Սիրելի՛ ակումբցիներ,
Ինչպես նշել էի «Առաջարկներ» թեման փակելիս, ակումբում կա գլոբալ փոփոխություններ անելու անհրաժեշտությունը: Այս միտքը մի օրում չի առաջացել, բավական ժամանակ մտածել եմ, թե ինչն է սխալ, ինչն է, որ մարդկանց վանում է, ինչն է, որ մարդկանց չի գրավում և այլն: Խնդիրներն իրականում շատ են ու կան շատ գլոբալ խնդիրներ: Խնդիրները ոչ միայն շատ են, այլև չափազանց տարբեր են: Կփորձեմ առանձին թեմաներով անդրադառնալ տարբեր խնդիրներին:
Մինչ ընդհանուր քննարկման ներկայացնելը հարցերը քննարկվել են նաև ղեկավար կազմում: Պետք է ասեմ, որ իմ կարծիքով արդյունավետ քննարկում է եղել, շատ խնդիրներ ենք նկատել ու լուծման ճանապարհներ ուրվագծել: Բայց լուծումների մեծ մասը չեմ ուզում իրագործել, առանց ընդհանուր քննարկման դնելու: Որովհետև բացառված չի, որ կլինեն ավելի լավ լուծումներ, բացառված չի, որ մեր գտած լուծումը հիմնավորվի, որ լավը չի: Ավելին, խնդիրներ կլինեն, որոնք գրելիս չեմ շարադրի մեր գտած լուծումը, որպեսզի հենց սկզբից քննարկումն այդ ուղղությամբ չշեղվի ու չսահմանափակվի:
Խնդիրներից մեկը վստահության հարցն է: Չեմ ուզում ջայլամային քաղաքականություն վարել ու չնկատել, որ ամեն դեպքում ղեկավար կազմի շատ գործողություններ միանշանակ չեն ընդունվում, որ ամեն դեպքում կան անհամաձայնություններ, որ շատ դեպքերում ինչքան էլ որ հիմնավորում ենք կամ պնդում ենք մեր քայլերի ճշմարտությունը, շատերը կամ ոմանք չեն համաձայնվում մեր հետ: Շատ դեպքերում էլ մարդիկ պարզապես չեն նկատում (կամ նույնիսկ չեն իմանում), որ մենք մեր սխալները շտկել ենք, համաձայնվել ենք բողոքողի հետ, չեղարկել ենք գործողությունը: Ու այդ պարագայում նույնիսկ էական չի դառնում, ամեն դեպքում մե՞նք ենք սխալ, թե՞ հակառակ կողմը, դիմացի՞նն է սխալվում իր եզրակացություններում, թե՞ ոչ: Որովհետև եթե կա անհամաձայնություն, եթե կա անվստահություն, դա անպայմանորեն բերում է վատ հետևանքներ, դա անպայմանորեն որոշակիորեն հիասթափեցնում է, դա անպայմանորեն ազդում է ընդհանուր մթնոլորտի վրա, որոշ դեպքերում բերում է մարդկանց հեռացումների ակումբին, որոշ դեպքերում բերում է թեմաներին ու քննարկումներին լուրջ չվերաբերվելու և այլ վատ հետևանքների:
Հիմա չեմ ուզում քննարկել, թե ում է ավելի շատ շահեկան, որ նման վերաբերմունք չլինի ակումբի նկատմամբ: Չեմ ուզում, որովհետև իրականում դա շահեկան չէ որևէ մեկին, բացի գուցե այն մարդկանցից, ովքեր կուզեին, որ ակումբն ուղղակի չլիներ: Ես չեմ ուզում, որ ակումբում նման կարծիք լինի: Դա չի ուզում ձեզնից որևէ մեկը: Ես ուզում եմ, որ ակումբում բոլորն իրենց զգան հավասար իրավունքներով: Ձեզնից ամեն մեկն էլ է ուզում, որ իր իրավունքները լինեն ճիշտ նույնպիսին, ինչպիսին ուրիշներինն է:
Ուրեմն առաջանում է հարց: Ինչպե՞ս անել, որ մոդերավորումը լինի առավել թափանցիկ: Ինչպե՞ս անել, որ եթե ինչ-որ մեկը անհամաձայնություն ունի մոդերատորի որոշման հետ կապված, կարողանա այդ հարցը բարձրացնել ու արդյունքում, եթե որոշումը չփոխվի, ամեն դեպքում այդ մարդը իմանա, որ որոշումն այնքան էլ սուբյեկտիվ չի եղել, արդարացի է եղել: Ու որ եթե ամեն դեպքում որոշումը սխալ եղած լինի, արդարացի չլինի, այն փոխվի:
Ինչպես ասեցի, մենք մեր լուծում(ներ)ն ունենք: Բայց առայժմ ավելի հետաքրքիր է լսել ձեր կարծիքներն ու առաջարկները: 5 օր անց ես կսկսեմ ամփոփել ու որոշում կկայացնեմ: Ավելի հավանական է, որ հարցը կդրվի քվեարկության: Եթե կառաջարկվի մեկ մեխանիզմ, այդ ամենն անելու, ապա հավանաբար կլինի քվեարկություն «կողմ-դեմ-ձեռնպահ» համակարգով, եթե կլինեն մի քանի մեխանիզմներ, ապա կառաջարկվի ընտրել դրանցից մեկը: Գուցե իրարից տարբեր մեխանիզմներ առաջարկվեն, որոնք կարող են գոյություն ունենալ միաժամանակ, ու առաջարկվեն այլ տիպի քվեարկություն կամ քվեարկություններ, այլ կերպ ասած ժամանակից առաջ չընկնեմ ու առայժմ պարզապես քննարկենք:
Էջանիշներ