8–րդ տարբերակ
Թռչե՞լ, թե՞ սողալ
Не запрещай себе летать,
Не вспоминай, что ты не птица:
Մարիա Ցվետաևա
Ասում են՝ կողքի փողոցի վրա մի շենք կա, որի առաջին մուտքի 9-րդ հարկում մի հսկա պատշգամբ կա՝ Թռչողների պատշգամբը: Դա այն նախամուտքն է, որ բաժանում է Սողունների աշխարհը Թռչունների աշխարհից: Ասում են…
Ծիտիկ
-Մա՛մ, նայի՛, ծիտիկն ուզում թլնի, արի վազենք՝ բլնենք:
-Աղջի՛կ ջան, մենք չենք կարող ծիտիկին բռնել, կփախչի:
-Մա՛մ, որ արագացնենք, ցի փախծի: Մաաա՛մ, տե՛ս՝ մեզնից մի քից ա հելու:
Աչքերը լայն բացած, խնդրող հայացքով մորն էր փորձում համոզել փոքրիկ աղջիկը՝ անհանգիստ տրոփող սրտիկով ու ոգևորված դեմքով: Շտապող շարժումով ձգում էր մոր թևը:
-Վա՛յ, չե՞ս հասկանում, ասացի, չէ՞, որ մենք չենք հասցնի բռնել : Վե՛րջ, թեման փակված է:
-Մաաա՛մ, խնդրում եմ,-փոքրիկ ձեռքերը մորն էր պարզել, սրտիկը արագ-արագ էր խփում, հույս ուներ, որ մայրը կլսի,-տե՛ս, երեք քայլ ու կհասնենք:
Դեմքը ոգևորությունից կարմրել էր, մի ոտքն արդեն վերև էր բարձրացրել, մյուսը դողում էր վազելու ցանկությունից: Եթե մայրն այդքան ամուր բռնած չլիներ ձեռքը, նա հիմա ծիտիկի մոտ էր:
-Վե՛րջ, հիմա մեքենա կգա, քեզ տակով կտա, է՞դ ես ուզում, հա՞:
-Մա՛մ, ես արագ կվազեմ, մաաամ…
-Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել, վե՛րջ տուր, ձեռքս պի՛նդ բռնի, գնում ենք տուն:
-Բայց ինցի՞:
-Չես հասկանում, հա՞, ծիտիկները թռչում են, մենք չենք կարող նրանց բռնել:
-Մենք էլ կթլցենք, մա՛:
- Հիմա՛ր աղջիկ, դու թևեր ունե՞ս, որ թռչես: Թողնեն՝ միայն ինձ զայրացնես:
-Ունեմ, նայի՛, ես երկու թև ունեմ:
-Վաա՜յ, գժվեցրեց: Լսի՛, դու քո թևերով չես կարող թռչել: Թռչելու համար թռչունի թև է պետք: Դու չունես: Մեկընդմիշտ ականջիդ օղ արա՝ դու չես կարող թռչել:
-Բայց ինցի՞, մա՛, արի փոլցենք: Բա որ կարողանամ:
-Վե՛րջ, տուն գնացինք, արդեն ցուրտ է:
-Մա՛մ, ծիտիկը թլավ: Մենք չհասցրինք:
-Ուույ…
Մամ
Մա՛մ, ես կարող էի թռչել, բայց դու կտրեցիր թևերս: Անխնա ոտքի տակ տվեցիր, բմբուլները ցրիվ-ցրիվ եղան, ու դու քո առավոտվա ուբոռկի ժամանակ հանգիստ ավլեցիր թևերս, սավոկի մեջ լցրիր ու թափեցիր աղբամանը: Ասում են՝ սողունը սողուն է ծնում, բայց դու թռչուն էիր ծնել: Ի՞նչ անեիր՝ պիտի սողալ սովորեցնեիր: Թռչունդ համառ էր, նա ճախրելու համար էր ծնվել, իսկ դու ուզում էիր գետնի վրա պահել: Մաաա՜մ…
Փազլը
Փողոցներ ու փողոցներ, շենքեր ու շենքեր, մեքենաներ, մշակված ծաղկամարգեր, շուն ու կատու՝ տանը պահվող, ձի ու էշ՝ գոմում պահվող, արծիվ ու բազե՝ ընտելացրած:
Փազլը քանդվում է: Կը՛տ-կըտ-կըտ… Բլուրներն են, փարթամ դաշտեր, ջունգլիներ:
Հսկա ծաղիկը՝ բուսահոտ, բուսակաթ, բերանը բացել, շոշափում է գլուխս, հաջորդ վայկյանին նա ինձ կուլ է տալիս: Ծամում, քաշում միջիս եղածն ու չեղածը, սեղմվում ու սեղմում, սեղմուուում: Հետո զզվանքով դուրս է թքում: Գլուխս բռնած մի կերպ փախչում եմ, բլրի վրա մի ձի է երևում, հենց հասնեմ, կնստեմ ու տուն կգնամ: Վազում եմ: Այս բլուրն անցնեմ, մյուսը ձիու բլուրն է, չէ՛, դեռ երկու բլուր էլ կա, սա էլ անցնեմ ու…, չէ՛, դեռ չորս բլուր էլ կա, շունչս կտրվում է հիմա չորքոտանու պես եմ առաջ շարժվում, ևս վեց բլուր ու կհասնեմ: Հիմա սողում եմ: Մա՛մ, ուրախացի՛ր, սողում եմ, սողուուում: Բայց դա ինձ համար նորմալ չէ, մա՛մ, ես ուղղակի ուժասպառ եմ: Բա որ ուշքս գնա՞: Չէ՛, չի կարելի:
Վա՜յ, ձին կողքիս է: Փորձում եմ նստել վրան, քացով տալիս է հենց ճակատիս մեջտեղին: Ուղեղս ցնցվում է:
Դաշտի մեջ վազում են աքլորները: Կատարներն օդում թափահարում են՝ բարձրացնում, իջեցնում, բարձրացնում, իջեցնում, կտցում են, սու-սուր կտուցներով քանդում են ընդերքը: Գետինը դողում է, փլթփլթում, պոկպոկվում: Ճեղքեր են բացվում, դրանք րոպե առ րոպե մեծանում են: Աքլորները ճեղքի եզրին են, չանչերով բռնել են որդախառն հողակոշտերը, իսկ դրանք գնդիկ-գնդիկ ցած են թափվում: Դե՛, թռե՛ք, թռչուն եք, չէ՞, թռե՛ք: Դուք վայրի թռչուն եք, չէ՞, թռե՛ք, թե չէ ինչի՞ համար են ձեր թևերը: Է՜, կցկտուր թափ եք տալիս կողքներդ կպած ելուստները, դրանք թև չեն, շրտե՛ք, թող գնան:
Հարյուրներով իրենց գցում են բացվող ճեղքերի մեջ, խփվում դուրս ցցված քարերին, արյունը պայթում է օդում ու խառը ցրիվ գալիս: Է՜, հավացունե՛ր…
Թռչողների պատշգամբ
Ասում են՝ կողքի փողոցի վրա մի շենք կա, որի առաջին մուտքի 9-րդ հարկում մի հսկա պատշգամբ կա՝ Թռչողների պատշգամբը: Դա այն նախամուտքն է, որ բաժանում է Սողունների աշխարհը Թռչունների աշխարհից: Ասում են, որ թեկուզ հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ սողուններից ոմանք գտնում են, որ սա իրենց աշխարհը չէ ու որոշում են գնալ Թռչունների աշխարհ: Վերջին տարիներին ավելի հազվադեպ են եղել դեպքեր, երբ սողունը որոշել է թողնել սողունային կյանքը և հանդգնել անցնել նախամուտքը: Բայց դա ինձ չի վախեցնում: Ես հաստատ որոշել եմ, գնալու եմ: Բարձրանալու եմ իններորդ հարկ, կանգնելու եմ պատշգամբի ճաղերին, լաաայն բացելու եմ թևերս ու… թռչելու եմ: Ասում են՝ թռչելիս պիտի անպայման վերև նայես ու աչքերը չփակես, թե չէ վայր կընկնես: Դու ուզւոմ ես թռչել վեր, դեպի շատ վեր, դու ճախրել ես ուզում:
Վերջապես իններորդ հարկում եմ: Ոչ մի արտակարգ բան էլ չկար փողոցն անցնելու ու ինը հարկ բարձրանալու մեջ: Միայն հաստատ որոշել էր պետք:
Պատշգամբում օդը յուրահատուկ քաղցր է: Այնքան հեշտ է շարժվել ազատ օդին ընդառաջ:
Ոտնաթաթերն արդեն գրկել են բազրիքի ճաղերը, իսկ նա դեռ փակ աչքերով շնչում ու շնչում է: Ահա և Թռչողների պատշգամբը: Հեշտ է նայել ներքև, երբ այնտեղ ոչ մի կապող բան չկա:
Հիմա այլևս չէր կասկածում, որ իր թևերը ունակ են թռչելու: Վստահ էր: Մի քայլ էր իրեն բաժանում Թռչունների աշխարհից:
Ամեն ինչ կատարվեց ինքնաբերաբար:
-Մաաաա՜մ, ես թռչո՜ւմ եմ, տեսա՞ր…
Էջանիշներ