ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի համոզմամբ՝ դեղերի ներմուծման ոլորտում մենաշնորհ չկա։ Բացի այդ, նա չգիտի, թե արդյոք «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դեղ ներմուծո՞ւմ է, թե՝ ոչ։
«Իմ կարծիքով դեղերի ներմուծումը մենաշնորհված չէ, որովհետև 70 կազմակերպություններ կան, որոնք դեղորայք են ներկրում Հայաստանի Հանրապետություն: Ինչպե՞ս կարող է դա մենաշնորհ համարվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նախարարը:
Լրագրողի հարցին՝ տեղյա՞կ է նախարարը, թե 70 կազմակերպություններից քանիսի տերն է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նախարարը պատասխանեց, որ ինքը չգիտի պատգամավորն, ընդհանրապես, դեղեր ներմուծու՞մ է, թե՝ ոչ:
«Ես դեղեր ներկրողների ազգանունները չեմ հարցնում, ես գիտեմ, որ 70 կազմակերպություն զբաղվում է դեղերի ներկրմամբ, որոնք դիմում են Առողջապահության նախարարություն, խնդրում թույլտվություն, որ տվյալ անուն դեղը ներկրեն: Մենք փորձագիտական կազմակերպության ենք դիմում, որն ուսումնասիրում է տվյալ դեղը և փաստաթղթերը, որից հետո արդեն թույլ ենք տալիս»,– ասաց նա:
«Իսկ թե ում ազգանունով է՝ ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, որ դեղը լինի որակյալ, անվտանգ և արդյունավետ»,- ասաց նա և նշեց, որ ներմուծվող դեղերը միանշանակ անվտանգ են:
Նախարարը նաև նկատեց, որ դեղերի գնման ոլորտում եղել են թերացումներ և չարաշահումներ, ինչի հետևանքով բյուջեն վնաս է կրել, բայց, ըստ նրա, դա ոչ թե նախարարության խնդիրն է, այլ իրավապահ մարմինների:
«Ուղղակի մենք պետք է հետևություն անենք և կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք՝ օգնելու տնտեսվարողներին»– ասաց նա՝ ավելացնելով, տնտեսվարողներին պետք է օգնել, որպեսզի նրանք կարողանան ավելի էժան դեղ ձեռք բերել։
Հարցին, որ եթե հաջորդ տարի պարզվի, որ չարաշահումերը կրկնվել են, ապա արդյոք նախարարը պատասխանատու կլինի՞ դրա համար, Դերենիկ Դումանյանը պատասխանեց, որ իր մասով ինքը պատասխանատու կլինի:
Դերենիկ Դումանյանը նաև նշեց, որ որպես նախարար բազմաթիվ միջոցներ է ձեռք առել, որպեսզի օգնի տնտեսվարող սուբյեկտին, որն իր հերթին ունեցել է այլ լիազոր մարմին և չի կարողացել օրենքի սահմաններում դեղորայք ներմուծել։
Իսկ հարցին, թե արդյոք նրա նախորդը՝ Հարություն Քուշկյանը, նույնպե՞ս պետք է պատասխան տա, Դումանյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել և նշեց, որ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվում է համակարգի ընդամենը 18 բուժհաստատություն, իսկ 90%-ն ունի այլ լիազոր մարմին։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, թե նախարարը արդարացնում է Քուշկյանին, Դումանյանը պատասխանեց. «Ես ո՛չ արդարացնում եմ, ո՛չ էլ մեղադրում: Ես ինքս նախարար եմ, և նման հարցեր ուզում եմ, որ իմ իրավասության շրջանակներում տրվի և պատասխանատու եմ միայն իմ քայլին»։
Էջանիշներ