Նա բարձրահասակ և գեղեցիկ երիտասարդ կին էր: Նրա ձայնից հասկանալի էր, որ փոքր ինչ լարված է, բայց նա փորձում էր հանգիստ ու հավասարակշռված մարդու տպավորություն թողնել: Տիպիկ արևմտյան եվրոպացու արտաքին չուներ, ուստի միայն գուշակել կարելի էր, թե որտեղից է կոորդինատորը պեղել այս սևահեր գեղեցկուհուն , և ինչով է պայմանավորված նրա ընտրությունը: Կյանքի բերումով ես շատ գեղեցկուհիների եմ հանդիպել, բայց այս մեկը իսկական գիշատիչ էր . նա բոլոր հնարավորությունները ուներ բազմաթիվ տղամարդկանց խելքահան անելու, ոչնչացնելու: Բայց ոչ ինձ: Զգայական աշխարհն իմ աշխարհը չէ: Իմ և կնոջ հարաբերությունները սահմանափակվում են միայն սեքսով: Ես ոչ Կազանովան եմ , ոչ էլ Դոն Ժուանը, չգիտեմ և չեմ ուզում իմանալ, թե ինչ են մտածում իմ մասին կանայք : Բայց եթե փոքր ինչ հանգստանալու ժամանակ , առիթ կամ հնարավորություն է լինում ես մեծ հաճույքով կենակցում եմ կանանց հետ: Գուցե մարդկային հաճույքներից ես ամենամեծ տեղը տալիս եմ հենց սեքսին:
_ Երևի Դուք նկատի ունեք Հոսպիտալ դե Սան Խուան Բատիստան, - շարունակեցի ես գաղտնաբառը` փորձելով աչքի պոչով գնահատել գեղեցկուհու հագուկապը: Ամեն ինչ չափավոր էր և ճաշակով: Բայց ինչպես նա կարողացավ հայտնվել իմ ետևում` շրջանցելով իմ տեսադաշտը : Ամեն ինչ խոսում է լավ պատրաստվածության մասին:
_ Այո , Բուստամանտեի գլուխգործոցը, - ասաց սևահերը` ավարտին հասցնելով գաղտնաբառը: Առաջին նախադասությունից արդեն հասկանալի էր, որ միջնորդը դուրս է եկել ինձ վրա: Սակայն ապահովության համար ես միշտ օգտագործում եմ 3-4 նախադասություններ պարունակող գաղտնաբառեր, որպեսզի հօդս ցնդեն տարատեսակ պատահականությունները:
Գեղեցկուհին սկսեց էլ ավելի ինքնավստահ իրեն զգալ. նրա դեմքին համարյա աննկատ ժպիտ հայտնվեց: Ենթադրում եմ, որ նա տղամարդկանց հետ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Սա կամ էն կորպորատիվ անբարոյականներից է, որոնք պահակից սկսած մինչև գլխավոր տնօրեն հետները քնում են կարիերայի համար կամ էլ ես եմ դարձել կնատյաց պառանոիկ ... բայց իմ հոտառությունը ինձ երբեք չի դավաճանել : Ամեն դեպքում նա ինձ այս պահից այլևս չի հետաքրքրում պետք է անցնել բուն գործին:




Մեջբերել

Էջանիշներ