Ծեր ձիու պատմությունը
-Սելլի՛, ինչու՞ ես միայնակ նստել այստեղ, ե՛կ մեզ հետ խաղալու:
-Չեմ ուզում խաղալ, Սի՛րիուս: Մի՛ խանգարիր ինձ:
-Իսկ ի՞նչ ես անում:
-Երազում եմ…
-Սելեստիա նշանակում է. «եկել եմ աստղերից»: Զարմանալի չէ, որ այդքան երազկոտ ես: Իսկ կասե՞ս, թե ինչի մասին ես երազում, եթե իհարկե գաղտնիք չէ:
-Գաղտնիք չէ, սակայն մի քիչ երկար պատմություն է, ուզու՞մ ես լսել:
-Ուզում եմ, - գրեթե միաձայն բղավեցին Սիրիուսն ու նրա խաղընկերները` տեղավորվելով Սելեստիայի կողքին:
- Կար ժամանակ, երբ երկրագունդը ամբողջովին ծածկված էր ծովերով և կուսական բնությամբ: Իրենց համար հատկացված վայրերում ապրում էին առասպելական և սովորական կենդանիները: Սակայն Օլիմպոսի աստվածներին չէր գոհացնում այդ կենդանական աշխարհը, և նրանք որոշում են ստեղծել մեկ այլ ժողովրդի` մարդկանց, որոնք իրենց տեսքով ու մտքով նման կլինեին աստվածներին: Օլիմպոսի բնակիչներից մեկը ` Պեգասը, որոշում է ինքն էլ իր նմանությամբ ժողովուրդ ստեղծել: Ու քանի որ Պեգասը բոլոր աստվածների սիրելին էր, Պեգասի խնդրանքը չի մերժվում: Սակայն աստվածները մի պայման են դնում. քանի որ մարդիկ չեն կարողանում ճախրել աստվածների պես, Պեգասի ժողովուրդը նույնպես թևեր չպիտի ունենար: Պեգասը, արարելով իրեն նման կենդանիների, չի գոհանում նրանց տեսքով և որոշում է նրանց մի զարդ նվիրել` ճակատին շողշողացող եղջյուրը:
Օլիմպոսի աստվածներին հիացնում է Պեգասի ստեղծագործությունը , և նրանք այս չքնաղ արարածներին անվանում են Միաեղջյուր` ի պատիվ նրանց բաշի և պոչի գույնին համապատասխանող չքնաղ եղջյուրի:
-Սելլի՛, բայց այս պատմությունը մեզ մեր տատիկներն ու պապիկներն էին պատմում,- զարմացած բացականչեց Էլլան` թափահարելով նազելի վարդագույն եղջյուրը:
-Իրոք մենք մեր ուսուցիչներից ու ծնողներից լսել ենք, որ Պեգասը մեր արարիչն է, սակայն դա ի՞նչ կապ ունի քո երազանքի հետ,- շարունակեց մյուսը:
-Դե՛, Սելլին էլ երևի սպասում է այստեղ, որ Պեգասին տեսնի: Սելլի՛, եթե իրոք ուզում ես հանդիպել Պեգասին, ապա մի՛ սպասիր Պիրենայի աղբյուրի մոտ, բարձրացի՛ր Հելիկոն լեռան գագաթ և սպասի՛ր Հիպպոկրենա աղբյուրի մոտ: Ըստ ավանդության, Պեգասը ծնվել է Հելիկոն լեռան գագաթին, իսկ աղբյուրն էլ գոյացել է, երբ նա գլխով քարին է հարվածել: Նույնիսկ մուսաներն են այդ աղբյուրից ջուր խմում: Այնպես որ, եթե Պեգասը հյուր չգա, ապա ինը մուսաներից գոնե մեկի հետ կհասցնես ծանոթանալ, – քմծիծաղով ավելացրեց Սիրիուսը:
-Սի՛ր, ես ոչ միայն կտեսնեմ Պեգասին , այլև նա կսիրի ինձ և իր հետ երկինք կտանի:
-Սելլի՛, վերջ տուր: Մենք նույնիսկ չգիտենք Պեգասը գոյություն ունեցել է, թե ոչ:
-Ես գիտեմ, որ Պեգասը գոյություն ունի, – Սելլիին օգնության եկավ վառ երկնագույն բաշով ու գեղեցիկ աչքերով մի փոքրիկ,- պապիկս մի ընկեր ունի մարդկային ցեղից, ով պատմել է, թե ինչպես իր պապը` Բելլերոֆոն անունով մի երիտասարդ հենց այս աղբյուրի մոտ այնքան է սպասել Պեգասին , մինչ վերջինս ցած է իջել և միասին ճախրել են չար վիշապին հաղթելու:
-Դե՜, ավելի հավանական է, որ Պեգասը մարդուն կօգնի հաղթել չար վիշապին, քան սովորական միաեղջյուրին Օլիմպոս կտանի, – շարունակեց համառորեն Սելլիին ծաղրել Սիրիուսը:
Սելեստիան արդեն չէր լսում Սիրիուսի ձայնը. նա արցունքն աչքերին արշավում էր լեռն ի վեր` փախչելով Սիրիուսից և բոլոր-բոլոր միաեղջյուրներից:
Էջանիշներ