Մի րոպե Լանգե , մի րոպե: Դու սպանում էիր միայն փողի համար, որովհետև կարծում էիր , որ եթե դու չսպանես, ապա ինչ-որ մեկը քո փոխարեն դա կանի: Փաստորեն որոշել ես վրե՞ժ լուծել: Սպանելու ես, որ քո կաշին փրկես, թե՞ ուզում ես հաճույք ստանալ: Դու երբեք սպանությունից հաճույք չես ստացել: Իսկ հիմա , երբ հասկացել ես , որ քո նկատմամբ որս է հայտարարված, կարող ես այնպես կորել այս մեծ աշխարհում, որ մինչև խոր ծերությունդ քեզ ոչ ոք չանհանգստացնի:
Այդ դեպքում ի՞նչ ես ուզում: Ես քո ներքին ձայնն եմ: Դու ինձ կհիշես. ես քո կողքին եմ եղել քո կյանքի ամենդժվար պահերին, և իմ շնորհիվ դու ճիշտ որոշումներ ես կայացրել: Մի պահ մտածիր` ինչիդ է այս ամենը պետք: Գնա և ապրիր ...
Գնամ և ապրե՞մ: Իսկ ի՞նչ անեմ: Նոր մասնագիտություն ձեռք բերե՞մ: Ընտանիք կազմեմ, և ինչ սովորեցնեմ զավակներիս: Ես ուղղակի ապրելու համար չեմ: Բոլորը հիմա ուղղակի ապրում են: Ես վախենում եմ կորցնել աշխատանքս: Աշխատա՞նք ... ախր աշխատում են փողի և հաճույքի համար:
Դու փող ունես: Լանգե, այդ ես եմ՝ քո լավագույն ես-ը: Մի՞թե դու հաճույք ես ստանում մարդկանց սպանելուց: Փող ունես , ի՞նչ հաճույք: Մի՞թե դու մոլագար ես, հիվանդ մարդ, որ հաճույք ես ստանում մարդկանց ոչնչացնելուց: Ուրեմն հօդս են ցնդում քո սկզբունքայնության մասին բարբաջանքները: Գնա և սպանիր: Ես խորապես հիասթափված եմ քեզնից:
Քեզ թվում է` կենդանիները սպանում են միմյանց լոկ նրա համար, որ սոված են: Սպանելը բնազդ է: Ես չեմ կարողանում խեղդել այդ բնազդը, բայց հաճույք էլ չեմ ստանում: Հիմա ես ունեմ կոնկրետ թշնամիներ: Ես ոչ մի տեղ չեմ փախնի. ես ուզում եմ կռվել: Ես ուզում եմ ինձ գիշատիչ զգալ: Ես ուզում եմ սպանել նրանց ... ես պետք է սպանեմ նրանց: Լռում ե՞ս ... պարոն լավագույն ես: Ուրեմն մի փորձիր ինձ ինչ-որ բաներում համոզել:
Ինչքան միայնակ են մարդիկ: Յուրաքանչյուր մարդ ի ծնե անիծված է միայնակ լինելու: Մարդ մի ամբողջ կյանք պայքարում է միայնության դեմ , բայց միևնույնն է վերջում հայտնվում է մի մութ ու սև արկղում ու նորից մեն - մենակ: Ու երբ այս իմ երկրորդ ես կոչվածը , որ երբեմն-երբեմն հետս փորձում է խոսել, իմ հասարկ մահկանացու լինելու ապացույցն է: Իմ օրգանիզմը կարծես ընդվզում է ` ասելով եղբայր, դու պետք է շփվես գոնե ինքդ քեզ հետ: Մարդը ծրագրավորված է պայքարել այդ միայնության դեմ: Բայց ես գիտեմ, որ դա անիմաստ պայքար է: Մարդկանց հետ հարաբերվելու և միայնությունը խեղդելու այդ կոդը ի սկզբանե սխալ և ավելորդ է, ինչպես կույրաղիքն աղիքային համակարգում : Մարդ արարածը, լինելով թույլ և տկար, ժամանակին նույնիսկ հնարեց ընտանիք հասկացությունը:
Դժվարությունները հաղթահարելու անկարողությունը մարդուն ստիպեց գուշակություններ անել աստղերով, կուռքեր հնարել և վերջապես ստեղծել կրոն: Այո, այո, կրոնը: Բոլոր ժամանակների այդ մեծագույն մոլորությունը: Նախ մարդ , սարսափելով մահից, որոշեց հավերժ ապրել` հնարելով հանդերձյալ աշխարհը ու հավատալով իր հնարածին: Հետո նա ,բախվելով իր երկրորդ հիմնական սարսափի` միայնության հետ, որոշեց , որ բոլոր լավերը հայտնվում են մեկ վայրում, իսկ վատերը` մեկ այլ: Դե չարն ինքն իրեն կպատժվի, իսկ բարին իր համար երջանիկ ծառերի մեջ կապրի առանց սիգարետ, բամբասանք, թղթախաղ , ալկոհոլ ու սեքս: Ավելի լավ չի ուղղակի մեռնել ու չգնալ ոչ մի տեղ: Եվ այդպես էլ կա. մենք ոչ մի տեղ չենք գնում: Մեզ բնությունը պարզապես կուլ է տալիս: Հետո մեր նմաններն են գալիս նույն հիմար մոլորություններով ու այդպես էլ միայնակ ու հիմար փոշիանում:
Ես գերադասում եմ մարդկանց քնի մեջ սպանել: Մարդիկ սարսափում են քնի մեջ մահանալու մտքից: Բայց հավատացեք դա երանելի ձև է վերանալու:
Վերածննդի ժամանակաշրջանում մարդիկ վախենում էին քնի մեջ մահանալուց, քանի որ կարծում էին, որ այդ ժամանակ չեն հասցնի մեղանչել և մեղքերի թողություն խնդրել և միանգամից կհայտնվեն դժոխքում: Ես ուղղակի չեմ ուզում, որ մարդիկ մահանալուց առաջ իրենց նախապատրաստեն այդ մեծագույն մոլորությանը: Ես ինձ շատ վատ եմ զգում, երբ տեսնում եմ, որ մարդիկ խաբված են վերանում աշխարհից:
Ինչ լավ է, չէ՞, մեղքերի թողություն ստանալ, քավարանում լավ ու վատ գործերդ ծանրութեթև անելուց հետո էլ հայտնվել դրախտում: Ստացվում է ` կարելի է ահագին վատ բաներ անել, հետո վատ զգալ դրա համար, Աստծոց ներողություն խնդրել, լավ-լավ գործեր անել ու գնալ դրախտ: Եվ այդպես երկերասանի մարդ արարածը մի ձեռքով մեկին մորթում ու թալանում է, մյուս ձեռքով էլ տատիկին փողոցն է անցկացնում ու առաջին ձեռքի արածների համար իրեն շատ վատ է զգում: Հիմա մեզնից ով է ավելի վատը: Միաչքանիների աշխարհում երկու աչքերով մարդը զազրելի է և կանխավ սխալ: Ուստի այդ միաչքանիներն ինձ համարում են մեղսագործ տականք
Ես ընդունում եմ, որ ես կարող եմ սխալվել: Բայց ամեն դեպքում այդ վերևի ուժերին, եթե նրանք կան, խնդրում եմ, որ իմ հոգին հանգիստ թողեն. ես ոչ դրախտ եմ ուզում, ոչ էլ դժոխք: Առավել ևս ես ոչ պատրաստվում եմ զղջալ և ոչ էլ իմ արած վատ գործերը փոխհատուցել լավ գործերով:
Ես կսպանեմ նրանց, եթե պետք լինի իմ գոյության գնով, քանի որ ես չեմ վախենում չլինելուց: Միևնույնն է կյանքի վերջում ամեն ինչ կորում է: Ոչինչ հետդ չես տանի , նույնիսկ հիշողություններդ, որովհետև դրանք կցնդեն հավիտյան վերջին շնչիդ հետ: Ուրեմն ինչ տարբերություն թե երբ կմեռնես:




Մեջբերել

Էջանիշներ