User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում։

Քվեարկողներ
37. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Մի կիլո լոլիկի պատմությունը»- Քարմեն Ս.

    2 5.41%
  • 2–րդ տարբերակ. «Անվերնագիր–1»- Կ'տա թև

    1 2.70%
  • 3–րդ տարբերակ. «Անվերնագիր–2»- Լենա Հովսեփյան

    10 27.03%
  • 4–րդ տարբերակ. «Թափառող հոգիներ»- Սոնա Բաղդասարյան

    1 2.70%
  • 5–րդ տարբերակ. «Հենակետում»- Համբարձում Համբարձումյան

    17 45.95%
  • 6–րդ տարբերակ. «Լռությունն ինքն էր»- Անի Հարությունյան

    2 5.41%
  • 7–րդ տարբերակ. «Մի կտոր երջանկություն»- Նունե Նազարյան

    2 5.41%
  • 8–րդ տարբերակ. «Թռչե՞լ, թե՞ սողալ»- Արմինե Պետրոսյան

    3 8.11%
  • 9–րդ տարբերակ. «Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը»- Անի Հովհաննիսյան

    4 10.81%
  • 10–րդ տարբերակ. «Անվերնագիր–3»- Լիլիթ Կարապետյան

    6 16.22%
  • 11–րդ տարբերակ. «Գագոյի երազանքը»- Նատաշա Համիդյան

    15 40.54%
  • 12–րդ տարբերակ. «Գետնահարկը»- Գալաթեա

    15 40.54%
  • 13–րդ տարբերակ. «Ատունեի կործանումը»- Վարդուհի Բադալյան

    2 5.41%
  • 14–րդ տարբերակ. «Երկու սահմանների առաքյալները»- Արա Ալոյան

    6 16.22%
  • 15–րդ տարբերակ. «Ցրված սկավառակ»- Սաթենիկ Ռշտունի

    1 2.70%
  • 16–րդ տարբերակ. «Խե՛նթ»- Թավրե

    5 13.51%
  • 17–րդ տարբերակ. «Իմ հաղթանակների օրը»- Արաքս Հակոբյան

    1 2.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 95-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 1425 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթը ակումբում

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7–րդ տարբերակ
    Մի կտոր երջանկություն


    ***
    Համալսարանի լսարաններից մեկում մի քանի ուսանող նստած խոսում էին.
    - Իսկ որտե՞ղ է Դարինան, չգիտե՞ս Ինա,- հարցրեց աղջիկներից մեկը:
    - Օհ, չգիտեմ, դեռ չեմ խոսել նրա հետ:
    - Մեր Դարինան վերջերս շատ է փոխվել,- մի տղա մտավ խոսակցության մեջ:
    - Ի՞նչ ի նկատի ունես Էդգար,- հարցրեց Ինան:
    - Նա այնքան զգայուն ու ինքնամփոփ է դարձել: Չեմ հասկանում՝ ինչ է պատահել: Կարծում եմ, որ լավ կանեք խոսեք հետը, աղջիկներ: Միգուցե նա մեր օգնության կարիքն ունի:
    - Այո, Էդգարը ճիշտ է ասում,- ասաց Աննան,- Ինա, դու նրա ամենամոտ ընկերն ես, ինձ թվում է՝ պետք է խոսես հետը:
    - Դե լավ, լուրջ մի ընդունեք: Ես գիտեմ Դարինայի վարքագծի պատճառը: Այս ամբողջի պատճառն այդ Էրիկն է:
    - Ո՞վ է Էրիկը,- հարցրեց Էդգարն Ինային:
    - Էրիկը շվեդ դերասան է: Նա Դարինայի ուրախությունն է,- ժպտում էր Ինան:
    - Օ այո, ես գիտեմ այդ մասին: Ես տեսել եմ Էրիկի նկարները Դարինայի մոտ: Իրոք նա շատ գեղեցկադեմ երիտասարդ է, բայց խելքից դուրս է սիրահարվել մեկին, ում երբեք չես տեսել և ով իր երկրում հայտնի դերասան է,- Աննան այնքան ոգևորված էր խոսում, բոլորը ժպիտով նրան էին նայում:
    - Պատկերացնում եմ, թե ինչքան դժվար պետք է որ լինի հայտնի անձնավորության սիրելը,- նկատեց Էդգարը՝ մտածկոտ հայացքով:

    ***
    Լսարանի դուռը բացվեց և մի փոքրիկ աղջիկ ներս մտավ.
    - Բարի լույս սիրելի կուրսեցիներ,- բացականչեց նա ժպիտով:
    - Օհ բարի գալուստ մեր թանկագին Դարինա,-ասաց Էդգարը:
    - Ու՞ր էիր Դարինա, ինչու՞ չզանգեցիր ինձ,- խոսեց Ինան:
    - Վայ, կներես Ին ջան,- Դարինան նստեց նրա կողքին,- այնքան քնատ էի այսօր, չկարողացա շուտ արթնանալ:
    - Եթե ամբողջ գիշեր Էրիկի մասին չմտածեիր, քնատ էլ չէիր լինի հիմա,- ասաց Աննան:
    Էդգարը սկսեց ծիծաղել:
    - Իմ անուշ Աննա,-ժպտաց Դարինան,- դու շատ լավ գիտես, որ ես չեմ կարող նրա մասին չմտածել...
    - Բայց դու պետք է կարողանաս,- Աննան նրան նայեց զայրացած,- նա քեզ ցավ է պատճառում, դու պետք է դադարես սիրել նրան:
    - Խնդրում եմ այլևս մի խոսիր այդ մասին, Ան,- ասաց Ինան,- միևնույնն է անօգուտ է Դարինային ինչ-որ բան հասկացնելը:
    Էդգարը ձեռքով փակեց Աննայի բերանը.
    - Աղջիկներ, բավական է նյարդայնացնեք Դարինային: Թողեք նա սիրի ում ուզում է:
    - Շնորհակալություն սիրելի Էդգար: Աղջիկներ, հերիք է իմ ու Էրիկի մասին մտածեք: Ես ինձ լավ եմ զգում՝ անկախ ամեն ինչից: Ավելի լավ է անդրադառնանք մեր դասերին:
    Զանգը հնչեց և դասախոսը մտավ լսարան:
    ***
    Շաբաթվա վերջն էր արդեն: Դարինան իր սենյակում էր: Որոշ դասեր պարապելուց հետո նա միացրեց իր համակարգիչը և, ինչպես միշտ, սկսեց ուսումնասիրել շվեդական ամսագրեր ու շաբաթաթերթեր: Հանկարծ նրա աչքերը փայլեցին. Մեծատառերով գրված մի վերնագրի մեջ աչքին ընկավ Էրիկի անունը. <<ԴԵՐԱՍԱՆ ԷՐԻԿ ՆԻԼՍՈՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԿՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼ ԱՆՀԱՅՏ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ>>:
    Հետևյալ վերնագրի ներքո նա կարդաց. << Էրիկ Նիլսոնը TV4 հեռուստաալիքով մի քանի ժամ առաջ ունեցած հարցազրույցում նշել է, որ երեք օրով բացակայելու է երկրից: Երկրպագուները շատ հետաքրքրված են իմանալու մեկնման պատճառը, բայց Էրիկը դեռ գաղտնի է պահում՝ նշելով, որ իր ուղևորությունն անձնական բնույթ ունի ու կապված չէ ֆիլմերի նկարահանման հետ>>:
    Նա սեղանի վրայից վերցրեց Էրիկի նկարը. << Ուր էլ լինես, ինչ էլ անես, ինձ համար դու միշտ իմ Էրիկը կմնաս: Ոչ մի իրադարձություն չի կարող բաժանել ինձ քեզանից: Նույնիսկ մահը չի կարող ինձ հեոացնել քեզանից: Դու ընդմիշտ կլինես իմ սրտում և իմ մտքերում>>: Նա համբուրեց նկարը և դրեց իր գրքի մեջ: Այնուհետև անջատեց համակարգիչը և դուրս եկավ բակ:
    Բնությունն այնքա՜ն գեղեցիկ էր: Թռչունները ծլվլում էին, մեղմ քամին փչում էր ու նրբորեն շոյում նրա վարսերն ու զգեստը: Դարինան իրեն միայնակ էր զգում, այնքան միայնակ: Թվում է՝ քամին փորձում էր հակառակն ապացուցել՝ մեղմ գգվելով նրան: Թռչնակները կարծես միայն նրա համար էին երգում, բայց նա դեռ զգում էր միայնակ՝ այն տարօրինակ զգացումը, որ չես հասկանում որտեղից է հայտնվում և ինչու է հայտնվում...
    ***
    Գեղեցիկ աշնանային երեկո էր: Դարինան համալսարանից տուն էր վերադառնում: Ճանապարհն անցնում էր այգու միջով: Նա քայլում էր՝ ինչպես միշտ խորասուզված մտքերի մեջ: Հանկարծ տերևների խշշոցը ստիպեց Դարինային կտրվել իր մտքերից: Ինչ-որ մեկն իր մեծ ափերով նրբորեն փակեց Դարինայի աչքերը: Աղջիկն անակնկալի եկավ: Նա ուզում էր մի կողմ հրել անծանոթ ձեռքերը, այդ պահին իր այտին զգաց անծանոթի թույլ համբույրը: Մինչ Դարինան կհասցներ ուշքի գալ, թե ինչ է կատարվում, աչքերը բացվեցին, և նա կարողացավ տեսնել մի դեղին վարդ, որն ընկավ իր ոտքերի մոտ: Դարինան անմիջապես շրջվեց՝ հուսալով վերջապես տեսնել այդ խենթ անծանոթին: Շրջվելուն պես Դարինան մի ճիչ արձակեց և անզոր ընկավ <<անծանոթ>>-ի թևերի վրա...


    ***
    Այգու ծառերից մեկի մոտ նստած էր մի երիտասարդ զույգ. Մի փոքրիկ, նուրբ աղջնակ ու մի գեղեցկադեմ երիտասարդ.
    - Եվ...հիմա արդեն քեզ լա՞վ ես զգում,- խոսեց երիտասարդը սահուն անգլերենով:
    - Հուսով եմ այո...օօհ, չեմ կարող հավատալ, դեռ չեմ հավատում, օհ Աստված իմ,- նույնպիսի գեղեցիկ անգլերենով պատասխանեց Դարինան ու փակեց իր աչքերը:
    - Հավատա անուշս, հավատա: Ես այստեղ եմ, քո կողքին: Եվ դու գիտես, որ ես քեզ համար եմ եկել, ընդամենը երկու օրով, որ քեզ ուրախություն պատճառեմ:
    - Օհ, Էրի՜կ...
    Էրիկը քնքշորեն իր ձեռքերի մեջ առավ աղջկա փոքրիկ ձեռքը:
    ***
    - Բառերն ուղղակի անզոր են նկարագրելու, թե ես ինչ եմ զգում, չգիտեմ ինչ ասել, Էրիկ,- լսվեց Դարինայի շփոթված ձայնը:
    - Ես գիտեմ, գիտեմ: Ոչինչ մի ասա, ես հասկանում եմ քեզ: Ես գիտեմ, թե դու ինչքան ես սպասել այս օրվան, ինչքան ես երազել ու լաց եղել ընդամենը այս օրվա համար: Ես եկել եմ, որ քեզ վերադարձնեմ քո անուշ ժպիտն ու փայլուն աչքերը: Ճիշտ է, ես ունեմ խենթ երկրպագուների մի հսկայական բանակ, ես ունեմ սիրած աղջիկ, բայց այն անկեղծ վստահությունը, նվիրվածությունը, որ ինձ անհրաժեշտ էր, ես գտա միայն քո մեջ: Ինչքան էլ ուզում է ինձ աստղ կոչեն, միևնույնն է, վերջապես ես էլ սովորական մի մահկանացու եմ: Ես էլ եմ ունենում տխուր պահեր: Ու նման դեպքերում ես միշտ կարդում էի քո խոսքերը, որոնք ինձ ուժ էին տալիս չընկճվելու, ինձ ուժեղ զգալու և պայքարելու: Ես երբեք չեմ տեսել այսքան խորը հոգով մի պատանի աղջնակ: Բայց ես մի օր սկսեղի ինձ մեղավոր զգալ՝ հասկանալով, որ դու տխուր ես ու հեռու ինձնից: Ու ես որոշեցի երկու օրով հետաձգել իմ բոլոր գործերն ու գալ իմ փոքրիկ հրեշտակի մոտ՝ ընդամենը մի փոքրիկ, շատ փոքրիկ երջանկություն բերելու:
    Դարինան գլուխն հենել էր Էրիկի ուսին ու լացում էր, բայց այս անգամ, դրանք ոչ թե տխրության, այլ անսահման երջանկության արցունքներ էին:

    ***
    Նրանք խոտերի վրա նստած ուրախ զրուցում էին.
    - Էրիկ, գիտե՞ս ես մի քիչ շվեդերեն եմ սովորել,- ասաց աղջիկը ժպտալով:
    - Օհ, իսկապե՞ս սիրելի Դարինա:
    - Այո, Էրիկ, ես ուզում էի գիտենալ քո մայրենի լեզուն: Սպասիր հիմա ցույց կտամ իմ տետրը,- նա պայուսակից հանեց կարմիր ժապավեններով զարդարված մի տետր,- տես, թե ինչքան շվեդերեն եմ սովորել:
    Դարինան սկսեց խոսել շվեդերեն՝ նայելով ուղիղ Էրիկի աչքերին,- Du är min lycka, du är min inspiration. Du betyder allt för mig. Jag är så glad att du klev in i mitt liv. Du gör livet värt att leva. (Դու իմ ուրախությունն ես: Դու իմ ներշնչանքն ես: Դու ինձ համար ամեն ինչ ես: Այնքան ուրախ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում: Քեզնով կյանքը նոր արժեք է ստանում):
    Էրիկն, աղջկա տետրն ամուր բռնած, ուշադիր լսում էր նրան: Նա այնքա՜ն բնական էր...Էրիկն իսկապես զգացված էր, բայց ոչինչ չասաց, որովհետև շուրթերը զբաղված էին աղջկան համբուրելով: Դա առաջին համբույրն էր, որ Դարինան երբևէ ստացել էր...
    ***
    Էրիկի ձեռքերը գրկեցին նրա նուրբ իրանը: Բայց Դարինան իր ձեոքի թեթև շարժումով փակեց նրա շուրթերն ու ասաց.
    - Դու չպետք է ինձ համբուրես միայն նրա համար, որ դու ուզում ես ինձ երջանկության մի պահ պարգևել: Էրի՛կ, երբեք մի՛ արա այն, ինչ քեզ հաճելի չէ:
    - Դարինա, ի՞նչ ես խոսում: Ինչի՞ց ենթադրեցիր, որ ինձ հաճելի չէ քեզ համբուրելը: Դու այնքան գեզեցիկ, փոքրիկ շուրթեր ունես:
    - Գեղեցկությունը ոչ մի նշանակություն չունի: Էրիկ, համբուրում են միայն մեկին, այն մեկին, ում սիրում են, իսկապե՛ս սիրում են...անկեղծ սրտով ու ամբողջ հոգով:
    - Բայց ես քեզ շատ եմ սիրում, Դա...
    - Շը՜շ, ոչ մի բան մի ասա: Ես գիտեմ, որ ինձ շատ ես սիրում: Բայց դու սիրում ես ինձ, որովհետև քեզ մեղավոր ես զգում: Սիրում ես ինձ իմ՝ քո հանդեպ ունեցած անչափ մեծ սիրո համար: Իմ տածած սերը դեպի քեզ շատ մեծ է, այն իր թևերն է տարածում քո զգացմունքների վրա, ու քեզ թվում է, թե սիրում ես ինձ:
    - Ինչու՞ ես տանջում մեզ երկուսիս,- լսվեց Էրիկի տխուր ձայնը:
    - Էրիկ, արի մոռանանք այս խոսակցությունը, ես չեմ ուզում, որ... Էրիկ, մի խաբիր ինձ ու ինքդ քեզ, դա ոչ մեկիս երջանկություն չի բերի:
    - Դարինա...
    - Էրիկ,- ասաց նա ու համբուրեց Էրիկի այտը,- ես ուզում եմ վայելել քո ներկայությունը, չէ՞ որ վաղն այս ժամին դու այլևս այստեղ չես լինի:
    - Ճիշտ ես, իմ փոքրիկ հրեշտակ,- ասաց Էրիկն ու սեղմեց Դարինային իր կրծքին:
    - Ամուր գրկիր ինձ, Էրիկ, շատ ամուր,- խոսեց Դարինան արցունքների միջից:
    Էրիկն այնքան պինդ էր իրեն սեղմել աղջկան, որ թվում էր՝ ուր որ է կխեղդվի փոքրիկ Դարինան:
    Նա համբուրում էր նրա ճակատն ու մազերն ու կրկնում.
    - Իմ փոքրիկ Դարինա, իմ հրեշտակ: Ես այստեղ եմ, ես քեզ հետ եմ, հանգստացիր սիրունս:
    Էրիկը մտքում ասաց <<Եթե միայն կարողանայի սիրել քեզ այնպես, ինչպես դու ես սիրում, միայն այդ ժամանակ կկարողանայի իսկապես երջանկացնել քեզ>>:

    ***
    Օդանավակայան....ընդամենը մի քանի րոպե ու ինքնաթիռը կբարձրանա երկինք: Մեկնող երիտասարդ, արցունքներն հազիվ զսպող աղջնակ:
    Եվ ահա մի վերջին գրկախառնություն...
    - Խոստացիր ինձ, որ երբեք չես տխրելու, ուզում եմ, որ միշտ ուրախ լինես,- աղջկա ականջին շշնջաց տղան:
    - Հիմա ժամանակն է, որ գնաս ու ինքդ քո երջանկությունը գտնես: Միակ ցանկությունս քեզ միշտ երջանիկ տեսնելն է: Իսկ ես... ես քեզնով կհպարտանամ նույնիսկ հեռվից...
    - Հենց սրա համար էլ սիրում եմ քեզ, ես համոզված եմ՝ դու կգտնես քո իրական երջանկությունը, հրեշտակս,- Էրիկը սեղմեց Դարինային իր կրծքին ու համբուրեց նրա սպիտակ ճակատը...
    ***
    Ահա և ամեն ինչ նույն հունի մեջ ընկավ... նստած նույն լսարանում, նույն համալսարանը, նույն հարցասեր ընկերները...
    Վերջապես լսվեց Դարինայի պատասխանը.
    - Նա մեկնեց՝ թողնելով ինձ մի կտոր երջանկություն...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (30.11.2012), Sambitbaba (24.11.2012), Դավիթ (23.11.2012), Տրիբուն (01.12.2012)

  3. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8–րդ տարբերակ
    Թռչե՞լ, թե՞ սողալ



    Не запрещай себе летать,
    Не вспоминай, что ты не птица:
    Մարիա Ցվետաևա

    Ասում են՝ կողքի փողոցի վրա մի շենք կա, որի առաջին մուտքի 9-րդ հարկում մի հսկա պատշգամբ կա՝ Թռչողների պատշգամբը: Դա այն նախամուտքն է, որ բաժանում է Սողունների աշխարհը Թռչունների աշխարհից: Ասում են…

    Ծիտիկ
    -Մա՛մ, նայի՛, ծիտիկն ուզում թլնի, արի վազենք՝ բլնենք:
    -Աղջի՛կ ջան, մենք չենք կարող ծիտիկին բռնել, կփախչի:
    -Մա՛մ, որ արագացնենք, ցի փախծի: Մաաա՛մ, տե՛ս՝ մեզնից մի քից ա հելու:
    Աչքերը լայն բացած, խնդրող հայացքով մորն էր փորձում համոզել փոքրիկ աղջիկը՝ անհանգիստ տրոփող սրտիկով ու ոգևորված դեմքով: Շտապող շարժումով ձգում էր մոր թևը:
    -Վա՛յ, չե՞ս հասկանում, ասացի, չէ՞, որ մենք չենք հասցնի բռնել : Վե՛րջ, թեման փակված է:
    -Մաաա՛մ, խնդրում եմ,-փոքրիկ ձեռքերը մորն էր պարզել, սրտիկը արագ-արագ էր խփում, հույս ուներ, որ մայրը կլսի,-տե՛ս, երեք քայլ ու կհասնենք:
    Դեմքը ոգևորությունից կարմրել էր, մի ոտքն արդեն վերև էր բարձրացրել, մյուսը դողում էր վազելու ցանկությունից: Եթե մայրն այդքան ամուր բռնած չլիներ ձեռքը, նա հիմա ծիտիկի մոտ էր:
    -Վե՛րջ, հիմա մեքենա կգա, քեզ տակով կտա, է՞դ ես ուզում, հա՞:
    -Մա՛մ, ես արագ կվազեմ, մաաամ…
    -Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել, վե՛րջ տուր, ձեռքս պի՛նդ բռնի, գնում ենք տուն:
    -Բայց ինցի՞:
    -Չես հասկանում, հա՞, ծիտիկները թռչում են, մենք չենք կարող նրանց բռնել:
    -Մենք էլ կթլցենք, մա՛:
    - Հիմա՛ր աղջիկ, դու թևեր ունե՞ս, որ թռչես: Թողնեն՝ միայն ինձ զայրացնես:
    -Ունեմ, նայի՛, ես երկու թև ունեմ:
    -Վաա՜յ, գժվեցրեց: Լսի՛, դու քո թևերով չես կարող թռչել: Թռչելու համար թռչունի թև է պետք: Դու չունես: Մեկընդմիշտ ականջիդ օղ արա՝ դու չես կարող թռչել:
    -Բայց ինցի՞, մա՛, արի փոլցենք: Բա որ կարողանամ:
    -Վե՛րջ, տուն գնացինք, արդեն ցուրտ է:
    -Մա՛մ, ծիտիկը թլավ: Մենք չհասցրինք:
    -Ուույ…

    Մամ
    Մա՛մ, ես կարող էի թռչել, բայց դու կտրեցիր թևերս: Անխնա ոտքի տակ տվեցիր, բմբուլները ցրիվ-ցրիվ եղան, ու դու քո առավոտվա ուբոռկի ժամանակ հանգիստ ավլեցիր թևերս, սավոկի մեջ լցրիր ու թափեցիր աղբամանը: Ասում են՝ սողունը սողուն է ծնում, բայց դու թռչուն էիր ծնել: Ի՞նչ անեիր՝ պիտի սողալ սովորեցնեիր: Թռչունդ համառ էր, նա ճախրելու համար էր ծնվել, իսկ դու ուզում էիր գետնի վրա պահել: Մաաա՜մ…

    Փազլը
    Փողոցներ ու փողոցներ, շենքեր ու շենքեր, մեքենաներ, մշակված ծաղկամարգեր, շուն ու կատու՝ տանը պահվող, ձի ու էշ՝ գոմում պահվող, արծիվ ու բազե՝ ընտելացրած:
    Փազլը քանդվում է: Կը՛տ-կըտ-կըտ… Բլուրներն են, փարթամ դաշտեր, ջունգլիներ:
    Հսկա ծաղիկը՝ բուսահոտ, բուսակաթ, բերանը բացել, շոշափում է գլուխս, հաջորդ վայկյանին նա ինձ կուլ է տալիս: Ծամում, քաշում միջիս եղածն ու չեղածը, սեղմվում ու սեղմում, սեղմուուում: Հետո զզվանքով դուրս է թքում: Գլուխս բռնած մի կերպ փախչում եմ, բլրի վրա մի ձի է երևում, հենց հասնեմ, կնստեմ ու տուն կգնամ: Վազում եմ: Այս բլուրն անցնեմ, մյուսը ձիու բլուրն է, չէ՛, դեռ երկու բլուր էլ կա, սա էլ անցնեմ ու…, չէ՛, դեռ չորս բլուր էլ կա, շունչս կտրվում է հիմա չորքոտանու պես եմ առաջ շարժվում, ևս վեց բլուր ու կհասնեմ: Հիմա սողում եմ: Մա՛մ, ուրախացի՛ր, սողում եմ, սողուուում: Բայց դա ինձ համար նորմալ չէ, մա՛մ, ես ուղղակի ուժասպառ եմ: Բա որ ուշքս գնա՞: Չէ՛, չի կարելի:
    Վա՜յ, ձին կողքիս է: Փորձում եմ նստել վրան, քացով տալիս է հենց ճակատիս մեջտեղին: Ուղեղս ցնցվում է:
    Դաշտի մեջ վազում են աքլորները: Կատարներն օդում թափահարում են՝ բարձրացնում, իջեցնում, բարձրացնում, իջեցնում, կտցում են, սու-սուր կտուցներով քանդում են ընդերքը: Գետինը դողում է, փլթփլթում, պոկպոկվում: Ճեղքեր են բացվում, դրանք րոպե առ րոպե մեծանում են: Աքլորները ճեղքի եզրին են, չանչերով բռնել են որդախառն հողակոշտերը, իսկ դրանք գնդիկ-գնդիկ ցած են թափվում: Դե՛, թռե՛ք, թռչուն եք, չէ՞, թռե՛ք: Դուք վայրի թռչուն եք, չէ՞, թռե՛ք, թե չէ ինչի՞ համար են ձեր թևերը: Է՜, կցկտուր թափ եք տալիս կողքներդ կպած ելուստները, դրանք թև չեն, շրտե՛ք, թող գնան:
    Հարյուրներով իրենց գցում են բացվող ճեղքերի մեջ, խփվում դուրս ցցված քարերին, արյունը պայթում է օդում ու խառը ցրիվ գալիս: Է՜, հավացունե՛ր…

    Թռչողների պատշգամբ
    Ասում են՝ կողքի փողոցի վրա մի շենք կա, որի առաջին մուտքի 9-րդ հարկում մի հսկա պատշգամբ կա՝ Թռչողների պատշգամբը: Դա այն նախամուտքն է, որ բաժանում է Սողունների աշխարհը Թռչունների աշխարհից: Ասում են, որ թեկուզ հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ սողուններից ոմանք գտնում են, որ սա իրենց աշխարհը չէ ու որոշում են գնալ Թռչունների աշխարհ: Վերջին տարիներին ավելի հազվադեպ են եղել դեպքեր, երբ սողունը որոշել է թողնել սողունային կյանքը և հանդգնել անցնել նախամուտքը: Բայց դա ինձ չի վախեցնում: Ես հաստատ որոշել եմ, գնալու եմ: Բարձրանալու եմ իններորդ հարկ, կանգնելու եմ պատշգամբի ճաղերին, լաաայն բացելու եմ թևերս ու… թռչելու եմ: Ասում են՝ թռչելիս պիտի անպայման վերև նայես ու աչքերը չփակես, թե չէ վայր կընկնես: Դու ուզւոմ ես թռչել վեր, դեպի շատ վեր, դու ճախրել ես ուզում:
    Վերջապես իններորդ հարկում եմ: Ոչ մի արտակարգ բան էլ չկար փողոցն անցնելու ու ինը հարկ բարձրանալու մեջ: Միայն հաստատ որոշել էր պետք:
    Պատշգամբում օդը յուրահատուկ քաղցր է: Այնքան հեշտ է շարժվել ազատ օդին ընդառաջ:

    Ոտնաթաթերն արդեն գրկել են բազրիքի ճաղերը, իսկ նա դեռ փակ աչքերով շնչում ու շնչում է: Ահա և Թռչողների պատշգամբը: Հեշտ է նայել ներքև, երբ այնտեղ ոչ մի կապող բան չկա:
    Հիմա այլևս չէր կասկածում, որ իր թևերը ունակ են թռչելու: Վստահ էր: Մի քայլ էր իրեն բաժանում Թռչունների աշխարհից:
    Ամեն ինչ կատարվեց ինքնաբերաբար:
    -Մաաաա՜մ, ես թռչո՜ւմ եմ, տեսա՞ր…

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (25.11.2012), Quyr Qery (26.11.2012), Rhayader (30.11.2012), Ruby Rue (23.11.2012), Sambitbaba (24.11.2012), Stress (28.11.2012), Դավիթ (23.11.2012)

  5. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9–րդ տարբերակ
    Անվերջանալի դեկտեմբեր կամ հրաշքի սկիզբը


    Դեկտեմբեր: Գլոբալ տաքացում,բայց էլի մի տեսակ ցուրտ: Տերը սցենար է գրում աշխարհի վերջի մասին և այն էլ Լոռու բառբառով:
    - Ինչ լավ է, մոտենում է Նոր տարին… որքան եմ սիրում այն,- մազերս բիզ-բիզ կանգնելու գնով լսում եմ ընկերուհուս հրճվանքը:
    << Չէ մի, Նոր տարին…հիմա ամեն օր նրա ասած անհեթեթությունները պիտի լսեմ>>, -մտածում եմ ու մի կերպ փորձում զսպել ինձ:
    Ոնց չեմ սիրում Նոր տարին, Նոր տարվա հանդեսը, փուչիկները, տոնածառը, փայլերը, Նոր տարվա սեղանը, հարբեցող հարևանների մի ամբողջ շարքի…բա Ձմեռ Պապը…նա սիրում է գողանալ խաղալիքներս…
    Ու այսպես անցնում է դեկտեմբերը:
    - Բաղդյան իջեցրո՛ւ գլուխդ, գրատախտակը չի երևում:
    Մոտենում են քննության օրերը, դեկտեմբերը սպառվելու է, անվերջանալի են միայն դասախոսությունները Տոպոլոգիայից, իսկ Բաղդյանին շարունակ ասելու են, որ գլուխը մի քիչ իջեցնի…
    Ինչ տխուր է դեկտեմբերը, ինչ ցուրտ է, արև կա, բայց էլի ցուրտ է: Մասնագետների մի խումբ կարծում է, որ գլոբալ տաքացումը և աշխարհի վերջը սերտորեն կապված են իրար հետ…ևս մի չհաջողված սցենար…
    Տոնածառ վաճառողները փակել են մայթերը,օդ չկա, ամենուր կանաչ է…փակ աչքերով սիրում եմ կանաչը, ու ամեն անգամ փողոց դուրս գալուց վախենում եմ, որ էլ չեմ սիրի իմ սիրելի կանաչը…վախենում եմ…
    Ընկերուհուս հորինած անհեթեթությունները դեռ շարունակում են բարկացնել ինձ… նրանից ազատվելու ջանքերի գնով շտապում եմ տուն… երթուղայինի մեջ մի երեխայի թարս հայացքով եմ չափում,որովհետև նա էլ է սիրում Նոր Տարին… մի ժամանակ ես հավատում էի հրաշքներին, մի ժամանակ ես էլ էի երեխա…
    Մտովի տեղափոխվում եմ անցյալ տարի, հնչում են զանգերը, բոլորից թաքուն սկսում եմ չսիրել Ամանորը, կենացներ, էլի կենացներ, հրավառություն, որ սկսվում է երկնքում ու ավարտվում աչքերիդ մեջ…իսկ ես շտապում եմ մտնել անկողինս…ուշ գիշեր… 02:02 րոպե… հեռախոսս զնգում է…
    - Բարև…
    Երեխայի ձայնը ծակում է ուղեղս, այն ինձ ներկա է վերադարձնում, որովհետև նա նորից համարյա ճչում է, որ հատ-կա-պես սիրում է Ձմեռ Պապին… մի ժամանակ ես երեխա չէի, բայց հավատում էի հրաշքներին, ու թերևս երևի բոլորից թաքուն շարունակում եմ հավատալ …
    Հարմարավետորեն տեղավորված մայրիկն ու իր փոքրիկը, երեխայի դեմքի ուրախությունը սպառելու անհեթեթ հայացքներս ստիպում են, որ ինքս հրաժարվեմ նյարդերի բորբոքումից…
    Թափառում…
    Երազներում վերջերս անընդհատ Ձմեռ Պապին եմ տեսնում,նորից խաղալիքներս գողանալիս… այսպես ամեն օր, ամեն գիշեր… դրա համար էլ քունս տանում է դասերի ժամանակ:
    - Բաղդյան,վերջապես իջեցրու գլուխդ…գրատախտակը նախատեսվածից ներքև են կախել…
    Գլոբալ տաքացում, որի պատճառն ընդամենը արտադրված ածխաթթու գազն է: Մոլորակը գնալով լայնանում է տաքացումից, իսկ ձեռքերս սառում են…
    Ամեն անգամ փողոց դուրս գալուց մտածում եմ Տերը ինչ սցենար գրեց աշխարհի վերջի ու այս Նոր Տարվա գիշերվա մասին…
    Էլի դեկտեմբեր… անհավատալի կերպով ավարտվում են դասախոսությունները Տոպոլոգիայից, քննություններ, Բաղդյան, գրատախտակ, փողոցներ, մարդիկ, տոնածառներ, ամեն տեսակի անհեթեթություններ…
    Մայրս իր հերթին պատրաստություններ է տեսնում,իսկ ես մաշվում եմ քննություններից, մաշվում է ինձանով փաթաթված թիկնոցս:
    -Մամ, ուզո՞ւմ ես այս տարի պատմվածքներ դնենք սեղանին, իսկ որպես դեսերտ կմատուցենք բանաստեղցություններ,մա՛մ, շատ լավ կլինի…
    Աշխարհի վերջի մասին իմ պատկերացումներն ու մտածմունքները թուլանում են, որովհետև միտքս ամբողջությամբ զբաղեցվում է Ձմեռ Պապով ու ամեն գիշեր տեսածս մղձավանջներով:
    -Ձմեռ պա՛պ, հերիք Է գողանաս խաղալիքներս…
    Վախենալով կանաչը կորցնելու մտքից` ամեն օր տուն եմ փախչում, փակում եմ բոլոր դռներն ու պատուհանները, կծկվում եմ վերմակիս տակ:
    Դեկտեմբերը որոշում է անհետանալ, վերջապես անհետանալ…
    Երբ զանգերը ներսից խփեն հեռուստացույցի ապակուն, երբ փորձեն ազատվել քառակուսի մետրանոց տարածքից, երբ փորձեն մտնել մարդկանց խորքերը, ես էլ բոլորի նման կպահեմ երազանքներս, որ դրանք կատարվեն… այս անգամ չեմ մոռանա…
    Ամանորի գիշեր… մայրս այդպես էլ չհամաձայնեց սեղանի ձևավորման գործողությունը հանձն առնել ինձ, ասաց` հիմա ո՞վ է սեղանին պատմվածքներ ու բանաստեղծություններ դնում:
    02:02 րոպե… բացում եմ անկողինս ու տեղավորվում նրա մեջ…նայում եմ հեռախոսիս…նա լուռ է… փակում եմ աչքերս, սպասում եմ…կկատարվի…
    02:30 րոպե… արթնանում եմ… բայց չէ՞ որ հրաշքն արդեն կատարվել է… ավարտվեց դեկտեմբերը, իմ կյանքի ամենաերկաաաաաաաաաաաար դեկտեմբերը…
    Գլոբալ տաքացման հետևանքով ձյունը կես ճամփին անձրև է դառնում ու լղոզվում գետնին…ինչևէ, վաղը անձրևամարդ կպատրաստեմ…
    Իսկ փողոցներում, մայթերի վրա, տանիքների տակ, ամենուր, ամեն տեղ Տերը սցենար է գրում աշխարհի անվերջանալի վերջի մասին և այն էլ Լոռու բառբառով…
    Նա պարզապես հիասքանչ է ձնախառն անձրևի տակ, սցենար գրելիս, Նոր տարվա գիշերով ու, հատկապես, իմ պատուհանի անձրևոտ ապակուց նայելիս:
    Բացում եմ անձրևանոցս ու դուրս եմ գալիս փողոց… մոտենում եմ նրան ու բռնում ձեռքը. սառն է…
    - Բոլորը քնած են, ներս գնանք, Տե՛ր իմ, կմրսես…

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (30.11.2012), ivy (24.11.2012), Moonwalker (23.11.2012), Ruby Rue (23.11.2012), Sambitbaba (24.11.2012), Stress (28.11.2012), Արէա (23.11.2012), Դավիթ (23.11.2012)

  7. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10–րդ տարբերակ
    Անվերնագիր–3


    Այդ երազանքները հազվադեպ են իրականանում ու հոսում են սեփական ուշացած կենսագրությանը համընթաց: Ետ նայելիս անծայյրածիր մթության մեջ հայյրս դիտարկում է ինձ, որպես մի կղզու, ուր ոչ ոք չի բնակվում, որովհետև մարդիկ ասում են , որ բոլոր կղզիները մի օր անցնելու են ջրի հատակը: Խարխափելով մթության մեջ` հայրս, անխոս գրկելով, բազմոցից նստեցնում է հաշմանդամի սայլակին: Մեջքիս ետևում փափուկ բարձ է դնում , հարմարեցնում գլուխս այնպես , որ ետ չընկնի ու միասին իջնում ենք բակ: Քարին նստած ծեր կինը առօրեական ողջույնը փոխանակելուց հետո , հիշեցնում է իմ վտիտ մարմնագոյացման վտանգի մասին ու հորս արագորեն պատմում դրախտի գոյությունը հաստատող վերջին կարևորագույն լուրերը. Կանաչ խոտածածկի վրա ցատկոտող երեխաներ, քաղցր պաղպաղակ, գնդակ խաղացող մանուկներ: Ֆուտբոլի դաշտի կողքով անցնելիս <<գոլ>>, <<գոլ>> բացականչություններով գնդակը հայտնվեց ուղիղ ոտքերիս մոտ ու շոկոլադե պաղպաղակով տղան վախեցած սկսեց լաց լինել: Հայրս թեթև շարժումով, հատկապես որ սպորտային կոշիկներ էր հագել, ետ մղեց գնդակը ու խաղը շարունակվեց դատավորի` ծռմռված շրթունքներից բխող սուլոցի ներքո:
    Ամենաշատը վախենում եմ հրաժեշտից, որին հաջորդում է նոր բան սկսելու անորոշությունը ` անհայտ եզրափակիչով, հաշիվը առնվազն 1-0 ավարտով: Դեռ մտովի հետևում էի ֆուտբոլի խաղին ու չնկատեցի ինչպես հասանք կանաչ նստարանին վիճաբանող կանանց: Աստծուց էին բանբասում` լսել էին` տղա է ունեցել: Իմ լռությունը անզոր էր կանգնեցնել վստահ քայլերով ինձ մոտեցող կնոջ ցանկությունը` մի խուրձ բուկլետ տալ: Հայրս անխոս , բայց կտրուկ շարժումով թեքեց սայլակը ` բախվելով հայտարարությունների բարձր սյանը` <<Զգուշացեք Եհովայի վկաներից>>: Պատ: Սա տեսողական խաբկանք չէ: Երկգույն վանդակավոր տախտակին շարված խաղաքարերի գլխիկները տաքացել էին կնճռոտված մատների արանքում: Ծերունիները լքված էին ինչպես դատարկ տան չորս պատերը և չաշխատող ժամացույցի նման պարապ, որովհետև ժամանակը կորցնում է իր բովանդակությունը երբ առջևում միայն մի արկած կա` մահը: Անցանք ժամացույցի վերանորոգման կողքով, դատարկ տարածք, տրվում է վարձով, ականջի դակում: Անցանք վայրկյանապես, առանց ափսոսանքի, արագորեն: Հայրս լարված սայլակս էր հրում, իսկ մյուս ձեռքով խոսում էր բջջայինով` հաջորդ օրվա պայմանավորվածությունների մասին: Միասին հեռանում էինք, ինձ թվում է փախչում էինք այն ժամանակներից , երբ դռան թակոցը լսելիս վազում էի իմ ննջասենյակ ու անկողին մտած ամուր փակում աչքերս` իբր թե քնած եմ: Հայրս դռան արանքից երկար նայում էր ու լուռ հեռանում: Մի անգամ խիզախեց համբուրել: Փափուկ ու ծույլ շարժումով մի կողմ հրեցի նրան ու վերմակով ծածկեցի դեմքս:
    << Ինչ լավն ես քնած ժամանակ>>,- Ժպիտով ասաց նա:
    Դեռ չգիտեի, որ ամբողջ անշարժ ու շարժական գույքը ժառանգելու են բարեկամներս, հորս դիակը` ես: Նա հնամենի մի երգ էր շվշվացնում սիրո մասին: Գեղջկական ելևէջներով բառերը չէին համապատասխանում բանկոմատի էկրանին գրվող թվերի հետ: Վերջին ամսվա աշխատավարձը նախքան տուն հասնելը ծախսվելու էր քաղցրավենիքի ու նման անհեթեթ բաների վրա: Ինչպես միշտ դատարկ գրպաններով վերադառնալու էինք տուն, բայց հայրս ուրախ էր թվում: Իմ փոխարեն ողջունեց դասընկերոջս, որ փորձում էր ձեռքս սեղմել ու հարցնել որպիսությունս: Լավ ենք: Երկու բառով ավարտեց խոսակցությունն ու նույնպիսի զվարթ տրամադրությամբ փոսերի վրայով հրեց սայլակս ` կամացուկ ցնցումով հայտնվելով մթերային խանութի առջև: Թեք հարթակի վրայով անցանք ազատ զամբյուղների մոտով ` որպես նշանակետ ունենալով գինիների բաժինը, հայրս վերցրեց ամենամեծը: Նեղ ու երկար լաբիրինթոսի նմանվող ճանապարհին կորելու վախից ուզում էի բռնել հորս ձեռքը, բայց մնացի անշարժ: Տեսողությամբ լուսանկարեցի այն պահը` ինչպես է կլոր գործիքով օղակ-օղակ կտրվում երշիկը ակվարիումի մեջ լողացող ձկան կողքին, որ դանդաղ բացուխուփ էր անում բերանը` կեր որսալու պատրվակով: Մի պահ սայլակս ու զամբյուղը, միմյանցից չտարբերվելու աստիճան, գլորվում էին դեպի ելքը` փաթեթավորված ձուկն ու վերնաշապիկը մինչև վերջ կոճկած իմ մարմինը միասին: Հայրս միայն ուղորդում էր մեր շարժումը մինչև դրամարկղի մոտ:
    Այնուհետև նահանջն էր, որովհետև փախչելու տեղ չկար: Միևնույնն է կգտնեին: Մեքենայի ապակին իջեցնելով` ասելու էին` արձակիր վերնաշապիկիդ կոճակները, երբ հայրս կողքիս չլիներ: Նա չգիտեր, որ մարդկանց ամենաբաղձալի ցանկությունները իջնում են շատ ավելի ներքև: Վերադարձն այնքան դանդաղ էր, որ ճանաչեցի հորս շնչառությունը, չորացած տերևների շրշյունը ու հաշվեցի ձկան տոպրակից գլորվող արյան կաթիլները` 67:
    Ջութակ նվագող մուրացիկի երաժշտության ներքո մեր բնակավայրն ավելի դատարկ էր թվում: Նա երկար մատներով խնամքով բռնել էր փայտիկը. այդ վտիտ մատներում լռությամբ ու վախով ապրում էր երաժիշտ կոչվելու երբեմնի փառքը: Հյարս: Հայրս մեծ երազող է: Նրա երազանքը գամված է սայլակին, սպասումով, որ կգրկի ինձ ու սովորականի նման կբարձրացնի վերև: Հորս մարող ջերմությունը, ծանր ու ընդհատվող շնչառությունը: Թրմփ: Ձկան տոպրակը ձեռքից ընկավ:
    Ես շրջվեցի, հայրս ծերացել էր: Ոտքի կանգնեցի, գրկելով հորս, օգնեցի նստել սայլակին ու միասին բարձրացանք չորրորդ հարկ:
    Ես գիտեի , որ երբ հայրս ծերանա, կկորցնեմ նրան ու կսկսվի իմ մենությունը:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.11.2012), ivy (24.11.2012), Kanamar (26.11.2012), Sambitbaba (24.11.2012), Դավիթ (23.11.2012)

  9. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11–րդ տարբերակ
    Գագոյի երազանքը


    Համալսարանն ավարտելուց հետո ամեն տարի հուլիսի 30-ին հավաքվում ենք մեր տասնվեց հոգանոց խմբով: Հավաքվում ենք, որ մեկ-երկու շիշ գարեջրի հետ տեսնենք` ով որտեղ է հասել, որ հիշենք նույն մազալու պատմությունները, նույն դասախոսների տնազներն անենք ու զարմանանք, թե ինչու մեզնից ոչ ոք դեռ չի ամուսնացել: Տարվա մնացած օրերն այնքան են հեռացնում մեզ իրարից, որ հանդիպելիս ուրիշ թեմաներով խոսել չենք էլ կարողանում: Եթե ավելի հաճախ տեսնվեինք, գուցե հուշերը սպառվեին, տնազներից ձանձրանայինք ու սկսեինք նոր թեմաներ հորինել, որ զրույցը շարունակվի:
    Ամենամյա մեր հանդիպումները միայն մի բանով էին իրարից տարբերվում. գնալով պակասում էին ներկաները, որովհետև գնալով շատանում էին Հայաստանից գնացողները: Մեր հանդիպման վեցերորդ տարում արդեն տասնվեցիցս ընդամենը չորսով էինք մնացել Հայաստանում` Անահիտը, Տիգրանը, Աշոտը և ես: Եվրոպաներից ու Ամերիկաներից գրում էին մեր համակուրսեցիներն, ասում էին` դուք էլ եկեք, ի՞նչ եք կորցրել Հայաստանում: Անահիտը պատասխանում էր, որ ծնողները ծեր են, չի կարող նրանց մենակ թողնել: Տիգրանն արդեն զզվել էր ամեն ինչից ու պատրաստվում էր Կանադա մեկնել. յոթերորդ տարում ինքն էլ չի լինի: Աշոտը կուրորեն սիրում էր Հայաստանը և հավատում էր, որ ինչ-որ բան կարող է փոխել, չնայած բոլորիցս վատ պայմաններում ինքն էր ապրում: Իսկ ես կյանքիցս գոհ էի. ունեի լավ վարձատրվող աշխատանք, մեկ-երկու տարին մեկ մի քանի ամսով գործուղվում էի արտասահման, ապրում էի առանձին: Մի խոսքով, խելքս չէի թռցրել, որ անհոգս-անդարդ կյանքս ռիսկի տակ դնեի:
    Բայց մեր վեցերորդ հանդիպմանը հինգով էինք: Հուլիսի 29-ին Աշոտը հերթով զանգեց բոլորիս ու հարցրեց` կլինի՞ Գագոն էլ գա: Գագոն մեր համակուրսեցին է եղել, բայց վարձը չտալու պատճառով առաջին կուրսից հետո դուրս է մնացել: Գնացել բանակ, վերադարձել, ուսումը շարունակել է, ավարտել է մեզնից երկու տարի հետո: Մեր խմբից միայն Աշոտն էր, որ Գագոյի հետ կապը պահպանել էր, դեռ լավ էլ մտերիմ էին, իրարից տեղյակ: Ու երբ զանգեց, հարցրեց ընկերոջը հետը բերելու մասին, մեզնից ոչ ոք չառարկեց: Ավելին` ուրախ էինք, որ Գագոյին էսքան տարի հետո նորից պիտի տեսնեինք: Բացի դրանից, էդքան քիչ չէինք երևա, տխուր չէր լինի:
    Հավաքվեցինք Արամ Խաչատրյանի արձանի մոտ ու զարմանալիորեն հավաքվեցինք ընդամենը հինգ րոպեում. էլ ստիպված չեղանք ամբողջ կես ժամ մեկ-երկու ուշացողների սպասել: Չգիտեմ` ավելի պարտաճանա՞չ էինք դարձել, թե՞ ուշացողներն էին Հայաստանից գնացել:
    - Ու՞ր գնանք,- հարցրեց Աշոտը:
    Մեր հինգ հանդիպումներից չորսը Վեսթում են անցել, մեկը` Այրիշում, որովհետև կարծում էինք, որ տեղի փոփոխությունը բովանդակության փոփոխություն էլ կբերի, բայց պարզվեց, որ Վեսթը հեչ էլ մեղավոր չէր, որ մենք խոսելու ուրիշ թեմա չունեինք:
    - Տեխա՞ս,- առաջարկեցի:
    - Էդ ի՞նչ ա,- հարցրեց Գագոն,- էկեք Փարվանա գնանք:
    Ես ու Անահիտը նայեցինք իրար, Տիգրանը ցնցվեց, իսկ Աշոտն անհանգիստ շարժում արեց:
    - Չէ, Գագ, արի էս անգամ Տեխաս գնանք: Փարվանան թող մնա մյուս անգամ,- առաջարկեց Աշոտը:
    Բոլորս թեթևացած շունչ քաշեցինք ու շարժվեցինք դեպի Տեխաս:
    Դռան զանգը տվեցի ու դուռը բացող բարմենուհուն ասացի` եկել ենք:
    - Քանի՞ հոգով եք,- հարցրեց:
    - Հինգ,- պատասխանեցի:
    Սկսեցինք հերթով ներս մտնել ու առաջանալ դեպի ազատ սեղաններից մեկը: Դռնով վերջինն անցավ Գագոն: Մատուցողուհին ակնթարթային հայացք գցեց վրան ու արտաբերեց.
    - Կներեք, տեղ չունենք:
    Կյանքիս մեջ առաջին անգամն էր, որ Տեխասի ֆեյս քընթրոլը չանցա: Լեզուս կծեցի ու հասկացա, որ դժվար երեկո է լինելու, բայց սպասեցի, թե ընկերներս ինչ կառաջարկեն:
    - Էկեք Անանուն փաբ գնանք,- առաջարկեց Աշոտը
    - Գնանք, վաղուց էնտեղ չեմ եղել,- համաձայնեց Անահիտը:
    Անանուն փաբում չկարողացան ասել, որ տեղ չկա, որովհետև բոլոր սեղաններն ազատ էին, բացի մի անկյունում ինչ-որ առիթով հավաքված ինը-տասը երիտասարդներից, որոնք, ինչպես հետո իմացանք, ծնունդ էին նշում: Մտնելու պահին Փինք Ֆլոյդ էր հնչում, ու երբ մատուցողուհին մոտեցավ պատվերներ վերցնելու, Գագոն միանգամից վրա բերեց.
    - Քուր ջան, ինչ կլինի, էս երաժշտությունը ցածրացրու:
    - Մեզ մոտ շատ լավ երաժշտություն է հնչում,- հայտարարեց զարմացած մատուցողուհին:
    Եկան գարեջրի առաջին շշերը: Սկսվեցին առաջին պատմությունները:
    - Հիշու՞մ ես Ասատրյանին, որ մի անգամ երկու գալստուկ կապած դասի էկավ: Որ շուռ էկավ, գրատախտակին բան գրելու, երկրորդն էլ էրևաց, ու ուշքներս ծիծաղից գնաց:
    - Բա Գևորգյա՞նը: Ո՜նց էր ոտը ոտին գցում ու ծխում սաղ վախտ: Տեսնես` հլը սա՞ղ ա:
    - Հա, էն օրը տեսել եմ. առաջվա ծիտն ա, հեչ չես ասի, որ հեսա ութսուն տարեկան կդառնա:
    - Լուրջ, էդքան կա՞: Ես իրան հիսունից ավել չէի տա:
    - Հա, հաստատ բան եմ ասում: Իրա թոռան հետ եմ աշխատում, ինքն էլ ա իրա տատով հպարտանում:

    Երաժշտությունը փոխվեց պարայինի: Կողքի սեղանի աղջիկները վեր կացան, սկսեցին կոտրատվելով պարել: Գագոն չէր մասնակցում մեր զրույցին: Աչքերը չռած նայում էր պարող աղջիկներին:
    - Գագ, տենց մի նայի, մի մոռացի, որ ընկերուհի ունես,- փորձեց սաստել Աշոտը:
    - Լու՞րջ,- զարմացավ Անահիտը` ուրախանալով, որ խոսակցության նոր թեմա կբացվի. մենք բոլորս ոչ միայն ամուրի էինք, այլ երդվյալ սինգըլներ, ու մինչև հիմա ոչ մի սիրային պատմություն ոչ մեկիցս չէինք լսել:
    Լսելով, որ Գագոն ընկերուհի ունի, բայց միևնույն ժամանակ ուրիշ աղջիկների վրա է կենտրոնացել, թարս նայեցի:
    - Քեզ ի՞նչ էղավ, Մար,- Գագոն վախեցել էր հայացքիցս:
    - Որ ընկերուհի ունես, ի՞նչ ես տենց վավաշոտ նայում էդ աղջիկներին:
    - Էդ չի խանգարում: Էսօր մեկին կպցնելու եմ:
    Աղջիկները շարունակում էին կոտրատվել: Նրանցից երկուսն արդեն գրկախառնված էին պարում:
    - Սրանք հաստատ լեզբի են,- որոշեց Տիգրանը:
    - Ճարներն ի՞նչ: Որ սենց խիար տղերքով շրջապատված լինեն, տենց էլ կլինի:
    Սեղանի շուրջ հավաքված տղաներն իրենց աթոռներին փռված Գագոյից ոչ պակաս վավաշոտ հայացքներով նայում էին պարող աղջիկներին:
    - Հլը ուշադիր. իրանցից ամեն մեկը մի տղու համար ա կոտրատվում,- նկատեց Անահիտը:
    Իրոք, աղջիկներից ամեն մեկն աչքի տակով մի տղայի էր նայում, իսկ նրանք տեղներից շարժվելու մտադրություն բնավ չէին ունեին:
    Գարեջրի երկրորդ շշի հետ հայտարարեցի.
    - Որ Նիրվանա դնեն, ես էլ կպարեմ:
    Գագոյի աչքերը կլորացան ու դուրս թռան: Ինչ-որ բան էր ուզում ասել, բայց էդ պահին Աշոտն առաջարկեց կենաց խմել, ու Գագոն ստիպված ասելիքը մեջը պահեց:
    Կողքի սեղան տորթ բերեցին մոմերով:
    - Ան, լսել եմ գործից դուրս ես էկել:
    - Հա, բայց արդեն թազա գործ եմ ճարել, նենց որ էդքան էլ վատ չի:
    Գագոն էլի բացակա էր:
    - Տիկ, բա դու ե՞րբ ես գնում:
    - Եթե սաղ լավ լինի, մինչև ձմեռ: Բանակիս հարցերը դեռ չեմ լուծել:
    - Ո՞նց, քեզ չէի՞ն ազատել:
    - Վերջնական չէ:
    Մեկ էլ Գագոն նորից միացավ մեզ:
    - Անահիտ ու Մարի, ես ձեր մասին ուրիշ կարծիք ունեի: Չգիտեի, որ սենց տեղեր եք գալիս:
    - Ո՞նց տեղեր,- ծիծաղեցի:
    - Դե սենց էլի… ես ստեղ կգայի աղջիկ կպցնելու:
    - Արի գրազ գանք, որ քառասուն անգամ գաս ստեղ, քառասուն անգամն էլ մենակ դուրս կգաս,- առաջարկեց Աշոտը:
    - Կամ էլ երեսունիններորդ անգամ տղու հետ դուրս կգաս,- ծիծաղեց Տիգրանը:
    Գագոն չլսելու տվեց:
    - Աղջկերք, դուք ստեղից դուրս գալուց հետո ուզող չեք ունենալու:
    - Արխային, ես տարին մեկ արտասահման եմ գնում: Նենց որ սենց թե նենց ուզող չեմ ունենա:
    Էծերս էկան ու որոշեցին Գագոյին ջղայնացնել: Մտածեցի` ամենաուժեղը շիշը ձեռքիս պարելը կլինի: Գնացի զուգարան, որպեսզի շպարս թարմացնեմ, ավելի թեթև մայկա հագնեմ, մազերս էլ թացացնեմ: Հետո պիտի վերադառնայի, խնդրեի, որ Նիրվանայի Rape Me-ն միացնեն, վերցնեի գարեջրի շիշը ու գժված թռվռայի:
    Լավ էր, որ զուգարանում մարդ չկար: Հանեցի տաք սվիտրս ու հագա մարմինս գրկող մայկաս, ներքև քաշեցի, որպեսզի կրծքերիս բացվածքը երևա: Կարմիր շրթներկ քսեցի: Մազերս թեթևակի թացացրեցի, որ պարելիս չշոգեմ: Այ Գագո, Գագո, դու հիմա կտեսնես: Երբ պարեմ, ու լոզերդ գնան, երբ ուշքի գաս, որ քո հեզիկ-նազիկ համակուրսեցին եմ, ոչ թե «կպցնելու աղջիկ», երբ չկողմնորոշվես՝ ինձ մոտենաս, թե չէ, էդ ժամանակ կիմանաս, թե ինչ է նշանակում ընկերուհուն դավաճանել կամ ինչ է նշանակում իմ մասին «ավելի լավ» կարծիք ունենալ:
    Երբ դուրս եկա զուգարանից, Գագոն չկար, իսկ աղջիկները չէին պարում:
    - Էս ու՞ր ա Գագոն,- հարցրի:
    - Նեղացավ, գնաց դուրս
    - Ինչու՞, ի՞նչ եք արել էդ խեղճին:
    Ձայն չհանեցին: Գնացի դուրս, որ Գագոյին բերեմ: Դեռ մի քայլ էի արել, որ դուրս գամ փաբից, մեկ էլ տեսնեմ` ծառի տակ թաքնված Գագոն ինչ-որ մեկի հետ համբուրվում է: «Փաստորեն գրազը կրեց»,- մտածեցի ու թաքուն մոտեցա, որ տեսնեմ` պարողներից որ մեկը վերջը բաժին հասավ Գագոյին:
    Եվս երկու քայլ, և նկատեցի, որ Գագոյի հետ համբուրվողը կողքի սեղանի սպիտակ շալվարով տղան էր, որն իր մյուս սեռակիցների պես աթոռին գամված նայում էր պարող աղջիկներին` այդպես էլ չմիանալով նրանց:
    ***
    Կարդաց էս պատմությունն ընկերներիցս մեկը: Կարդաց-կարդաց ու չհավատաց, ասաց՝ Գագոն տղու հետ չէր համբուրվի, օրալ սեքս՝ հա, բայց համբուրվել՝ երբեք: Երկնքից ընկավ երեք խնձոր: Մեկն էս պատմությունը հորինողին, մեկը Գագոյին, մյուսն էլ հավատացողին, որ Գագոն տղու հետ համբուրվեց:

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (01.12.2012), Arpine (30.11.2012), Chilly (26.11.2012), Chuk (29.11.2012), impression (26.11.2012), ivy (24.11.2012), Mephistopheles (23.11.2012), Moonwalker (23.11.2012), Mr. Annoying (18.01.2016), Peace (23.11.2012), Quyr Qery (26.11.2012), Sambitbaba (24.11.2012), Արէա (23.11.2012), Դավիթ (23.11.2012)

  11. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    12–րդ տարբերակ
    Գետնահարկը


    Առաջինը Մերուժանն էր: Երբ նա սկսեց օրվա մեջ մի քանի անգամ մոտենալ արևելք նայող պատին և հանգամանորեն լիզել պատի ճաքերը, գործընկերներն սկսեցին անհանգստանալ: Մերուժանին մինչ այդ նույնիսկ պաղպաղակ լիզելուց չէին տեսել: Սկզբում բոլորը ծիծաղում էին: Քահ-քահ: Հետո երբ հավատացին, որ Մերուժանը չի հիշում՝ ինչպես և ինչու է պատը լիզում, սկսեցին վախենալ նրա համար: Համոզեցին՝ գնաց բժշկի: Որոշ ստուգումներից հետո նա հայտարարվեց առողջ և ուղարկվեց տուն: Գործընկերները թեթևացած շունչ քաշեցին: Էլ ոչինչ չէր լիզում:
    Անցավ մեկ շաբաթ: Լուսինեն ինչպես միշտ առաջիններից մեկը եկավ աշխատանքի այդ օրը: Իր սեղանին մոտենալիս Լուսինեն դանդաղեցրեց քայլերը: Օդի մեջ տարօրինակ զգացողություն էր տիրում: Հինգ քայլ հետո... Նաիրան, գործընկերուհիներից մեկը, գոտկատեղից ներքև մերկ, պատռտած վերնաշապիկով ու արյան մեջ կորած, անբնական դիրքով պառկած էր՝ սառած հայացքը դեպի արևելք նայող պատը: Նրա պարանոցին սիրտ խառնելու չափ պարզ երևում էին արդեն սևացող մատնահետքերը: Լուսինեն փորձեց ճչալ, բայց ասես երազում՝ ձայն դուրս չեկավ կոկորդից: Միայն բերանն էր բաց՝ ու սարսափից աղճատված: Վարագույրի հետևում շողք էր երևում: Անհասկանալի ուժով մղված, շատ լավ գիտակցելով, որ չի ուզում տեսնել, թե ինչ է վարագույրի հետևում, Լուսինեն քայլեց դեպի պատուհանը:
    Չգիտես ինչու՝ ամենաշատը տպավորվեց Մերուժանի զոլավոր փողկապը: Պատուհանի վերևի բռնակից կապած, վիզը գրկած, կարմիր ու կապույտ զոլերով փողկապը, որի կապույտը շատ մոտ էր Մերուժանի դեմքի կապույտին: Լուսինեն մտածեց, որ գույները սազում են իրար ու վերջապես կարողացավ կոկորդի ճիչը դուրս բերել՝ իր վերջին հետևության անպատեհությունից ավելի, քան երկու դիակներից սարսափած:

    Քաղաքի մեծահարուստներից մեկին պատկանող շինության մասին շշուկները չէին դադարում: Մարդիկ համառորեն պնդում էին, որ երբ համարձակվում ես շենքին շատ մոտ քայլել, գետնահարկից ճիչեր ու տնքոցներ են լսվում: Ու մարդիկ գործի էին դնում իրենց երևակայությունը: Ասում էին, որ մեծահարուստը ամեն գիշեր քնելուց առաջ գետնահարկն է բերել տալիս մի ընտանիք ու սպանում է ընտանիքի բոլոր անդամներին: Յուրաքանչյուրին մի առանձին ձևով: Մեկին կտրտում է կացնով՝ սկսած ձեռքի մատներից, մյուսին խեղդում ու եփում է եռացած ջրով լի կաթսայի մեջ, երրորդին, ասենք ընտանիքի հորը, ստիպում է բռնաբարել իր աղջկան և հետո սպանել նրան՝ կոկորդը կտրելով: Իսկ հետո նրանց բոլորին թաղում է գետնահարկի բետոնե խորը ավազանի մեջ, որը արևելքին նայող պատի մոտ է փորված, իրար կողք շարելով դիակներն ու բետոնի նոր շերտ ավելացնելով: Տասից մեկին էլ կենդանի է թաղում: Ու մինչև հաջորդ գիշեր բետոնի այդ շերտը չորանում-քարանում է, քանի որ գետնահարկում դժոխքի ջերմաստիճանն է տիրում: Պարզ չէր, թե նման մանրամասները որտեղից են հայտնի քաղաքի բնակիչներին. չէ՞ որ գետնահարկից ոչ ոք կենդանի դուրս չէր գալիս ըստ շշուկների:

    Փոքրիկ քաղաքի ամենահին բնակիչներից մեկը,Սերոբեն, ով երդվում էր, որ անգիր գիտի բոլոր հին բնակիչներին, մարդկանց ասում էր, որ մեծահարուստն իրականում Սպանդարամետ աստվածն է, որ վերադարձել է մարդու կերպարանքով և հագեցնում է իր դարավոր քաղցը: Հետո նա ստիպված էր լինում բացատրել, թե ով է Սպանդարամետը և ընդհանրապես ինչպես կարող է բացի մարդկանց ճանաչած Աստծուց ուրիշ աստված լինել: Այն էլ արյունարբու ու մարդակեր: Սերոբեին ատեցին ու դադարեցին լսել:


    Հրատարակչության տնօրինությունը երեք տարի էր արդեն, որ աշխատակիցներին խոստանում էր տեղափոխվել նոր շենք, բայց խոստումը խոստում էր մնում: Ներկայիս շենքը, ճիշտ է վերանորոգած, բայց միևնույն է, շատ հին էր: Գետնահարկը, որում հրատարակչության տարածքն էր, վերջին մի քանի օրում, ասես արագացված կադրերով, սկսել էր մաշվել: Իսկապես մաշվել: Պատերի ներկը քայքայվում էր, առաստաղից ժամը մեկ ծեփոններ էին կախվում ու ընկնում հատակին, համակարգիչների ու մարդկանց վրա: Բայց այս ամենը համարվել էր աշնան խոնավության հետ եկած երևույթ և գրեթե անուշադրության էր մատնվել՝ մինչև Մերուժանի ու Նաիրայի վախճանը:
    Փորձաքննությունը պարզել էր, որ Մերուժանը սպանելուց առաջ բռնաբարել է Նաիրային: Մերուժանը, որ ըստ բոլոր գործընկերների, աշխարհի ամենաբարի ու ամաչկոտ մարդն էր:

    Ու Լուսինեն: Դեռ խելքի չեկած երկու գործընկերների հետ պատահածից, աշխատողներն սկսեցին նկատել Լուսինեի տարօրինակ պահվածքը: Նրան անընդհատ բռնացնում էին հայացքը հառած այն կետին, ուր այն օրն ընկած էր խոշտանգված Նաիրան: Պետք էր լինում մոտենալ ու դիպչել Լուսինեի ուսին, որովհետև պարզապես կանչելով նա խուլի պես արձագանք չէր տալիս:
    Հրատարակչությունում շշուկներ սկսվեցին հիմնարկը փակելու մասին: Աշխատողների մեծ մասը պարզապես հրաժարվում էր ներկայանալ՝ անգամ աշխատանքից զրկվելու սպառնալիքով: Բայց ոչինչ էապես չփոխվեց, մինչ մի առավոտ Անահիտը ներս մտնելով չգտավ Լուսինեին նույն տեղում, ուր նա նայում էր առանց հայացքը կտրելու: Նրա կոկորդի մեջ ցցված էին գրասենյակային երկու մատիտներ՝ ծայրերին վարդագույն կիսամաշ ռետիններով:

    Միքայելը նորից զարթնեց նույն երազից: Շունչը դեռ չէր հերիքում, ինչպես երազում: Բետոնի հեղուկ զանգվածն ասես դեռ մարմնի վրա, աչքերի ու բերանի մեջ լիներ: Ու այն չորանում էր: Արագ, արագ: Աչքերն էլ չէր կարողանում փակել, մեջը լցված բետոնը չէր թողնում:
    Հեռախոսի զանգը փրկության ղողանջ թվաց; Նետեց իրեն հեռախոսի մոտ;
    - Ալո:
    - Միքայել,- լսեց Անահիտի հիստերիկ ձայնը, - Լուսինեն... Լուսինեն... Լուսինեն...
    Միքայելը լսափողը հեռու տարավ ականջից: Մի տոն էլ բարձր ու Անահիտին միայն չղջիկները կկարողանային լսել:

    Միքայելը տենդագին արագությամբ փորփրում էր իր դարակը: Նյարդայնացած՝ եղածը շուռ տվեց բազմոցի վրա և սկսեց մի կողմ շպրտել այն ամենն ինչ իրեն պետք չէր: Վերջապես թղթերի կույտի տակ նշմարեց կարմիր, մաշված կազմով տետրը: Վերցրեց և սկսեց դողացող մատներով թերթել: Գտավ իր փնտրած էջը: Վերջին էջը, որից հետո սկսվում էին դատարկ թերթերը:

    “Դժոխքն ավելի քան իրական է: Սպանդարամետը վերադարձել է: Նա քաղցած է: Մարդկանց հոգիները բանտված են քարե դարակներում: Նրանց ճիչն ու ոսկորները հալվում են դժոխքի կրակում: Արևելք նայող պատի մեջ թույն կա: Կաթիլ-կաթիլ հավաքված են մարմիններից գողացած հոգիները: Եվ կրկնվելու է: Շրջանը լրանալուն պես կրկնվելու է: Կանցնի ուղիղ յոթանասունհինգ տարի, Սպանդարամետի զոհերի քանակով, ու նորից կսկսվի նույնը: Քաղցած չարիքը կսկսի խժռել մարդկանց: Տանջել, անասնացնել, մարդկային կերպարանքից զրկել ու խժռել...”

    Միքայելն արագ բացեց կիսամաշ տետրի առաջին էջը:

    Օրագիր Սերոբեի
    Անիծված մարգարեի և դժբախտ մարդու:

    Երկրորդ տողն ուրիշ թանաքով էր գրված, հավանաբար ավելի ուշ էր ավելացվել:
    Միքայելը կարդաց նաև քիչ առաջվա գրառման տակ դրված ամսաթիվը՝արդեն իմանալով, թե ինչ թիվ է տեսնելու: Գրառման թվականից անցել էր ուղիղ յոթանասունհինգ տարի:

    Միքայելն այդ օրագիրը գտել էր քաղաքային գրադարանի արխիվներից մեկում, փոշու կեսդարյա շերտի տակ ծածկված և անհասկանալի մղումով արել էր իր կյանքի առաջին և վերջին գողությունը: Պարզապես չէր կարողացել օրագիրը թողնել այնտեղ, փոշիների մեջ, մոռացված ու արհամարհված: Սերոբեի մտքերը կարդացել էր մի գիշերում, կուլ տալով ամեն մի բառը, բայց ժամանակի ընթացքում այն դարձել էր իր գրադարանի մի սովորական մասը: Մոռացվել էր:

    Հրատարակչության տնօրենն ուշադիր լսեց Միքայելի պատմածը, բայց վերջում չկարողացավ զսպել ժպիտը:
    - Միքայել, Սերոբեի մասին ես վաղուց գիտեմ. քաղաքի ամենահայտնի գիժն է համարվել: Այդ պատմությունից էլ եմ տեղյակ: Անհետացած մարդկանց մասին ու դրա շուրջ հյուսված լեգենդների: Ու ես համամիտ եմ, որ մեր հիմնարկն աշխատողների համար երբեմն դժոխքի է վերածվում, բայց արի մեզ չկորցնենք, լա՞վ:
    - Ինչպես Մերուժա՞նն էր իրեն կորցրել: Լուսինե՞ն, Նաիրա՞ն Ես համաձայն եմ:
    Տնօրենը մռայլվեց:
    - Ի՞նչ է ուզածդ:
    - Ստուգել, ընդամենը ստուգել ու համոզվել:
    - Ախր ես չեմ կարող հիմնարկի հատակը փորել քեզ համար, Միքայել, հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ուզում:
    - Դուք ոչ մի բան էլ մի փորեք, փորող կգտնվի:
    - Դու համոզվա՞ծ ես, որ ուզում ես ճիշտը փորել:
    Միքայելը զարմացած նայեց:
    - Բա էլ ինչու՞ եմ ձեզ հետ խոսում:
    - Լավ: Ես քեզ կզանգեմ երեկոյան:
    Միքայելը սպասողական նայեց:
    - Փորողն իմ կողմից,- տնօրենը լայն ժպտաց:

    Աղմուկը դեռ դրսից լսեց: Միքայելը երբեք այդքան ուշ ժամի չէր եղել հրատարակչությունում: Տարօրինակ էր ու անսովոր: Կամ գուցե պատճառն իր ընկերների չարագույժ մահերն էին: Միքայելին վերջինն ավելի հավանական թվաց:
    Արևելքին նայող պատը և այդ տարածքում դրված ամեն ինչը ծածկված էր փոշու հաստ շերտով: Երկու տղամարդ, երկաթե բրիչներով զինված, հայացքները գետնից չկտրելով քանդում էին հիմնարկի հատակը: Սկզբում Միքայելին թվաց, թե նրանցից մեկը շատ ցածրահասակ է, բայց մոտենալով հասկացավ, որ պարզապես ավելի ներքև է կանգնած, իր իսկ փորած փոսի մեջ: Տնօրենը Միքայելի գրասեղանի մոտ նստած ծխում էր: Միքայելը քայլեց դեպի իր սեղանը՝ մտքում նյարդայնանալով, որ տնօրենը սիգարետի մոխիրը թափ է տալիս ուղիղ իր ստեղնաշարին:
    Տնօրենը գլխով ցույց տվեց սեղանի մոտ դրված աթոռը՝ հրավիրելով նստել:
    - Գո՞հ ես: Փորում են:
    - Շնորհակալ եմ:
    - Տղաները հենց մի տեղ հասնեն, մեզ տեղյակ կպահեն: Օրագիրը բերե՞լ ես:
    Միքայելը բաճկոնի գրպանից հանեց կարմիր կազմով օրագիրը, մեկնեց տնօրնեին, հետո փոքր-ինչ մտածելուց հետո հանեց բաճկոնը և դրեց իր մեջքի հետևը: Շոգում էր:
    Տնօրենը մի երկու էջ թերթեց, ժպտալով կարդաց մի քանի նախադասություն և փակելով օրագիրը անփույթ նետեց սեղանին:
    - Սերոբե, Սերոբե...
    Միքայելն զգաց, որ չնայած տաքությունից խտացող օդին, իր ճակատից դեպի աչքերը սողացող քրտինքը սառույցի պես սառն է:
    - Դե դու գիտես, - տնօրենը ժպտում էր:

    Միքայելի վերջին ճիչը, խառնվելով բերանը լցվող հեղուկ բետոնի հետ, վերածվեց անորոշ խռխռոցի:
    “Հիմա կզարթնեմ, հիմա կզարթնեմ, հիմա կզարթնեմ...”

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.11.2012), Chilly (27.11.2012), Chuk (30.11.2012), Moonwalker (23.11.2012), Peace (23.11.2012), Quyr Qery (26.11.2012), Rammstein (30.11.2012), Ruby Rue (24.11.2012), Sambitbaba (26.11.2012), StrangeLittleGirl (24.11.2012), Stress (28.11.2012), Արէա (23.11.2012), Դավիթ (23.11.2012)

  13. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13–րդ տարբերակ
    Ատունեի կործանումը


    Լեռնային խորխորատում հսկա մի ծառ կար՝ Ատունեն: Նրա խավարի պես սև ճյուղերին այլևս կանաչ տերևներ չէին աճում: Մռայլ անշնչությունը տարածվում էր ծառի շուրջն ամենուր, բայց երբեմն այնտեղ կարմիր, գեղեցիկ ծաղիկներ էին հայտնվում: Այդ ծաղիկները հողի սրտից չէ, որ բարձրանում էին, դրանք որպես զոհաբերություն անմատչելի լեռներում ապրող Կարմիր Արծվի ցեղախումբն էր բերում: Նրանց պաշտամունքի առարկան էր Ատունեն: Ծառի խոռոչները` նման խոժոռ աչքերի, ներկել էին կարմիր դեռ նրանց հինավուրց նախնիները, և ցեղախումբը սկսել էր պաշտել կարմիրը: Ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ցեղախմբից մեկը և նվիրական ցանկություն հայտնում. հնչում էին անհեթեթ կամ նվիրական ցանկություններ, հնչում էին անգամ անասելի չար ցանկություններ, բայց զոհաբերությունից հետո Ատունեն իրականացնում էր մարդկանց ցանկությունները: Միայն թե, քմահաճ էր Ատունեն ու օրհասական պահերին լքում էր նրանց:
    Վաղ առավոտյան Ատունեի առաջ հայտնվեցին ամենագեղեցիկ ծաղիկները: Մի աղջիկ ծնկի իջավ և խնդրեց.
    - Փրկի՛ր, հզո՛ր Ատունե, Կարմիր Արծվի ցեղախմբին սպանող ծարավից:
    Երբ աղջիկը մանուկների կացարանից տեղափոխվեց մեծերի գետնափոր տնակը, նրան նոր անուն տվեցին: Կարմիր վարսերի պատճառով աղջկան Ատունե էին անվանում, բայց չարացած աստվածուհին չհանդուրժեց, որ իր անունով կոչեն մահկանացույի ու որպես պատիժ երաշտ ուղարկեց նրա աշխարհ: Կարմրահեր աղջիկը եկել էր՝ խնդրելու, որ Ատունեն գթա մարդկանց: Հուսահատված նա շշնջում էր
    - Ես համաձայն եմ կրել հինավուրց պատիժը՝ մնալ առանց անուն և մինչև կյանքիս վերջին օրերը ապրել մանուկների կացարանում, միայն թե, Ատունե, գթա մարդկանց:
    Աղջիկը հավատում էր, որ մռայլ աստվածությունը կլսի իրեն` դրա համար ինքը չափազանց թանկ գին էր վճարում: Բայց երեկոյան, երբ նա վերադարձավ կացարան, այնտեղ մարդիկ դեռ տոչորվում էին: Մարեց հավատը հին աստվածության նկատմամբ: Ատելությունը շանթեց սիրտը, և աչքերում ցոլացին ջինջ արտասուքներ: Նա սլացավ հեռու` չարությամբ մտածելով այն ատելի անվան մասին, որ տվել էին իրեն:
    Գիշերը մտամոլոր դեգերումները նրան կրկին տարան ծառի մոտ: Այրվող աչքերը հառված էին ծառին: Աղջկա հայացքում վայրի կայծեր էին հուրհրում, իսկ Ատունե աստվածուհու կարմիր աչքերը քարացած անտարբերությամբ էին նայում հուսահատ աղջկան:
    - Հզոր աստվածուհի ես դու, Ատունե, բայց մարդիկ նույնպես ուժ ունեն, ունեն կյանքի ծարավ, մինչդեռ դու ստիպում ես նրանց տոչորվել, իսկ դա սխալ է, վատ է - ասում էր աղջիկը հին աստվածությանը:
    Ատունե աստվածուհու քարացած աչքերը նույն անտարբերությամբ էին նայում վրդովված աղջկան:
    - Մի լռիր, Ատունե, ես քեզնից չեմ վախենում, դու ենթարկվում ես համընդհանուր ոգուն, գիշերհավասարին նա հառնել է իմ դեմ երազում: Այն երազում իմ նա քեզ նման չէր, նման էր մարդկանց, ուրեմն մեզ ավելի է սիրում, ուրեմն դու պարտավոր ես ենթարկվել, պարտավոր ես փրկել մեռնող ցեղին, այլապես կգա Նրա պատիժն ու այնժամ ինքդ քեզ անգամ փրկել ի զորու չես լինի,- անիմաստ մերթ հորդորում էր, մերթ սպառնում աղջիկը մունջ ծառին:
    Բայց Ատունեն չէր լսում նրան: Աղջիկն, արհամարհելով ուժգին քամու սառը պոռթկումները, կանգնել էր Ատունեի առաջ և իր ցեղի հանդեպ տածած սիրուց ուժ առած հրամայում էր Ատունեին փրկել բոլորին: Պառավ Ատունեն կուչ էր գալիս քամու ապտակներից, հոգնած ճռնչում ու չարությամբ քրքջում աղջկա պարզունակ բարության վրա: Աղջիկն այդ պահին բարի և ահեղ էր, Ատունեն թույլ էր ու չար: Եվ հանկարծ աղջիկը հասկացավ, որ իր համար Ատունեն այլևս պաշտամունքի առարկա չէ, այլ չորացած, ներկված մի ծառ, որի ոգին` մի պառավ խաբեբա, վախենում էր մահից և հզորության միֆ էր ստեղծել` խաբելով Կարմիր Արծվի ցեղախմբին: Հիասթափված աղջիկը ցանկանում էր ոչնչացնել մահասփյուռ ծառն ու նրա հետ՝ մարդկանց կաշկանդող անհեթեթ սնահավատությունը: Նա վազեց կրակ հայթայթելու, բայց երբ բարձրացավ ժայռի գագաթը, որի մյուս կողմում ցեղախումբն էր, անսպասելի որոտից քարացավ: Հաղթահարելով սարսափը` նա ետ նայեց և տեսավ այրվող Ատունեին: Համընդհանուր ոգին, որ ավելի հզոր և բարի էր, պատժել էր չար ծառին: Խավարում վիթխարի խաույկի պես մոխրանում էր Ատունեն:
    Այս լուրը նա առաջինը տարավ, բայց նրան չհավատացին, և ցեղախմբի ավագները ցանկացան սեփական աչքերով տեսնել սարսափելի հրաշքը: Վերադառնալով` նրանք աղջկան մեղադրեցին:
    - Աստվածասպան, - հնչեցին վախվորած շշուկներ ցեղախմբում:
    Աղջիկը չարդարացավ, բայց սկսեց մտածել, որ իր ատելությունն էր շանթի վերածված այրել ծառը: Սկզբում նրան ցանկանում էին հեռացնել ցեղախմբից, բայց, վախենալով Ատունեի զայրույթից, որոշեցին նրան արժանացնել նույն վախճանին և հանձնել կրակին` այրվող Ատունեից վերցված խանձողով: Աղջիկը սարսափած էր, բայց հավաքեց իր ողջ արիությունը, անտարբեր մոտեցավ խռիվին, մի թեթև թռիչքով բարձրացավ վեր և սահուն նստեց ճյուղերի վրա:
    - Ես պատրաստ եմ մեռնել, չա՛ր աստվածություն: Համընդհանուր ոգին ինձ իր մոտ կտանի, իսկ քեզ մեկընդմիշտ կկլանի մահվան ամպը: Իմ կյանքը ես կդնեմ զոհասեղանի ու իմ մահը քո անեծքից հզոր կլինի, ինչպես հզոր էր իմ զայրույթը քո կյանքից, - շշնջում էին նրա գունատ շուրթերը:
    Նա հավատացնում էր իրեն, որ չի վախենում, բայց երբ խռիվը բոցավառվեց, սարսափի մի խուլ ճիչ թռավ շուրթերից, և նա ուշաթափ ընկավ:
    Անձրևի սառը կաթիլները նրան ուշքի բերեցին: Աղջիկը մի պահ էր միայն մնացել ուշաթափ, բայց այդ ակնթարթն էլ բավական էր, որ համընդհանուր ոգին տեղատարափ անձրևով հանգցներ խարույկը: Ցեղախմբում հավատացին, որ Ատունեն ներել է նրան: Մարդիկ հեղեղի պես սլացան խորխորատ: Նրանց հետևից դանդաղ, գլխիկոր քայլում էր և աղջիկը: Նրան թվում էր, թե կտեսնի վերածնված, չար Ատունեին, սակայն ծառը վաղուց մոխրացել էր, իսկ անձրևը` որպես անսանձ հեղեղ, նրա խղճուկ մնացորդները քշում էր հեռու` խառնելով արթնացած գետին:
    Աղջկա ներսում իրարամերժ վախեր կային. նա մերթ իր հորինած համընդհանուր ոգուն էր հավատում, մերթ չար Ատունեի աստվածային զորությանը, այժմ նրա ներսում մի ուրիշ պաշտամունք էր գոյանում:
    Բլրի գագաթից խիզախ աղջիկը արհամարանքով էր նայում ծառի վերջին բեկորներին, հիասթափված նայում էր բլրի շուրջ խռնված մարդկանց, որոնք վախվորած, բայց հիացմունքով լի հայացքները հառել էին նրան: Ատունեի կործանումից հետո փշրվել էր հին պաշտամունքը, հիմա նրանց պաշտամունքի առարկան այդ աղջիկն էր: Աղջկան ինչ որ մեկն Ատունե անվանեց, բայց նա զզվանքով հրաժարվեց հին աստվածության անունից: Ցեղախումբը ծնկի իջավ հրահեր աղջկա առաջ` երկրպագելով նրան:
    Մի ժամանակ աղջիկը հավատում էր իր իսկ հորինած համընդհանուր ոգուն, սակայն թախիծով մտածում էր, որ երբեք մարդիկ նրան չեն ճանաչի, չեն տեսնի ու հավիտյան կպաշտեն հորինած աստվածների:
    Միայն մի պահ աջիկը սկսեց հասկանալ մարդկային կամքի ու հավատի զորությունը, մի պահ միայն աղջիկը հեռավոր կերպով մոտեցավ մարդկային ներուժի գիտակցմանը:
    Այժմ նա հավատում էր, որ ինքն է մեծագույն զորության կրողը, նա հավատում էր, որ իր կամքով ի զորու է աշխարհը փոխել, նա իրեն էր դարձնում իր իսկ պաշտամունքի առարկան ու չէր նկատում, թե ինչպես է քայլում Ատունեի հետքերով՝ հռչակելով ինքն իրեն աստվածուհի…

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (26.11.2012), Stress (28.11.2012), Դավիթ (23.11.2012)

  15. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    14–րդ տարբերակ
    Երկու սահմանների առաքյալները


    Հայտնվում է Առաքյալը՝ բերնով
    փրփրակալած ու դեմքով ջղաձիգ,
    եւ ասում. «Ամեն ինչ այս մեռնող
    ներքեւում նման է վերեւում եղածին»…

    Ա.Եփրեմյան

    Հարևանի դուռն իրենց համար փակ սահմանն էր: Թե ինչու, գոնե տան փոքրերի համար այդ թեման փակ էր, ինչպես հարևանի դուռն ու սահմանը: Ուրախության, թե վշտի առիթներ որպես այդպիսին չէին եղել, հանդիպումներ չէին լինում, որպեսզի վերջապես հալչեր երեխաների համար խորհրդավոր սառույցը: Չէր եղել կամ չէին ուզեցել, որ լինի:

    Ամանորի համընդհանուր այցելություններն էլ շենքում շրջանցել էին երկու ընտանիքներին: Նրանք այսինչի տուն գնալուց առաջ`նախ ճշտում էին կոդ-հարցադրմամբ` Եկել ե'ն: Իրենց մեծերն էլ, թե` գնացե'լ են…երկուսն էլ ճշտում էին, առանձնահատուկ զգուշավորությամբ, թեև տարիների ընթացքում, անհաշտության դեպքում բավականին նախանձելի փոխհամաձայնությամբ անխախտ կազմել էին չեզոք կողմերի այցելությունների ժամանակացույցը: Անգիր գիտեին ժամանումն ու մեկնումը: Կենացների հերթագայությունը: Իրար մերժելով հաստատում էին իրենց իսկ գործողությունների օրինաչափությունը: Իրարից հեռանալով ավելի շատ էին մոտեցել իրար, ավելի մերձ ու ճանաչող էին դարձել:

    Պատշգամբում նստած, սրճելիս, թերթ կարդալիս ու մեկ այլ բանով զբաղվելիս անգամ տարբերում էին նրանց ընտանիքի անդամներին` անտես, ոտնաձայներով, օծանելիքի հոտով…Սահմանապահի լսողություն ու ամենատեսություն ունեին, հոտառությունն անխաբելի էր ու դիպուկ: Անգիր գիտեին նախասիրություններն ու հակակրանքները: Դե արի ասա, որ փակ էին միմյանց հանդեպ: Դե արի ու ասա սահմանաբաժան համակեցության մարդիկ էին:

    Դրան վարժվում էին նաև երեխաները, ակամայից, առանց հատուկ կողմնորոշման: Լուռ գաղափարախոսությամբ: Երևի այդպես է աշխարհիս օրենքը կամ դրանով է արդարացվում անօրենությունը: Սրանք ոչ այն է պատերազմում, ոչ այն է` հանդուրժում էին միմյանց:

    Մի օր այդուհանդերձ ամեն ինչ խառնվեց: Արամը դասերից հետո գերհոգնածության պատճառով սովորականի պես չհետախուզեց իրենց շքամուտքի վերելակում մարդ կա, թե ոչ: Անծանոթ մարդու, չէ, անծանոթ վերարկուի հետևից ինքն էլ խցկվեց վերելակի մեջ ու հարցրեց.

    - Որ հարկ եք գնում…

    Անծանոթ վերարկուով տղամարդը ծանոթ դեմքով, աչքերով, հոտով լցվեց Արամի հայացքի մեջ:

    - Յոթերորդ…

    Ալկոհոլի հոտ առավ: Չնահանջեց սահմանապահի պես ու սեղմեց կոճակը: Առաջին անգամ ներքևից վերև տանող վերելակի երթուղին երկար թվաց սովորականից: Էս ինչու է այսքան դանդաղ աշխատում: Մտքում էր ասել: Հիմա սկսեց կասկածել: Իսկ եթե բարձրաձայնել է: Ու հարևանն էլ հասկացել է ակնարկը անհամատեղելի ճամփընկերոջ մասին:

    Հարևանի նոր վերարկուն էր շեղել կրտսեր սահմանապահի նշանառությունը: Ձախողել էր հմուտ որսորդ, քաջարի զինվոր դառնալու հեռանկարը: Թեպետ ոչ ոք չէր էլ պարտադրել իրեն նման առաքելություն ստանձնել: Ինքնահռչակ դրույթ էր, ընտանեկան սահմանադրություն…

    Փակ սահմանի կենվորը հանկարծակի գունատվեց: Հենվեց վերելակապատին: Ձեռքերը դողում էին. փորձում էր ծոցագրպանից ինչ-որ բան հանել, չէր ստացվում, դրանից ավելի էր նյարդայնանում: Ի վերջո հաջողեց հանել վալյերանկայի սրվակն ու մի քանի դեղին հաբ հանելով` արագորեն կուլ տվեց դրանք: Դարձյալ թույլ էր ու անօգնական: Խփված, խոցված որսազոհի էր նման: Ինքն էլ տանուլ էր տվել: Խորամանկ աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում: Հիշեց մեկ օր առաջ դպրոցատարիք աղջկա բարձրաձայն ընթերցանությունը: Ասույթներ էին հանձնարարել: Այդ մեկը հատկապես տպավորվել էր: Ու ահա…տեսության առարկայացումը:

    …Վերելակի դռները բացվեցին: Երկուսն էլ դուրս չեկան: Ամեն մեկը դրա համար սեփական ու հիմնավոր պատճառներ ուներ: Երկուսն էլ սահմանախախտի երկչոտությամբ սպասում էին պատժին: Դռները փակվեցին: Վտանգն ու մտավախությունն առավել սաստկացավ: Եթե վերելակը կանչեն ու միասին բռնացնեն: Չէ, դա ավելի ստորացուցիչ է: Լիակատար պարտություն: Ըստ իրադրության երկուսն էլ պարտված էին: Ինքն ավելի խոցված է: Չի կարող շարժվել. սրտի նոպա ունի հավանաբար: Արամը սեղմում է կոճակը. սիրտ ունի հաստա’տ…Պետք է փրկել կամ փրկվել: Ի’նչ տարբերություն:

    Դռների բացվելուն պես տղան առաջինը դուրս եկավ ու միանգամից տնտղեց միջանցքը: Կատուն խոշոր աչքերով սևեռուն նայեց նրան: Առաջին հայացքը պետք է ընդունել պատվով: Ուզում էր առաջանալ դեպի իրենց տան դուռը, մեջքին զգաց նրա անհույս հայացքը…Ինքնաբերաբար ետ է գնաց ու ոտքը խցկեց փակվող կիսադռների արանքը: Ոտքը ցավեց: Անսովոր իրավիճակում ակամայից ստացած առաջին ցավը պետք է պատվով տանել` մտածեց Արամը:

    Հարևանը բռնեց իր ձեռքը, հենվեց նրան ու չանցնող կասկածանքով քայլ առ քայլ շարունակեց դանդաղընթաց, երկար ու ճնշող ճանապարհը: Սահմանը հարաբերական անդորրի մեջ է: Կատուն շարունակում է նայել`լուռ, ճնշող հայացքով:

    Հասան սահմանին: Արամը ձգվեց: Պետք է անպայման ետ դառնալ: Առաքելությունն անսահմանափակ չէ: Ու'մ առաքելությունը…

    Մահմեդականի համար սահմանաբաժան կա. ջիհադն է` քրիստոսի սերնդին հայտարարված պատերազմը: Կրո'ն է, թե' սահմանափակ պատասխանատվությամբ հավատամք: Ճշմարիտ քրիստոնյան ինքնին առաքյալ է` անսահման սիրով ու ներումնահայց: Նրան խփում են, անիծում, սա մյուս այտն է դեմ տալիս, ներում է…Նա սահմաններ չունի, նրա հայրենիքը մեկը չէ, նա մեկ հայրենիքի առաքյալ չէ: Սերն ու ներումը ջնջում են հողեղեն սահմաններն ու քրիստոնյաին գցում մոլորության, թե ազատության մեջ, այլ սահմանագծեր են նրա հոգևոր քարտեզագրքին: Ու դրա համար սա հաճախ չի կարևորում աշխարհագրական սահմանները, բայց նաև թույլ չի տալիս իր հոգևոր աշխարհը ներխուժող ավերիչներին: Ուստի նրան հավասարապես ցավեցնում է օտար հողում իր հոգևոր հայրենիքի նշխարների պղծումը`խաչքարից մինչև օտարախոս զավակը…Համակեցությունը հոգևոր եզր է`կուզես սահմաններդ ընդարձակիր, կուզես բավարարվիր եղածով, հոգևոր սահմանի գիտակցումն է երկարանցիկ, եթե ոչ դժվարահաղթ ճանապարհ…Ներքուստ ինքնորոշվեցիր, արտաքին սահմանը դառնալու է կյանքային…Կյանքին պետք չէ լուրջ վերաբերել: Անիմաստ է: Իր մասին գիշեր ու տիվ մտածում ենք, ինքը` մեզ չի հիշում, մոռանում, ոտատակ է տալիս, ասես`չենք եղել, չենք լինելու…Այդպես է. ինչին լուրջ վերաբերեցիր, մտածեցիր, դառնում է քոնը: Մահն օրինակ: Լուրջ ենք, չէ'ընդունում, որ վախենում ենք, ու ի'նչ, գալիս ու պոկ չի գալիս մեզնից:

    Մինչ Արամը մտորում էր, հարևանը բոլորի աչքից արագորեն վրիպելու և իր տանը պատսպարվելու մտքից զորացած բացել էր իր տան դուռն ու տղային թևանցուկ երկար ու մթամած միջանցքով առաջացել հյուրասենյակ:

    Շնորհակալությունը`ներս գնացած, հիվանդոտ աչքերն էին ու դրանց միահյուսում-ջղատ ծամածռումը շուրթերի վրա:

    Շնորհակալությունը միասնական հանցանք-քաջության համար Արամի գլխի թեթև շարժումն էր ու ոտքի թաթերի վրա զգուշորեն հեռանալն`ասես պատերազմի ականապատ տարածքից: Ոչ պարտված, ոչ հաղթած ընդարմությունն էր շնորհակալությունը և դա փոխադարձ էր:

    * * *
    -Ծո, էդ հնճի չե'ք խոսա: Թե մտքներդ պղտոր է ու էս ճամփի լադոկների տակ ձեր կնիգ մարդերուն էք հիշե ` ձեզի ձեռնտու ձեվերով…

    Զինվորական ՈՒԱԶ-ի մեջ ծխայրված դեմքով, մոլի ծխողի ծխախոտատուփի հանգույն անկանոն իրար կողքի մեկնված զինվորների մեջ ամենակրտսերն Արամն էր: Չծխված ծխախոտն էր ինքը. անցավ մտքով ու մտքում էլ ժպտաց:

    -Մէ անեկդոտմ պադմեմ: Հայը, թուրքը, վրացին գիշերը կգնին թիփիյով ու ստիված քնին տեղըմ`պալադկի մեճը: Առավոդ զարթնին գը ամեն մեգն իր տեսած երազը կպադմե մյուսին: Աջակողմ պառգած հայը կսե`Երզիս ռուս ախչիկների հետ քեֆ կենեի, ըմբես լավ էր ու չսած: Ձախակողմ քնաձ վրացին էլ, թե` ես էլ ուկրաինացիքի հեդ էի ու էլի լավն էր: Ու ես ազերին, ոչ ավել, ոչ պակաս կպադմե, թե`երևի ցրդից էր, ինչ, սաղ գիշեր լիժա կքշեի…

    Զինվորների փռթկոցի մեջ շատերին պատմածի բուն իմաստն այնքան էլ ընկալելի չէր, ուղղակի ծիծաղում էին, ծիծաղանկար ելք փնտրում համատարած տագնապից ու պատերազմի շուրջկալ վախից: Շատերն իրար նայելով կասկածում էին`մահն է արդյոք, նստել է ու նախապատրասում է, որ շատ մեծ ցավ չապրեն: Կողքինդ զինակիցդ է, թե մահվան սուրհանդակը, ապագ մեռնողը, մահից փրկողն ու մահացնողը միաժամանակ:

    * * *
    …Դիրքերում աննկարագրելի ցուրտ էր: Մորից ստացած քառածալ նամակը ոչ մի կերպ չէր կարողանում բացել, կարդալ: Ատամներով մի կերպ, հոտոտելով, մոր հոտն առնելով, սուրբ նշխարի պես զգույշ ու ծիսական բացեց, հայացքով պարագրկեց տառերը, պատկերացրեց դրվագ առ դրվագ, թե ինչպես է թուղթ վերցրել (Արամիս ձեռագիրը լավն է), նստել ու ծնկներին դողդողալով, մի կողմից կուլ տալով արցունքը, մյուս կողմից թղթի վրայից մաքրել ծորացած արցունքամեռոնը, գրել է, չէ տառ տառ ասեղնագործել, հուլունքաշարել: Մոր նամակն ախր սովորական նամակ չէ, աշխարհի մայրական բոլոր նամակները…

    Այդ նախադասությունը ծանր էր գրվել. զգաց ձեռագրից: Մատնվող ձեռագիր էր: Ծանր գրվածը ծանր էլ կարդացվեց: Ծանր էլ հասկացվեց: Չհասկացվեց: Դառն օղու պես չոր-չոր խրվեց կոկորդում, վառեց ներսն ու քայքայեց ամբողջությամբ: Արցունք չեղավ: Չեղավ կամ չդարձավ: Ցուրտ էր: Լիներ էլ`չէր երևալու, արցունքառում լաց չէր: Սովորական լաց չէր: Այդ լացը երբեք չէր լացվել: Ամեն լաց տարբեր է. առանց արցունքի լացն ամենաեղերականն է:

    Մայրն իր փոխարեն լացել էր:
    Ընկերները համերաշխ լռությամբ լացի դեմն առան ու մտքներում ամեն մեկն իր լացը լացեց:

    * * *
    -Ես եմ գնալու,-հրամանատարին ի պատասխան ասաց Արամը:

    -Այդ առաջադրանքի համար դու փորձ չունես:

    -Կունենամ,-սեպեց կամակոր երեխայի պես:

    Որոշված էր: Փորձն ինքը խաբուսիկ է միշտ: Քաջությունը միանգամյա չէ: Որ փորձես ու ասես քաջ եմ, վերջ: Քաջ եմ եղել, քաջություն եմ արել: Ամենօրյա ապացուցման առաքելություն է: Անսահման քաջություն է: Սահմանադրուժ ու սահմանապահ է միաժամանակ:

    -Ես միշտ սահմանապահ եմ եղել,-հայտարարեց ամենայն պատասխանատվությամբ,-փոքրուց:

    -Այ տղա միայն չասես, որ Աֆղանստանում կռվել ես,-առաջին անգամ կատակեց հրամանատարը:

    -Իմ Աֆղանստանում`հա: Ամեն մեկն իր մարտադաշտն ունի:

    -Պոետիս տեսեք: Գնա, գնա պատրաստվիր, համոզեցիր…

    Հետո զարմանալիորեն փաղաքուշ, հայրաբար մոտեցավ ու պինդ հպեց կրծքին.դուխդ չգցես…Սրտառուչ էր: Հրամանատարի ու զինվորի սահման չկար: Իրար շատ էին պետք, անսահման նվիրում ու զորակցություն էր հարկավոր: Ամեն մեկին հրաժեշտ տալը մահվան դուռը ճամփելու պես էր: Ամեն առավոտ զարթնելն ու բարևելն էն աշխարհից հետ գալու հանգույն: Մահակռիվ էր ու կյանքի տնազ:

    Շարունակությունը՝ հաջորդ գրառման մեջ

  16. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը՝ նախորդ գրառման մեջ

    * * *
    Երբ վերջին կասկածը փարատվեց, որ մոլորվել է, դանդաղ առաջացավ դեպի անծանոթ տեղանքի ծառուտ հատվածը: Մարդկային բնազդ է: Պատսպարվել մի վայրում, որն ամենավտանգավորն է իրականում: Ծառ, մարդ, նկուղ`բոլորն էլ հասանելի, ենթադրելի գաղտնազերծելի: Գնաց գիտակցելով, բայց պաշտպանություն փնտրողի անհաղթահարելի մղումով: Քաջության համար վայրը կարևոր չէ: Այն որոշակի տեղանք-տարածություն չունի, արարմունք է`մի վայրում, ցանկացած տեղում:

    Մթի մեջ միանգամից տարբերեց իրեն նայող մարդկային, թե կենդանական հայացքը: Զգաց ներկայությունը: Մա'հն էր: Թե մահվան ուղարկածը: Կարևոր չէր:

    Զենքն արդեն ձեռքում էր`պատրաստ կրակելու:

    Մթության գրքից խախուտ էջի պես պոկվեց ու առաջն ընկավ ծերունին:

    -Խնայիր, մի խփիր: Մի երկու ցախ եմ տանում, պառավս չմրսի:

    Խոսող էջ էր`պատմության, խաղաղության մասին պատառոտված թղթի կտոր: Դեղին, ճմրթված թղթի մի հատվածին մահակնիք կար:

    -Հեռու ես ապրում,-չիմացավ ինչ պատասխանի:

    -Մի կես ժամվա ճամփա է:

    Լւոռ գնացին: Ինքը հետևից, ծերունի`առջևից: Նեղվում էր, իր կարգավիճակից, հետևից անզոր, անմեղ մարդուն ուղղորդելուց: Պատերազմից:

    -Կաց,-դիմեց ծերունուն:

    Հալիվորը չխոսեց: Կանգնեց: Մեռնելու ես`միանգամից մահացիր: Իրեն մտքում գոտեպնդեց ազերին: Հետո մտքին զուգահեռ նկատեց զինվորի`իրեն հավասարվելը:

    - Ցախդ տուր ինձ,-վերցրեց կապոցն` առանց քաջության սեթևաթանքի:

    Լուռ շարունակեցին գնալ:

    -Նոր ես ռազմադաշտ եկել, հա'…

    Ծերունին գլխի էր ընկել: Անփորձությունը կռահելի էր: Կանխատեսելի մարդը խոցելի է, բայց արդար է: Չիմանալին, անորոշելին մահն է իսկ: Քաջությունը ծերունու վրա փորձարկվելիքներից չէ: Քաջության թիրախն էլ մարդը չէ, եթե կուզեք: Մեկին խփել սպանելով չեն հերոսանում, անարդար, բռնի մահից փրկելն է հերոսությունը: Մարդեղեն, հողեղեն, սահմանային չէ քաջությունը:

    Քաջության մասին խորհրդածությունն առաջինն էր, ինչպես պարտադրված պատերազմը: Դիրքերը, զինվորական մտքերը, հոր մահվան մասին մոր առաջին նամակը, ամեն ինչ առաջինն էր ու վերջինը գուցե:

    Ծերունու տանը ոչ մի արտառոց բան չկար: Սովորական բնակատեղի էր, գյուղական կահավորանքով, մարդա-անասնա համաբույրով, պլպլան սպասքով, պատին կախված մեծ գորգով`վրան նույն հայացքով, գործի համար նկարված-կյանքային հրատապ դեմքով, հետմահու օգտագործվող հիշողություն-մասունք մեծադիր լուսանկարով:

    Պառավը չկար: Հալիվորն այդ զգաց շեմքից առաջ գալուց հետո: Առանց ձայնի ու խոսակցության, առանց տեսնելու: Դիմավորվողի բնազդով: Առաջը չէր եկել ու ձեռքից վերցրել բեռը: Թե' տեսել էր մոտեցող զինվորին ու թաքնվել: Չէ: Իրեն հակադարձեց ծերունին: Ցախը տղայի ձեռքին էր ու օգնող զինվոր էր: Իրենց պաշտպանվելուն կոչված մի երկու զինվորացու եկան ու վերջին անգամ հոխորտացին`ինչ եք լռվել, մնացել, այ բիձեք: Հո այգում ոսկի չէք պահել: Հայը գալու է ու կոտորի ձեզ: Ոսկին էլ հետը տանի:

    -Չէ,-լուրջ հանդիմանել էր ծերունին,-մեռնելու ենք` այստեղ կմեռնենք: Ուրիշ որտեղ գնանք: Ով ունենք, որ գնանք: Ինչու գնանք:

    Բարձրաձայն չէր ասել, որ չի հավատում, որ հայը կգա ու կկոտորի իրեն: Ախր շրջկենտրոնում աշխատելուց հայի հետ է շփվել, հայի տուն է գնացել ու հյուր կանչել: Հաց են կիսել, հարսանիքի ու թաղման են մասնակցել: Միասին ապրել են ու միասին մեռել: Ինչու պիտի առանձին տեղ գնային ու այդպես չտրամաբանված մեռնեին:

    Զինվորները կոպիտ-կոպիտ խոսել էին, բայց նստել տաք ճաշ էին կերել, մի երկու բաժակ օղի խմել: Այդ ընթացքում նրանցից մեկը հաշիշի ազդեցության տակ աչքը չէր կտրել պառավ կնոջ փարթամ կրծքերից, միտքը պղտորվել էր ու համոզել էր ընկերոջը, թե բա ցուրտ է, արի էսօր մնանք էս ծերուկների մոտ, համ էլ կպաշտպանենք: Մյուսը չէր համաձայնել, որովհետև հայի մոտալուտ գալուստն ու շնչառությունն էր զգացել մաշկով մեկ: Այդպես թողել գնացել էին, անպաշտպան թողնելով ու պարտք կատարածի պես նախազգուշացնելով: Գնացել էին`խաղաղության վերջին ծվենի վրա վերջին մարդուն հերոսացնելով: Ակամա:
    Հերոսը չի նախազգուշացնում. պարտքը կատարում է առանց բառերի, բառախաղի, առանց իր խոսքն ու գործը կշռել-ծախելու: Անում է լուռ`Արևի հանգույն` տեսանվելու անհրաժեշտությամբ, գնալիս, անէանալիս էլ` պարտքը կատարածի համեստությամբ:

    Կնոջ սառած մարմինը երկուսով տարան այգու այն հատվածը, որը կարճ ժամանակում փորել էին: Շատ խորը փոս չէին արել, պարզապես մի կես մարդաբոյ, այնքան, որ կինը տեղավորվի ու հետո վրան ոչ մեծ թումբ գոյանա: Որ հողը վրան թեթև լինի: Թե չէ ասում են ու վրան եգիպտաբուրգեր ծանրացնում`դե արի ու հողի տակ, հանդերձյալախցում մի պատեպատվի: Դե արի ու մեռած տեղդ նորից մի մեռիր ու մահդ մի ապրիր: Մարդը տարօրինակ է, ապրելու ժամանակ կյանքն է ծանրացնում, մեռնելու ժամանակ`մահը:

    Լուսանում էր: Արևալույսը զորություն չուներ: Զորացնում էր լույսի երևումը, ներկայությունն իսկ: Գույնն էր փոխվում, պատկերն էր փոխվում, թե չէ նույն ցուրտն ու մահախուճապն էր:
    Կնոջը հողին հանձնելուց հետո ծերունին Արամին խնդրեց օգնել ու բացել մառանի դուռը, սառել չէր բացվում:

    -Այնտեղ գինի ունեմ պահած, պառավիս ողորմաթասը խմեմ,-մի շնչով, ծերունական լացի պես արտաբերեց նա, հետո ուղղեց իրեն, -խմենք:

    Բանալին տվեց Արամին: Առաջին անգամ ձեռքերը շփվեցին: Սառը զենքից ու փայտակույտից հետո մարդու էր կպնում: Մեռնող, թե սպանող մարդու: Կյանքը միակերպ սիրող ու մահը միանման ատող մարդու ձեռք: Խաղաղության հուսահատ ձեռք:

    Երկուսն էլ վստահության կարիք ունեին: Սահմանախախտ վստահության: Մարդկային չգրված ու չորոշված սահմանադրության:

    Մառանի դուռն իրոք լռվել, մնացել էր: Չհանձնվող մահ էր դուռը: Քաջին չէր ուզում ենթարկվել: Քրտինքի մեջ կորած փորձում էր ծերունու առաջադրանքը կատարել: Հետո հիշեց, որ զենքը չկա: Թողել է հալիվորի ոտքերի մոտ: Կասկածեց, բայց ետ չշրջվեց: Չի սպանի: Դիպուկ չի կարողանա կրակել: Ցուրտ է, մատները չեն ենթարկվի:

    Սպասեց, որ ծերունին համարձակություն գտնի ու սառած, դողացող ձեռքերում ավելի ամուր պահի զենքը:
    - էխ, Թոֆիկ Մամեդով,-հառաչեց ծերունին,-դու մենակության բան չես…Մենությունը քոնը չի, այ քեֆչի հալիվոր: Ոչ մենությունն է քոնը, ոչ էլ անմահությունը: Էդ երկուսն էլ ամեծք են: Դու սովորական մարդ ես…

    Այս ընթացքում Արամն անընդհատ փականի մեջ պտտեցնում էր բանալին, քաշքշում բռնակից, աչքը դիմահայաց ապակուց չկտրելով, մտքում էլ սրտնեղելով, թե այ բիձա, ինչու ես ուշացնում, դե խփիր էլի, խփի'ր, որ գոնե ինքնապաշտպանության դիմեմ, որ զորեմ ձեռք բարձրացնել: Արդարացնեմ մեղքս: Քաջությունն հաստատեմ կամ հերքեմ:

    Ձայնը պատկերից շուտ եկավ: Շրջվեց ծերունու մարմնի անկման խաղաղ ձայնից: Մոտի եղած դանակը խրել էր կրքավանդակիմեջ:

    …Թոֆիկ Մամեդով…Արդեն կրկնեց Արամը: Պատահական չէր: Մեռնողի ամեն խոսքը պատահական չէր: Իր անուն ազգանունն արտասանելը պատահական չէր: Մենության մասին խոսքը հենց այնպես չէր ասել: Ուզում էր անհիշատակ, անանուն չկորչել, ուզում էր մեռնելուց հետո տապաքանար ունենալ ու կարևոր չէ որտեղ, բայց շարունակել ներկայությունը: Իր մահով սահմանազատվել մահից: Ազերի ծերուկն ուզում էր կյանքում ի'ր մահն ունենալ և ունենալ մահվան մեջ իր կյանքը: Միայն թե մենակ ու անմահ չլիներ: Անմահությունն անեծք է: Ամեն մեկն իր մահվան իրավունքն ունի, ինչպես և ապրելունը: Ամեն մեկն իրավունք ունի անմահ չլինելու: Որովհետև անմահությունն անեծք է և առաքյալն էլ անմահ չէ: Անընդհատ շարժման մեջ է`հանուն խաղաղության: Մեկ ցածի աստված է, մեկ վերից է հսկում: Ուրեմն օրհնյա'լ են խաղաղությունն ու նրա առաքյալները` սահմանի որ կողմում էլ լինեն…

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.11.2012), Peace (23.11.2012), Sambitbaba (26.11.2012), Արէա (23.11.2012), Դավիթ (23.11.2012), Թամարա (30.11.2012)

  18. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15–րդ տարբերակ
    Ցրված սկավառակ


    Հորս մատների արանքում չվայելված ու չբավարարված ծխում էր մայրս:Ոտքերն ու կոնքերն արդեն թաթախվել էին տաք մոխրի մեջ,որ երկարելով կեռանում էր ու սպառնում հաջորդ շնչին փշրվել:Մայրս աղաչող հայացքով նայում էր կուչ եկած զևսի աչքերին,որ ժամանակից շուտ իրեն դժողքի կրակներն էր նետել ու աղոթում էր,իրենից ուժեղ մեկին էր փորձում հորինել.նա օգնության կարիք ուներ:
    -Սա´մ,Սամվել հերիք ա,խնդրում եմ:
    -Սու´ս,Գոհար:Գործիդ նայի:
    -Ախր բժիշկն ասեց,որ խստիվ արգելվումա ծխել:
    -Հաաա:Բա ապրե ՞լ,էդ էլ ա՞ խստիվ արգելվում:
    Մայրս թուլացած նստեց բազկաթոռին ու փորձեց ամենահարմար բառը ընտրել սկսելու համար:
    -Դու կբուժվես,հավատա ինձ:
    Հայրս հանգցրեց ծխախոտն ու արագ մյուսը վառեց:
    -Պետք չի ինձ հույս տալ,ես ամեն ինչ գիտեմ ու զգում եմ:Նվագի´ր:իմ սիրածը:
    Մայրս նստեց դաշնամուրի մոտ:Մատները ցրվեցին դաշնամուրի վրա ու սառը հնչյունների մեջից լսվեց մորս նվվոցը:
    Լույսը,քիչ -քիչ թափանցելով կոպերիս տակ,խառնվեց երազներիս, ու ենթագիտակցորեն զգալով մթի ու գիշերվա կորուստը,ինձ ուժեղ ու ամենակարող զգացի,փախա ետևիցս ընկած առյուծից,բայց հասնելով փակուղի,լսելի ձայնով ասացի."Սա իմ երազն է,ես կարող եմ":
    Հետո ոտքերս գետնին հրեցի ու թռաա,ես առանց թևերի ուղղակի թռա ու շատ բարձր ,որտեղ չկարողացավ հասնել գիշատիչը:փրկվեցի:
    -Այ քեզ երազ:Համ վախենալու էր,համ հրաշալի:
    -ինչ ես դատարկ բաների հետևից ընկել,Կարեն,ուրիշ բան չունե՞ ս մտածելու:
    Ես մի փոքր վիրավորված նայեցի մորս,որ միչև քոք բթամատի եղունգը կրծած շարունակում էր բզկտել եղունգի կողքերի կաշին:
    -ՈՒնեմ,մամ:Ես էլ եմ պապայի մասին շատ մտածում,բայց ի՞նչ կարամ անեմ:Ոչ մի բան:
    -Մեծ տղա ես,արդեն 16 տարեկան ես,մի բան մտածի:
    Մի պահ վախեցա:Ինձ թվաց մայրս գժվել է:
    -Մամ,ի՞նչ ես խոսում,պապան անբուժելի հիվան ա,ես ինչ կարող եմ անել կամ մտածել:
    -Գիտեմ,էդ գիտեմ:Բայց բժիշկն ասեց որ իրեն լավ նայի ու սթրես չտանի,իրենց նշած ժամանակից երկար կապրի:
    -հմմ,գիտեմ:Իսկ ինքը ամբողջ օրը ծխում ա ու մտածում մահվան մասին:
    -Հա´,հա´:Ոնց որ նստել սպասում ա,թե երբա մեռնելու:Ես կգժվեմ:Մեզ էլ իր հետ ա սպանում:
    Մայրս չդիմցավ,փռթկաց ու ոռնալու աստիճան խեղդված ու անօգնական լաց եղավ:

    -Պապ ջան,ո՞ նց ես:
    Հայրս,ուսերը թափ տալով,շարունակեց նայել հեռուստացույցին,որտեղ կատարվող ոչինչ իրեն չէր հուզում կամ բարկացնում,ինչպես առաջ:
    -Պապ,էսօր լավ երազ եմ տեսել,պատմե՞ մ:
    -Պատմի:
    Ամենայն մանրամասնությամբ ու մի քիչ էլ ճոխացնել - չափազանցնելով պատմեցի երազս,հիանալի նկարագրեցի
    թռիչքս ու փրկվելս,բայց հորս դեմքին ոչ մի միմիկա չէր հայտնվում,ոչ մի գիծ չէր փոխվում:Նա շարունկում էր նայել հեռուստացույցին,որ ծխի մեջ խավար գույներով էր երևում:
    Մայրս այսուայնկողմ իբր գործ էր անում,բայց աչքի պոչով հետևում էր հորս,կարծում էր կարող էի մի կերպ հորս տրամադրությունը լավացնել:
    -Պապ կուզե՞ ս շախմատ խաղանք:
    -չէ:հավես չունեմ:
    -Հահա,վախենում ես կրե՞ մ քեզ,-փորձեցի խորամանկության դիմել:
    -Հա:
    էլ ինչ խոսեի:Լրիվ անիմաստ էր.հայրս զենքերը վայր դրած սպասում էր:Նա կորցրել էր պայքարելու ունակությունը:Նա սպանում էր ինքն իրեն :Մայրս ճիշտ էր ասում.նա մեզ էլ էր սպանում:Մեր տունը չափազանց մռայլ էր դարձել,մեկ-մեկ ուղղակի չէի ուզում դասից տուն գալ:Մայրս ինքն իր գոյության մասին լրիվ մոռացել էր,նիհարել,կնճռոտվել ու կորացել էր մի տեսակ,կարծես ծերացած լիներ մի 20 տարով:Ամիսներն անցնում էին,հայրս ամեն օր նույն դիրքով,նույն դեմքի արտահայտությամբ սպասում էր,տունը թոնրատան նման թաղվել էր ծխի մեջ,մեր տնից անհետացել էին բոլոր զվարճալի ու ուրախ ձայները,գույներն ու իրերը,նույնիսկ 6 ամյա քույրս էր մեծացել ու հասունացել այս ամիսների ընթացքում:Մայրս ամբողջ օրը հազում էր:Նրա ձեռքերը չորացել ու դեղնել էին,մարմինը կորել էր շորերի մեջ,գլուխը փոքրացել էր,որի հաշվին ավելի մեծ էին երևում բերանը,քիթն ու խամրած աչքերը:Մի քանի անգամ մայրս գիտակցությունը կորցրել էր,բժիշկ էինք կանչել,եկել վիտամիններ ու գլյուկոզա էր ներարկել գնացել:
    -Մամ,լավ ե՞ ս:
    -հա տղես,լավ եմ,հորդ հաց տվե՞լ ես:
    -Հա:
    Մայրս տկարած սեղմվել էր մահճակալի մեջ,ես երբեմն մոռանում էի,որ մայրս կին է.նա վերածվել էր անորոշ ու անհասկանալի էակի:Նրա վիճակը գնալով վատանում էր,շուտով հիվանդանոց տեղափոխեցինք,որտեղ և օրեր անց մահացավ մայրս:Հայրս համակերպված մասնակցեց նրա հուղարկավորությանը,ջահել մորս,որ հիվանդություն չուներ,որ ուներ շաաատ երազանքներ ու ուզում էր ապրել,ուզում էր,բայց նրան սպանեց...
    Մորս մատների պես սառն ու ցրված սկավառակը պտտվում է:Երեխաներս վազվզում են ծխի միջով,ինչպես մանր ձկները ակվարիումի մեջ,որոնք զարմանալիորեն չեն շնչահեղձվում:Հայրս արդեն 20 տարի սպասում է ու բոլորիս հերթով ծխում :

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.11.2012), Kanamar (26.11.2012), Peace (23.11.2012), Quyr Qery (26.11.2012), Sambitbaba (26.11.2012), Դավիթ (23.11.2012)

  20. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16–րդ տարբերակ
    Խե՛նթ

    (լեգենդ)

    Ազգային հերոս Խենթի, Սամսոն Տեր-Պողոսյանի հորեղբոր աղջըկանից, լուսահոգի Վերգուշ տատուցս մանուկ հասակում լսած մի պատմություն, որն արժե հիշատակության և խոնարհման...

    ***
    19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին, երբ ռուսական բանակը փորձում էր ավելի ամուր հաստատվել անդրկովկասում, իր միակ հավատարիմ դաշնակցի, հայերի երկրում`, ղաչաղների երկու տարբեր ավազակախմբեր, որոնց պարագլուխներն էին Սոլան ու Նաբին, արդեն մի քանի տարի անպատիժ ասպատակում էին Բայազետից մինչև Սուրմալու և Մասիսի չորս դին ընկած բնակավայրերը: Հայ աշխարհականը կրակն էր ընկել սրանց ձեռքը, որոնք նախամարդու դաժանությամբ, սուլթանի ու սատանայի հովանավորությամբ կողոպտում, սպանում էին և մարդու աչքը մտած փշի պես` ցավ պատճառում:
    Այլևս անկարելի էր հանդուրժել ղաչաղների վարքը, սակայն վարժված լինելով միայն կանոնավոր ու լայնամասշտաբ գործողությունների, ռուսական բանակը հարմարված չէր առանձին պատժիչ գործողություններ իրագործելու համար: Այնուամենայնիվ, հայ աշխարհականի բարյացակամությունից չզրկվելու և Խենթի համառության շնորհիվ` ռուսական հրամանատարությունը հարկ համարեց երկու տասնյակից բաղկացած հեծյալների մի խումբ տրամադրել Խենթին. Սամսոն Տեր-Պողոսյանին...

    ***
    Լուսաբացը մոտ էր, բայց խավարը դեռ չէր ցրվել: Խենթի ձին առաջապահ Իվանի ձիուն գրեթե հավասար` առաջ էր ընթանում: Քսանչորս հեծյալներ, արդեն երկու օր էր, ինչ հաղթահարում էին քարքարոտ ու դժվարանցանելի լեռնուտը...
    Առանց գլուխը վեր բարձրացնելու, կիսախուփ աչքերի արանքից Խենթը զննեց իրեն քաջ ծանոթ տեղանքը: Համոզվելով, որ հետախույզի հայտնած վայրին դեռ չեն հասել` քթի տակ քրթմնջաց.
    -Իվան, ոլորանի վրա ձայն կտաս ինձ:
    -Անհոգ մնա, կարթնացնե´մ, - արձագանքեց Իվանն ու իրենց հետևող հեծյալներին համր շարժումով հասկացրեց, որ զրույցները դադարեցնեն:
    Հրահանգներ կատարելիս ակնհայտ էր ռուսների վարժվածությունն ու ապահով սրտով Խենթը կրկին փակեց աչքերը:
    Դա մի վիճակ էր, երբ մարդ ոչ քնած է, ոչ էլ արթուն: Նրա ձին ասես զգում էր, որ իր հեծյալը ննջում է ու սրածայր քարերը ջոկ-ջոկ անելով էր առաջանում... Քչերին է հաջողվում նիրհել թամբին ու վայր չընկնել ձիուց: Անվերջ դիմադրելով քնի դեմ, Խենթը նիրհում էր և հայտնվել էր վերհուշի գրկում: Թույլ չտալով, որ քաղցր նիրհը վերջնականապես խոր քնի վերածվի և վերհուշն իրենից խլելով այն փոխի երազի, նա հաճախ մի աչքը բացում ու էլի տեղանքն էր զննում: Մի պահ երազի սահմանագծին հասնելով`, նա տեղափոխվեց աշուն... Ահա´: Ինքը ուշաթափ ընկած էր Լալայենց ցանկապատի մոտ... Ձախ ուսն ու թևը բզկտված էին... Խեղդամահ գայլի դունչը կրծքին սեղմած` ինքն արնածորում էր...
    Այդ օրը Լալայի հայրը ջերմություն ուներ... Անձրևնեևը սկսելուց առաջ ինքը թաքուն կալսել էր նրանց արտի խոտն ու սիրած աղջկա տան կրակը թեժ պահելու համար` չոր քոթուկ էր քարշ տվել նրանց ցանկապատի մոտ... Առաջը գայլ էր կտրել... Գզվռտոցից հետո, երբ Լալան գտել էր նրան ասես բալասան` արտասվելով իր վերքերն էր համբուրում. «Դու խե´նթ ես, խե´նթ սիրելիս»...
    Ահա´, կարծես մեկը կրկին ձայն էր տալիս ու իր անունը կրկնում...
    -Խե´նթ, Խե´նթ... - ցածրաձայն կանչում էր Իվանն ու թեթևակի ցնցում ընկերոջ ուսը: - Արթնացի´ր, արդեն ոլորանի վրա ենք:
    Խենթը բացեց աչքերը: Փորձեց թոթափել հոգնությունը, պարզեց թևերն ու ձգվեց հորանջելով:
    Ձիերից իջան: Ուր որ է լուսանալու էր: Հուշերն էլ, Լալային էլ մի կողմ թողած` Խենթը մի թմբի մոտեցավ: Կանչեց Իվանին ու սկսեց հրահանգներ տալ.
    -Ա՜յն քարափը տեսնու՞մ ես, որի տակ քարայր է նշմարվում, - ցույց տալով դիմացի կնճռապատ լեռը, հարցրեց Խենթը: - Քարայրը, որի աջ ու ձախ կողմերում լիքը մասրենու թփեր կան: Տեսա՞ր:
    Իվանը ցրվող աղջամուղջի մեջ նշմարեց քարայրն ու գլխով արեց:
    -Կեցցե´ս: Հենց այդ քարայրի մասին էր պատմում հետախույզը, դա է ղաչաղների որջը: Մարդկանց բաժանիր երեք խմբի... Մի խումբը կգա ինձ հետ, մյուս երկու խմբերի նշանառուները, գնդակի հեռավորություն պահելով` թող դիրքավորվեն այդ քարայրի աջ ու ձախ թևերում... Կկազմակերպես այնպես, որ փախուստի ճանապարհ չմնա ավազակներին: Պետք է անաղմուկ գործել : Թուր ու թվանքի հետ վարվելու մեջ` հմուտ են ղաչաղները, էս ջահելներդ ափսոս են, հասկացա՞ր: Դե, քեզ տեսնեմ Իվան ջան, գործի անցիր:
    Մինչ Իվանը փույթով անցավ ջոկատի անդամներին իրենց անելիքները բացատրելուն, Խենթը ջրի տափաշիշը մոտեցրեց բերանին: Նա Իվանին լավ գիտեր: Իրենց ծանոթության երկու տարիների ընթացքում Իվանը «մեծն» ռուս եղբորից հասցրել էր վերածվել հավատարիմ զինակցի, ընդունելով իր հայ բարեկամի գերազանցությունը մարտավարական խնդիրներում: Ինչ վերաբերում էր շիկահեր ու պեպենոտ նորաթուխ տղաներին`, նրանցից շատերին առաջին անգամն էր տեսնում:
    Ավարտելով զինվորների հետ քննարկումը, Իվանը շրջվեց Խենթի կողմն ու իրեն հատուկ հումորով կատակեց.
    -Սամսո´ն, հրամանդ անիրագործելի է:
    -Ինչու՞: Ի՞նչ կա...
    -Ինձ ու քեզ էլ միասին հաշված` քսանհինգ հոգի ենք: Ի՜նչ անում եմ, ասածիդ պես ջոկատը երեք խմբի հավասար չի բաժանվում...
    Ընդունելով կատակը, Խենթը բարեհոգաբար ժպտաց: Այնուհանդերձ` հարկ համարեց խստորեն հիշեցնել.
    -Լույսը բացվեց, կատակելու ժամանակը չի: Շտապի´ր, այլապես կձախողվենք:
    -Կատարե´լ, - զինվորների կողմ շրջվելով, հակիրճ նետեց Իվանը:
    Ձիերին թաքցնելու համար հարմար տեղ գտան ու կապկպեցին քարերից: Այնուհետև ջոկատը երեք խմբի բաժանվեց: Զգուշորեն,
    բայց սրընթաց`, յուրաքանչյուր խումբ իր ուղղությամբ առաջ նետվեց:
    Իրեն բաժին հասած յոթ զինվորների գլուխն անցած, Խենթն առաջնորդեց կենտրոնով: Այդ ընթացքում նա գոհունակորեն նկատեց, որ մյուս երկու խմբերը հաջող թևանցումներ արեցին ու հարմար տեղեր ընտրեցին քարայրի ելքը թիրախում պահելու համար:
    Բավականին մոտենալուց հետո քարայրի խորքում թրթռացող ճրագի լույս նշմարվեց: Խենթն իր կողքին գտնվող զինվորի դեմքին խորացող երկյուղ հայտնաբերելով, մտածեց. «Եթե ղաչաղների դեմ սասանվեց, կորած է... Այս անփորձների երկյուղը կարող է իրենց կործանման պատճառը կդառնալ: Սրանց մարմինները լավ են կոփել, բայց սրտերն անտեսել են»: Երկյուղած զինվորին ափով իր մոտ պահած`, Խենթն անաղմուկ մուտք գործեց քարայր: Մնացածները հետևեցին նրան: Երբ այնքան էին խորացել, որ պարզորոշ լսվում էր ներսի խոսակցությունները`, Խենթի հովանու տակ գտնվող զինվորը սայթաքեց ու մատնեց իրենց ներկայությունը: Նա մեղավոր հայացքով կարմրատակեց ու քար կտրեց: «Գրողը տանի, հապաղելը կործանարար է», կայծակի արագությամբ անցավ Խենթի գլխով ու որոտաձայն հայհոյելով ներխուժեց քարայրի խորքը:
    Քաջալերված զինակիցներն ու Իվանը նրա ետևից հասան այն պահին, երբ Խենթը թիկունքից դեն նետեց յափնջին ու մերկացնելով ուսադիրները, վայրագ ղաչաղների առջև հայտնվեց որպես ռուսական բանակի սպա:
    Ղաչաղներից երկուսը ռազմատենչ գոչյունով վեր թռան ու նախքան իրենց արձակած գոռոցի ձայնը կմարեր, Խենթի սրից խոցված փլվեցին գետնին: Իրարանցումից քարայրում ճրագները մարեցին:
    Ներկա գտնվող երկու տասնյակից ավելի ղաչաղների պարագլուխը` Սոլան, դրանցից յոթի հայրն էր նաև: Անակնկալից ուշքի գալով, նա ճանկեց թուրն ու ցասումով ոտքի կանգնեց: Հայացքն անընդհատ սպանված յուրայինների մարմիններին գցելով, նա կատաղի ֆշշաց.
    -Դու ո՞վ ես...
    -Սամսոնն եմ, Խե´նթը... Լսած կլինես:
    Չնայած այն հանգամանքին, որ Սոլան իր հարցը տվեց քրդերեն, իսկ Խենթը պատասխանեց հայերեն`, թե ռուսները, թե ղաչաղները հասկացան այդ կարճ երկխոսության իմաստը: Ակնհայտ էր, որ նախաձեռնություը խըլված է ղաչաղներից և Իվանը, գոտկատեղից հանելով մի ջահ, վառեց:
    Մազակալած դեմքերով ղաչաղները ձեռքները երկարած դեպի իրենց թըվանքները`այդպես էլ սառել մնացել էին նայելով իրենց վրա ռուսների ուղղած հրացանների սվիններին:
    Հանկարծ ավազակապետը, Սոլան կտրուկ շարժումով թրախողոխ արեց Խենթի դաստակը, սակայն` վերջինիս պատասխանը սառեցրեց Սոլայի կիրքը, երբ իր սուրը մի մատ հեռավորությամբ սպառնալից կախեց նրա պարանոցին: Խենթը չշտապեց թռցնելու սրա գլուխը և ինչպես կատուն է դադար տալիս, երբ թաթը մկան պոչին է դնում, այնպես էլ` Խենթը, հաղթողի վայելեքը երկարաձգեց իր քիմքում:
    Սոլան շփոթմունքի մեջ էր: Նա իր հուսահատական քայլն արել էր յուրայինների ու յոթ զավակների աչքին մի վերջին անգամ տղամարդ երևալու մղումով...
    -Իվան, հապա ջահդ մոտեցրու, - գյուտ արածի պես զարմանքով ասաց Խենթը:
    Իվանը մոտեցրեց ջահը, որն իր առատ լույսի ներքո պատվազուրկ դրության մեջ բացահայտեց Սոլային: Սա չնայած թուրը ձեռքին կատաղի մարտիկ էր հիշեցնում, սակայն անզոր էր դադարեցնելու այն խայտառակությունը, որն առատորեն ծորում էր թրջված ծնկների արանքով...
    -Ցած նետիր թուրդ, - նողկանքով պահանջեց Խենթը:
    -Երբե´ք, գյավուր, - ծղրտաց Սոլան:
    -Բոլորին կապել, - հրամայեց Խենթը: - Իսկ այս մեկին`, ոչ մի իրեն հարգող ձի չի´ հանդուրժի իր գավակին:
    Հաջորդ ակնթարթին Խենթն ու Սոլան միաժամանակ սրերն օդ բարձրացրին... Ղաչաղներից նրանք, որոնք ավազակապետի յոթ զավակներն էին, գլուխները մի կողմ թեքելով հայացքներն իջեցրին այն պահին, երբ հայի պատժող սուրն իջավ իրենց ավազակ հոր պարանոցին:

    ***
    Կայազոր վերադառնալիս զինվորները զրույցներով, իսկ Իվանն ու Խենթը` իրենց մտքերով էին տարված... Զինվորներից նրանք, որոնք քարայր մտնելիս գըտնվել էին Խենթի կողքին, քչփչոցով մյուսներին պատմում էին, թե ինչպես մի անզգույշ շարժումով մատնվեցին ու գրեթե տապալված գործն ինչպես գլուխ եկավ շնորհիվ Խենթի վճռականության: Փառք տալով Աստծուն, որ գործողության ընթացքում մարդկային կորուստներ չունեցան, նրանք նաև պնդում էին, թե հակառակ դեպքում քարայր մտած իրենց փոքրիկ խմբի անդամները գլխովին կկոտորվեին...
    Իվանը թիկունքով որսում էր ռուս հայրենակիցների շշուկներն ու իր հերթին մտաբերում այն պահերը, երբ շատ անգամ ինքն ականատես էր եղել ժողովրդի ընդունելությանն ու սիրուն, հանդեպ Խենթի: Նա հասկացել էր, որ ինքը ճակատագրի բերումով հերոսի զինակից ընկերն է ու թանկ էր գնահատում իրենց բարեկամությունը:
    Տարօրինակ էր, բայց փաստ. ընկերոջ մասին ինքը շատ բան չգիտեր... Խարույկների շուրջ իրենց գինովցած զրույցներից տեղյակ էր միայն, որ Խենթի հայրը եկեղեցու բարեպաշտ ծառա, տերտեր է եղել... Բազմիցս տեսել էր նաև, թե ինչպես էր նա ախ քաշում, երբ սիրած աղջկա, Լալայի անունն էր արտաբերում...
    Հանկարծ Իվանն իր համար պարզեց, հայտնաբերեց, թե ինչպես են ծնվում լեգենդնեը... Հե´նց հիմա, այդպիսի մի լեգենդ ծնվում էր իր թիկունքում, իր զինակիցների բերանում, նրանց իսկ շուրթերով...

    Շարունակությունը՝ հաջորդ գրառման մեջ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 28.11.2012, 00:40: Պատճառ: տողադարձի ավելորդ նշանների հեռացում

  21. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկիզբը՝ նախորդ գրառման մեջ

    ***
    Նկատելով, որ հայտնվել է գերիներով բեռնված երամակի թիկունքում, Խենթն ալարկոտ ճլոթեց իր ձիուն: Նա կրկին սուզվել էր խոհերի հորձանուտը:
    Կրոնավոր հայրը իրեն սովորեցրել էր աշխարհին հոգու աչքերով նայել, ներշնչել էր համոզմունք, որ ամենուրեք Արարչի կամքն է տիրում: Սակայն, ապավինելով Աստծուն` տարակուսանքը միաժամանակ խեղդում էր պատանի Սամսոնին, երբ ականատես էր լինում անարդարության, ջարդ ու սպանդի: Իրո՞ք Արարիչն ամենատե՜ս էր... Եվ արդյո՞ք Արարիչն ամենակարող էր, եթե չէր միջամտում, հանդուրժում էր այդ ամենը...
    Ու մի օր, մարմնով վերացած, հոգում տառապանք`, նա ծնկեց աղոթքի ու պատասխան մուրաց երկնքից:
    Սակայն` երկինքը լուռ էր:
    Տանջալի սպասումը մուրալուց վերաճեց ըմբոստ պահանջի: Անպատասխան մնալուց հոգնած`, աղոթքի համար նրա վեր պարզած ափերը բռունցքների վերածվեցին ու նա սկսեց հարվածներ տեղալ ծունկ դրած հողին...
    Գուցե հենց դա էր եղել երկնքի պատասխանը, որն իր համր լռությամբ նրան ստիպել էր հիշել իր բռունցքների գոյության մասին... Ու սարեցու ազատամիտ ոգին, որ հենց նույն Արարիչն էր դրել Սամսոնի սրտում, ստիպել էր բարեպաշտ հորից ներշնչված հեզության դեմ ըմբոստանալ, շեղվել կրոնավոր դառնալու արահետից և իր խենթ ոգու թելադրանքով` ձեռքը սուր վերցնել:

    ***
    Ռուսական կայազորի հրամանատարը, լինելով բանիմաց ու խըստապահանջ սպա` ստորադասների համար միաժամանակ նաև սրտացավ ու կարեկից ընկեր էր: Անհանգստացած և արդեն թերահավատորեն տրամադրված, նա հասցրել էր բազմիցս զղջալ Խենթին տաք գլխով տված իր համաձայնության համար: Տագնապը, թե երկու տասնյակից ավել զինվորների կորստյան է դատապարտել, խուճապի էր սկսել մատնել նրան...
    Հենց այդ ժամանակ, փոշու ամպ բարձրացնելով` քրտինքի մեջ կորած հեծյալների ջոկատը բերդի դարպասներից սրընթաց ներս խուժեց: Տեսնելով կապկպված ղաչաղներին, որոնք գետին գլորվեցին ձիանքի վրայից ու համոզվելով, որ անձնակազմը կորուստ չի կրել, հրամանատարը թեթևացած շունչ քաշեց: Եթե մինչև ջոկատի ժամանելը նա հասցրած լիներ որևէ մեկի հետ կիսվել իր տագնապների մասին, ապա թերևս ուրախությունից չբացականչեր այն, ինչ պարզապես դուրս թռավ նրա բերանից.
    -Կեցցե´ք: Слава Богу ! Ողջ ու առողջ եք բոլորդ: Մնաց` կաչակ Նաբին...
    -Կաչա՜կ, կաչա՜կ... - Խենթը մի կուշտ ծիծաղեց հրամանատարի անվարժ արտասանության վրա: - Ո´չ թե կաչակ`, այլ ղաչա´ղ:
    Նա ջրով լի դույլը դրեց ձիու առջև ու փաղաքշեց կենդանու մեջքը: Ձին գոհունակորեն փռնչաց: Խորամանկ փայլն աչքերում, Խենթը տևականորեն ջուր խմեց սափորից:
    «Պետք է օգտվել հրամանատարի բարձր տըրամադրությունից, - մտմտաց նա, - չէ՞ որ ի´նքը հիշեցրեց ղաչաղ Նաբու անունը»:
    Թավ բեղերը թևքով սրբելուց հետո, նա լայն բացեց ափն ու մոտեցավ հրամանատարին:
    -Ասացիր` մնաց ղաչաղ Նաբի՞ն: Դե ուրեմն, թխի´ ձեռքիս:
    Միաժամանակ, երկուսն էլ իրենց ձեռքի ափերը բարձրից բերելով` ուժգին շխկացրին:
    Երեկոյան, երբ հրամանատարը գերագույն շտաբին զեկուցագիր էր գրում ղաչաղ Սոլայի ավազակախմբի չեզոքացման մասին, ժպտալով նկատում էր, որ իր աջ ձեռքի ափը դեռ շարունակում է ցավից մզզալ...

    ***
    Հերթը ղաչաղ Նաբունն էր:
    Հետախույզները լուրեր էին հասցնում, որ սա սկսել է առավել զգուշավոր գործել: Էությամբ առավել դաժան Նաբին Սոլային վիճակված դատաստանի մասին շշուկներն առնելուց հետո` դասեր էր քաղել: Գազանի հոտառությունը նրան թելադրում էր, որ անընդհատ տեղաշարժվի ու նույն տեղում երկար չմնա...
    Այդ կերպ` նրան առայժմ հաջողվում էր անպատիժ մնալով այստեղ-այնտեղ կտցահարել, խփելտանել ու խուսափել ուխտ արած հայ վրիժառուների կամ ֆիդայինների ձեռքն ընկնելուց…
    Զգուշավոր սրիկան ծածուկ գործելիս սկսել էր առավել դաժան վարվել աշխարհականներիի հետ:
    Շտապել էր պետք ու Խենթը կրկնապատկել էր ծպտյալ հետախույզների քանակը:

    ***
    Մի քանի ամիս անց, երբ Նաբու գտնվելու տեղի մասին Խենթը հավաստի լուրեր ստացավ` որոշեց, որ պահը հասունացել է հրամանատարին իր տված խոստման մասին հիշեցնելու: Որպեսզի նա ոչ մի պատրվակով հանկարծ չդրժեր նախկինում իր տված խոստումը, Խենթը մոտակա գյուղից նախապես երկու պուլիկ ընտիր գինի հայթհայթեց:
    Նույն երեկոյան ախորժելի գինարբուք կազմակերպեց, որի ավարտին հարմար առիթը բաց չթողեց վերստին հրամանատարի համաձայնությունը կորզելու համար... Կերուխումի ավարտին հրահանգներ տվեց Իվանին ու գնաց մի քանի ժամ քնելու...
    Լույսը բացվելուն պես, Իվանի և մեկ տասնյակից ավել հեծյալների գլուխն անցած` Խենթը լքեց կայազորի տարածքը: Առանց ձիերին ուժասպառ անելու, մեկ օրվա ճանապարհ ունեին անցնելու:
    Հաջորդ օրը, դեռևս խնդալով Իվանի գլխացավի վրա, որը տրտընջում էր անվերջ, թե հարբածության զգացումը իրեն չի լքում`, դաշտում մի թուրք գառնարածի հանդիպեցին: Սրա լեզուն արագ բացվեց հենց իմացավ, թե
    ում են փնտրում հեծյալները. խեղճը քիչ առաջ ի´նքն էլ էր տուժել ղաչաղի ձեռքից: Գառնարծը բողոքեց, որ մի քանի ժամ առաջ Նաբու զինակիցը զոռբայությամբ իրենից երկու գառ է խլել ու դեռ մի այրող ապտակ էլ` վրայից հասցրել, իրկամքին հակառակվելու համար:
    Կորցրած գառների մրմուռը սրտում, խեղճը ձեռքը պարզեց իրենց գյուղի կողմն ու մղկտաց.
    -Հրե´ն, մեր գյուղի տանուտիրոջ տան բակից ծուխը ելնում է... Անիծյալները հիմի կրակը վառել, գառներս են խորովում... Հարա´մ ըլնի նրանց էդ միսը:
    Գառնարածից անհրաժեշտ հարցերի պատասխանները ստանալով, Խենթը գործի անցավ: Գյուղի մոտերքում զինվորներից մեկին ձիանքի վրա պահակ կարգեց, մնացածին երեք-երեք տեղակայեց տանուտիրոջ տան բոլորքն ու կարգադրեց մատները ձգաններին պահել: Այդ ամենից հետո` Իվանի ուղեկցությամբ մոտեցավ տանուտիրոջ տանը:
    Փայտե դարպասը թակելուց հետո մարդաբոյ պարսպի ետևից գամփռի կուշտ ու ալարկոտ մարդահաչ լսվեց... Դուռը բացվեց ու հայտնվեց կլորավուն մարմնով տանուտերը: Նրա դեմքին առկա բարձր ինքնագնահատանքի արտահայտությունը փոխվեց, երբ իր առջև տեսավ համազգեստով շիկահեր ռուսի և յափնջին ուսերին գցած խոժոռադեմ, թավ բեղերով անբռնազբոս հայի: Խենթն ինչպես վայել է ողջունեց, սակայն տանուտերը զարմանքով նկատեց, որ այդ հայն ի վերջո ներս մտնելու հրավերքի չի սպասում: Շեմը բաց չթողնելով, հարցրեց.
    -Ո՞վ եք, ի՞նչ կա...
    -Քո հետ խնդիրք չունենք, - ասաց Խենթը, - մեզ ղաչաղ Նաբին է պետք: Ու՞ր է նա: Թուրքի դեմքով տագնապի ստվեր անձավ: Նա փորձեց խոսքը կտուրը նետել. -Նաբի՞ն... Ասում են` Նաբին մի տեղում չի սըթրվում, ես ի՜նչ իմանամ: Համ էլ`, - տանուտերը բարձրացրեց ձայնը, կարծես լսելի դարձնելու համար անկոչ հյուրերի այցելության նպատակը, - պարոնն ինչու՞ է Նաբուն իմ տանը փնտրում: Տանուտերը հետևեց հայի դեմքի խոժոռվելուն և հակադրվելու կամքից զուրկ` ստիպված ասաց.
    -Լավ, ներս անցեք... Հյուրն ալլահինն է...
    Խենթը ներքուստ զվարճություն զգաց հաստամարմին թուրքի կեղծավորությունից և առանց զգոնությունը թուլացնելու, սկսեց խաղալ նրա առաջադրած խաղի կանոններով: Իվանի հետ հայացքներ փոխանակելով, նրանք մոտեցան ծածկի տակ գտնվող սեղանին, որի վրա մրգեղեն, գինու թասեր և ուտելիքի մնացորդներ կային: Տեղավորվելով հարդաթաղտերից մեկին, որոնք առատորեն ծածկված էին գույնզգույն բարձ ու մութագիներով` Խենթը հարցրեց.
    -Էս տեսակ սեղանի պատվին արժանացած հյուրերդ ու՞ր են:
    -Նաֆարիս հետ էի սեղան նստել, դուք էլ համեցեք... - կմկմաց թուրքը չիմանալով, արդյո՞ք իր խոսքը համոզիչ հնչեց:
    Նա բացահայտ շփոթմունքի մեջ էր, սակայն փորձեց այն հաղթահարել, երբ տեսավ, թե ինչպես Իվանը խորոված մսի մի պատառ վերցրեց ու սկսեց վայելել... Հյուրասեր տանտիրոջ դերի մեջ մտնելով` թուրքը սկսեց թասերի մեջ առատորեն գինի լցնել... Ընդարձակ բակը, որ մինչ այդ կարծես թե ամայի էր, լցվեց ներս ու դուրս անող չալմայավոր կանանցով... Թուրքին մի պահ թվաց, թե խրոխտ արտաքինով հայն արդեն մոռացել է իր այցելության նպատակն ու գեղեցիկ այգով է զմայլվում: Դրանից թեթևացած` թուրքն ավելի աշխուժացավ. մոտենալով կանանց սկսեց կարգադրություններ տալ, որ սեղանն առատ պահեն ու խաշլամայով լի ղազանի տակ կրակը նորից թեժացնեն:
    Խենթը մի սերկեվիլ սկսեց մաքրել: Խաղը շարունակվում էր... Իվանը կարծես գտել էր խումարից ու գլխացավից դուրս գալու միջոցը: Նա արդեն գինու երկրորդ թասը բերանից հեռացնելով` որոշեց կատակել.
    -Սամսո´ն, հապա խոսքս թարգմանիր տանուտիրոջ համար. հարցրու´, այս բոլոր կանայք նրա՞նն են: Երանությու՜ն է, այնպես չէ՞, մեկից ավելի կին ունենալը... - Առանց նկատելու իրեն ուղղված Խենթի սաստող հայացքը, Իվանը հիմա էլ սկսեց հարեմի կանանց համրել. - Մեկ, երկու, երեք... Ա ՜յ քեզ բախտավորություն: Թուրքը դեռ չէր հասցրել իր դեմքին մտահոգություն հաղորդել Իվանի լկտի վարքագծի կապակցությամբ, երբ Խենթը ոտքի կանգնեց ու արագաքայլ գնաց այգու խորքը: Թիկունքից զննելով հեռացող կանանցից մեկին և համոզվելով, որ նրա տրեխները չափազանց մեծ են կնոջ համար`, գոչեց.
    -Հապա` կա´նգ առ: Կա´ց:
    Մոտ վազող թուրքը, որն անկոչ հյուրերի հայտնվելուց ի վեր ստիպված էր անվերջ փոխել իր դիմակները, Խենթի թևը բռնելով հիմա էլ փորձեց խանդոտ ու պատվասեր այր ձևանալ.
    -Հարգելի՜ս... - բողոքեց նա, - Դու արդեն չափդ անցնում ես: Կնանիքի՞ցս ի՜նչ ես ուզում...
    Լավ իմանալով վարվեցողության կանոններն ու թուրքերի ադաթները, Խենթն այլ պարագաներում իրեն թույլ չէր տա խախտել այդ նորմերը: Սակայն` հիմա անտեսելով թուրքի խանդոտ հանդիմանանքը, չալմայավոր կնոջը հրամայեց.
    -Բա´ց դեմքդ:
    Կինը հապաղեց: Նա գլուխը թուրքի կողմն ուղղեց ու կարծես մի վերջին պաշտպանություն հայցեց:
    Այլևս հարկ չհամարելով սպասել, Խենթը դուրս քաշեց սուրն ու դիմացինի չալման մի կողմ տարավ... Ղաչաղ Նաբու մորուքը հայտնըվեց Խենթի բռում: Նաբին ցավից ոռնաց, երբ ծնոտն ազատելու համար ցոնցեց գլուխն ու մի մազափունջ թողնելով նրա բռում, թուրը վեր քաշեց...
    Խենթի սուրն ավելի արագ կիսաշրջան գործեց օդում և նախքան Իվանն իր զորակցությունը կհասցներ, գլխատված ղաչաղի դին տապալվեց խոտերին:
    -Գնա´, - գործի դնելով Իվանին, հուշեց Խենթը, - սրա զինակցին մյուս չալմայավորների մեջ փնտրիր:
    Թզենու տերևով սրի շեղբը մաքրելուց հետո, նա շրջվեց թուրքի կողմը: Ահից անշարժացած թուրք տանուտիրոջ դեմքին սառել, մնացել էր խանդոտ այրու դիմակը, որից ազատվել` օգնեց Խենթի ծանըր բռունցքը: Թուրքի բերանում ինչ որ բան շրխկաց:
    -Ատամներդ կոտրեցի այն պատճառով`, - բացատրեց Խենթը, - որ սրանից հետո գողացված գառան միս չկարենաս ծամել, մեկ էլ`
    չալմա կրող հարեմիդ մեջ ավազակ չթաքցնես : Իսկ`… Անունս չես ուզու՞մ իմանալ, չի հետաքրքրու՞մ:
    -Կռահել եմ:
    -Հապա՞:
    -Խե´նթ, Խե´նթ է անունդ:

    ***
    Ռուսական կայազորի հրամանատարը երկու օրվա մեջ կրկին հասցրել էր զղջալ Խենթին տված իր համաձայնության համար: Նա հալումաշ էր լինում, անհանգստանալով անձնակազմի անվտանգության համար:
    Կեսօրին, տեսնելով, թե ինչպես Խենթի գլխավորած հեծելախումբը փոշու ամպ բարձրացնելով խուժեց բերդատարածք`, անորոշ սպասումից հոգնած`, նա դուրս նետվեց ու շտապեց տեղեկանալ, թե ինչը ոնց է անցել: Համբերությամբ, մինչև վերջ լսեց Իվանի զեկույցը:
    Վերջում թեթևացած շունչ քաշեց, թփթփացրեց Իվանի ուսին և քայլեց դեպի Խենթը: Չնայած նա կանխավ գիտեր, որ իր հայ բարեկամի հարվածի ուժգնությունից ողջ օրվա ընթացքում կրկին ցավից մզզալու է իր ափը, միևնույն է, աջը լայն բացեց ու պարզեց Խենթին:
    -Կեցցե´ս, - ասաց նա,- Թխի´ գա...
    Ձեռքերի բարեկամական շխկոցից Իվանի ձին, որ մինչ այդ հանգիստ կանգնած էր, խրտնեց ու իր գավակից ցած նետեց կնոջ չալմայով բարուրված Նաբու զինակցին: Հարվածի պատճառած ցավից հրամանատարի աչքերում արցունքի երկու կաթիլներ հայտնվեցին:
    Դրանք միայն Իվանը նկատեց, որովհետև` Խենթն արդեն շրջվել ու հեռանում էր:
    Նա սիրում էր առանձնության մեջ վերհուշի գիրկն ընկնել ու քայլելով դեպի իր վրանը, քթի տակ արդեն ինքն իրեն հարցնում էր. «Տեսնես` հիմա ո՞նց է, ի՞նչ է անում Լալաս... »:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 28.11.2012, 00:43: Պատճառ: տողադարձի ավելորդ նշանների հեռացում

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.11.2012), Malxas (25.11.2012), Peace (23.11.2012), Sambitbaba (26.11.2012), Դավիթ (23.11.2012), Նիկեա (26.11.2012)

  23. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    17–րդ տարբերակ
    Իմ հաղթանակների օրը


    Տիկին Գոհար, փակեք աչքերն ու հաշվե՛ք մինչև տասը:
    - Չէ, լավ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

    1
    - Երազումս մի աղջիկ երեխա էի գրկել, ո՜նց էի սիրում, ո՜նց էի սիրում, ու պատկերացնու՞մ եք, ինքս ինձ բարձրաձայն ասում էի. «ես էս երեխային Աննայի չափ եմ սիրում»,- շոկոլադի սալիկը կոտրատելով պատմում էր Գոհարը,- մեր Հասոյի աղջկա,- ակնարկեց քրոջը:
    - Երազում երեխան լավ չի,-սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց Մանուշակը,- հիվանդությունա:
    - Եթե արթնացել ես ու տրամադրությունդ լավա եղել, ուրեմն էսօր մի լավ բան կլինի,- Մարիամն էր, Գոհարի ամենամոտ ընկերուհին:
    - Տեսնես առավոտվա սուրճից ավելի համեղ բան կա՞...
    - Չէ- չկա, առավոտյան սուրճն անմահական ա,- միաբերան արտասանեցին աղջիկներն իրենց հնարած կանոնն ու ծիծաղեցին:
    - Էսօր երեկոյան մեր տուն կգաս, Ռաֆի ծնունդնա, բայց նվեր չբերես,- հենց Մանուշակը սենյակից դուրս եկավ, շուտասելուկի պես ասաց Մարիամը:
    -Առանց նվեր ծնունդա՞ լինում,- ծիծաղեց Գոհարը:
    Տուն գնալիս ճանապարհին մտավ խանութ, կոնյակ ու մի երկու քաղցր բան վերցրեց, հո դատարկ ձեռով չի՞ գնալու:
    Հայրը դիմավորեց դռների մեջ:
    - Խորովածի լավ միս եմ առել, էսօր խորովե՞մ թե մնա շաբաթ.
    - Պապ ջան, էսօր ծնունդի եմ, թո՛ղ մնա:
    Գոհարն արագ հաց սարքեց հոր համար, կարգի բերեց՝ առանց այդ էլ ամեն ինչ իր տեղում բնակարանն:
    - Պապ ջան, արի, հացդ կեր,- ու մտավ իր սենյակ զգեստափոխվելու:
    Մարիամը դուռը բացեց,- արի, սրանք ինչի՞ ես բերել, չասացի՞ չբերես, արի, արի,- ու առաջնորդեց Գոհարին հյուրասենյակ:
    Ա՛յ քեզ բա՜ն, հյուրասենյակում տոնական սեղան չկար դրված, բազմոցին էլ Ռաֆն էր ու Ռուբենը՝ Գլխավոր երկրաբանի բաժնի նոր աշխատողը: Տղամարդիկ կանգնեցին, ու դա ավելի շփոթեցրեց Գոհարին:
    - Ռուբե՛ն, մենք իրար գիտենք, բայց ուրախ եմ օֆիցիալ ծանոթանալու համար:
    Գոհարն այնպես էր ամաչում, որ միայն կարողացավ շշնջալ,- Գոհա՜ր...
    - Մարիա՞մ, սա՞ էր Ռաֆի ծնունդը,- ընկերուհու ետևից խոհանոց մտավ Գոհարը.
    -Ասաց, չի ուզում աշխատանքի տեղում կամ դրսում հանդիպել, էնպես լա՜վ տղայա, Ռաֆի դասընկերնա ...
    Ռուբենը հետաքրքիր էր խոսում, ռուսերեն շեշտադրուլթյամբ, էնպես էլ անուշ հոտ էր գալիս: Կարծես մի պայմանավորվածություն լիներ. բոլորը խոսում էին իրենց մասին, ու Գոհարը զարմանում էր ինքն իր վրա, թե ո՞նց այդքան շուտ վերագտավ իրեն ու կարծես թե համաձայն է, ինքն էլ չգիտի թե ինչի...
    Հրաժեշտ տվեցին տանտերերին ու իջան աստիճաններով: Ռուբենը բռնեց Գոհարի ձեռքը: Ձեռքն այնքան տաք էր, ինչ որ ուժ էր գալիս նրանից, ու Գոհարն իրեն շատ հանգիստ էր զգում: Նոյեմբերյան երեկոյի ցուրտը անկարող էր սողոսկել նրանց հագուստից ներս, անգամ քամին չէին զգում:
    Շատ հաճելի էր Ռուբենի ձայնը՝ հավատ ներշնչող: Ամեն խոսքից Գոհարը մտքում երկար-բարակ մտածում էր, բայց միայն արտաբերում էր այո, կամ … ավելի շատ՝ այո: Երջանկությունը ջերմացրել էր արյունը, դարձել հաճելի խռովք, և ժպիտի ու շիկնանքի ձևով դուրս էր հորդում նրանից:
    - Ես քեզ հավանել եմ առաջին իսկ պահին, որ տեսել եմ, ուզում եմ իմ կինը լինես, հարստություն չեմ խոստանում,աստղեր ու լուսին էլ չէ, բայց սեր ու հավատ՝ վստահեցնում եմ:
    Երկար քայլեցին քաղաքի փողոցներով, չնկատելով էլ դրանք ծանո՞թ են, թե ոչ: Իրար ձեռքից բռնած, երբեմն կանգնելով ու իրար աչքերի մեջ նայելով, քայլում էին աղջիկն ու տղան և ծրագրում իրենց ապագան:
    Կեսգիշերն անց էր: Մոտեցան Գոհարենց շքամուտքին:
    - Երրորդ հարկի այն պատուհանները մերն են:
    -Բարձրանա՛նք.
    Բնակարանի դռան մոտ Ռուբենը ձեռքերի մեջ առավ Գոհարի գլուխը, նայեց աչքերին ու համբուրեց ...
    Գիշերը կրկնվող երազի նման էր: Անընդհատ հիշում էր իրենց զրույցները, Ռուբենի ռուսերեն շեշտադրությունն, օծանելիքի բույրը... իսկ շուրթերը դեռ այրվու՜մ էին, ի՜նչ երանություն ...
    Գոհարը շտապ վեր կացավ անկողնուց, առանց հողաթափերի վազեց դեպի գրասեղանը, փոքրիկ օրացույցի վրա կարմիր գրիչով օղակեց նոյեմբերի 29-ը, ժպտաց իր հայտնագործությանն ու հանգիստ մտավ անկողին:

    2

    -Սրտիկս, ես գնացի,- խելոք կմնաք, շուտ կգամ,- հայացքով շոյելով վերմակի տակից ընդգծված կնոջ փորիկը, հուշիկ համբուրելով ականջի բլթակը՝ շշնջաց Ռուբենն ու ուղղվեց դեպի ննջարանի դուռը:
    Գոհարը կիսաքուն երջանիկ ժպտում էր:
    - Կսպասենք, դու հանգիստ եղիր,- արտաբերեցին կիսաբաց շուրթերը,- մի ժամ էլ պառկեմ ու վեր կենամ:
    Աչքերը բացեց մեջքի սուր ցավից: Անտանելի էր: Վերմակը ետ գցեց, որ վեր կենա, չկարողացավ, ոտքերն ընդարմացել էին, շարժել չէր կարողանում,- Ռուբե՜ն...,- ու այդպես կծկված տապ արեց անկողնում:
    Մի քանի վայրկյանից ցավը մեղմացավ, անցավ: Փորձեց, ոտքերի զգացողությունը վերականգնվել էր, վեր կացավ տեղերից ու գնաց խոհանոց: Մի բաժակ ջուր խմեց, ասես ոտքերն էլ ամրապնդվեցին: Մտքում միայն մի հարց էր՝ մի՞թե դա հենց այն է, ինչին սպասում են, պետք է անհապաղ զանգել Ռուբենին:
    - Բարև Ձեզ, պարոն Սեդրակյան, Ռուբենին կկանչե՞ք, այո, շնորհակալություն, լավ եմ, լավ ենք…, ա՜խ…
    Էլի նույն ցավերը, բժշկուհին ասել էր հենց անծանոթ ցավեր ունենաս, շուտ կգաս հիվանդանոց,- Ռուբե՜ն,- թույլ տնքաց Գոհարն ու ամուր բռնեց սեղանից...
    Դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ Ռուբենը:
    - Սեդրակյանի մեքենայով եմ, գնում ենք հիվանդանոց ...
    Բժշկուհի Լենան շփոթված էր: Ցավերի հաճախականությունն մոտ է ծննդաբերության, բայց Գոհարի մարմինը՝ ոչ: Միգուցե կեսարյա՞ն անեն, երեխային կորցնելու վտանգ կա: Զանգեց վիրաբույժին:
    - Հայրապետյան, խնդրում եմ գաս ինձ մոտ:
    - Ուշ է վիրահատության համար, պետք է բնական ճանապարհով ծննդաբերի, ամուսնուն կանչե՛ք:
    - Գոհարի մոտ խնդիրներ կան, Երեխան արդեն ֆիքսվել է, իսկ համապատասխան չափսեր չկան, պետք է վիրաբուժական միջամտություն, եթե ոչ, երեխային կորցնելու վտանգ կա, ուզում ենք, որ դուք էլ ներկա լինեք:
    Ռուբենը լվացվեց, հագավ բուժքրոջ տված խալաթն ու գլխարկը: Շատ մտահոգ էր: Նա ինքն էլ անհանգստանում էր կնոջ ու երեխայի համար, բայց պիտի հավաքվի, որ Գոհարն ոչինչ չզգա: Ո՞վ կպատկերացներ, որ կարող է ներկա գտնվել իր զավակի լույս աշխարհ գալուն: Աչքերը լցվեցին, բայց միայն մի պահ, արագ սթափվեց, ինքը ուժեղ էր պետք Գոհարին:
    Կինը ցավերից կծկվել էր ու անձայն տնքում էր, արցունքները գլոր-գլոր հոսում էին աչքերից: Ռուբենին որ տեսավ, ամաչությունից ուզեց վեր կենալ պառկած տեղից.
    - Էս ու՞ր, աղջիկ ջան, ամուսնուդ բերել ենք որ քեզ ուժեղ զգաս...
    Հայացքը հառեց բժշկուհուն, որտեղ և՛ խնդրանք կար, և՛ պահանջ, և՛ համաձայնություն:
    -Գոհար ջան, դու ուշադիր լսիր ինձ, մենք հիմա միասին պիտի օգնենք ձեր բալիկի ծնվելուն :
    Ռուբենը բժշկուհու ցուցումով կանգնեց կնոջ գլխավերևում, բռնեց ձեռքերը: Նրա տաք ու հուսադրող, չէ՛, վստահություն փոխանցող ձեռքերը ամեն ինչ էին Գոհարի համար: Ու նա ապավինեց դրանց՝ ջանալով ամեն կերպ կատարել դրանցով իրեն հասնող հրահանգները…

    - Տղա է, - ուրախ բղավեց Ռուբենը՝ չնկատելով բժշկուհու խեթ հայացքը:
    Գոհարը քնքշորեն կրծքին էր սեղմել նորածնին ու երջանկությունից փայլում էր: Հայկը ծնվել էր իր ու Ռուբենի ծանոթության օրը, նոյեմբերի 29-ին՝մեկ տարի անց:

    3

    Հիվանդասենյակի դուռը ծեծեցին:Ռուբենի «մտե՛ք»-ին պատասխան՝ սենյակ մտավ Սուսաննա Սեյրանովնան:
    - Տիկին Գոհար, վաղը վիրահատվում ենք,- ականջին հաճելի հանգիստ տոնով սկսեց նա,- մենք ուժեղ ենք չէ՞,- ու շոյեց սրսկումից կապտած ձեռքը,- այս պահից ոչինչ չուտեք ու չխմեք, ու՝ հանգիստ եղեք: Նայեք աչքերիս, ամեն ինչ լավ է լինելու, դե՞, դե՞...
    Մի ձեռքը բժշկի ափում, մյուսը՝ ամուսնու, արցունքները զսպած կոպերի տակ՝ Գոհարը ժպտում էր անբնական ժպիտով ու չէր զգում թե որքան ամուր է սեղմում Ռուբենի ձեռքը:
    - Վաղը սենյակը հանձնելու եք,-դիմեց բժշկուհին Ռուբենին, մի անգամ էլ ժպտաց Գոհարին- բարի մնացեք, մի՛նչ առավոտ:
    - Դու մի քիչ ննջիր, ես մի հատ ծխեմ ու գամ,- բժշկուհու հետ դուրս գնաց Ռուբենը:
    Գոհարը փորձեց պառկել: Ո՛չ, խառը մտքեր են, անհանգիստ վիճակ, մենակ չի ուզում մնալ:
    Միջանցքում միայն հերթապահ քույրն էր ու մի հիվանդապահ: Արդեն քանի անգամ ետ ու առաջ էր անում ողջ երկարությամբ՝ չնկատելով, թե որքան արագ է քայլում:
    - Վա՞տ եք զգում...
    - Ինձ վաղը վիրահատելու են...
    - Գիտեմ, ,- ու ժպտաց, որ նշանակում էր «ոչնչից մի վախեցեք»:
    Միջանցքի ծայրից գալիս էր Ռուբենը, օ՜, աստված, Երվանդի հետ է, իր դասընկերոջ:
    - Գոհա՛ր...
    Միանգամից փլվեց Երվանդի գրկում ու հեղձկաց: Երվանդը հայացքով լռեցրեց Ռուբենին.
    - Գնա՛նք, գնանք սենյա՛կ.
    - Երվանդ ջան, էս որտեղի՞ց, ո՞նց...
    - Ընկերոջս հորն են վիրահատել, սպասասրահում տեսա Ռուբենին... էս ինֆարկտը ո՞նց ես հաջողացրել:
    Հարցուփորձ արեց նրա ընտանիքից, հետո անցան իրենց պատանեկությանը, վերհիշեցին դասընկերներին , Երվանդի սերերին (իրեն էլ էր հետամտում անպիտանը), առանց իրար հերթ տալու պատմում էին ու այդ ամենը՝ ընդմիջելով ծիծաղով: Ռուբենը երախտապարտ հայացքով նայում էր Երվանդին. «ինչ լավ մարդ ես դու, աստված քեզ ուղարկեց»:
    Հեռուստացույցով Նունե Եսայանն էր երգում, կարծես ձյան մասին էր.
    - Ուզում եմ քնել, հոգնեցի, լույսը չանջատես, լա՞վ...
    Ռուբենը վաղ առավոտյան գնաց Նորքի եկեղեցում մոմ վառելու՝ ի հաջողություն սպասվող վիրահատության: Երբ վերադարձավ, Գոհարը լվացված, մազերը հարդարած ու նոր խալաթով նստած էր աթոռին:
    - Ամեն ինչ հավաքել եմ, - ցույց տվեց դռան անկյունը:
    Եկավ բուժքույրը, անվասայլակ էր բերել.
    - Չէ, ես ինքս կգնամ,- բռնելով ամուսնու ձեռքը, սենյակից դուրս եկան:
    Վիրահատարան տանող վերելակի մոտ ժպտաց ամուսնուն, համբուրեց ձեռքերը...
    - Ես չեմ վախենում, չմտածե՛ս...


    - Տիկի՛ն Գոհար, հաշվե՛ք մինչև տասը.
    - Չէ, լավ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:


    - Գոհա՜ր, Գոհա՜ր,- լսվում էր հեռվից տղամարդու ձայնը:
    Մի ծանրություն էր զգում կրծքավանդակում, մտածեց որ իրեն արդեն անզգայացնում են, իսկ ձայնն էլի կանչում էր.
    - Գոհա՜ր, բացի՛ր աչքերդ..
    Լուսավոր, իրեն անծանոթ սենյակ էր, գլխավերևում տղամարդու դեմք էր, աղոտ նմանեցրեց Հրայրին: Աչքերը չդիմացան վառ լույսին ու նորից փակեց:
    - Շնորհավորում եմ նոր սիրտդ, դու հերոսուհի ես,- Տղամարդը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժն էր:
    Փորձեց պատասխանել, բայց ինչ.որ բան կոկորդում խանգարում էր խոսելուն:
    Մտքում բարձրաձայն արտասանեց. «նոյեմբերի 29, Հրայր, դու էլ Աստվա՜ծ ես» ....
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.11.2012, 09:28:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (23.11.2012), Peace (23.11.2012), Sambitbaba (26.11.2012), Արէա (23.11.2012), Դավիթ (23.11.2012)

  25. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի ընթերցում և հետաքրքիր քննարկումներ ։

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.11.2012), ivy (23.11.2012), Արէա (23.11.2012), Դավիթ (23.11.2012)

  27. #30
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ մեզ հիմա շատ «ոչ ակումբցիներ» են հետևում, ովքեր մասնակցել են էս մրցույթին ու սպասում են արդյունքներին, ապա նախ ասեմ՝ ուրախ ենք, որ էստեղ եք:
    Մեր Ակումբում հաճախ են անցկացվում գրական մրցույթներ, բոլորս էլ սովորական ընթերցողներ ենք՝ տարբեր տարիքի, մասնագիտության ու կենսակերպի, ունենք մեր լավ կամ վատ գրական ճաշակը, մի բան հավանում ենք, մի բան՝ էնքան էլ չէ՝ կախված մեր անհատականությունից ու գրականության մասին ձավորված պատկերացումներից: Էնպես որ, հանգիստ վերաբերվեք թե էստեղ հնչելիք կարծիքներին, թե քվեարկությանը:
    Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, Ակումբում լավ գրական ճաշակ կա. պիտի որ գոհ մնաք քվեարկությունից: Թեև տեսնում եք, որ տարբերակները շատ են, ըստ այդմ՝ նաև մրցակցությունը. ոչ բոլորն են վերջում հաղթանակին մոտ լինելու, հուսով եմ՝ սա հասկանում եք...

    Հիմա գործերի մասին:
    Տարբերակներից դեռ առաջին հինգն եմ կարդացել, ու դեռ հինգերորդն եմ հավանել՝ «Հենակետումը», շուտով մնացածն էլ կկարդամ ու հետո կգրեմ...

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.11.2012), Chuk (23.11.2012), Malxas (23.11.2012), Moonwalker (23.11.2012), Sambitbaba (23.11.2012), Դավիթ (23.11.2012), Տրիբուն (24.11.2012)

Էջ 2 95-ից ԱռաջինԱռաջին 1234561252 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռեյ Բրեդբերի: Հավաքածու
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 17.01.2023, 01:17
  2. Հավաքածու մրցույթ -3
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 23
    Վերջինը: 22.02.2013, 02:23
  3. Հավաքածու մրցույթ -2 ակումբում
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 73
    Վերջինը: 03.01.2013, 01:32
  4. Էքստրասենսների մրցույթը «Արմենիայի» եթերում
    Հեղինակ՝ Նունուշ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 06.09.2011, 14:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •