ballad.jpg
«Հրաչ Քեշիշյանի մահասարսուռ երազը»
Լիալուսնի 3-րդ օրն էր:
Արևելյան տաք քամին, գորշ անձրևի հետ միասին, հարավային ափերից, դժկամ լուրեր բերող բանբերի պես, փաթաթել էր լեռնաշխարհը:
Քաղաքը կորած էր թույլ մառախուղի և տհաճ զգացողության սարսափելի մթնոլորտում:
Երեկո էր:
Պետանվտանգության ծառայության հատուկ նկուղային զնդանում պատից պատ էր քայլում հոգեպես ծանրագույն իրավիճակում գտնվող պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, երբ բացվեց զնդանի դուռը և մգլած երեսով u խռպոտ ձայնով բանտապահը նրան դուրս հրավիրեց:
Քեշիշյանը կարծես վեցերրորդ զգայարանով կարդաց բանտապահի աչքերում մոտալուտ մահվան չարագույժ լուրը:
Ժողովրդի բազմությունը, հոծ խմբերով, հավաքվել էր կենտրոնական հրապարակում: Որի կենտրոնում վեր էր խոյանում սրածայր շեղբով մահաբեր գելիոտինը:
Սևազգեստ քահանաները պտտվում էին ժողովրդի մեջ՝ փորձելով հանգստացնել նրանց՝ մոտալուտ մահապատիժը տեսնելու սարսափելի զգացողությունից:
Հեղձուկ օդը, տաք անձրևի հետ միասին, պատել էր ողջ հրապարակը:
Շղթայակապ Հրաչ Քեշիշյանը մոտեցավ գելիոտինին և քահանաների օգնությամբ գլուխը դրեց մահատախտակին:
Նրան մոտեցավ սրբազան արքեպիսկոպոսը:
Արքեպիսկ. - Ընդունու՞մ ես մեղքերդ, որդիս:
Պատրա՞ստ ես ներում հայցել մարդոց և Աստծո առջև:
Քեշիշյանը բարձրացրեց հայացքը և աղիողորմ արտաբերեց.
- Ես իրենց եմ ընտրել... իրե'նց...
Սրբազան արքեպիսկոպոսը, դառնացած հայացքը, լի կասկածանքով և հարցմունքով, ուղղեց դեպի հրապարակի աստիճանների վերնամասում դրված կառավարական օթյակի առաջին հարկ: Որտեղ նստած սրբազանների սրբազնագույնը, գլխի թեթև շարժումով, բացասական գործողության հրահանգ տվեց.
Գլխավոր թեմի առաջնորդը, հայացքը ուղղելով դեպի Քեշիշյանը, մահասարսուռ ձայնով արտաբերեց.
- Չենq հավատում, որդյակ իմ, չենq հավատում:
Եվ քաշեց ձգանը:
Գելիոտինի սրածայր շեղբը սուրալով ներքև` կտրեց և զամբյուղը գլորեց Հրաչ Քեշիշյանի արնաշաղախ գլուխը: Իսկ մարմինը, մորթված հավի պես թփրտալով, ջղաձգորեն գալարվեց մահատախտակին:
Լսվեց ժողովրդի վախի և ահասարսուռ հառաչանքի արձագանքը: Տեղ-տեղ լսվեցին հավանության և ոգևորության ծափահարություններ:
Զարզանդելի երազից ճչոցով արթնանալով` Հրաչ Քեշիշյանը նստեց մահճակալին:
Սառը քրտինքը պատել էր ճակատը:
Խոհանոցից լսվում էր բաց ծորակի խշշոցը և քամուց տատանվող պատուհանի փեղկի ձայնը:
Հրաչը շնչահեղձ էր լինում:
Հայելու առաջ սրբելով երեսը, նա մոտեցավ սառնարանին: Երեկվա գինարբուքից մնացած 100 գրամ օղին և գարեջրի մնացորդը լցնելով մեկ բաժակի մեջ` Հրաչը մի կումով ըմպեց այն, այնուհետև մոտեցավ պատուհանին:
Դրսում քաղաքն էր: Իր սովորական անցուդարձով, փոշով, կոպիտ հրահրոցով և երթուղայինների տձև բազմությամբ:
Հրաչը հայացքը ուղղեց ներքև, բռնվեց բազրիքից և փորձեց խորը շունչ քաշել:
Սակայն ահազդու տեսարանից սարսափած՝ զարհուրելի գոռոցով ետ քաշվեց:
Պատուհանից այն կողմ, կարծես հրեշտակի պես երկնքից կախված, խելագար ժպիտով և արնակալած շրթունքներով ճոճվում էր սպիտակազգեստ երգչուհի Ուրիշոն: Ձախ ձեռքով բռնած սպարապետի կտրված գլուխը, իսկ աջով` սեփական աչքերը:
Հրաչը ուշագնաց եղավ:
Երազը շարունակվում էր:
Որոտացող ամպրոպի և զիգզագաձև կայծակի փայլատակումից շողշողացող անձրևի կաթիլները, հորդառատ գետի պես, երկնքից թափվում էին կոկորդից տաք գոլորշի արձակող զինվորների դեմքին:
Խառնացրիվ լեգիոնները համախմբելու և կագորտաների մեջ վերադասավորելու համար, զինվորական առաջնորդները հրամաններ էին արձակում սուրհանդակների խրոխտ ձայներով:
Գիշերվա խավարը տեղի էր տալիս գորշ արշալույսին:
Իսկ մահաբեր ամպերը, փռելով իրենց սև փետուրները, և պատելով հնադարյա քաղաքը, կարծես չէին ուզում հեռանալ:
Հեգնաժպիտ և դառը հայացքով կայսր Քոչիոսը, և նրա տեղակալ` քնաթաթախ աչքերով անվտանգության հանձնակատար Սարգիսոսը, թիկն էին տվել ամֆիթատրոնի կառավարական սենյակի բազմոցին և խորհդակցում էին արևելյան բարբարոս երկրի ղեկավար Լահիմ Ալիոսի հետ մոտալուտ պատերազմի վերսկսման առնչությամբ:
Դրսից լսվեց հանդիսատեսի բուռն ծափահարությունները և աղաղակը:
Նրանք պահանջում էին անհապաղ սկսե՛լ ներկայացումը:
Քոչիոսը և Սարգիսոսը գրավեցին իրենց տեղը կառավարական օթյակում և ներկայացումը սկսելու հրաման արձակեցին:
Առաջին տեսարանը ներկայացնում էր սենատի դահլիճը, որտեղ ժողովրդի ներկայացուցիչներին մարմնավորող դերասանները ներկայացնում էին պետական հարցերի քննարկման ընթացք: Հերթականությամբ իրենց խոսքն էին ասում սենատի անդամները: Իր ծանրակշիռ խոսքն ասաց նաև կայսերը թշնամաբար տրամադրված սպարապետ Վուզգիոս Սարկոսը:
Ներկայացման ընդհանուր տրամադրությունը վատ և սարսափելի տեսարանների էր նախապատրաստում:
Սատուրնը գտնվելով Անդրոմեդայի միգամածության գերագույն աստղ Նիբերիոսի ազդեցության տակ, արագընթաց պտույտներով մոտենում էր Յուպիտերին:
Էրինները կանխագուշակում էին արյունալի իրադարձություններ կայսրությունում և նրա սահմաններից դուրս:
Ներկայացման սյուժեն հետաքրքրություն առաջացնելով Քոչիոսի և Սարգիսոսի մոտ` նրանց ուշադրությունը ավելի' սևեռեց դեպի բեմը:
Հանկարծ բացելով ետնամասի դուռը և լրաբեր բանբերների դիմակները հանելով, սրերով և նիզակներով զինված մի հրոսակախումբ, իրենց առաջնորդ Հունանոսի ղեկավարությամբ, այլանդակ հայհոյանքներով, հարձակվեց սենատի ղեկավարության վրա՝ նիզակահարելով ղեկավարության ութ անդամների: Որոնց թվում էին սենատի նախագահ Կարիուս Դեմոսը և լեգիոնների գերագույն հրամանատար Վուզգիոս Սարկոսը:
Քոչիոսն ու Սարգիսոսը, թեթևացած շունչ քաշելով, նայեցին միմյանց, ժպտացին թռուցիկ հեգնական ժպիտով և դանդաղ թիկն տվեցին բազմոցին:
Հեռվից լսվեց խուլ անտառի կույր և խելագար բնակիչ, գիշերային բվեճի ահասարսուռ ծիծաղը, որը, թափահարելով թևերը, կորավ խավարում:
Հրաչ Քեշիշյանի երազը և ներկայացումը շարունակվում էին:
Նա տեսավ ինքն իրեն սենատի լրատվության հանձնակատարի տեղակալի դերում և արնահեղության ականատես: Եվ ցանկացավ գոռալ: Սակայն բարբարոս Հունանոսը, նիզակի ծայրով սեղմեց Քեշիշյանի կոկորդը և ստիպեց նրան պառկել գետնին:
Ներկայացման առաջին տեսարանն ավարտվեց:
Լուսացավ:
Հրաչը, հեռացող լուսնի արտացոլանքի ներքո, մոտեցավ հարակից տներից մեկի շքամուտքին:
Եվ հանկարծ լսելով ոտնաձայններ` արագ ետ քաշվեց և թաքնվեց երկու շենքերը իրար հարող նրբանցքում: Այդ ժամանակ շքամուտքից դուրս եկավ կայսր Քոչիոսի լրատվության գլխավոր հանձնակատար, ավազակապետ Հունանոսի ընկեր, արվամոլ Տիկուս Նաղդիուսը:
Եվ մոտեցավ լծված կառքին: Հենց այդ ժամանակ, կառքի ետնամասում թաքնված անհայտ մի ավազակ, դանակը ձեռքին, հարձակվեց Տիկուսի վրա և դանակը խրելով նրա սիրտը` արագ հեռացավ:
Հրաչը, դողացող ոտքերով, մոտեցավ Տիկուսին, բարձրացրեց նրա գլուխը և լսեց հոգևարքի մեջ գտնվող Տիկուսի վերջին բառերը.
- Հրաչ?...
Հրաչը, նայելով նրա աչքերին, լացակումաց և վախեցած շշնջաց.
- Ախր ես... նրանց եմ ընտրել, նրա'նց:
Սևաթուխ ամպերը ետ քաշվեցին:
Ներկայացումը շարունակվում էր:
Երկրորդ տեսարանը ներկայացնում էր դատարանի դահլիճ, որտեղ թագավորական գերագույն դատարանի գլխավոր հանձնակատար, գոմեշի մռութով և կովի աչքերով Ջհանգիրիուս Գուգուսը, բացելով հերթական դատական նիստը, ատամների արանքից նետեց.
- Տվյալ դատավարության փորձաքննական հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ մարդասպանները գործել են ինքնուրույն և ոչ մի քաղաքական պատվեր չի եղել:
Եվ գոհ իր արտասանած դատավճռից` նա հայացքը ուղղեց դեպի կառավարական օթյակ, որտեղից գլխի դրական շարժումով և նուրբ ժպիտով նրան հավանություն տվեցին կայսրն ու անվտանգության հանձնակատարը:
Էջանիշներ