Դու գիտես՝
խաչվում են
ճամփաները:
Մեր հաջորդ
հանդիպմանը
ես կլինեմ
ծխող կնոջ պես՝
մշուշապատ,
դյութիչ,
ու զզվելի ինչպես
ծխամորճով պառավ:
Մեր հաջորդ
հանդիպմանը
Ես կներշնչեմ
ծուխն իմ այրված
նամակների
ու օղակներով
ցավ կարտաշնչեմ:
Ես աշխարհի վերջին
խելառներից կլինեմ,
որ նամակները
ստեղներից առավել
թղթին են վստահել:
Ես կշնչե՜մ
իմ չուղարկած
բոլոր տառերը,
կարտաշնչեմ
այն հնչյունները,
որ ի զորու չեղա
արտաբերել:
Եվ երբ խաչվեն
ճանապարհները
ես քեզ կատեմ,
որ հիմարաբար
դու չհասկացար
իմ չուղարկած
նամակները...
ու կլինեմ
ծխող կնոջ պես՝
մշուշապատ,
դյութիչ,
ու զզվելի ինչպես
ծխամորճով պառավ:
Էջանիշներ