Էս թեման ինձ համար հիմա ահագին արդիական է, կարծում եմ՝ էլի շատերի համար, որոնք նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաներ ունեն։ Մի քիչ արտահայտվեմ, ուրիշներն էլ, հուսով եմ, կմիանան։
Հաշվի առնելով, որ դպրոցներում, մեզ մոտ՝ Նյու Յորքում, նույնիսկ դեռ մանկապարտեզից համակարգիչը պարտադիր առարկա է, երեխային կոմպից հեռու պահելու ձև չունես ուղղակի։ Դե, պարզ է, որ վաղ թե ուշ օգտվելու է, ինչպես բոլորս, բայց ես կգերադասեի, որ դա ավելի ուշ լիներ, քան դպրոցում «պարտադրում են»։ Ասենք, մանկապարտեզում էլ (4-5 տարեկան), հիմա էլ երեխաները շաբաթը մեկ մի առարկա են անցնում, որի ժամանակ նստում են համակարգչի դիմաց, սկզբում ընդհանուր համակարգչից օգտվել են սովորել, հետո արդեն ավելի կոնկրետ գործողություններ անել՝ նկարել, ինչ–որ ուսուցանող խաղեր խաղալ ու էլի որոշ բաներ։ Ինձ ամենաշատը զայրացրել էր խաղեր խաղալը։ Ճիշտ է, ուսուցանող են համարվում, բայց դե խաղը մնում է խաղ, մի խաղը բերում է մեկ ուրիշին, ու կախվածություն է առաջացնում։ Ինչի՞ պիտի ես ամեն օր տանը պայքարեմ, որ երեխաս չուզենա համակարգչով խաղ խաղալ, երբ ինքը կարող էր դեռ գուցե ևս մի քանի տարի նույնիսկ չիմանալ համակարգչային խաղերի գոյության մասին, որ մի հատ էլ ուզենար խաղալ։ Բացի դրանից, նաև հանձնարարություններ են տալիս հատուկ ուսուցողական կայքերից, որ մտնեն, ինքնուրույն անեն օնլայն, ուսուցչուհին էլ տեսնի, որոշ դեպքերում գնահատի և այլն։
Չգիտեմ, իմ կարծիքով, մի քիչ շուտ է էս տարիքից էդ աստիճանի համակարգչին կապվելը։ Նույնիսկ մեզ՝ մեծերիս համար է հաճախ խնդիր համակարգչից պոկվելը, էլ ուր մնաց էդ տարիքի երեխաների։ Արգելելու դեպքում էլ բոբո ես դառնում ակամա։ Հերիք է պատկերացնել, թե ինչ ենք զգում, երբ ինչ–ինչ պատճառներով, թեկուզ անհրաժեշտաբար մեզ ստիպում են վեր կենալ համակարգչի մոտից, երբ թունդ տարված ենք ինչ–որ բան անելով, կարևոր էլ չի, թե ինչ, կարևորն այն է, որ էդ պահին հեչ չենք ուզում դրանից կտրվել։ Մենք դեռ հասուն մարդիկ ենք, նույնիսկ տհաճությամբ վեր կենալու դեպքում գիտակցում ենք, որ պետք է ու քիչ թե շատ նորմալ ենք տանում, իսկ երեխաների դեպքում շատ ավելի պրոբլեմատիկ է։ Իհարկե, երեխաներն էլ են տարբեր լինում. մեկի հետ ավելի հեշտ է, մյուսի հետ՝ ավել բարդ, բայց երևույթն ընդհանուր առմամբ, կարծում եմ, բոլորի վրա է տարածվում։ Ու ընդհանրապես, եթե երեխան արդեն օգտվում է համակարգչից, շատ դժվար է հսկողություն ապահովելը, անընդհատ կոնկրետ սահմանների մեջ պահելը։
Կարծում եմ՝ նույն թեմայի շրջանակներում համակարգչին զուգահեռ կարելի է քննարկել նաև երեխայի շփումը տաբլետների հեռախոսների ու նմանատիպ այլ սարքերի հետ։
Հետաքրքիր է, ում երեխան որքանով է օգտվում համակարգչից (տաբլետից, հեռախոսից և այլն)։ Քանի՞ տարեկանից եք թույլ տվել օգտվել։ Դպրոցում որքանո՞վ է պահանջվում։ Օրական/շաբաթական քանի՞ ժամ եք թույլ տալիս օգտվել, երեխան ինչերո՞վ է զբաղվում համակարգչի առջև նստած ժամանակ։ Նաև ինչպե՞ս է երեխան արձագանքում սահմանափակումներին։ Ինչպե՞ս եք ուղղորդում երեխային համակարգչից օգտվելիս, ինչպես նաև ի՞նչ եք անում սահմանափակումներն ավելի հեշտ կիրառելու համար։
Էջանիշներ