Վանաձորի ԸԸՀ նախագահի պարզաբանումը անտրամաբանական և անհեթեթ է. քաղաքապետի թեկնածու
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանս հայտնում եմ, որ ս/թ օգոստոսի 26-ին հանդես եմ եկել հայտարարությամբ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Պապանյանի պաշտոնավորման հարցը վերանայելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
Չնայած նրան, որ համայնքի ղեկավարի մյուս թեկնածուները ընտրապայքարում համարվում են նաև իմ մրցակիցները, առաջնորդվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով` ես հանդես եմ եկել բոլոր թեկնածուների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու նպատակով;
Ի պատասխան իմ հայտարարության` «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012թ-ի օգոստոսի 28-ի «Հայտարարությունների տարափ» հոդվածում Վանաձորի գործող քաղաքապետ, համայնքապետի թեկնածու պարոն Դարբինյանի շտաբը հայտարարությամբ է հանդես եկել և կոչ արել քաղաքապետի և ավագանու բոլոր թեկնածուներին «..զերծ մնալ քարոզչական սադրանքներից և վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին»:
Այսինքն, ըստ քաղաքապետի թեկնածու պարոն Դարբինյանի շտաբի հայտարարության` օրենքի սահմաններում իրականացվող նախընտրական գործողություններն ու քարոզչությունը համարվում են սադրանք և քաղաքական անազնիվ պայքար:
2012թ-ի օգոստոսի 28-ին թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Պապանյանը հայտարարել է` մեջբերում եմ«…ի՞նչ կապ ունի սա ընտրության հետ, քրոջ ամուսինը հանձնաժողովի անդամ է դարձել 2011թ-ին, երբ քաղաքային ընտրությունների մասին խոսք ընդհանրապես չկար, չկար թե քաղաքապետ Դարբինյանը էլի իր թեկնածությունը առաջադրելու է թե ոչ և մի քիչ տարօրինակ է, որ մարդիկ իրենց քարոզչությունը անելու փոխարեն ինչի հետևից են ընկել»: Մինչդեռ գործող քաղաքապետ պարոն Դարբինյանը տարբեր առիթներով նշել է, որ անպայման առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու, քանի որ ինքը «դեռ գործեր ունի կիսատ այս քաղաքի համար»:
Անտրամաբանական և նույնիսկ անհեթեթ է ընտրարտարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Պապանյանի պարզաբանումը, թե ինչ կապ ունի սա ընտրությունների հետ, մինչդեռ նա կամ գիտեր կամ կարող էր իմանալ գործող քաղաքապետի թեկնածության առաջադրման մտադրության մասին և այս ամենը ընդամենը հասարակությանը իրականությունից շեղելու և նրանց աչքերին թոզ փչելու միջոց է:
Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ այս գործընթացը նախապես ծրագրավորված, կազմակերպված գործողությունների շղթա է, որով ցանկացել են վճռել առաջիկա ընտրություններում իրենց համար ցանկալի ելքը:
Ելնելով վերոգրյալից, որ այս ընտրությունը վճռելու է Վանաձոր քաղաքի առաջիկա չորս տարիների ճակատագիրը ու արդար, ազնիվ, թափանցիկ և օրինական ընտրություններ անցկացնելու նպատակով, կոչ եմ անում համայնքապետի մյուս բոլոր թեկնածուներին միանալ այս հայտարարությանը և միասնական ճակատով պայքարել խնդիրն արդարացի և օրենքի սահմաններում լուծելու համար:
Աղբյուր
Էջանիշներ