ՍՊԸ-ները կան, բյուջեի փողը կա, գնա՞նք մի տեղ քաղաքապետ դառնանք...
Պաշտոնը ոչ միայն հայտնի դառնալու, լծակներն օգտագործելով հեղինակություն ձեռք բերելու, այլ նաև փող աշխատելու, ազգուցեղը գործի տեղավորելու միջոց է՝ իր բոլոր դրական ու բացասական հետևանքներով:
Բացասականն այն է, որ եթե «ցեղի» գլխավոր պաշտոնյա «գործատուին» հեռացնում են պաշտոնից կամ քրեորեն պատժում, մեխանիկորեն մեկը մյուսի հետևից համակարգից դուրս են թռչում կամ քրեական պատասխանատվության ենթարկվում նաև նրա «քավորությամբ» գործի տեղավորված ազգականները: Բայց մինչ կգա պատասխանատվության պահը, պոտենցիալ պաշտոնյաները սովորաբար «նաղդիե՝ պաշտոնի դրական կողմերի մասին են մտածում և իրենց թեկնածությունն առաջադրում..., որովհետև մինչև «հետոյի» գալը «կամ էշը կսատկի կամ էշատերը», իսկ մինչ այդ կարելի է փող աշխատել:
Հանրապետության մի շարք համայնքներում առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, Վանաձորում ևս սեպտեմբերի 9-ին քաղաքապետի ընտրություններ են լինելու: Առաջադրված է քաղաքապետի 5 թեկնածու: ՀՀԿ կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԲՀԿ կուսակցության անդամ, Լոռու մարզի նախկին փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, ինքնառաջադրվել են անկուսակցականներ` «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն, փաստաբան Կարեն Թումանյանը, «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն Տարոն Ապրեսյանը, ինչպես նաև անհայտ զբաղմունքի տեր Տիգրան Գրիգորյանը: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Տիգրան Գրիգորյանը 2007-ին փորձել է առաջադրվել թիվ 31 ընտրատարածքում, սակայն հրաժարվել է իր մտադրությունից, իսկ 2012-ին մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրվել է մայրաքաղաքի թիվ 7 ընտրատարածքում՝ պայքարելով ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի ու ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ի դեպ, վերոնշյալ 4 թեկնածուներին շատ դժվար է լինելու պայքարել արդեն 13 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, ով 1999-ից քաղաքապետի պաշտոնը չի զիջել ոչ մեկին: Մոտ 1 տարի առաջ, երբ «Իրավունքիե լրագրողը հետաքրքրվել էր քաղաքապետից, թե «...Մի բան հասկացա՞ք էդ քաղաքապետի աթոռից, թե՞ չէ: Հարստացա՞ք, թե ՞...»: «Էդ վանաձորցիները կասեն»,- պատասխանել էր Սամվել Դարբինյանը: Հիմա տեսնենք, թե ինչ խոսակցություններ կան վանաձորցիների շրջանում: Ըստ այդմ` Սամվել Դարբինյանն այստեղ լավ տեղավորվել և տեղավորել է իր ազգակիցներին, որոնցից ոմանք ՍՊԸ-ներ ունեն, ՍՊԸ-ներն էլ՝ քաղաքապետարանից, իշխանությունից այլ աղբյուրներից «ստացած» փողոտ գործ:
2012թ. Վանաձորի քաղաքապետարանին պետական բյուջեից փոխանցվել է 250.000.000 դրամ, որով կատարվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Ասում են, որ Վանաձորում ասֆալտապատման աշխատանքները վերջին 10 տարում կատարվում են «Արգիշտի-1» և «Լոռու ճանշին» կազմակերպությունների կողմից: «Արգիշտի-1ե կազմակերպության տնօրենն է Սամվել Դարբինյանի եղբայր Սեյրան Դարբինյանը, իսկ «Լոռու ճանշին» կազմակերպության (մինչև 1999թ. այս կազմակերպության ղեկավարն է հանդիսացել Սամվել Դարբինյանը) ղեկավարն է Սամվել Դարբինյանի վաղեմի ընկեր և համակուրսեցի Արայիկ Վարդանյանը: Տեղեկությունները մասամբ, այս տարվա հունիսի 21-ի լրագրողների հետ զրույցում հաստատել էին նաև Լոռիի մարզպետարանում: Առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով, պետական բյուջեից Լոռիի մարզին հատկացվել է 1 մլրդ 326 մլն դրամ` կառավարության հրատապ ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում: Լոռիի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հրատապ ծրագրով շուրջ 240 մլն դրամ գումար է տրամադրվել մարզի Բազում, Սարամեջ, Ջրաշեն, Սարահարթ, Լեռնահովիտ, Մեծ Պարնի գյուղերում և Ախթալա քաղաքում համայնքային կենտրոններ կառուցելու նպատակով: Գումարներ են հատկացվել նաև փողոցների ասֆալտապատման, դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման, գյուղերի գազամատակարարման և ջրատարի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ու գյուղերում մշակույթի տների կառուցման համար: Նաև նշվել էր, որ այդ աշխատանքները հիմնականում կատարելու են «Արգիշտի 1» ՍՊ ընկերությունը և «Լոռի ճանշին» ՓԲ ընկերությունը:
Ի դեպ, թե ինչ լիցենզիայով են իրականացրել այդ պատվերներն այս երկու ընկերությունները, մի քիչ անհասկանալի է, քանի որ հակասական տեղեկություններ կան գործունեության իրավունքի մասով. ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրված և կասեցված լիցենզիաների ցանկում նշված են նաև «Արգիշտի-1» ՍՊ և «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների անունները, որոնց գործունեությունը կասեցվել է դրանց ղեկավարների դիմումների համաձայն՝ 2004 թվականին, քաղաքաշինության նախարարի հրամանով:
Բացի դա, Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին 150 դրամ վաճառքի գին ունեցող հացը մատակարարվում է 230 դրամով: Մատակարարը Ս. Դարբինյանի փեսային (քրոջ ամուսին) պատկանող, Բաղրամյան պողոտայում գործող հացի արտադրամասն է: Որոշ վանաձորցիներ նաև ասում են, որ Վանաձորի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներով տանիքների նորոգման աշխատանքները հիմնականում կատարվում են «Պագամի» կազմակերպության կողմից, որը փաստացի պատկանում է Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանին: Օրինակ` Վանաձորի Տարոն թաղամասում Վանաձորի քաղաքապետարանի միջոցներով կառուցվող կիսակառույց 2 շենքերի շինաշխատանքները կատարել է «Պագամի» կազմակերպությունը: Անցյալ տարվա նոյեմբերին, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Վանաձորում ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած, տնակային ավանում բնակվող 32 ընտանիք բնակարանամուտ էր տոնել. 2009-10թթ. Վանաձորի համայնքի կողմից իրականացվել էին Տարոն-2 թաղամասի երկու շենքերի՝ ՔՇՀ 7 թիվ 36 և 37 անավարտ բնակելիների կառուցման ավարտական աշխատանքները, ինչի համար համայնքի բյուջեից հատկացվել էր 120 մլն դրամ: Բնակարանների ներքին հարդարման աշխատանքները պետք է կատարեին բնակարան ստացողները, սակայն «Սեր հայրենիքին» և «Կյանքի հաց» բարեգործական կազմակերպությունները պատրաստակամություն էին հայտնել 60 մլն դրամի չափով այդ աշխատանքները ֆինանսավորելու: Շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը ներկա Սամվել Դարբինյանը նշել էր, որ կիսակառույցներն ավարտին հասցնելու և դրանք բաշխելու այս ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված նախընտրական խոստման արդյունքն է: Վանաձորի քաղաքապետարանի Համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը «Արմենպրեսի»՝ Լոռու մարզի թղթակցի հետ զրույցում էլ նշել էր. «Հուսով եմ, որ շարունակական կլինի. Վանաձորում բավականաչափ կիսակառույցներ կան, կարելի է ավարտին հասցնել դրանք»:
Անցնենք քաղաքապետի մյուս ազգականներին. Վանաձորի քաղաքապետարանի սեփականությունը հանդիսացող ծառայողական ավտոմեքենաների սպասարկումը, լվացումը, պահեստային մասերի ձեռքբերումը և ընթացիկ նորոգման աշխատանքները կատարում է Ս. Դարբինյանի փեսային (աղջկա ամուսնուն) պատկանող կազմակերպությունը: Թափառող կենդանիների ոչնչացմամբ և թաղմամբ զբաղվում է Սամվել Դարբինյանի կնոջ քրոջ որդուն պատկանող կազմակեպությունը: Ընկերությունը պատկանում է Արեն Գոգինյանին: Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության 3 մանկապարտեզի տնօրեններն են Սամվել Դարբինյանի քույրը, աղջիկը և քրոջ աղջիկը: Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի պետը Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինն է, բնակֆոնդի բաժնի պետը՝ կնոջ եղբայրը, գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետը՝ ազգականը՝ Վիկտր Դարբինյանը, փեսան (աղջկա ամուսինը) հանդիսանում է գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալը, իսկ քրոջ փեսան՝ առևտրի բաժնի պետի տեղակալը:
Այս տարվա հունիսի 18-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ, Սամվել Դարբինյանը հայտարարել է, որ քաղաքում բազմաթիվ չլուծված հարցեր կան, որ քաղաքապետի դժգոհությունն էին հարուցել: Նշել էր, որ դեռ շատ անելիքներ կան՝ «Տարոն-4» թաղամասում աղբարկղերն են քիչ, ուշանում են «Տարոն-4»-ում «Տաջիկական» թաղամասի ճանապարհի բարեկարգման համար նախատեսված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի աշխատանքները, այդ և «Ածխահատների» թաղամասերում տրանսպորտային երթուղու հարցը լուծված չէ... Բայց նկատենք, որ արդեն 2 տարի է բարձրաձայնվում է Վանաձորի աղբահանության և առնետներից ազատվելու խնդիրը: Այստեղ էլ լուրջ գումարներ են պտտվում. 2010-ին քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը տեղեկացրել էր, որ 2010թ. համայնքային բյուջեից կենցաղային աղբի մաքրման համար տրամադրվել է 190 մլն դրամ, որից 10 մլն-ը՝ կենցաղային կոշտ թափոնների համար: Վանաձորում կենցաղային աղբահանությունն իրականացնում են 5 կազմակերպություններ. «Վանաձորի Սանմաքրում» ԲԲԸ-ն, «Վանսան», «Աշոտ Մկրտչյան», «ԳՈՒԳ-ՄԻՔ», «Կոմունսերվ» ՍՊԸ-ները:
Նշված տեղեկությունների վերաբերյալ չկարողացանք պարզաբանումներ ստանալ նաև Սամվել Դարբինյանից՝ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով: Բայց եթե պարոն քաղաքապետն ասի, թե ինչու են համայնքի շինարարական ծրագրերից մինչև շան թաղումները իր բարեկամներն անում՝ մենք պատրաստակամորեն կլսենք նրան:
Աղբյուր
Էջանիշներ