User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Ծովափի ճանապարհին

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծովափի ճանապարհին


    Մեքենան իսկապես լավն էր: Երևի ճիշտ որոշում էր՝ ընդունել Արսենի ընկերոջ, Տիգրանի առաջարկը և անծանոթ մարդու նեղլիկ տաքսիի փոխարեն իր ջիպով գնալ ծովափ: Փափուկ էր գնում և Տիգրանն իսկապես լավ էր քշում: Աննան ու Արսենը նստած էին հետևում և մեկնաբանություններ էին անում մեքենայի հետ կապված: Նրանց ընդհանուր ուրախ կատակների ու ծիծաղի միջից լսվեց Աննայի բջջայինի զանգը: Դեռ ժպտալով վերցրեց հեռախոսն ու միացրեց:
    Արսենը նկատեց, որ խոսակցության ընթացքում նրա դեմքը փոխվում է:
    - Լավ, հենց հիմա գալիս եմ, - ասաց ու անջատեց հեռախոսը:
    Արսենը հարցական նայեց:
    - Մամայի տանն ինչ-որ բան էն չի: Հարևանն էր: Դռան կողպեքը կոտրված ա:
    Տիգրանը մի պահ հետ նայեց:
    - Տիգրան, մեքենան կանգնեցրու էստեղ, լա՞վ: Ես պետք ա տուն գնամ շտապ:
    - Ո՞ւր, Աննա, ասա տանեմ:
    - Չէ, Տիգրան ջան, հեռու ա, տաքսի կնստեմ:
    Աննան արագ իջավ մեքենայից և տեսավ, որ Արսենն նույնպես իջավ:
    - Գալիս եմ, - անառարկելի տոնով ասաց Արսենն ու սկսեց հայացքով տաքսի փնտրել այդ ժամին բավականին ամայի ճանապարհի վրա:
    Աննան հավաքեց ամուսնու հեռախոսի համարը, պատմեց հարևանի ասածը:
    - Ես կգամ միանգամից ձեր տուն, - ասաց Գևորգն ու անջատեց հեռախոսը:
    «Հաստատ սխալ են տեսել, հնարավոր չի, ոնց կարա նման բան լինի: Ախր իմաստ չունի: Ինչի՞ համար: Որ ի՞նչ անեն»:
    - Մի անհանգստացի, Ան, - Արսենի ձայնից ուշքի եկավ, - նորմալ կլինի ամեն ինչ:
    Կես ժամվա ճանապարհը մի ամբողջ դար թվաց: Աննան արագ զարկող սրտով իջավ մեքենայից այն բակը, ուր իր մանկությունն էր անցել ու մոտեցավ մուտքին:
    Երբ Արսենի հետ մոտեցան իրենց դռանը, հարկում ոչ մի լույս չէր վառվում: Արսենը միացրեց իր բջջայինի լապտերը և պահեց դռան կողքեքի վրա:
    Կոտրված էր: Բռնակը հենց այնպես դրված էր կոտրված կողպեքի անցքի մեջ: Աննան վեր թռավ վերելակի ձայնից: Դուռը բացվեց իրենց հարկում և դուրս եկավ ամուսինը:
    - Գև...
    - Լույսը ես էմ անջատել մամային ճանապարհելուց, հիշո՞ւմ ես, - ասաց և բաց արեց պատի վրա գտնվող ընդհանուր հոսանքի հաշվիչի և անջատիչի փոքրիկ դուռը: Բռնակը պտտելն ու հարկի լույսը վառվելը մեկ եղավ:
    Նորից մոտեցան դռանը:
    - Չուզեցանք մտնելու փորձ անել, Գև: Ոստիկանություն է պետք կանչել նախ, չէ՞:
    Զանգեցին 02: Այնտեղից խոստացան գալ:
    Գևորգը բռնակը վերցրեց իր տեղը դնելով՝ համենայն դեպս պտտեց ներքև:
    Դուռը բացվեց:
    Աննան վերջին հույսը բռունցքներում սեղմած (սխալ ա եղել, պատահականություն ա, բան էլ չի եղել) մտավ ներս:
    Միջանցքի ողջ հատակը ծածկված էր պատի մոտի դարակի պարունակությամբ: Թղթեր, գրքեր, տապրակներ, գործիքներ...
    Հյուրասենյակում նույն վիճակն էր: Մոր ննջասենյակի խառնաշփոթը տեսնելով՝ Աննան արդեն ի վիճակի չէր զսպել վիրավորանքի, կատաղության ու անզորության արցունքները:
    Դողացող ոտքերով մոտեցավ բազկաթոռին ու նստեց՝ ապարդյուն փորձելով ամբողջությամբ ընկալել կատարվածը:
    Ուշքի եկավ, երբ զգաց, որ տանն անծանոթ մարդիկ կան:
    Իրենից հաստատապես ավելի փոքր տարիքով տղան ներկայացավ որպես ավագ քննիչ: Աննան, հետո, երբ ավելի ի վիճակի էր սթափ մտածել, վերհիշում էր քննիչի հարցերը:
    - Ի՞նչ են տարել: Տանտերն ո՞վ է: Դուք իր ի՞նչն եք:
    - Համակարգիչս...այսինքն մամայի համակարգիչը արդեն...հեռուստացույցը..
    - Փող, ոսկի կա՞ր:
    - Չգիտեմ:
    - Ո՞վ գիտի: Զանգեք:
    - Ես չեմ կարող...
    Գևորգը զանգեց ի վերջո: Աննան սարսափում էր, երբ մտածում էր, թե ինչ վիճակում կհայտնվի մայրը, երբ լսի՝ ինչ է եղել: Ինքը չէր կարողանա խոսել...
    - Դե մենք ձեզ կասենք, եթե ձեր տարածքում մեկնումեկին բռնեն: Կարող է ձեր ապրանքն էլ մեջտեղ գա:
    Աննան լսել էր մինչ ահյդ, որ ոստիկանները գրեթե միշտ գիտեն՝ ովքեր են գողերը և տնից տարածի մասին հարցնում են միայն նրա համար, որ իմանան՝ որքան պահանջեն գողերից: Բայց չէր հավատում մինչ այդ պահը:
    Ոստիկանները գնացին իրենց հետևում թողնելով վատ սիգարետի ծխի զզվելի հոտ ու մի ուրիշ բան, որին Աննան դժվարանում էր անուն տալ: Կոտրած հավա՞տ, հավատի անիմաստության հաստատո՞ւմ... չէր գտնում ճիշտ ձևակերպումը:

    Օրեր անցան, Աննան մոր տունը մաքրեց օտարի ներկայությունից, բայց իր ներսում մնաց տականքի հետ շփման ծանր հետքը: Ու ցավը, որ իր հետ կարող էր նման բան կատարվել:
    Չէ որ մենք բոլորս համոզված ենք՝ բոլորի հետ, բայց ոչ իմ:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (14.09.2012), Ariadna (14.09.2012), Chuk (14.09.2012), Nadine (19.09.2012), Peace (18.09.2012), Sambitbaba (14.09.2012), Լուսաբեր (15.09.2012), Շինարար (14.09.2012), Ուլուանա (14.09.2012), Ֆոտոն (14.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միջանկյալ քայլ՝ պրոֆեսիոնալ բանակի ճանապարհին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 110
    Վերջինը: 27.01.2018, 16:52
  2. Աֆրիկայի ճանապարհին
    Հեղինակ՝ Թամարա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.01.2011, 23:46
  3. Ճի՞շտ ճանապարհին ես արդյոք...
    Հեղինակ՝ Ceceron, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.11.2009, 16:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •