Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում` "Մոսկվա” կինոթատրոնի դիմաց, այսօր տեղադրվել են Եղիշե Չարենցի եւ Մհեր Մկրտչյանի արձանները` «01-99» ֆիլմի հայտնի տակառիկով:
«Սա Երեւանի քաղաքապետարանի հերթական անակնկալն է, որը նպատակ ունի ստեղծել գեղեցիկ միջավայր, այն երբեմնի մթնոլորտը, որ կար Երեւանում»,- Մեդիամաքս-ի թղթակցին ասել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
«Արձանների տեղը պատահաբար չի որոշվել. Եղիշե Չարենցը երկար տարիներ ապրել է այստեղ, իսկ «01-99»-ը ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է “Մոսկվա” կինոթատրոնում»,- ասել է նա:
Արձանների հեղինակ Սուրեն Մելքոնյանն էլ նշել է, որ դրանք պատրաստել է կավից. «Արձանները թրծված են, բավական ամուր եւ անվնաս կարող են մնալ իրենց տեղերում անգամ ձմռանը»,- ասել է նա:
Արամ Սուքիասյանի փոխանցմամբ, մինչեւ Էրեբունի-Երեւան տոնակատարությունը Երեւանի տարբեր հատվածներում գտնվող նստարաններին կտեղադրվեն նաեւ մեր մյուս մեծերի արձանները:
Էջանիշներ