Արդեն երկար ժամանակ է ամեն առավոտ մի կերպ աշխատանքի, ու երեկոյան առավել դժվարությամբ տուն հասնելուց, ու ամեն օր, ամբողջ ճանապարհին նորանոր ու ավելի ու ավելի զարմանահրաշ հայհոյանքներ ստեղծագործելով մտքիս մեջ բոլոր պատկան ու անպատկան մարմինների հասցեին, ուզում եմ մի տեղ գրեմ, մեկի հետ կիսվեմ, մեկին բողոքեմ մտահոգություններիս մասին ու տեղ չեմ գտնում:
Երևանում քաղաքային տրանսպորտից օգտվելը դարձել է էքստրեմալ շոու գոյատևման պայքարի վերաբերյալ:
Երթուղիներից ամենաքիչը երեք կանգառից ավել հեռավորության վրա բնակվող քաղաքացիները, ամբողջ գիշերվա մարդու աստվածային էության, տիեզերքի տիրակալի, ազատ ընտրության, ժողովրդավարական արժեքների մասին վեհ փիլիսոփայական մտորումներից հետո, առավոտ գիշերով, կանգառներում կես ժամ եղունգները կրծոտելուց հետո, հիստերիկ սլանում են մեքենաների արանքով, այնքան բաղձալի երթուղայինի հետևից, ու մի կերպ չճխլվելով անհասկանալի տեղերից հայտնվող մեքենաների անիվների տակ, խցկվելով մեկի թևատակերում, մի ձեռքով կառչած մյուսի չգիտես ինչից, քրտնամխած սլանում են աշխատանքի, որպեսզի մի քանի ժամ հանգստանալուց հետո, երեկոյան նորից կրկնեն այս խելահեղ պայքարը քաղաքում իրենց տեղաշարժվելու իրավունքը պահպանելու ուղղությամբ:
Էս ի՞նչ է կատարվում Երևանում: Սա քաղաքային տրանսպորտ է կոչվո՞ւմ: Մեղք չե՞ն էս մարդիկ:
Պատճառաբանությունների մասին գիտեմ. փոքր է քաղաքը, փողոցները՝ նեղ, բնակչությունը՝ շատ: Հնարավոր չէ ապահովել այսքան թվով մարդկանց տեղաշարժը: Բայց արդյո՞ք սրանք են իրական պատճառները:
Եկեք քննարկենք ստեղծված իրավիճակի պատճառները: Փորձենք ինչ-որ լուծումներ գտնենք:
Եվ այսպես.
Ի՞նչ պետք է անեն պատկան մարմինները խնդրի լուծման համար, որը չեն անում, ի՞նչ կաներ մեզնից յուրաքանչյուրը իրավասու լինելու դեպքում:
Այս թեմայում առաջարկում ենք խնդիրներ, փորձում գտնել լուծումները:
Հ.Գ. Կարելի է նաև փորձի փոխանակում իրականացնել. ո՞ր դիրքերն են ավելի հարմար երթուղայինում նվազագույն հոգեկան և ֆիզիկական վնասվածներ ստանալու համար:
Էջանիշներ