելով:
Խնդրեմ: Ուրիշ ժամանակ, երբ բոլորովին ցանկություն չուներ Լիլիի կյանքի այս կամ այն մանրամասնին ծանոթանալու, նա կվերցներ ու կպատմեր: Իսկ հիմա ինքն էր հարցնում ու պատասխանը՝ բացահայտ ու անիմաստ սուտ: Համենայն դեպս կաթսան տարավ դրեց դարակի մեջ և դուռն ամուր փակեց:
Լիլին սառնարանից հանեց երեկվա եփած մակարոնը, որ բնականաբար ինքը չէր դրել ներս:
Տասը րոպե հետո, երբ առանց որևէ բառ փոխանակելու յուրաքանչյուրը ծամում էր իր ուտելիքը, Լիլիի խեղղված լացախառը հևոցը լսեց:
Ձեռքերով ծածկել էր դեմքը: Ուսերը ցնցվում էին՝ բարձրաձայն լացը զսպելուց:
Չդիմացավ:
- Լիլի, - անսպասելի քնքշանք կար ձայնի մեջ,- հանգստացիր լա՞վ: Ու ասա ինչ է եղել:
Ձգվեց ու մեղմ հետ քաշեց Լիլիի ձեռքերը դեմքի վրայից:
- Ես ավելի վատը չեմ, քան մնացածը մեր կուրսում, ինչո՞ւ է կպել ինձնից:
Քանի որ Լիլիի հետ տարբեր կուրսեր էին վերցնում, չհասկացավ՝ ինչի մասին է խոսքը: Բայց որոշեց թողնել՝ Լիլին պատմի, առանց հարցեր տալու:
- Առաջին օրվանից տարօրինակ էր նայում վրաս, բայց ուշադրություն չէի դարձնում: Մտածում էի, տղամարդ է, թող նայի, հո չկերավ: Բայց քանի գնում ավելի բաց էր դառնում հայացքը: Դասախոսությունը կարդալիս միայն ինձ էր նայում, հարցեր տալուց կարծես միայն ես լինեի լսարանում: Իսկ այսօր կանչեց իր աշխատասենյակ ու հայացքը ոտքերիցս չկտրելով հայտարարեց, որ չի նշանակելու ինձ: Որ ես լավ չգիտեմ իր առարկան: Ամենավատն եմ կուրսում:
Լիլին էլ չէր լացում: Խռոված, վախեցած, անկյուն մտցրած երեխայի ու միաժամանակ վիրավորված կնոջ հայացք ուներ:
- Ասաց, որ անհատական քննություն կվերցնի ինձնից: Իր տանը: Եթե չեմ ուզում հրաժեշտ տամ ինստիտուտին ու դիպլոմին:
- Ո՞վ է Լիլի, - կատաղությունից եռում էր:
- Ջենկինսը: Մշակույթի պատմության:
Թվաց՝ սխալ է լսել: Երազեց, որ սխալ լսած լիներ:
Գրեգ Ջենկինսն իր դիպլոմայինի ղեկավարն էր: Իսկական դասախոսի և իսկական տղամարդու իր իդեալը:
Էջանիշներ