Քանի որ մինիմալիզմը՝ որպես մոտեցում, ինձ արդեն որոշ ժամանակ է՝ հետաքրքրում ու գրավում է տարբեր ոլորտներում, մտածեցի, որ ուրիշ շատերի համար էլ կարող է օգտակար լինել։ Այստեղ կքննարկենք այն որպես ապրելակերպ։ Էս հարցում ինձ համար լուրջ ոգեշնչում է հանդիսացել պատահաբար հայտնաբերածս մինիմալիստական մի բլոգ, որից էլ հեղինակի գրած և նրան վերաբերող այլ աղբյուրների, տեղեկությունների հղվելով՝ պարբերաբար հաճույքով կարդում եմ՝ միաժամանակ աշխատելով կյանքումս կիրառել դրանցում եղած գաղափարներից շատերը։
Ընդհանրապես մինիմալիստական ապրելակերպն օգտակար է թե՛ անձնական, թե՛ գլոբալ տեսակետից, քանի որ ենթադրում է մինիմալ սպառողականություն՝ մի կողմից սեփական ֆինանսական միջոցների, մյուս կողմից՝ երկրագնդի ռեսուրսների պահպանման օգտին։ Նշածս ընդամենը նյութական կողմն է։ Բայց մինիմալիստական մտածելակերպն ու ապրելակերպը, բնականաբար, չեն սահմանափակվում զուտ նյութականով։ Այս մոտեցումը ենթադրում է ընդհանրապես կյանքում ցանկացած ավելորդ բանի հեռացում՝ լինի դա իր, միտք, թե սովորություն, որպեսզի մարդը կարողանա իր ուշադրությունը, ռեսուրսները կենտրոնացնել միայն այն բաների վրա, որոնք իր համար իսկապես կարևոր են, օգտակար ու հաճելի։ Մինիմալիզմի հիմքում ընկած է պարզությունը, քչով բավարարվելու, շեղող երևույթներն ու իրերը վերացնելու ձգտումը, որի շնորհիվ շահում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ ֆինանսական և թե՛ հոգեկան վիճակը։
Բլոգը, որի մասին նշեցի, վարում է Լեո Բաբոտա (Leo Babauta) անունով մի մարդ, որն իր կյանքի փորձը շարունակաբար օրինակ բերելով՝ ներկայացնում է մինիմալիստական ապրելակերպը տարբեր տեսանկյուններից։ Լեոն մինիմալիզմի ու պարզ ապրելակերպի վերաբերյալ մի քանի բեստսելլերների հեղինակ է։ Ամուսնացած է, ունի վեց երեխա և ապրում է Սան ֆրանցիսկոյում, որտեղ համեստ ու պարզ կյանք է վարում ու ներկայումս շատ գոհ է իր կյանքից։ Նրա կյանքում թերևս միակ ոչ մինիմալիստական բացառությունը նրա երեխաների քանակն է , ինչի համար, ինչպես ինքն է ասում, իհարկե, ոչ մի վայրկան չի ափսոսում։
Լեոյի գրառումների հետ կապված մի հետաքրքիր հանգամանք եմ ուզում նշել. դրանց վրա հեղինակային իրավունքներ չկան։ Բլոգի համապատասխան բաժնում հատուկ նշված է, որ այն զուրկ է հեղինակային իրավունքներից (uncopyrighted). հեղինակը թույլ է տալիս ուրիշներին իր ցանկացած գրառում պատճենել, տարածել կամ անհրաժեշտության դեպքում ձևափոխել բովանդակությունը՝ սեփական հայեցողությամբ։ Ըստ նրա՝ աղբյուրի նշումը գնահատելի է, բայց ոչ պարտադիր։ Իր հետ հարցազրույցներից մեկում, երբ հարց էր տրվել հեղինակային իրավունքների բացակայության մասին, Լեոն պատասխանել էր, որ ինքը գրում է մարդկանց համար, ու կարևոր է, որ դրանք տարածվեն, օգուտ տան մարդկանց, ու գուցե ինչ–որ մեկը կարողանա օգտագործել ու ու ձևափոխելով ավելի լավը դարձնել իր մտքերը, ուրեմն ինքը միայն ուրախ կլինի դրա համար։ Բացի դրանից, մշտապես հեղինակային իրավունքների պահպանմանը հետևելը, դրա վրա ժամանակ ու նյարդեր ծախսելն, ըստ էության, այնքան էլ համահունչ չեն իր որդեգրած մինիմալիստական ապրելակերպին։
Մինիմալիստ դառնալուց ի վեր Լեոն մի շարք բարեփոխումներ է արել իր կյանքում։ Մինչ այդ նա ավելորդ քաշ ունեցող, ընտանիքի կարիքներն ապահովել չկարողացող, վնասակար սովորություններ ունեցող մեկն էր։ Հիմա անցել է առողջ ապրելակերպի, ազատվել ավելորդ քաշից, դրամական պարտքերից ու իր կյանքում տեղ գտած բազմաթիվ այլ ավելորդություններից, դարձել է ավելի կազմակերպված ու հաջողակ, վաստակում է ավելի շատ, քան ծախսում է, ու սովորել է գոհ ու երջանիկ լինել իր ունեցածով։ Լեոն իրեն տվյալ ոլորտում գիտակ չի համարում, այլ ընդամենը մարդկանց ներկայացնում է իր իմացածն ու ապրածը՝ մտածելով, որ դրանց մասին կարդալը կարող է շատերին օգնել բարելավելու իրենց կյանքը, ինչպես ինքն է արել։ Ի դեպ, նա ընդամենը մի քանի տարի է, ինչ անցել է մինիմալիստական ապրելակերպի, ու, ինչպես ինքն է ասում, դեռ սովորում է, սխալներ անում ու դրանցից էլ դասեր առնում։ Ահագին կարդացել եմ իր գրառումներից, ու իմ տպավորությամբ՝ շատ պարզ ու մատչելի է գրում, բավական չպարտադրող, համեստ ու հանգիստ տոնով։
Էստեղ շատ կարևոր է նշել, որ Լեոն ոչ մի նոր գաղափար առաջ չի քաշում, հայտնագործություններ չի անում, այն ամենը, ինչ նա գրում է, ըստ էության նորություն չէ, բայց ներկայացված է բավական մատչելի ձևով, օգտակար է, ձեռնտու ։ Ոչ մի գերբնական բան կամ բարդ փիլիսոփայական գաղափարներ պետք չեն մինիմալիստական ապրելակերպի համար։ Ամեն ինչ շատ պարզ է, ու հենց պարզությունն էլ այս ամենի առանցքն է հանդիսանում։
Ուզում եմ էստեղ քիչ–քիչ տեղադրել իր բլոգից գրառումների հայերեն թարգմանություններ՝ իմ կարծիքով առավել կարևորներն ու հետաքրքիրները։ Թեմայում ողջունվում են նաև սեփական կյանքերից բերված օրինակների քննարկումները։ Դրանք սովորաբար ամենաոգեշնչողն են լինում։ Ես ինքս ցանկացած օրինակից ոգեշնչվում եմ ու փորձում ինչ–որ բան քաղել։ Շուտով կգրեմ սեփական փորձիս՝ կատարածս փոփոխությունների մասին։ Փորձի փոխանակումը, կարծում եմ, օգտակար կլինի բոլորի համար։
Էջանիշներ