Ատոչա Մադրիդ Իսպանիա 2004 թվական
Եթե կյանքում ինձ հետաքրքրում են սեքսն ու լավ կատարված աշխատանքը, ուրեմն միթե ես ապրում եմ սպանությունների և կանանց համար: Ապրում եմ ապրելու համար ... երևի: Ձուկը , որ լողում է, հո չի մտածում ինչի է լողում, ուղղակի լողում է: Նրանք, ովքեր կարծում են, թե գիտեն ինչի են ապրում, մահից սարսափում են: Իսկ ես չեմ վախենում մահից: Դա է երևի իմ առավելությունը ... բայց առավելություն ում նկատմամբ?: Ում է պետք այդ առավելությունը: Դա նույնն է , ինչ ասես ես կարողանում եմ ականջի չոփերից աշտարակ կառուցել: Ոչ մեկին դա պետք չէ:
Ինչի համար է ապրում այն սևահերը Տոլեդոյից: Երևի ուզում է սիրել ու սիրվել, ընտանիք կազմել, երջանիկ լինել: Ինչ-որ աբստրակտ հասկացություններ `սեր, երջանկություն: Ձանձրալի է: Սերը տևում է ամենաշատը 5-6 տարի: Ես չեմ ասում դա, պարոն Լեվին է ասում: Ով-ով, բայց նա հոգեբանությունից հասկանում է: Հրեաները լավ հոգեբաններ են: Լեվին ասում է, որ սերը ուղեղի հետ կապված պրոցես է, որը ցիկլի պես վերջիվերջո անկում է ապրում: Սերը ոչ սրտի հետ կապ ունի, ոչ էլ հոգու: Իհարկե սերն ու սեքսը առանձին երևույթներ են, բայց երկուսն էլ օրգանիզմի պրոցեսների հետ են կապված: Եվ ինչու են մարդիկ սիրուց կուլտ դարձնում. դա նույնն է ինչ-որ սնվելու կամ փռշտալու մասին խոսել որպես վեհ զգացմունքներ և դրանց գրքեր ու ֆիլմեր նվիրել: Կամ հոգին որն է ... ինչ հոգի: Քանի կա մարդկությունը կլինեն նաև այս հավերժական պատրանքները: Մարդը համառ և ստախոս արարած է և մի ամբողջ կյանք կարող է ինքն իրեն խաբել ու խուսափել իրականությանը նայել երես առ երես:
Մադրիդի Ատոչա խոշորագույն կայարանն ինչպես միշտ բազմամարդ էր: Կարծես մարդիկ մոռացել էին , որ ընդամենը մի քանի ամիս առաջ այստեղ պայթեցրել էին իրենց քույրերին ու եղբայրներին: Կյանքն առաջ էր գնում: Սևահերն ինձ բանալի էր փոխանցել Տոլեդոյում: Հիմա ինձ մնում էր մոտենալ կայարանում տեղադրված անձնական իրերի պահպանման խցիկներին և այդ բանալիով բացել համար 988 խցիկը: Խցիկում նախօրոք (ենթադրում եմ նույնիսկ մեկ շաբաթ առաջ) կազմակերպիչները ինձ համար կարևոր բան էին ի պահ դրել ու մի քանի օր հետո բանալին հանձնել սևահերին, որն էլ մեկ օր առաջ այն ինձ էր տվել :974 ... 983 ... 988: 988-ը բացվեց, այնտեղ ծրար կար: Ժամանակն էր վերադառնալ հյուրանոց: Ես արդեն գիտեի որտեղ, երբ , ում: Իսկ թե ինչպես դա իմ գործն էր:
Շան անուն հիշեցնող Ռեքս հյուրանոցը գտնվում էր Գրան-Վիա Մադրիդա փողոցի վրա`Իսպանիա և Պլասա-դե-Կալյո հրապարակների մեջտեղում: Հյուրանոցային համարներն ընդարձակ էին և աչքի էին ընկնում սովորական ու դասական ձևավորմամբ: Կենտրոնական ջեռուցման համակարգ, կոնդիցոներ , գրասեղան: Ամեն առավոտ հյուրանոցի ճաշարանում գործում էր "շվեդական սեղան" , որտեղ տեղադրված էին նաև սուրճի ավտոմատներ:
Դոլարների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շատ հուսալի էր և անվտանգ: Ես այն օգտագործում էի որպես այլընտրանքային միջոց հաղորդագրությունների փոխանակման իմ հիմնական միջոցներից զատ: Դոլարները կեղծ էին, բայց այնքան բարձրորակ էին, որ կեղծիքը հայտնաբերող էքսպերտիզան կարող էր շաբաթներ տևել: Դոլարների սերիան ապակոդավորելուց հետո ես բարեհաջող կերպով դրանք ոչնչացնում էի: Չնայած դրանցով սրճարանում հաշիվը փակելու գայթակղությունը երբեմն ինձանում մեծանում էր:
Մանրուքները իմ գործում շատ կարևոր են: Մանրուքները հաշվի չառնելու պատճառով շատ պրոֆեսիոնալներ են տապալվել:
Հյուրանոցային համարում հայտնվելուց րոպեներ հետո ես բացեցի կայարանի խցիկից հանած ծրարը: Իմ ձեռքերում երիտասարդ կնոջ նկար էր: Սա այն կինն էր, որին ես պետք է սպանեի: Այս նկարում նա ժպտում էր: Նկարվելու պահին երևի նրան թվում էր, թե ամբողջ կյանքն աջևում է: Վաղուց զոհերի շարքում կին չէի ունեցել: Մյուս կողմից նա ոչ առաջինն էր, ոչ էլ կարծում եմ վերջինը ...




Մեջբերել

Էջանիշներ