User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 36 հատից

Թեմա: Արամ Հարիգանի ոդիսականը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Ճակատագիրը ստիպում է իր կամքին ենթարկվել

    Տասնիննը տարեկանում Արամը կյանքի մեծ փոփոխությունների նախաշեմին էր, բայց այդ մասին նա գաղափար չուներ: Իսկ այդ փոփոխության մեջ իրենց մեծ դերը խաղացին Ազգանուշ և Դելմա տատիկները, ճիշտ է` անգիտակցաբար: Հետագայում նրանք շատ բան կտային եղածը հետ վերադարձնելու համար, բայց երբ գործի են դրվում որոշակի հզոր ուժեր, որոնք անմիջապես Ճակատագրի անխախտ հրամաններին են ենթարկվում, անհնար է որևէ բան փոփոխել:

    Լեոն Հարիգանի տունն իրենից հարակից այգով մեծ առանձնատուն էր ներկայացնում, որտեղ հարկ եղած դեպքում քսան մարդ առանց իրար խանգարելու կապրեին: Սակայն երբ հյուր էր գալիս տիկին Դելման, բոլորի համար նեղվածք էր դառնում: Անհաշտ մրցակցությունը տիկին Ազգանուշի հետ գնալով նոր երանգներ էր ստանում ու արտահայտվում այնպիսի մանր ու ճղճիմ հարցերում, որոնցից նույնիսկ ժուռնալիստներն ու քաղաքագետները կխորշեին: Այսպես. Տիկին Դելման գեղեցիկ ծաղիկներ էր բերում պարտեզի ծաղկաթմբերի համար, բայց տիկին Ազգանուշը գտնում էր, որ իսկական ծաղիկը գեղեցիկ լինելուց զատ պետք է անուշ բուրմունք արձակի: Տիկին Դելման սպասքի թանկարժեք հավաքածու էր նվիրում աղջկան, բայց Տիկին Ազգանուշը արհամարալից շրջում էր գլուխը չմոռանալով նշել, որ դրանք անճաշակ են և իր տանը վայել չեն այն նվերները, որոնք առնվել են էժանացված խանութից կես գնով: Մի անգամ տիկին Դելման տանը կահույքի չնչին տեղափոխություն կատարեց, որը ոչ մի դեպքում չպետք է նկատվեր, սակայն տիկին Ազգանուշի սրատես աչքը անմիջապես բացահայտեց իր դեմ ուղղված դավադրությունը և կայծակնորեն վերականգնեց իրերի նախկին դրությունը: Տիկին Ազգանուշը չէր բավարարվում պատերազմի սոսկ պաշտպանողական մարտավարությամբ և առիթի դեպքում հանդուգն ոտնձգություններ էր կատարում հակառակորդի բուն տարածքում: Համարյա քսան տարի նրանք իրենց բոլոր ուժերով մարտնչեցին մեկմեկու դեմ, բայց բնավ չէր կարելի ասել, որ հոգնեցին այդ պայքարից կամ պակասեցրին եռանդը: Սկսած հինգերորդ տարուց հարևանները դադարեցին կատարել իրենց քաղաքացիական պարտքը, նկատելով, որ ոստիկաններն արդեն չկամորեն են արձագանքում կամ բոլորովին չեն արձագանքում: Առանձնակի վեճի առարկա էր Արամը, ով հակառակ իր աժդահա արտաքինի, խաղաղ բնավորություն ուներ ու եթե բռունցքները ժամանակ առ ժամանակ գործի էր դնում, ապա ոչ իր մորեղբոր պես առանց մտածելու, շատ անգամներ ստիպված, արձագանքելով ընկերների խնդրանքներին, որոնք որոշակի ժամանակից ի վեր սովորություն էին դարձրել ապավինել Արամի հզոր բազուկներին:

    Այն նույն ժամանակ, երբ սկսեցինք մեր պատմությունը, տիկին Ազգանուշը նոր էր բոլորել վաթսուն տարին: Քանզի անհուն որդիական սերն արտահայտելու ու նաև անհագ ցուցամոլական կրքերը փարատելու հրաշալի առիթ էր ներկայացել, Լեոն Հարիգանը լայնորեն օգտվեց դրանից: Մեկ ամիս պատրաստվեցին տոնակատարությանը, հինգ հարյուրից ավելի մարդ հյուր կանչվեց: Տիկին Ազգանուշը բոլորին արևաշող ժպիտ պարգևեց ու յուրաքանչյուր նվերի համար խանդավառ ուրախանալու ուժ գտավ իր մեջ: Հյուրերը բոլորն էլ պատվի մարդիկ էին, նրանցից ոչ մեկի ձեռքը քարի տակ չէր, այնպես որ նվերներն աչքի էին ընկնում ոչ միայն իրենց քանակով, այլ բացառիկ որակով ու թանկ արժեքով: Երեք ընդարձակ սենյակներ էին հատկացված, որպեսզի ինչպես հարկն է տեղավորեն հսկա ավարը: Տիկին Ազգանուշը և Իդան տոնակատարությունից հետո դեռ երեք օր ուսումնասիրում էին նվերները ու որոշում դրանց հետագա ճակատագիրը: Հիրավի դա մի տիտանական աշխատանք էր: Հյուրերի մեջ կային սնապարծ մարդիկ, որոնք ամենամեծ կարծիքն ունեին իրենց բերած նվերի վերաբերյալ ու հաստատ համոզմունք, որ դրանք կճանաչվեն նույնիսկ հարյուր հազարների մեջ, այնպես որ տիկին Ազգանուշը և Իդան շատ անգամներ փորձում էին կռահել, թե որ մեկը ով է բերել: Սակայն տիկին Դելմայի նվերը տիկին Ազգանուշը կզանազաներ նույնիսկ հարյուր միլիոնի մեջ: Դա մի խղճուկ վերարկու էր (այստեղ սոսկ ներկայացվում է տիկին Ազգանուշի կարծիքը), որն անկասկած տասը տարի անսփոփ շպրտված էր եղել օգտագործված հագուստեղենի խանութի մի մոռացված անկյունում և դրա մասին իհարկե ոչ մեկը չէր հիշի, եթե երևան չգար տիկին Դելմայի կծծի կերպարը, ով հերթական անգամ որոշել էր մի քանի խղճուկ դոլարներ տնտեսել: Մի ինչ որ ժամանակից սկսած Իդան չէր խառնվում մոր և սկեսրոջ պատերազմական գործողություններին, այդ պատճառով հիշեց, որ հնդկահավն այրվում է գազօջախի վրա և վազ տվեց խոհանոց: Տիկին Ազգանուշի կատաղությունը բորբոքվեց նոր ուժով:
    - Արամ,- սիրտ կեղեքող ձայնով ճչաց տիկին Ազգանուշը:
    Եթե Արամին Աստված մեկ այլ խառնվածքի տատիկ պարգևած լիներ, ապա նա անկասկած կմտածեր, որ իր հոր հարգարժան ծնողը սրտի անբավարարվածություն ունի և դժվարությամբ կկողմնորովեր առաջինը դեղը վազելով բերի, թե բժշկին զանգահարի: Իսկ հիմա Արամը տատիկի կանչին արձագանքեց բավական զուսպ և ներկայացավ ոչ այնքան շուտ: Ճիշտ է և ոչ այնքան ուշ: Տեսնելով Ազգանուշ տատիկի կատաղությունից կարմրատակած դեմքը և բազմոցին անշնորհք կերպով շպրտված վերարկուն, Արամն անմիջապես հասկացավ, թե բանն ինչումն է և տհաճությամբ գիտակցեց, որ դիմադրելն անիմաստ է:

    - Արամ,- այնպիսի ձայնով կարծես ոտքի տակ էին տվել իր բարձր արժանապատվությունը ու անխնա տրորել, ճչաց տիկին Ազգանուշը,- հենց հիմա տար և այդ բորբոսնած վիշապի երեսին շպրտիր իր նվերը:

    - Գուցե թափառաշրջիկի±ն տամ, տատիկ,- հարցրեց Արամը:- Ես վերարկուներից այնքան էլ լավ չեմ հասկանում, բայց իմ կարծիքով յուրաքանչյուր խանութ սրան ուրախությամբ մի քանի հազար դոլար կտա:

    - Ի՞նչ,- տիկին Ազգանուշն այնաստիճան կորցրեց ինքնատիրապետումը, որ դա ուղիղ համեմատական կարգով ազդեց նրա ձայնի ուժգնությանը: Սրտի խորքից դուրս թռաց այդ տարակուսալի ՙինչ՚ - ը նրա կոկորդից դուրս հորդաց ինքնաբուխ, անհաշվարկ, կառավարումից դուրս ու այնքան բարձր, որ հարևաններին ստիպեց այնուամենայնիվ խորհրդածել. պետք չէ՞ արդյոք զանգել ոստիկանություն և կատարել քաղաքացիական պարտքը:

    - Նույն այս վերարկուն ես տեսել եմ հագուստեղենի խանութում փոշիների մեջ ընկած, տասնհինգ դոլար արժեքը մատնանշող պիտակը վրան: Թափառաշրջիկն էլ կծիծաղի վրադ, թե հիմարություն ունենաս իրեն առաջարկել: Արամ, խնդրում եմ, տար այս վերարկուն…

    Երբ տիկին Ազգանուշը ՙխնդրում էր՚, դա նշանակում էր խոսքը գնում է ամենահամոզիչ խնդրանքի մասին, որը մերժվելու դեպքում անկանխատեսելի և վտանգավոր հետևանքների կարող է բերել: Մեկ անգամ, վաղուց, երբ Արամը տանը չէր եղել, նույնիսկ Իդան էր ստիպված եղել մի այդպիսի խնդրանք կատարել: Ճիշտ է նա նվերը ողջամտորեն հանձնել էր պակաս ունևոր ամերիկացի քաղաքացու և իր մորն այցելել էր ոչ որպես իր ռազմաշունչ սկեսրոջ շահերը պաշտպանող դեսպան:
    - Լավ, տատիկ, ես կտանեմ,- պատրաստակամությամբ ասաց Արամը և մտածեց. որքան տանից շուտ դուրս գա այնքան լավ:

    Առանձնատունը, որտեղ բնակվում էին Դելմա տատիկը, Դեսմոնդ մորեղբայրը և Կատրա մորաքույրը, հեռու չէր, այդ պատճառով Արամը ճանապարհ ընկավ հետիոտն: Վերարկուն ձեռքին ոտքով գնալը մի փոքր անհարմար էր, ավելի սնապարծ մեկն անշուշտ կգերադասեր մարդկանց աչքին չերևալ այդ տեսքով: Սակայն Արամն այդ մարդկանց թվին չէր պատկանում, իսկ նրան անհանգստացնող միակ բանը Դելմա տատիկի հետ մոտակա հանդիպումն էր: Անցնում էր Արամը փողոցով և ժպիտը դեմքին ողջույններ փոխանակում ծանոթների հետ:

    - Ողջույն, Արամ,- իր նստած տեղից կանչեց ծերունի Թոմը, Արամի սևամորթ ծանոթը, ով ոչ օթևան ուներ, ոչ էլ որոշակի զբաղմունք: - Վերարկուն ինձ համա՞ր է:

    Արամը նայեց վերարկուին իբրև մի գարշելի զեռունի:

    - Ես ուրախությամբ այն քեզ կտայի, Թոմ, բայց առայժմ պետք է սպասես:

    - Իսկ ո՞ւր ես գնում:

    Արամը հոգոց հանեց

    - Կարևոր գործեր ունեմ:

    Թոմը շատ ծանոթ հայացքով նայեց Արամին:

    - Մի խնդրանք ունեմ քեզանից:

    - Ասա, Թոմ:

    - Կարո՞ղ ես պարտքով մի երկու դոլար տալ: Ճաշի ժամ է, իսկ աշխատավարձը ուշացնում են:

    Արամը ծիծաղեց և գրպանից հանեց պահանջվող թղթադրամը: Թոմը շնորհակալություն հայտնեց: Արամը շարունակեց ճանապարհը:

    Դեսմոնդը տանը չէր: Մորաքույր Կատրան Արամին ընդունեց շատ ջերմ, բայց տեսնելով ձեռքի վերարկուն կորցրեց սկզբնական լավ տրամադրությունը:

    - Արամ,- շատ սիրալիր ասաց նա,- դու ոչ մի դեպքում չպետք է նման հանձնարարություններ կատարես: Տուր այստեղ վերարկուն: Ես այն մայրիկին կհանձնեմ ավելի ուշ, իսկ դու նրան մի ասա, թե ինչ նպատակով ես եկել, լա՞վ:

    - Լավ,- պատասխանեց Արամը:

    Սակայն Կատրա մորաքրոջ ազնիվ մղումներին տրված չէր իրականուություն դառնալու: Աստիճանների վրա երևաց Դելմա տատիկի սարսափազդու կերպարը: Իռանդացի տիկինն իր սեփական ականջներով լսեց, թե ինչի մասին է դուստրը թախանձագին խնդրում Արամին, իսկ քիչ անց սեփական աչքերով տեսավ թախանձագին խնդրանքի առարկան:

    - Խեղճ թոռնիկս,- հուզված ասաց նա,- այդ գծուծ արարածը նորից քեզ է օգտագործել իր ստոր նպատակների համար: Իսկ ես ու Կատրանը քանի ժամ կորցրինք հագուստեղենի խանությում, որ ամենալավ նվերը գնենք…

    Պետք է ասել, որ տիկին Դելման նույնպես երբեմն դիմում էր Արամի օգնությանը, երբ գործը վերաբերվում էր իր և տիկին Ազգանուշի բարդ հարաբերություններին:

    - Մայրիկ…- փորցեց միջամտել Կատրան:

    - Լռիր, աղջիկս: Դու վատ գիտես մարդու բնույթը: Հենց հիմա գնա ու այստեղ բեր ապակեղենի այն քոսոտ հավաքածուն, որը չինական ճենապակու անվան տակ այդ հեթանոս կինը մտցրեց իմ տուն:

    - Տատիկ,- ասաց Արամը,- բայց դա իսկապես չինական ճենապակի է…

    - Երդվում եմ քո պապի, Արդգալ Հարիգանի հիշատակով, զավակս…

    Այդ պահին հեռախոսը զնգաց և իռլանդացի տիկնոջ երդման արարողությունն ընդհատվեց: Լսափողը Կատրան վերցրեց, Դեսմոնդն էր զանգողը:

    - Հենց հիմա լսափողը կփոխանցեմ մայրիկին, Դեսմոնդ…

    Սա ազդանշան էր: Դեսմոնդը իսկույն հասկացավ, որ անհապաղ պետք է խոսի մոր հետ, ավելի ճիշտ մի քառորդ ժամի չափ խիստ վրդովված արտահայտություններ լսի նրանից: Երբ տիկին Դելման ձեռքը վերցրեց լսափողը ու գտնվելով սաստիկ ոգևորվածության մեջ դադարեց նկատել շուրջբոլորը գտնվող մարդկանց, Կատրան մոտ կանչեց զարմիկին ու շշնջաց ականջին:

    - Խնդրում եմ ետ տար վերարկուն, Արամ, իսկ ես կխնդրեմ Դեսմոնդին, որ այցելի տիկին Ազգանուշին, լա՞վ: Կփոխանցես տիկին Ազգանուշին, որ Դեսմոնդն այսօր երեկոյան կայցելի իրեն, լա՞վ:

    - Լավ,- պատասխանեց Արամը:
    Վերջին խմբագրող՝ Malxas: 02.12.2012, 15:42:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (06.12.2012), Sambitbaba (02.12.2012), Ամմէ (03.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արամ ջան, շնորհավոր
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.10.2014, 14:33
  2. Արամ Ասատրյան
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 96
    Վերջինը: 19.03.2014, 19:49
  3. Արամ Խաչատրյան
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.02.2014, 14:09
  4. Շնորհավորանք Շնորհավո՛ր, Արամ ջա՛ն :)
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 15.10.2013, 23:09
  5. Արամ ջան շնորհավոր
    Հեղինակ՝ Adam, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 24.10.2008, 14:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •