Փորձեմ գրել, թե էս առաջարկի կատարումը ոնց եմ պատկերացնում:
Նախ իսկապես ձեռք չենք տալիս ֆորումի հիմնական կառուցվածքին: Ձեռք չենք տալիս մի քանի պատճառով.
Պատճառ 1. Ակումբում ներկա պահին կան մեծ քանակով թեմաներ, որոնք ունեն որոշակի դասավորություն՝ ըստ բաժինների: Բաժինների կառուցվածքը ամբողջովին փոխելու դեպքում առաջանում է այս թեմաների հետ ինչ-որ բան անելու խնդիրը: Իսկ ի՞նչ կարելի է անել այդ դեպքում, տարբերակներն ընդամենը երկուսն են.
Տարբերակ 1. Դրանք վերադասավորում ենք նոր բաժիններում: Սակայն բացի նրանից, որ սա իրականում բարդ ու շատ աշխատատար գործ է, երբեմն, կախված նոր կառուցվածքից կարող է անհնար էլ լինել: Վերադասավորումը, եթե այնուամենայնիվ հաջողացնենք, այլ խնդիրներ էլ կառաջացնի, մասնավորապես ըստ առաջարկի հիմա շեշտը պետք է դրվի ինֆորմատիվ թեմաների վրա, որոնցում նաև քննարկումներ պետք է լինեն: Այսինքն մոտավորապես այնպիսի կառուցվածք, որ թեմայի առաջին գրառումը որակապես տարբերվում է մյուս գրառումներից, ունի գերակա դիրք, ի տարբերություն առկա թեմաների մեծ մասի, որոնցում բոլոր գրառումներն իրար կարող են համարժեք լինեն: Վերադասավորման դեպքում, երբ այս երկու տիպի թեմաները կլինեն իրար կողքի, փաստացի կտապալվի նոր նախաձեռնությունը, չի վերածվի ինֆորմատիվ հարթակի: Վերադասավորման մյուս մեծ խնդիրն էլ էն է, որ ակումբին արդեն սովոր մարդկանց համար դժվար կլինի գտնել մեզ հետաքրքրող թեման, քանի որ արդեն վարժ ենք այս կառուցվածքին: Եվ եթե մենք դեռ կարող ենք վարժվել, ապա հին ակումբցիներից ոմանք, ովքեր վաղուց ակումբում չեն եղել, մտնելով ֆորում, ու տեսնելով, որ ամեն ինչը գլխի վրա շուռ է եկել, հիմնականում ուղղակի կլքեն կայքը, առանց ման գալու էն, ինչի համար եկել էին:
Տարբերակ 2. Ջնջել հին թեմաները: Մինչդեռ դա լուծում լինելով հանդերձ կլինի ուղղակի հիմարություն: Բացի նրանից, որ առկա թեմաներում կա մեծ քանակով օգտակար տեղեկություն, ուղղակի սխալ է ջնջել մարդկանց մտավոր աշխատանքը, ստեղծածը:
Պատճառ 2. Եթե մի պահ ենթադրենք, որ գնում ենք որոշակի «զոհողությունների», փոխում ենք ֆորումի կառուցվածքը, սկսում ենք աշխատել նոր նախագծի վրա, բայց այն իրեն չի արդարացնում, սելը տեղից չի շարժվում: Էդ դեպքում փաստացի ստացվում է, որ մենք մեռ ձեռքով ուղղակի վերացրեցինք ակումբը:
Պատճառ 3. Առաջարկը իսկապես շատ լավն է ու արժի գնալ այդ ուղղությամբ: Բայց դա պետք չէ անել ի հաշիվ ֆորումի: Փաստացի այդ դեպքում մենք գործ ունենք ոչ ֆորումային հարթակի հետ: Ֆորումների հիմնական առանձնահատկությունը քննարկումներն են, որոնք ոչ թե քննարկման առաջին գրառման շուրջ են, այլ ֆորումի բարձրացրած հարցի: Իհարկե սրանից բացառություններ էլ կարող են լինել, օրինակ՝ ստեղծագործական թեմաները: Բայց ամեն դեպքում ֆորումի առանձնահատկությունն ասածս է: Քննարկված դեպքը կայքի այլ տեսակ է արդեն, ըստ էության, դա ավելի մոտ լրատվական, ճանաչողական, բլոգային ու այլ կայքերի կառուցվածքին. նյութ ու տրված նյութի քննարկում: Մինչդեռ իմ խորին համոզմամբ ֆորումները անհրաժեշտ գործիքներ են ու դրանց գոյությունն անհրաժեշտ պայման ՏՏ (IT) ոլորտի զարգացման համար: Ու ես իմ առաջ ոչ միայն խնդիր եմ դնում ակումբը պահպանել իր առաջնային նշանակությամբ՝ որպես ֆորում, այլև ընդհանրապես հայկական ինտերնետային դաշտում ֆորումների չվերացմանը, դրանց զարգացմանը նպաստել, դրանց դերի ու նշանակության բարձրացման խնդիր լուծել:
Սրանով հանդերձ ես կարծում եմ, որ ժամանակն է իսկապես դուրս գալ զուտ ֆորումային շրջանակներից ու կայքը (ակումբը) դարձնել առավել հզոր: Դրա իրագործման համար լավ ճանապարհ է այս թեմայում առաջարկվածը: Բայց ես դա տեսնում եմ ֆորումին զուգահեռ: Դրա ճանապարհին տեսնում եմ հետևյալ քայլերը.
Քայլ 1. Ստեղծել թիմ, ովքեր ունեն որոշակի կարգավիճակ, բայց այդ կարգավիճակը մոդերատորությունը չի: Չնայած բացառված չի, որ նրանք կունենան նաև մոդերատորական լիազորություններ: Բայց ավելի շուտ նրանք լրագրող են, բլոգեր են, թարգմանիչ են կամ նման մի բան: Նրանք նյութ գրողն են: Սրա նպատակը որակի պահպանումը կլինի, որպեսզի ոչ թե լինի ազատ ցանց, որտեղ ինչ ուզի կդնի, այլ կլինեն վստահելի, նորմալ շարադրող, որակյալ ու հետաքրքրիր նյութ գրող մարդիկ, ովքեր մեզ միայն որակյալ նյութեր կմատուցեն:
Քայլ 2. Քննարկել ու գտնել միջավայրի ձևը: Մասնավորապես հիմա մտածում եմ առկա «հոդվածներ» բաժինը զարգացնելու ու նման հարթակ սարքելու մասին, մտածում եմ նաև ենթակայք ստեղծելու մասին, որևէ ազատ պալտֆորմի հիման վրա, որը ավելի հարմար կլինի նյութերի տեղադրման, դրա քննարկումները վարելու համար: Էստեղ պարզապես կառաջանա խնդիր գրանցված օգտվողների նույնացման, ֆորումի հետ կապի համար: Կարծում եմ, որ ամեն դեպքում կարելի է մնալ վԲուլլետինի շրջանակներում ու զարգացնել Հոդվածներ բաժինը:
Էջանիշներ