Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է նախարարը, որ հիվանդանոցներին պետական միջոցներով տրամադրվող դեղերն ու բժշկական օգնության համար նախատեսված այլ միջոցները՝ բինտ, յոդ և այլն, հիվանդներին ոչ միայն չեն տրամադրվում, այլ ավելին՝ նրանց հուշում են, թե որտեղից կարող են գնել դրանք:
Պարզվեց, որ նախարարը ոչ միայն տեղյակ էր, այլ նաև բերեց սեփական օրինակները. «Եվս մի արատավոր ուղի նշեմ, դա բժիշկ-դեղատուն, բժիշկ-լաբորատորիա եռանկյունին է: Այսինքն՝ բժիշկն ուղղորդում է հիվանդին՝ գնա ա՛յս լաբորատորիան, պնդելով, թե ինքը միայն դրա տվյալներին է հավատում: Հիվանդը դուրս է գալիս, բժիշկը նրա հետևից զանգում է լաբորատորիա ու պատվիրում, թե այսքան շաքար կգրես: Էս բժիշկները երկուսի հետ էլ աշխատում են և ստիպում կեղծ վճարումներ կատարել»,- ասաց նախարարը:
Դերենիկ Դումանյանը հավաստիացրեց, որ նման արատավոր երևույթի կանխարգելման համար լուրջ աշխատանքներ են կատարում. «Այս հարցով լուրջ ուսումնասիրություններ և հանձնարարություններ են իջեցված, որպեսզի ստուգեն, թե ռեակտիվները ո՞ր թվի են, ի՞նչ ծավալի հետազոտություն են անում: Սրանք հիմնականում ինքնուրույն ձևավորված լաբորատորիաներն են: Զգուշացնում եմ, որ սրա դեմ պայքարելու եմ և բարձրաձայն ասում եմ, որ հիվանդները չենթարկվեն որևէ բժշկի ուղղորդմանը, նրանք շառլատաններ են: Ես դրանց նույնիսկ իրավական պատասխանատվության կենթարկեմ: Սա իմ առաջիկա հիմնական անելիքն է»,- ասաց նա:
Լյուդմիլա Սարգսյանին ուրախացրեց, իհարկե, որ նախարարը նման երևույթներին ծանոթ է և նկատեց, որ դրանք ոչ թե առկա են, այլ համատարած բնույթ են կրում: Պատգամավորը միաժամանակ հետաքրքրվեց, թե կոնկրետ կա՞ն գլխավոր բժշկի, կամ այլ բժիշկների պատժման դեպքեր:
«Ավելի լավ կլիներ ներկայացնեիք կոնկրետ փաստեր, որ այսինչ բժշիկը պատժվել է, մինչդեռ առ այսօր կոնկրետ միջոցառումներ ձեռնարկված չեն: Չեմ կարծում, որ դուք չունեք տվյալներ կոնկրետ հիվանդանոցներից: Պետք է մի հիվանդանոցից սկսել և դա դաս կլիներ մյուսների համար»,- ասաց պատգամավորը:
Նախարարը վստահեցրեց, որ նման փաստեր կան, ուղղակի ինքը, եթե իմանար, որ այսօր 2011թ. բյուջեի կատարողականից բացի պատգամավորին կհետաքրքրեր այդ տվյալները, ինքն անպայման իր հետ կբերեր դրանք, թե քանի՞ մարդ է պատժվել:
Նախարարը միաժամանակ նշեց, որ չնայած դեպքեր կան, բայց իրենց նպատակն այն չէ, որ մի քանի բժշկի ձեռքերը ոլորեն, այլ որ կարգի բերեն ոլորտը. «Դրա համար պետք է օրինական դաշտ բերվեն, մեր նպատակն է պատգամավորների հետ միասին կարգի բերել համակարգը: Օրինակ՝ ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ կան, որոնց դեմ դատ ենք հարուցել, որպեսզի լիցենզիայից զրկենք, սակայն սա էլ դժվար է, քանի որ լիցենզիայից զրկելու համար դեռ դատարան պետք է մտնենք, ինչը երկար գործընթաց է պահանջում»,- բացատրեց Դերենիկ Դումանյանը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանում որևէ արտոնյալ բուժհիմնարկ չի լինելու, և չի լինելու որևէ արտոնյալ Բժշկական կենտրոնի տնօրեն. «Ես դա Ձեզ վստահեցնում եմ»:
ՀԱԿ պատգամավորն առաջարկեց, որ Առողջապահության նախարարությունը ճիշտ կանի, ընդամենը, հայտարարի, որ բոլոր բուժհաստատություններին պետական միջոցներով տրամադրվում են դեղեր և այլ միջոցներ:
«Լավ»,- եղավ նախարարի արձագանքը:
Պատգամավորների հարցերը շատ էին, որոնց նախարարը հանգամանալից անդրադառնում էր: ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը կատակեց. «Նախարարը բոլոր հարցերին անդրադարձավ, բացի բյուջեի կատարողականից»:
Էջանիշներ