4.Չապուլտեպեկ
Երկու ամիս անց Արամն արդեն մերվել էր Մեխիկոյի կյանքին: Ընկերներ էր ձեռք բերել, տանելի հասկանում էր իսպաներեն, սկսել էր ճանաչել քաղաքը:
Առաջին օրերին տխուր էր ու անտրամադիր: Երբևէ չէր բացակայել տանից, ուստի թախիծը հազվադեպ էր անհայտանում նրա ջինջ աչքերից ու դրանց սովորական արտահայտությունն էր դարձել: Մեխիկոյի անցուդարձն էլ սրտովը չէր: Աղաղակելն այստեղ սովորույթ էր, գրեթե ազգային մշակույթ, որը կախված էր երկնքում ինչպես Չիկագոյի վրա ծուխը: Յուրաքանչյուր մարդ իր պարտքն էր համարում տեղեկացնել, ինչ գնով լինի` լուր հասցնել, ավետել, որ ինքն այստեղ է, բոլորովին մոտիկ, ու եթե Արամը ուշք չդարձնի` չլսված վատ արարք կատարած կլինի: Այդ արագաշարժ, կենսախինդ, հավերժ ինչ որ տեղ շտապող գորշ զանգվածը կարծես հատուկ մարդկանց հունից հանելու նպատակով ստեղծված լիներ, որի ազդեցությանը դիմանալը հեշտ գործ չէր: Բայց շուտով, ավելի ստույգ երեք-չորս օր անց, մեր պատմության գլխավոր հերոսը նկատեց, որ այստեղ այնքան էլ վատ չէ: Տանը բոլորը ձգտում էիր իրենցով անել նրան:
Ազգանուշ տատիկը պարզապես անտանելի էր իր անձնապաշտ սիրո մեջ, հայրն ու մայրը կարծում էին իրենք աշխարհի ամենահոգատար ծնողներն են ու այդ հաճելի համբավը հաստատելու ձևը տեսնում էին որդու բոլոր քայլերը հսկելու մեջ, մորեղբայր Դեսմոնդը նրան իր բնական շարունակությունն էր համարում, ստիպված էր նաև հաշվի նստել նավապետ Արդգալ Հարիգանի հիշատակի հետ, որը տիկին Դելմայի պատճառով ոչ մի կերպ հնարավոր չէր անտեսել, ուստի աչքերը չորս արած հետևում էր քեռորդու իռլանդացի դաստիարակմանը, ու նույնիսկ Կատրա մորաքույրը, ով անկասկած աշխարհի ամենաանվնաս արարածն էր, պարբերաբար միջամտում էր զարմիկի պարզունակ կյանքին և մեծ փորձառություն ունեցող կնոջ տեսքով սովորեցնում, թե ինչպես պետք է տարբերել չարն ու բարին, հասկանալ օգուտն ու վնասը, գնահատել գեղեցիկն ու վեհը:
Իսկ այստեղ լրիվ ուրիշ էր: Տեղանքին հարմարվելուց հետո Արամը ժամանակն անցկացնում էր հաճելի անբանության մեջ, իսկ դա, համաձայնեք, շատերի համար այդպես էլ անհասանելի բաղձանք է մնում ողջ կյանքում:
Առաջին օրն Արամին ներկայացրին ոմն Օսվալդո Օչոայի` գիրուկ, ճաղատ, բարալիկ բեղիկներով մի մարդու, որի տիրական շարժումներն ու ընդգծված արժանապատիվ կեցվածքը ցույց էին տալիս, որ նա շատ լավ գիտակցում է իր գերազանցությունը մյուսների նկատմամբ: Մեքսիկացին սիրալիր խոսեց Արամի հետ, ասաց, որ նա այստեղ ոչ մի բանի կարիք չի ունենա և ցանկացած հարցով, եթե նույնիսկ գիշերվա ժամը չորսն է, կարող է իրեն դիմել: Սինյոր Օչոան հարցեր տվեց Արամին, տեղեկացավ մանրամասներով, որոնք, իբր, նրան շատ էին հետաքրքրում, այնուհետև լրջադեմ զանգահարեց օգնականներից մեկին ու իր մոտ կանչեց նրան: Ֆրանսիսկո Սալսիդոն (այդպես էին կոչում օգնականին) ուշադիր լսեց բոսին, ասաց, որ պատրաստ է օգտակար լինել սինյոր Հարիգանի զարմիկին, ապա Արամին իր կաբինետ տարավ, տվեց մոտավորապես նույն հարցերը` ինչը և քիչ առաջ սինյոր Օչոան և Արամին հանձնեց ոմն Դագոբերտո Գարսիայի, որը թութակաբար կրկնեց արարողակարգը և թանկագին հյուրին ծանոթացրեց մեկ այլ մարդու հետ: Այս վերջինին կոչում էին Ուգո ու, քանի որ երիտասարդ էր, պարտադիր չէին համարում ՙսինյոր՚ ավելացնել, բայց դրացից ոչ նա էր իրեն վիրավորված զգում, ոչ էլ Արամն էր հետաքրքրված իմանալու լրիվ անուն-ազգանունը, որովհետև, ինչ ճիշտն է` ճիշտը, նախկին սինյորների անուններն էլ կարգին չէր մտապահել:
Ուգոն անչար բնավորությամբ մի անհոգ տղա էր: Միջահասակ էր, ամրակազմ, ուներ կարմրաերանգ մաշկ, նեղ ճակատ և մանր աչքեր: Մազերը սև էին, կարծես յուղոտ լինեին կամ թաց, և սովորաբար ետ էին սանրված: Գույնզգույն վերնաշապիկ էր հագնում, փայլուն շալվար, գոտկատեղին կաշվե պատյան ուներ, որի մեջ հպարտորեն պահում էր ատրճանակը: Ոչ մի հարց չտվեց, ոչ մի բան չխոստացավ: Հյուրին նա տեղավորեց Չապուլտեպեկ արգելոցից ոչ հեռու, մի բարձրահարկ, աղմկոտ շենքում, որտեղ ամեն տեսակի մարդ ապրում էր, սկսած բազմանդամ, միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից, վերջացրած միայնակ, ամոթը վաղուց կորցրած բալզակատարիք կանանցից, որոնք երբեմն առիթ էին ունենում բողոքելու, որ իրենց անձնական կյանքը ոչ ոքի չի վերաբերվում:
Ենթադրելով, որ Արամը ճանապարհից հոգնած է, Ուգոն որոշեց մենակ թողնել նրան ու կոտրատված անգլերենով մի քանի օգտակար խորհուրդներ տվեց:
- Բնակարանդ շքեղ առանձնատուն չի, բայց, յոլա կտանի: Էս թաղամասում ամենուր էժան ռեստորաններ են, սառնարանում էլ ուտելու բան կգտնես, թե էսօր հավես չունես փողոց դուրս գալ: Ահա քեզ գրպանի փող: Բնակիչների հետ խնդիրներ չես ունենա, բայց թե մի բան եղավ` զանգիր: Կարող ես ուզածդ բանն անել, բայց թե մտքիդ դնես ուշ ժամի զբոսնել` անպայման ինձ հետ:
Ուգոյի օգնությամբ Արամը ձիարշավարան ու հրաձգարան գտավ, բասկետբոլի ակումբ ընդունվեց ու նույնիսկ սկսեց ֆուտբոլ խաղալ: Խաղի նրբությունների չէր տիրապետում, այդ պատճառով նրան ի վերջո դարպասին կանգնեցրին:
Մեխիկոյում անցկացրած առաջին օրերին Ուգոն շատ օգտակար էր, որովհետև պատասխանատվության մեծ զգացումով էր կատարում իրեն հանձնարարված աշխատանքը: Բայց մեկ շաբաթ անց մեքսիկացին սկսեց ազդել Արամի նյարդերին: Ոչ մի վայրկյան մենակ չէր թողնում նրան ու չնչին կասկածի դեպքում այնպես էր սպառնագին աչքերը չռում, կարծես պատրաստվում էր պատերազմել ամբողջ Մեխիկոյի դեմ: Օրվա ընթացքում, երբ Արամն այնուամենայնիվ մենակ էր մնում, Ուգոն չէր զլանում զանգահարել ու տեղեկանալ, որ ամեն բան կարգին է ու կարծես թքած ուներ, որ իր խնամքին հանձնված երիտասարդին խանգարում է սնվել, սափրվել կամ մեկ այլ գործողություն կատարել, որը մարդ հնուց սովորություն ունի անել, երբ մենակ է: Արամը գրեթե չէր տիրապետում իսպաներենին, մի քանի կարևոր դարձվածքներ էր առայժմ սերտել, իսկ նրա անգլերեն լեզվով արած նրբակիրթ ակնարկներն էլ Ուգոն չհասկացավ:
Այսպիսով Արամի մոտ այնպիսի տպավորություն ձևավորվեց, որ Ուգոն ցածր մտավոր կարողություն ունեցող շարքային ավազակ է, որին հիմնականում անշնորհակալ սև աշխատանք են հանձնարարում: Մի փոքրիկ դեպք հաստատեց նրա կասկածները:
Մի անգամ Արամը հանգիստ զբոսնում էր Չապուլտեպեկի Մահմատա Գանդի ծառուղով, երբ նրան մի մարդ մոտեցավ ու ծխախոտ խնդրեց: Միջին մեքսիկացու և թափառաշրջիկ մուրացկանի միջև գտնվող մի անլվա, ճպռոտ արարած էր, որն իր մարմնի տարբեր մասերը քորելու գարշելի սովորությունն ուներ, հանդգնորեն փայլող ընչաքաղց աչքեր, սոված բորենու հայացք, իսկ շրջապատին վերաբերվում էր որպես կթու հաստատության, որը պարտավոր էր ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ իրերով մատակարարել իրեն: Արամը չէր ծխում, բայց անծանոթը գրանիտի պես ամուր երես ուներ, իսկ այդպիսի մարդիկ սովորություն չունեն շուտ բաց թողնել իրենց զոհերին: Բնավորությամբ նրանք տիզ են, էությամբ` ճահիճ, իսկ ճանկերի կառչունությամբ կարող են չափվել միջազգային մրցույթում հաղթանակած մայիսյան բզեզի հետ անգամ: Արամը զարմացած էր քրջերի մեջ պատսպարված մարդու տարօրինակ վարքից, բայց շուտով հասկացավ, որ իրենից արդեն ծխախոտի փոխարեն դրամ են խնդրում: Սկզբունքորեն դեմ չէր օգնել, ու թեև ինչ որ անհասկանալի զգացողությունից տհաճորեն ճնշվում էր, ձեռքն ինքնաբերաբար գրպանը տարավ: Գրանիտե դեմքը փոխեց իր արտահայտությունը, գայլաբար պսպղացող աչքերն իրենց փայլատակման գագաթնակետին հասան, բայց Արամը լոկ մեկ ակնթարթ կարողացավ տեսնել ու ենթագիտակցաբար հասկանալ, որ այս անգամ թերևս գործ ունի վտանգավոր արարածի հետ: Ուգոն, որ մի քանի վայրկյանով հեռացել էր կրպակից գնումներ կատարելու, ձեռքի զույգ պաղպաղակներով սպիտակեցրեց գրանիտե դեմքի մուգ գույնը, իսկ ճպռոտ աչքերին ստիպեց կորչել կեղտոտ և սև կոպերի տակ: Պատկերը սրանով չավարտվեց: Մեքսիկացին մի քանի վարպետ հարվածներով գետին տապալեց` ծխախոտ, այնուհետև դրամ խնդրող անծանոթ քաղաքացուն, մի ձեռքով բռնեց մազերից, իսկ մյուսով ատրճանակը դեմ տվեց նրա քունքին:
- Ուշադիր նայիր,- սպառնագին ասաց նա,- եթե մեկ անգամ էլ մոտ գաս ու ոչ թե ծխախոտ խնդրես նրանից, այլ թեկուզ հարցնես ժամը քանիսն է, մայրդ այդ օրը անչափ կուրախանա, որ վերջապես ազատվեց քեզանից:
Կարող է զարմանալի թվալ, բայց պնդերես մեքսիկացին չառարկեց, չփորձեց արդարանալ, որ ոչ մի վատ մտադրություն չուներ ու եթե չէին ցանկանում օգնել, ինքը կթողներ կգնար: Թվում էր մի փոքր էլ ու նա շնորհակալություն կհայտնի հյուրասիրած պաղպաղակի համար:
Այդ միջադեպից հետո Արամի և Ուգոյի միջև վեճի պես մի բան տեղի ունեցավ:
- Պետք չէր մարդուն այդքան ստորացնել,- վրդովված ասաց Արամը,- ես նրան մի քանի պեսո կտայի ու նա կհեռանար:
Եթե Արամը վրդովվել էր Ուգոյի արարքից, Ուգոն էլ վրդովվեց Արամի ասածից:
- Տեսա՞ր ինչ կար ձեռքերի մեջ: Ծալովի դանակ էր, ու հաստատ կծակեր փորդ, եթե համոզված լիներ, որ փող կա գրպանումդ:
Արամը չառարկեց, բայց այդ դեպքը Ուգոյին խիստ գցեց նրա աչքից:
Հետզհետե Ուգոն սկսեց գրեթե ատելի դառնալ, որովհետև պարտադրված երևույթ էր, ով Արամի կարծիքով խանգարում էր իրեն լիարժեք զգալ ազատության քաղցրությունը: Ուր գնար` հավատարիմ թիկնապահը ստվերի պես հետևում էր նրան: Ձիարշավարանում ձի էր քշում, հրաձգարանում` հղկում կրակելու հմտությունը, բասկետբոլի սրահում խաղարկող էր (Արամը` կենտրոնական) ու նույնիսկ բակում ֆուտբոլ խաղալիս, որտեղ Արամ - դարպասապահի փառքը ժամ առ ժամ աճում էր, ամենահաս Ուգոն որպես եզրային ծվատում էր հակառակորդի կուռ պաշտպանությունը:
Էջանիշներ