Շամշի-Ադադ I-ի մահից հետո իրադրությունը Միջագետքում ավելի արմատական փոփոխությունների ենթարկվեց: Հաջողակ այս արքայի որդին և հաջորդ Իշմե-Դագան I-ը (մ.թ.ա. 1781-1756) իրեն դրսևորեց որպես թույլ մի տիրակալ և հաստատուն կերպով սկսեց զիջել ավելի ու ավելի ուժեղացող Բաբելոնին: Ընդ որում այս արքան ստիպված էր ոչ միայն ծանր ու անհեռանկար պատերազմ մղել Ներքին Զաբ և Դիալա գետի հովիտներում բնակվող լեռնականների դեմ, այլև` մշտապես դիմագրավել պալատական խարդավանքներին: Իրավիճակը բարդացնում էր հատկապես իշխանատենչ և ամենազոր կնոջ` Շամիրամի (Շամմուրամաթի), առկայությունը: Այս ամենը ի վերջո հանգեցրեց նրան, որ Իշմե-Դագան I-ը ստիպված եղավ ընդունել Բաբելոնի ուղղակի գերիշխանությունը և մարտական գործողությունների մեջ ներքաշվել հենց նոր ծանր պարտություն կրած Հայոց թագավորության դեմ:
Հետագա իրադարձությունների մասին մեզ տեղեկություններ է փոխանցում Դիոդորոս Սիկիլիացին. “Այնուհետև նա (ըստ հեղինակի` Նինոսը – Մ.Հ.) մեծ զորքով ներխուժեց Արմենիա և մի շարք քաղաքներ ավերելուց հետո կոտորեց տեղի բնակչությանը: Ուստի և նրանց թագավոր Բարզանեսը, տեսնելով, որ ինքը ի վիճակի չէ նրա դեմ կռվելու, առատ նվերներով դիմեց նրան և ասաց, որ ինքը կկատարի նրա բոլոր հրամանները”: Դրանից հետո “Նինոս”-ը Բարզանեսին “… վերաբերվեց մեծահոգաբար և համաձայնվեց, որ նա տիրի Արմենիային… զորք ուղարկի և միջոցներ իր բանակի համար” [1]: Այսպիսով մ.թ.ա. 1756 թ-ին ինչ-որ տեղ Մեծ Զաբ գետի հովտում տեղի ունեցավ ճակատամարտ, որում փոքրահասակ արքայի խնամակալի գլխավորած Հայկական բանակը անհաջողության մատնվեց [2]: Հայոց թագավորությունը ստիպված եղավ առժամանակ ընդունել Ասորեստանի, իսկ միջնորդավորված ձևով նաև Բաբելոնի գերիշխանությունը:
Սակայն Ասորեստանի վիճակն էլ փայլուն չէր: Ճիշտ է, Համուրապպիի մահվանից հետո Բաբելոնը սկսեց զիջել դիրքերը, սակայն Ասորեստանը ևս բռնել էր անկման ուղին: Մութ-Ասկուրը (մ.թ.ա. 1756-1740), որը հաջորդել էր հորը, ըստ էության կառավարում էր ձևականորեն և ողջ փաստական իշխանությունը գտնվում էր նրա իշխանատենչ մոր` Շամիրամի, ձեռքին: Հենց վերջինիս նախաձեռնությամբ էր, որ մ.թ.ա. 1743 թ-ին Ասորեստանի բանակը կրկին ներխուժեց Հայաստան: Հերթական այս հարձակման համենայն դեպս գոնե ձևական պատճառը լայնորեն հայտնի է` Ասորեստանի թագուհու տենչանքը Հայոց արքայի նկատմամբ: Արա լեռան ստորոտում տեղի ունեցած արյունոտ ճակատամարտում հայերին հաջողվեց կասեցնել թշնամու առաջխաղացումը, թեև Հայոց արքան ընկավ մարտում [3]: Հայկական բանակը, որը նահանջել էր, սկսեց արագորեն համալրումներ ստանալ, ինչն էլ ստիպեց թշնամուն ի վերջո հեռանալ Հայաստանից:
Իսկ այժմ մի փոքր ժամակագրություն: Համաձայն “մասսորետյան տրադիցիաե-ով կազմված ու այժմ էլ Իսրայելում գործածության մեջ գտնվող Հրեական պաշտոնական օրացույցի հիման վրա վերականգնված “Աստվածաշնչյան ժամանակագրության”` Աբրահամը ծնվել է “աշխարհի արարումե-ից (մ.թ.ա. 3760 թ.) հետո 1948 թ-ին, ինչը համապատասխանում է Գրիգորյան օրացույցի մ.թ.ա. 1812 թ-ին: Համաձայն Եվսեբիոս Կեսարացու կողմից վերականգնված ժամանակագրության` Շամիրամը Աբրահամի ժամանակակիցն էր, այսինքն ծնվել էր մ.թ.ա. XIX դարի վերջում կամ XVIII դարի սկզբում: Իր հերթին, համաձայն Դիոդորոս Սիկիլացու [4], Շամիրամի ամուսինը` հերթական “Նինոս”-ը, պայքարել է իր թագավորության արևելքում գտնվող լեռնականների դեմ, ինչը հաստատվում է սեպագրերից հայտնի այն տեղեկությունով, որ Իշմե-Դագան I-ը ծանր պատերազմներ է մղել Ներքին Զաբ և Դիալա գետերի հովիտներում: Հաշվի առնելով այս հանգամանքը` լիովին տրամաբանական է կարծել, որ որպես Շամիրամի ամուսին հանդես եկող հերթական “Նինոսե-ը իրականում հենց Իշմե-Դագան I-ն է:
Մովսես Խորենացին հայտնում է, որ. “Արան (Արա I Գեղեցիկը (մ.թ.ա. 1769-1743 – Մ. Հ.) Նինոսի վախճանվելուց քիչ տարիներ առաջ խնամակալ դարձավ իր հայրենիքին”: Վերևում արդեն ցույց տրվեց, որ այստեղ հանդիպող “Նինոս”-ը իրականում Իշմե-Դագան I-ն է, որը մահացել է մ.թ.ա. 1756 թ-ին: Արա I Գեղեցիկը արքա է հռչակվել մ.թ.ա. 1769 թ-ին և ակնհայտ է, որ Խորենացին ու Չամչյանը այստեղ ևս չեն սխալվել: Ավելին, աղբյուրները հայտնում են, որ Շամիրամը իշխել է 42 տարի [5]: Ինչպես արդեն ասվեց, Իշմե-Դագան I-ը մահացել է մ.թ.ա. 1756 թ-ին, որից հետո էլ հենց պետք է հաշվել “շամիրամյան” 42 տարին: Այսպիսով ակնհայտ է, որ մ.թ.ա. XIX դարի վերջում կամ XVIII դարի սկզբում ծնված, մ.թ.ա. 1780-1770-ական թվականներին Իշմե-Դագան I-ի հետ ամուսնացած և մ.թ.ա. 1756 թ-ից հետո էլ 42 տարի իշխած Շամիրամը, որը մահացել է մ.թ.ա. 1714 թ-ին, լիովին կարող էր լինել Արա I Գեղեցիկի և նրա որդի Արա II Կարդոսի ժամանակակիցն ու մարտական գործողություններ ձեռնարկել հայերի դեմ սկզբում մ.թ.ա. 1743 թ-ին, իսկ հետո էլ իր բանակով մասնակցել մ.թ.ա. 1725 թ-ին տեղի ունեցած մարտերին: Այսինքն Շամիրամի քաղաքական գործունեության ավարտը կարելի է թվագրել մ.թ.ա. 1725 թ-ով [6], նրա մահը` մ.թ.ա. 1714 թ-ով, իսկ քաղաքացիական պատերազմի տարիների Ասորեստանի վերջին արքայի գահակալումը ավարտվում է մ.թ.ա. մոտավորապես 1700 թվականով [7]:
Հայերի դեմ մղված ծանր պատերազմից հետո Ասորեստանը արագ տեմպերով սկսեց թուլանալ, իսկ այն բանից հետո, երբ մ.թ.ա. 1740 թ-ին Մութ-Ասկուրը զոհ գնաց ակնհայտորեն իր մոր կողմից հղացած պալատական դավադրությանը [8], Ասորեստանում սկիզբ առավ ու երկար տասնամյակներ շարունակվեց քաղաքացիական իսկական մի պատերազմ: Կյանքը ցույց տվեց, որ Հին աշխարհի ամենագեղեցիկ և իշխանատենչ կանանցից մեկը այդպես էլ չկարողացավ դրսևորել իրեն քաղաքական ասպարեզում: Մութ-Ասկուրի մահվանից հետո Ասորեստանի տարբեր մասերում տարբեր ժամանակներում իրենց արքա հռչակեցին Ռիմուշը, Ասինումը, Պուզուր-Սինը, Ասսուր-դուգալը, Ասսուր-ապլա-ադինը, Նասիր-Սինը, Սին-Նամիրը, Իպկի-Իշուրը, Ադադ-Ցալուլը և Ադասին [9]:
__________________
[1] Դիոդորոս Սիկիլացի, Գիրք 2, մաս 1:
[2] Ըստ "Նինոսի վիպերգ'-ի` Кузнецова Т.И., Роман о Нине и другие папирусные отрывки греческого романа, М., 1969. с. 107-131. http://www.philology.ru/literature3/kuznetsova-69.htm
[3] Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 15:
[4] Դիոդորոս Սիկիլացի, Գիրք 2:
[5] Орозий. История против язычников II 3, 1:
[6] Դատելով Խորենացու հաղորդումներից` Գիրք 1, գլուխ 17:
[7] Տես` http://web.archive.org/web/200805112...g/rulers/0.htm
[8] Դատելով Խորենացու հաղորդումներից` այս արքան զոհ է գնացել սեփական մոր հղացած դավադրությանը (Գիրք 1, գլուխ 17):
[9] Ցանկը ըստ - http://web.archive.org/web/200805112...g/rulers/0.htm
Էջանիշներ