ՆԱՍԱ-ի (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն) կողմից օգոստոսի 5-ին դեպի Կարմիր մոլորակ արձակված Curiosity մարսագնացին հաջողվել է հայտնաբերել մոլորակի վրա ժամանակին ջրի գոյության մասին առաջին ապացույցը, գրում է The Guardian-ը:
Վեցակնանի սարքը բացահայտել է, որ իր վայրէջքի վայրում` Շարփ լեռան ստորոտի և Գեյլ հրաբխային խառնարանի միջև ընկած հատվածում, ժամանակին ջուր է հոսել, ինչը, իհարկե, կյանքի համար ամենակարևոր նախապայմանն է:
Գիտնականների համոզմամբ՝ Շարփ լեռը ոչ այլ ինչ է, քան ժամանակին խառնարանն ամբողջովին ծածկած նստվածքային շերտի մի մասը: Խառնարանի հյուսիսային ծայրամասի և լեռան ստորոտի միջև գտնվող մեծ քարե շերտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդտեղով ժամանակին ջուր է հոսել:
Curiosity-ն նաև համապատասխան լուսանկարներ է արել, որոնցում երևում են քարի շերտի վրայի 2 կողմերում կլորացված հատվածներ, ինչը կարող էր տեղի ունենալ միայն ջրի արագ և երկարատև հոսելու հետևանքով:
Իրենից փոքր մեքենայի չափով քիմիական լաբորատորիա ներկայացնող մարսագնացի հաջորդ քայլն է լինելու այդ քարե շերտի քիմիական բաղադրության ուսումնասիրությունը:
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Էջանիշներ