Ես մի բան չեմ հասկանում, եկամտահարկից բացի աթոռահարկը որն ա?
Լրիվ են էշի տեղ դնում:

Ատամնաբույժները բողոքեցին, ընտրեցին «զանգ» կախողներին և մի լավ «շուխուռ» արեցին։ Ու ոչ միայն դժգոհեցին, այլ հայրենիքից հեռանալու սպառնալիքով հանդես եկան։ Պարզվում է՝ 2013թ–ից շրջանառության մեջ մտած նոր հարկային օրենսդրությունը հարկային բեռը թեթևացնելու փոխարեն «ցեխն» է գցել որոշ տնտեսավարողներին, այդ թվում նաև ատամնաբույժներին։

«Ես փոքր ատամնաբուժարան ունեմ և նոր օրեքով դեռևս չեմ հարկվել։ Բողոքողներին միացել եմ և հույսով սպասում եմ, որ իշխանությունները խոհեմ կգտնվեն և կվերանայեն օրենքը»,–eMedia.am–ի հետ զրույցում ասում է ատամնաբույժ Վահե Կարապետյանը (հերոսի անունը փոխված է)։

Ստորագրած նոր օրենքի համաձայն, բացի եկամտահարկից, որը ատամնաբույժներն արդեն վճարում էին, այժմ պետք է ամսական վճարեն 1-ից 3 նստատեղի համար՝ 80 հազարական դրամ, ամեն հաջորդի համար՝ 48 հազար դրամ:

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կարծում է, որ որոշ դեպքերում հարկման պահանջը կրկնակի է դրված։ Մասնավորապես, դա վերաբերվում է ռենտգեն ծառայության, օրթոպետիկ տեխնիկական սեղանների, համալսարանական կլինիկաներում ատամնաբուժական աթոռների, ինչպես նաև զննման կաբինետների համար վճարներին։

«Տեխնիկական սեղանիկի վրա էլ են հարկ դնում, այնտեղ նստում՝ 5000-անոց պրոտեզներ են սարքում, նույնը՝ ռենգենի վրա, առանց որի նորմալ ատամնաբուժարան ուղղակի չի աշխատում», – նշում է ատամնաբույժ Կարինեն (անունը փոխված է)։

Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չթաքցրեց, որ նախքան նոր օրենքը շրջանառության մեջ դնելը ֆինանսների նախարարությունը խնդիրը չի քննարկել առողջապահության նախարարության հետ։ Արդյունքում, ծագած խնդիրների պատճառով, հարցը մնաց առկախ։ Այս պահին ուսումնասիրություններ ու քննարկումներ են ընթանում, որոնց մասնակցում են նաև ատամնաբույժները։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, անդրադառնալով ատամնաբույժների բողոքներին, ընդգծում է, որ իրենք կանխավ նպատակ չեն ունեցել հարկային նոր օրենսդրությամբ ատամնաբուժարանների գործունեությանը վնաս հասցնել։ Նա ևս առիթ ունեցավ լրագրողներին ասել, որ ստորագրված փաստաթուղթը հնարավոր է և փոփոխության ենթարկվի։

«Այնպես չէր, որ նախկին հարկը քիչ էր։ Եկամտահարկի դեպքում բավականին գումար էր կազմում։ Իսկ հիմա հաստատագրված վճար է, խնդիրն այն է, որ արդյոք ես կկարողանամ այնքան եկամուտ ունենալ, որ 80 հազար վճարեմ»,–ասում է Վահեն։

Նա համոզված է, որ սա հատուկ է արվում, որպեսզի համեմատաբար եկամտաբեր համարվող բժշկության այս ճյուղից ավել գումար գանձվի։ «Եթե խնդիրը հօգուտ մեզ չլուծվի, փակելու եմ ատամնաբուժարանս և տեղափոխվելու եմ Սամարա, այնտեղ գործ հիմնելու»,–շեշտում է ատամնաբույժը։
Իսկ մինչ պատկան մարմինները դանդաղորեն կհասկանան խնդիրը և վերջնական որոշում կընդունեն, ի հայտ է գալիս խնդրի ընդգծված սոցիալական, ինչ որ իմաստով ցինիզմի հասնող կողմը։

«Սպասենք–տեսնենք ինչ ա լինում՝ նոր գնանք ատամնաբույժի մոտ...»,–ասում է ուսանողուհի Նառան։

Աղբյուր՝ emedia.am