Իմ կարծիքով, հայերեն մանկական երգերի խիստ պակաս ունենք մենք։ Երգեր, իհարկե, շատ կան, այլ հարց է, թե որքանով են դրանք լավը։ Ինձ, օրինակ, շատ քիչ մանկական երգեր են իսկապես դուր գալիս։ Դուր եկածներն էլ հիմնականում սփյուռքահայ երգիչների երգեր են, թեև ես կնախընտրեի, որ երեխաս ավելի շատ արևելահայերենով երգեր լսեր։
Ինձ, օրինակ, միշտ հետաքրքրել է, թե մյուս ծնողներն ինչ երգեր են միացնում իրենց բալիկների համար։ Եկեք էստեղ քննարկենք ու նոր մանկական երգեր բացահայտենք միմյանց համար ։
Տղայիս համար մենք միացնում ենք հիմնականում սփյուռքահայ Թալինի (Taline), Hoy Lari խմբի (երկու երիտասարդ աղջիկներ են երգում) երգերը, ինչպես նաև Հախվերդյանի «0-100 տարեկանների համար» ալբոմը, մեկ–մեկ՝ Յորգանց։ Առաջին երկուսից որոշ երգեր youtube–ից ենք քաշել, վերջերս էլ DVD–ներն առանք։ Տղաս երկուսին էլ մեծ հաճույքով ու հիացմունքով նայում ու լսում է։ Հախվերդյանին մի քիչ պակաս հիացմունքով, բայց էլի լսում է (ցանկացած հարցում իգական սեռի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է )։ Բայց, իհարկե, եղածն ինչքան էլ շատ լինի, արդեն իրեն սպառում է, նոր երգերի կարիք կա։ Կուզենայի նոր հետաքրքիր երգերի առաջարկներ լսել։ Հա, Լիդուշիկ չառաջարկել։
Երբեմն լսում ենք նաև երեխաների կատարմամբ արևելահայերեն երգեր, բայց դրանք չեմ սիրում ։
Էջանիշներ