Հայկազունիներ.
Մոռացված մի արքայատոհմ
Հայերն ապրել են Հայկական լեռնաշխարհում ի սկզբանե` մարդկության գիտակցական պատմության սկզբից: Արդեն առաջին շումերական աղբյուրները մանրամասն խոսում են ինչպես հայերի, այնպես էլ հայերի առաջին պետության` իր բնույթով աստվածապետական պետություն հանդիսացած Հայկական լեռնաշխարհում ստեղծված Արատտայի քրմապետության մասին, իսկ աքքադական և էբլայական աղբյուրների “Արմանում”-ն ու “Արմի”-ն լրացնում են այդ տեղեկությունները [1]: Նույնաբովանդակ տեղեկատվություն են փոխանցում նաև հայկական աղբյուրները` ի դեմս Մովսես Խորենացու և վերջինիս համար սկզբնաղբյուր հանդիսացած պատմիչների [2], ինչպես նաև բաբելոնյան, հունական, ասորական, պարսկական (պահլավական) և այլ աղբյուրների [3]: Այսպիսով հինարևելյան, ինչպես նաև անտիկ և միջնադարյան պատմական ավանդույթը հայերին ավանդաբար համարել է ապրած Հայկական լեռնաշխարհում մարդկության արարումից անմիջապես հետո, ժամանակակից լեզվով ասած` մարդկության գիտակցական պատմության սկզբից:
Հայոց հնագույն պատմության նկատմամբ վերաբերմունքը սկսեց փոխվել XIX դարի սկիզբից և այս գործընթացը իր գագաթնակետին հասավ նույն դարի վերջին ու հատկապես XX դարի երկրորդ կեսին: 1802 թ-ին հայտնաբերվեց հին պարսկական սեպագիրը վերծանելու գաղտնիքը, իսկ հետագա տասնամյակներում էլ մի շարք մասնագետներ կարողացան կարդալ նաև ասորեստանական և բաբելոնական արձանագրությունները: Հենց այս ժամանակներում էր, որ Հայաստանի տարածքում ավելի ու ավելի մեծ չափերով սկսեցին հայտնաբերվել արձանագրություններ, որոնք սկզբում կարծես թե նման էին ասորեստանական արձանագրություններին: Հետագայում, սակայն, պարզվեց, որ գիտնականները գործ ունեն արձանագրությունների նոր մի տեսակի հետ, որը հենց այդ ժամանակ էլ անվանվեց ոչ այնքան հաջող, սակայն իր ժամանակի գիտական մակարդակի համար ընդունելի թվացող “ուրարտական” տերմինով: “Ուրարտական” արձանագրությունները վերծանելիս մասնագետները սկսեցին օգտվել ասորեստանական արձանագրությունների վերծանման ժամանակ կիրառվող մեթոդիկայից և արդյունքում, ոչ այնքան ճշգրիտ ու բառացի, այնուհանդերձ շուտով կարողացան կարդալ դրանց զգալի մասը: Ընդ որում մասնագետներին այդպես էլ չզարմացրեց այն, որ արձանագրությունները վերծանվում են որոշակիորեն արհեստական, ոչ խոսակցային լեզվով:
Արդյունքում առաջ քաշվեց որոշակիորեն քաղաքական ենթատեքստ ունեցող և 1960-ականների կեսերին հայերի արթնացող անկախականության շարժմանը հարվածելուն կոչված “Ուրարտական միֆ”-ը, որը դրանից հետո դեռ երկար էր շարունակելու իր գոյությունը և, ըստ էության լինելով փակուղային, հետագա տասնամյակներում ավելի ու ավելի էր դեպի փակուղի տանելու իրենց ընտրած ուղղության անհեռանկարությունը այդպես էլ չընդունած գիտնականներին: Սկսեցին ակտիվորեն շրջանառվել արհեստական ու փաստացի բովանդակազուրկ “Ուրարտու” և “ուրարտացիներ” տերմինները, որոնց արդյունքում առաջ քաշվեցին նաև համապատասխան տեսություններ չգիտես որտեղից հայտնված և ուր կորած “ուրարտացի” [4] էթնոսի մասին: Այս գործընթացի գագաթնակետը հանդիսացան ոչ անհայտ Ի. Մ. Դյակոնովի աշխատությունները [5]:
Միայն իրեն հատուկ դոգմատիկ համառությամբ, կրքոտությամբ, անառարկելիության տոն ստացած մոլեռանդությամբ և իր ընդդիմախոսներին գիտական ու գործնական շրջանակներից դուրս մղելու նպատակ հետապնդող անձնական [6] ու գործնական [7] հստակ հարձակումների արդյունքում 1960-1980-ական թվականների ընթացքում Ի. Մ. Դյակոնովը խորացավ փակուղային հանդիսացող այս ուղությունում ավելին, քան որևէ մեկը և խորացրեց փակուղային այս տեսությունը ավելին, քան որևէ մեկը արել էր և կաներ նրանից հետո: Արդյունքում արդեն XX դարի վերջին արտասահմանյան խորհրդային ու հետխորհրդային “ուրարտագիտություն”-ը հայտնվեց տեղապտույտի և գաղափարական հստակ ճգնաժամի մեջ: Ի. Մ. Դյակոնովը մահացավ 1999 թ-ին և նրանից հետո մեծապես հենց այս գիտնականի ջանքերով իր “փայլուն” վիճակը պահպանող տեսությունը սկսեց ռեգռես ապրել և փլուզվել: Պատահական չէ, որ Ի. Մ. Դյակոնովի մահվանից հետո արդեն ավելի քան տաս տարի անց էլ այս ոլորտում և անչափ շատ անպատասխան հարցեր պարունակող “դյակոնովյան” ուղղությունում այդպես էլ չի ասվել սկզբունքորեն որևէ նոր խոսք: Արտասահմանում “ուրարտագիտություն”-ը իջավ դյականովյան առաջին տարիների և մինչդյակոնովյան մակարդակին և շարունակում է մնալ այդ վիճակում առ այսօր [8]: Այսպիսով հայագիտությանը հասցվեց զգալի վնաս, քանի որ արդյունքում պարզվեց, որ մի քանի սերնդի գիտնականներ իրենց ջանքերն ու եռանդը ծախսել են ըստ էության փակուղային հանդիսացող մի տեսության վրա և, լավագույն դեպքում, գիտությանը չեն տվել որևէ օգուտ:
_______________________
[1] Տես` Մովսիսյան Ա. Ե., “Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)”, Երևան 2005, Երևան, 2005:
[2] “Հայոց պատմություն”-ում Մովսես Խորենացին հայտնում է առնվազն 3 անձանց մասին, որոնք իրենից առաջ գրել են Հայոց պատմությունը: Սրանց շարքում նախ և առաջ պետք է նշել ոչ անհայտ Մար Աբաս Կատինային, որի մասին պատմիչը մանրամասն տվյալներ է հաղորդում աշխատության սկզբում և չի զլանում անդրադառնալ վերջինիս նաև աշխատության այլ մասերում: Մեր կարծիքով այս պատմիչը ապրել է մ.թ.ա. III դարի երկրորդ կեսին, սակայն այս հարցին մենք մանրամասն կանդրադառնանք մեկ այլ առիթով: Մյուսը պատմիչը Անի-Կեմախի քուրմ Օղյումպն է, որի հաղորդումները Խորենացին ևս խիստ բարձր է գնահատում (Գիրք 2, գլուխ 48): Եվ վերջապես պետք է նշել նաև Բարդածան Եդեսացու մասին, որն ապրել է II-III դարերում (Գիրք 2, գլուխ 66):
[3] Սրանց մասին Մովսես Խորենացին մանրամասն խոսում է իր աշխատության առաջին գլխում:
[4] “Էթնոս”-ի անվանումն իսկ խոսում է նրա արհեստականության մասին, քանի որ ակնհայտ է, որ այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե ժողովրդի անվան հետ, այլ մի տերմինի հետ, որը կարգավորում է անձի իրավական հարաբերությունները պետության հետ: Համեմատության համար տես “ռուս” և “ռուսաստանցի” տերմինների տարբերությունը:
[5] Ամենից առաջ` Дьяконов И. М “Предыстория армянского народа: (История Армянского нагорья с 1500 по 500 гг. до н. э.: Хурриты, лувийцы, протоармяне)”, Ереван, 1968. Մանրամասն տես այստեղ - http://www.gerginakkum.ru/bibliography/diakonov/.
[6] Իր հոդվածներում Դյակոնովը զերծ չի մնում գիտության հետ որևէ կապ չունեցող անձնական բնույթ կրող որակումներից: Մասնավորապես, հանկարծ պարզվում է, որ Կիֆիշինը գրում է. “անհեթեթություններ”, իսկ Գ. Բ. Ջահուկյանը, Վ. Վ. Իվանովը և այլոք, որոնք հանդես են գալիս “Միգրացիոն տեսության” դեմ, ընդամենը հանդիսանում են. “մերձգիտական շրջանակներ”-ի ներկայացուցիչներ (Дьяконов И. М., Древняя Эбла (раскопки в Сирии), М., 1985, с. 336): Ընդ որում սա գրում է մի մարդ, որն իր հուշերում բացահայտորեն խոստովանում է, որ իր “Մարաստանի պատմություն”-ը գրել է պատվերով (տես` Дьяконов И. М., Книга воспоминаний, СПб 1995, с 731 (http://uni-persona.srcc.msu.ru/site/...posl_gl.htm)):
[7] Գիտական մակարդակում Ի. Մ. Դյակոնովին հակադրվելու համար իրենց գիտական ու մասնագիտական կարիերայով հատուցեցին մասնավորապես Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դոցենտ Լև Ալեքսանդրի Լիպինը (1908-1970), որը կորցրեց հրատարակվելու հնարավորությունը 1966 թ-ին և որին Դյակոնովը իր հուշերում ուղղակիորեն մեղադրում է ՆԳԺԿ-ի գործակալ լինելու մեջ (տես` Дьяконов И. М. “Книга воспоминаний”, СПб; 1995, с 731 (http://uni-persona.srcc.msu.ru/site/...ov/posl_gl.htm)), ինչպես նաև Վիտալի Ալեքսանդրի Բելյավսկին, որը նույնիսկ բացահայտ չէր էլ վիճում Դյակոնովի հետ, բայց որը նույն այդ Դյակոնովի ջանքերով կորցրեց հրատարակվելու հնարավորությունը 1970 թ-ից և ավարտեց իր կարիերան ու կյանքը որպես գիշերային սովորական մի պահակ` այդպես էլ չպարզված հանգամանքներում: Դյակոնովի կողմից հալածված անձանց շարքում կարելի է մատնանշել նաև պատմական գիտությունների թեկնածու, Սանկտ-Պետերբուրգի համալսարանի ամբիոնի գիտական քարտուղար Ռոստիսլավ Անտոնի Գրիբովին, որին ի վերջո բարեբախտաբար հաջողվեց “պահել դիրքեր”-ը: Սեփական հուշերում Դյակոնովը որպես իր “անձնական թշնամիներ” է որակում եգիպտաբան և ասորաբան, ներկայումս Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Լեոնիդի Վասոևիչին, որի դոկտորականը 1960-ականներին ենթարկվեց Դյակոնովի կողմից ուղղորդվող ընդդիմախոսի անհիմն հարձակմանը, բայց որը կարողացավ ժխտել իր ընդդիմախոսների բոլոր հակաթեզերը և հաղթանակ տանել, ինչպես նաև Անատոլի Գեորգիի Կիֆիշինը, որը մի քանի տարի տևած հալածանքներից հետո 1970-ական թվականների սկզբից ի վերջո զրկվեց հրատարակվելու հնարավորությունից և ձեռք բերեց այդ իրավունքը միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Հատկանշական է, որ Կիֆիշինի հոդվածը ԽՍՀՄ արևելագիտության ինստիտուտի “Բանբեր”-ում տպագրելու համար Դյակոնովի ուղարկած “զայրալից նամակ”-ի արդյունքում սեփական պաշտոնով հատուցեց հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Լվովի Ուտչենկոն, իսկ Կիֆիշինին էլ հեռացրեցին ինստիտուտից: Մանրամասները տես այստեղ` Акимова Л. И., Гениальный Никто, Киев, 2001:
[8] Արևմտյան ու նախևառաջ ԱՄՆ հայագիտությունը ուներ և ունի իր խնդիրները, որոնք, բարեբախտաբար, ուղղակի ազդեցություն չեն ունեցել և ունենում հայաստանյան հայագիտության վրա: Այնուհանդերձ հարկ է ավելացնել, որ, գործելով հայտնի քաղաքական պատվերի շրջանակներում, ԱՄՆ հայագիտությունը հստակ խնդիր է դրել ամեն կերպ խունացնել Հայոց հնագույն պատմությունը (տես` Այվազյան Ա. Ա., Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն, Երևան, 1998):
Էջանիշներ